HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհվել է Գյումրու հեռուստաաշտարակը

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբն այսօր տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.

Ապրիլի 7-ի վաղ առավոտյան ժամը 5-ի մոտակայքում, հրդեհ տեսնելով Գյումրու Վ. Սարգսյան 6/1 հասցեում տեղակայված Գյումրու հին հեռուստաաշտարակի միջնամասում` (մոտ 25 մետր բարձրության վրա), հանդիպակաց շենքի բնակիչներից մեկը զանգել է Գյումրու հրշեջ կայան: Հրշեջները, ժամանելով դեպքի վայր, բարձրացել են աշտարակի վրա, այնտեղ հայտնաբերելով վառվող անվադող` այն ներքեւ են նետել ու հանգցրել:

Սա այն նույն աշտարակն է (մոտ 54 մ), որ մինչեւ 1977 թիվը սպասարկել է Լենինականի հեռուստառադիոհեռարձակումները եւ 1977-ին Լենինականի նոր հեռուստաաշտարակը (185 մ, Երեւանի հին հեռուստաաշտարակը) գործարկելուց հետո գրեթե պարապուրդի էր մատնված, իսկ 2005 թվի օգոստոսից թեթեւ նորոգումից հետո իր վրա է կրում ԳԱԼԱ ՀԸ հեռարձակող անտեննան` անտեննային հասնող մալուխով: Այս նույն աշտարակի շուրջ են ծավալվել Գյումրու քաղաքապետարան-«ՉԱՊ» ՍՊԸ դատական վեճերը, որոնց մասին Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը պարբերաբար տեղեկացրել է հանրությանը: Գյումրու քաղաքապետ Վ. Ղուկասյանին երկու անգամ (նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 13-ին) Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ Խորհրդի նախագահ Լ. Բարսեղյանը դիմել, հորդորել էր այս նույն աշտարակի շուրջ հեռուստաընկերության հետ վեճը լուծել արտադատարանական կարգով, ինչին, ըստ էության, մերժում էր ստացել: Այս նույն աշտարակի վրայից հեռարձակող անտեննայի ապամոնտաժման մասին էր Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանը վճիռ կայացրել 2008 թվի փետրվարի 29-ին, որը ՍՊԸ-ն բողոքարկել է մարտի 28-ին ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան: Հենց այս աշտարակն էր չափչփում դատավոր Արմեն Խաչատրյանը դատաքննության ընթացքում:

Այս աշտարակի հիմքը 5 x 5 մ չափսեր ունի, բարձրությունը մոտ 54 մետր է: Այս աշտարակի կատարին տեղադրված է ԳԱԼԱ ՀԸ հեռարձակող անտեննան, հեռուստաընկերությունն այս աշտարակին կից` մոտ 30 մետր հեռավորության վրա գտնվող հեռուստատեսային ստուդիայից է հեռարձակում իր հաղորդումները: Աշտարակից 3 մ հեռավորության վրա է գտնվում այն քարաշեն խուցը, որտեղ տեղադրված է հեռուստաընկերության հաղորդակը (transmitter, передатчик), որից հեռարձակման մալուխով ազդանշանը հասնում է հեռարձակող անտեննային:

Աշտարակն ունի երկու աշխատանքային հարթակ, մեկը գտնվում է աշտարակի միջնամասում, մոտ 25 մետր բարձրության վրա, մյուսը` կատարին: Անցած տարիներին աշտարակի միջին հարթակի վրա տեղադարվել են 4-5 քանի հաղորդող-ընդունող անտեննաներ, ենթադրաբար` ինտերնետային կապի մատակարարման համար:

Հրդեհը եղել է հենց միջին հարթակի վրա: Գետնին թափված վառված անվադողի մետաղյա ամրանալարերից դատելով` անվադողը եղել է 14-15 չափսի (անվահեծին հագնող եզրագծի տրամագիծը` դյույմերով): Գիշերվա ընթացքում աշտարակից 2-20 մետր հեռավորությամբ ապրող մարդիկ արտառոց ոչինչ չեն լսել կամ տեսել: Հեռուստաստուդիայի պահակը, որ ստուդիան հսկել է ներսից, նույնպես որեւէ արտակարգ բան չի նկատել գիշերը:

Առավոտյան դեպքի վայրում էին Հրշեջ կայանի եւ ոստիկանության ներկայացուցիչները: Ինտերնետային կապ ապահովող ընկերությունից հաջողվեց պարզել, որ իրենց անտեննաներին, որոնց կողքին այրվել էր անվադողը, վնաս չի եղել, եւ դրանք անխափան աշխատում են: Կրակը եղել է դեպի ԳԱԼԱ ՀԸ գնացող մալուխից 1-1,5 մ հեռավորության վրա ու հրաշքով կամ վերերկրային արդարության միջամտությամբ է, որ հեռուստաընկերության մալուխը չի այրվել: ԳԱԼԱ ՀԸ-ն շարունակում է աշխատել եւ հեռարձակել իր հաղորդումները Գյումրիում եւ Շիրակի մարզի մեծ մասում: 

Այս գիշեր Գյումրիում եղել է առանց տեղումների եղանակ, կայծակ եւ ամպրոպ չի գրանցվել, օդի ջերմաստիճանը` +4  +6: Աշտարակի վրա փետրվարի 27-ի` դատավորի չափումներից հետո ելնող-իջնող չի եղել: Աշտարակին չիրազեկված ցույցերի կազմակերպման, ՀՀ Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու, ցուցարարներին զինելու, բռնության կոչերի, փողոցը սխալ անցնելու մեղադրանքներ չեն ներկայացվել ոչ սովետական շրջանում, ոչ էլ ավտորիտարիզմի օրոք: Բոլոր հիմքերը կան` ենթադրելու, թե աշտարակն այս կյանքից հոգնած ու դժկամ` դիմել է ինքնահրկիզման հուսահատ եւ անհաջող փորձի:
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը համարձակվում է ենթադրել, որ այս «ինքնահրկիզումը» կբացահայտվի, եւ մեղավորները կպատժվեն այնքան, որքան բացահայտվեցին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ գրասենյակի պատուհանի եւ ակումբի նախագահի մեքենայի հրկիզումները: Կասկածում ենք, թե ԳԱԼԱ ՀԸ անտեննան աշտարակի կրելու մասով այնքան մտահոգ Գյումրու քաղաքապետարանը համանման աշխուժություն կցուցաբերի համայնքային գույքին վնաս պատճառել փորձած կենդանիներին գտնելու եւ պատժելու ուղղությամբ:

Հ.Գ.
Իսկ այս եւ այլ հրկիզումների պատվիրատուն(ները) ժամանակն է, որ վերանայեն ապաշնորհ կապալառուին, որի կամ որոնց գործողությունները հուշում են, որ սրանք իրականում «պլան են կատարում» ու բոլորովին հետեւողական չեն պատվերը նամուսով կատարելու հարցում: Հրկիզումներն ամոթալի են մեր քաղաքի համար այնպես, ինչպես ամոթալի է մեր քաղաքում աննամուս կապալառու ունենալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter