HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակի մարզի Նոր Կյանք, Արևշատ եւ Սարակապ համայնքներում դպրոցաշինության վրա ծախսվել է 5,5 մլն դոլար

Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում 1969 թ.-ին կառուցված դպրոցի շենքը տարիների ընթացքում թարմացվել էր մասնակի նորոգումներով: 2010 թ.-ի ամռանը «Լինսի» հիմնադրամի ծրագրով կատարված հիմնանորոգումն, ըստ դպրոցի տնօրեն Զավեն Պետրոսյանի, համարժեք էր նորի կառուցմանը: Բացի նորոգչական աշխատանքներից` կառուցվել էր ևս մեկ ուսումնական մասնաշենք նկուղային հարկով: Նոր Կյանքի միջնակարագ դպրոց ներկայում հաճախում է 200 աշակերտ, սակայն աճի միտում կա:

Այն հարցին, թե պատրաստվում են, արդյոք, այստեղ հյուընկալել նաև հարևան Վարդաքար համայնքի դպրոցականներին, Զավեն Պետրոսյանը պատասխանեց, թե, լինելով պետական կառույց, իրենք պատրաստ են` ընդունելու հանրապետության ցանկացած վայրից իրենց դիմող ցանկացած աշակերտի, այդ թվում եւ վարդաքարցիներին:

«Դպրոցը նախատեսված է 360 աշակերտի համար, այնպես որ եւս 160 աշակերտ կարող է դիմել մեզ մոտ ուսանելու համար,-պատասխանեց տնօրենը,-իհարկե տեղյակ եք, որ Վարդաքարում այդպես էլ դպրոցաշինության ծրագիր չիրականացվեց, այնպես, որ այդ գյուղի աշակերտները կարող են հաճախել մեր մոտ, եթե ցանկանան»:

 «Լինսի» հիմնադրամի հատկացրած 10 մլն դոլարով Լոռու մարզի երեք քաղաքներում և Շիրակի մարզի երեք գյուղերում ավարտվեց դպրոցաշինության ծրագիրը: Հիմնադրամի դպրոցաշինության ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանի հավաստմամբ, դպրոցները կառուցվել են ժամանակակից չափորոշիչներին համապատասխան, գյուղի դպրոցները ոչնչով չեն տարբերվում քաղաքային դպրոցներից: Նոր Կյանքի դպրոցն այժմ ապահովված է լոկալ ջեռուցման համակարգով, բարեկարգվել եւ ցանկապատվել է տարածքը: Դպրոցն ունի սպորտհրապարակ, հանդիսությունների դահլիճ, բուժկետ, լաբորատորիաներ, գրադարան, նոր գույք, ապահովված է անվտանգության և հակահրեդհային համակարգով: Նոր Կյանքի միջնակարագ դպրոցում կա նաև հրաձգարան, որից կարող են օգտվել նաեւ հարևան համայնքների դպրոցականները:

«Լինսի» ծրագրով Շիրակի մարզի Նոր Կյանք, Արեւշատ եւ Սարակապ համայնքներում դպրոցաշինության վրա ծախսվել է 5,5 մլն դոլար: Հիմնադրամն այստեղ նույնպես, ինչպես բնակարանաշինության ծրագրում, կիրառել է շինարարության հսկողության եռաստիճան համակարգ, որն ապահովում է որակ հիմնականում և բացի այդ, շինարարը մեկ տարի երաշխիքային սպասարկում է իրականացնում ըստ պայմանագրի: «Ծրագրի 1քմ-ի արժեքը գույքով և սարքավորումներով 170-ից 200 հազար դրամ է կազմել,- տեղեկացրեց Հրայր Սարգսյանը,-շինարարության արժեքները մրցույթների արդյունքում բավական ցածր ստացվեցին, սակայն կարող եմ հավաստիացնել, որ որակը դրանից չի տուժել: Ժամկետից 3 ամսի շուտ ենք հանձնել շահագործման բոլոր դպրոցներն էլ, սակայն ամեն ինչ արվել է պատշաճորեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter