HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ-ն չի աջակցել իր թեկնածուին

Ապրիլի 6-ին տեղի ունեցավ Ալավերդու քաղաքապետի հերթական ընտրությունը: Ալավերդու 16 205 ընտրողներից ընտրությանը մասնակցեց 7752 ընտրող:

Գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Արթուր Նալբանդյանը ստացել է 6393 քվե, իսկ ՀՅԴ ներկայացուցիչ Ալբերտ Սարգսյանը` 1216 քվե: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից անվավեր էր ճանաչվել 142 քվեաթերթիկ: Ընտրությունների ընթացքում հանձնաժողովների անդամների եւ վստահված անձանց կողմից բողոքներ չէին գրանցվել: Արթուր Նալբանդյանի դեպքում սա հասկանալի է, քանի որ տեղամասային 15 հանձնաժողովներում «տեր ու տնօրեն» էին քաղաքապետարանի աշխատողները, մանկապարտեզների վարիչներն ու նրա բարեկամները: ՀՅԴ-ն Ալավերդիում ընտրությունները վերահսկելու համար մարդկային ներուժի պակաս էր ունեցել, եւ տեղամասային ընտրական հանձնաժողովներում Ալբերտ Սարգսյանին չէր հաջողվել վերահսկողություն իրականացնել: Հանձնաժողովներում ինչպես ՀՅԴ-ի, այնպես էլ «Ժառանգություն» կուսակցության քվոտաներով նշանակված անդամները մեծ մասամբ վանաձորցիներ էին, որոնք չէին ճանաչում ալավերդցի ընտրողներին եւ, բնականաբար, չէին կարող կանխել կրկնակի ընտրությունը: Դաշնակցության պարտությունն Ալավերդիում կատարյալ էր: Նշենք, որ փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը Ալավերդիում ընտրությանը մասնակցած շուրջ 9 հազար ընտրողներից ստացել էր 250 քվե: Սակայն Ալբերտ Սարգսյանը կարող էր ավելի բարենպաստ վիճակում հայտնվել, եթե նա իր կուսակցությունից ստանար գոնե բարոյական աջակցություն: Ինչպես ողջ քարոզարշավի ընթացքում, այնպես էլ ընտրության օրը որեւէ դաշնակցական նախարար կամ Աժ պատգամավոր իրենց կուսակից թեկնածուին աջակցելու համար Ալավերդի չեկավ, իսկ ընտրության օրը թեկնածուով հետաքրքրվել են միայն «Երկիր» թերթի խմբագրությունից (այս մասին հայտնեցին Ա. Սարգսյանի շտաբում): Ակնհայտ էր, որ Դաշնակցության վերնախավը նախարարական մի քանի պորտֆելները գերադասում է իր շարքերի կայունությանն ու կուսակիցների արժանապատվությանը: Հանգամանք, որն առաջացրել է ՀՅԴ-ի մարզային կառույցների անդամների մտահոգությունը: 


Ընտրության արդյունքների ամփոփումից հետո ՀՅԴ Վանաձորի տարածքային կազմակերպության անդամ Արմեն Էլողլյանն ասաց. «Էս տղայի (խոսքն Ալբերտ Սարգսյանի մասին է) կողքը պետք է ավելի հզոր ուժեր կանգնեին, նաեւ ֆինանսական լուրջ միջոցներ պետք է տրվեին, ես ասում եմ նաեւ, որ Դաշնակցությունը մեծ քաղաքական հնարավորություններ ուներ, այդ հնարավորությունները չօգտագործելը միանշանակ քաղաքական մեծ մինուս է»:

Նշենք, որ դաշնակցական Ալբերտ Սարգսյանին նախընտրական քարոզչության ընթացքում ծառայում էր երկու խղճուկ ավտոմեքենա` նրա սեփական կանաչ «Ժիգուլին» եւ կուսակից ընկերոջը պատկանող հնամաշ «Նիվան», մինչդեռ մրցակից Արթուր Նալբանդյանին ծառայում էին «ախպերության» թանկարժեք ավտոմեքենաները, քաղաքի ավտոբուսները, երթուղային տաքսիները, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ, սոցիալական ապահովության հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանին պատկանող «Ձորի տաքսի» ծառայության մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաները:

Արմեն Էլողլյանը գտնում է, որ Ալավերդիում պարտվել է ոչ թե Ալբերտ Սարգսյանը, այլ ՀՅԴ-ն: Մեկ այլ դաշնակցական, թիվ 31/11 տեղամասային հանձնաժողովի անդամ Վալերիկ Բայանդուրյանը, որին հանձնաժողովում տեղը տեղին պատվել էին ու նույնիսկ քեֆը լավացրել, բարձրաձայնում էր. «Բա սա կոալիցիա՞ է, սաղ տեղերը Հանրապետականինն են»: Ու քանի որ «խմածի սրտինն էլ լեզվի ծայրին է լինում», դաշնակցական ընկեր Բայանդուրյանը նաեւ գոռում էր. «Լեւոնը ճիշտ է, Լեւոնը պտի քանդի էս երկիրը»:

Ինչպե՞ս է Արթուր Նալբանդյանին հաջողվել ստանալ Ալավերդու ընտրողների 6393 քվեները: Իհարկե, հանրապետականները օգտագործել են ավանդական դարձած տեխնոլոգիաները: Սակայն ազնվության դեմ չմեղանչելով` պետք է նշել, որ Արթուր Նալբանդյանին նաեւ ընտրել են: Դրանք Ալավերդիում աշխատանք եւ բիզնես ունեցող մարդիկ են, ովքեր ընտրապայքարում աջակցել ու ընտրել են Արթուր Նալբանդյանին իրենց աշխատատեղը չկորցնելու համար: Կան նաեւ իներցիայով ընտրողներ: «Կփոխվի՞ ինչ-որ բան Ալավերդիում իր ընտրությունից հետո» հարցին 80- ամյա Հարություն Մնացականյանը պատասխանում է. «Ես ի՞նչ գիտեմ` կփոխվի՞, փոխվում չի` փոխվի ոչ, ես ընտրելու եմ իմ գեղացուն»: Բժշկուհի Ռիտա Գալստյանն էլ կարծում է. «Ալավերդու առողջապահական ոլորտում դրական տեղաշարժեր կկատարվեն: Շատ մեծ սպասելիքներ ունենք, ժողովներ ենք արել, գործնական արդեն պրիկազներ են բերում, հիվանդները շատ-շատ են, բնապահպանական վճարներից էլ կարելի էր աջակցել նաեւ ուռուցքային հիվանդներին»: Ալավերդցի Գառնիկ Իսրայելյանն էլ ասաց.
«Ընտրություններն Ալավերդուն ոչ մի բան էլ չեն տա, որովհետեւ ես քարոզչության օրերին «Էյ-սի-փի» ընկերության ղեկավարության խոսելուց տեսա, որ նրանք ոչ մի բան էլ չեն անում, եթերում ասում են, թե առաջվա Ալավերդին երբեք չի լինի, դրանք էկոլոգիայի մասին միայն խոսում են, բայց մատը մատին չեն տալիս, գնացին Սլովակիայից ապամոնտաժված ագրեգատ բերեցին, ինչ արեցին, չէ, ես դրանցից հիասթափված եմ, Թեղուտը հեռանկար չունի, գործարանի ղեկավարության հետ հույսեր չեմ կապում, Ալավերդու քաղաքապետի աշխատելաոճն էլ չեմ ընդունում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter