Ներքաղաքական ճգնաժամ. ո՞րն է ելքը
«Հետքի» «Կլոր սեղանի» շուրջ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի եւ դրանից դուրս գալու ուղիների մասին զրուցում են երգահան Ռուբեն Հախվերդյանը, «Հայկական ծրագրեր» ընկերության տնօրեն Աշոտ Խաչատրյանը, «Շեն» միության ներկայացուցիչ Հայկ Մինասյանը եւ «Հետք» էլեկտրոնային շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
Ընթերցողներին խնդրում ենք մասնակցել այս քննարկումներին եւ միաժամանակ հայտնել, թե ում կուզենային տեսնել իբրեւ մեր կլոր սեղանի մասնակից:
Է. Բ. - Հայաստանում այսօր ստեղծվել է անպիսի իրավիճակ, որ հասարակությունը չի վստահում իշխանություններին: Այս վիճակից դուրս գալու ի՞նչ ելքեր եք տեսնում:
Ա. Խ. - 1998 թ. նախագահական ընտրություններից հետո ես շատ ճշգրիտ գիտեի, որ առաջիկա 10-15 տարիներին այսպես է լինելու: Որ ընտրություններն անցնելու են կոպիտ խախտումներով, որ ամենաանուղեղ կրիմինալն է վճռելու մեր օրը եւ այլն: Այսօր, վաղվա համար որեւէ կանխատեսում չունեմ: Բայց գիտեմ` ինչ պետք է անեք: Պետք է սկզբունքներով, օրենքներով ապրենք, պետք է հասկանանք, որ սա մի քանի ամսվա գործընթաց չէ: Բոլոր ազգերն իրենց ազգ են դարձրել հարյուրավոր եւ հազարավոր տարիների ընթացքում` որոշակի ինստիտուտներ ստեղծելով: Շատ երկրներ նույնիսկ տարիներ շարունակ քաղաքացիական պատերազմ են մղել:
Չկա որեւէ ազգ, որը հեշտորեն պետություն կառուցած լինի:
Մենք պետք է տրամադրվենք ծանր եւ շատ երկար աշխատանքի, որի արդյունքը անձամբ կարող ենք եւ չտեսնել:
Ռ. Հ. - Շատ ազգեր կան, որ էվոլյուցիոն ճանապարհով չեն զարգացել: Օրինակ` Ճապոնիայում ֆեոդալիզմից միանգամից անցան կապիտալիզմի: Ուզում եմ ասել, որ էվոլյուցիոն ճանապարհից բացի, չի խանգարում, որ նաեւ լինի հեղափոխական ճանապարհ: Իմ կարծիքով` մեր պարագայում անհրաժեշտ է ժողովրդական անհնազանդություն, որովհետեւ մեր երկրում առայժմ խորը ֆեոդալական կարգեր են: Ժողովուրդն իր անհնազանդությամբ պետք է ասի, որ չի ընդունում ո՛չ ներկա, ո՛չ էլ նախորդ նախագահներին: Մենք ուզում ենք նոր ընտրություններ եւ նոր նախագահ:
Է. Բ. - Իմ կարծիքով` այսօր Հայաստանում իրականում կա 3 նախագահ. պաշտոնական տվյալներով ընտրություններում 52,8 տոկոս քվե ստացած Ս. Սարգսյանը, Լ. Տեր-Պետրոսյանը, որ հայտարարեց, թե ինքը 65 տոկոսով ընտրված նախագահ է, եւ Ռ. Քոչարյանը, որ մինչեւ ապրիլի 9-ը իր իշխանությունից որեւէ միլիմետր չի զիջելու: Այսինքն` այսպես, թե այնպես, ապրիլի 9-ից հետո իրավիճակը փոխվելու է. Ռ. Քոչարյանը գնալու է: Բայց մենք չգիտենք` Սարգսյանն ի՞նչ է անելու: Ձեր կարծիքով` դրանից հետո ի՞նչ կլինի:
Ռ. Հ. - Ես լսել եմ, որ Ս. Սարգսյանի առջեւ Դաշնակցությունը շատ չոր պայմաններ է դրել: Սա չեմ ասում որպես նրանց համակիր եւ, իհարկե, դեմ եմ, որ նրանք մտան կոալիցիայի մեջ:
Հ. Մ. - Բոլորի մտքում մեկ բան է. նոր խորհրդարանական ընտրութուններ: Հիմա կոալիցիա են ստեղծել, որը խորհրդարանում ունի 125 պատգամավոր, ինչի՞ց են վախենում, թող հայտարարեն նոր ընտրություններ: Կոալիցիա կազմած բոլոր կուսակցությունները հայտարարում են, որ արդար ընտրությունների կողմնակից են, այդ թվում` Դաշնակցությունը: Առաջին անգամ նրանք այնպիսի կոալիցիայի մեջ են մտել, որ հնարավորություն ունեն վերահսկելու մյուսներին: Եթե Հայաստանում արդար ընտրությունների մեկ փուլ ապահովվի, ամեն ինչ կկարգավորվի:
Է. Բ. - Ըստ իս, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակվեն, դա պետք է լինի մեկ տարի հետո: Այդ ժամանակահատվածը կողմերին նախապատրաստվելու հնարավորություն կտա: Ընդդիմությունը չի կարող շատ կարճ ժամանակահատվածում միասնական գնալ ընտրության: Մյուս կողմից` Ս. Սարգսյանը կունենա հնարավորություն` ժողովրդի վստահությունը շահելու: Եվ ինքն էլ կդառնա ազատ ընտրությունների երաշխավորը: Ի վերջո, եթե պետության մասին մտածում են, պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկեն:
Հ. Մ. - Համաձայն չեմ: Հենց այսօր է անհրաժեշտ ընտրություններ անցկացնել: Եվ եթե հայտարարում են, որ պետք է Տեր-Պետրոսյանի հետ բանակցեն, կոմպրոմիսների գնան, կարծում եմ` դա պետք է լինի միայն այս հարցի շուրջ:
Ա. Խ. - Լավ, ենթադրենք` հայտարարեցին նոր ընտրություններ: Հետո՞, ո՞վ ասաց, որ արդյունքը փոխվելու է: Պետք է լինեն մեխանիզմներ: Օրինակ` օմբուդսմենի ինստիտուտը մտցրեցին, պարզվեց, որ դա լծակ է, մեխանիզմ է: Կարծում եմ` մեր երկրում պետք է ստեղծել ընտրական հանձնաժողով, ասենք` 50 հոգուց բաղկացած, որը որեւէ մեկի մոտ կասկած չի առաջացնի, թե կարող է գնալ կեղծիքի կամ անազնվության: Եթե հնարավոր լինի նման հանձնաժողով ստեղծել, կամ այնպիսի մարմին, որը ընտրական հանձնաժողովը կվերահսկի, ուրիշ բան: Այսօր այդպիսի մարմին չունենք, եւ եթե ընտրություններ լինեն, կունենանք հայտնի արդյունք:
Հ. Մ. - Մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի աղմուկ բարձրացնելը, բոլորն ասում էին, որ ամեն ինչ հայտնի է` Ս. Սարգսյանը ձայների 90 տոկոսով ընտրվելու է: Բայց ընդամենը թույլ տվեցին միտինգներ, եւ վիճակը փոխվեց: Հիմա կոալիցիան պետք է երաշխավորի նորմալ ընտրությունների անցկացումը, մեխանիզմը կոալիցիան է: Չորս գերիշխող կուսակցությունները հայտարարում են, որ երեշխավորում են ազնիվ ընտրությունների անցկացումը:
Ա. Խ. - Իռլանդիայում պատերազմից հետո 20-25 տարի նույն վիճակն էր, ինչ որ Հայաստանում. ընտրություններն անցնում էին ավելի խայտառակ ձեւով, քան մեզ մոտ: Ստեղծվեց մի կուսակցություն, որը կամաց-կամաց ուժեղացավ (ոչ թե մի քանի ամսում, ինչպես հիմա մենք ենք ուզում, այլ մի քանի ընտրությունների ընթացքում): Հերթական ընտրությունների ժամանակ նրանք հասան այնպիսի ուժի, որ իշխանությունը հասկացավ` ընդհարում է լինելու, ինչպես մեզ մոտ եղավ: Բայց այնպիսի ընդհարում էր լինելու, որ բացարձակ պարզ չէր, թե ով է հաղթելու: Ուստի, անցան արդար ընտրություններ, կուսակցությունը հաղթեց: Սա նման իրավիճակներից դուրս գալու միակ հայտնի ձեւն է: Այսինքն` դիմացի ուժը ոչ թե պետք է խնդրի, որ կոալիցիան երաշխավոր կանգնի (դա ծիծաղելի է), այլ այնքան պետք է ուժեղ լինի, որ իշխանությունները չկարողանան այդ քայլն անել: Հիմա չկա այդ ուժը:
Հ. Մ. - Եթե այդ ուժը չկա, ինչու՞ են հանրահավաքներն արգելում: Իրականում կա շատ մեծ ուժ: Գուցե դա նեգատիվ ուժ է, չգիտեմ: Լա՞վ է, թե՞ վատ, ուրիշ հարց է: Բայց քանի դեռ միտինգներն արգելված են, նշանակում է` այդ ուժը կա: Թող միտինգների անցկացումը թույլատրեն, կերեւա: Ուստի, միակ նորմալ ելքը նոր խորհրդարանական ընտրություններն են:
Է. Բ. - Լավ, իսկ ո՞վ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը բարձրացնի: Ո՛չ կոալիցիան, ո՛չ էլ նախագահը դա չեն անում:
Հ. Մ. - Դաշնակցությունը կարող է այդ հարցը բարձրացնել, ու եթե առաջարկը չընդունվի, կոալիցիայից պետք է դուրս գա: Միեւնույն է, նորաստեղծ կոալիցիան երկար կյանք չունի: Պարզ է` մյուս երեք կուսակցությունները կոմպրոմիսի չեն գնա, բայց ՀՅԴ-ն կարող է ստիպել: Դաշնակցությունն այս ընտրությունների ժամանակ երկու անգամ պակաս ձայներ ստացավ, քան 2007-ի խորհրդարանականին: Որովհետեւ, քննադատելով կառավարությանը, նորից մտավ կոալիցիայի մեջ: Հիմա ստեղծվել է հրաշալի առիթ` եւ՛ իր վարկանիշը բարձրացնելու, եւ՛ առաջին անգամ Հայաստանում մաքուր ընտրություններ կազմակերպելու:
Ա. Խ. - Վերջին 10 տարիների ընթացքում իշխանություններն այնպիսի վիճակում են, որ բավական է հայտնվի նորմալ ուժ, եւ այս իշխանությունների գնալը 10 րոպեի գործ է: Տեր-Պետրոսյանը որ հայտնվեց, նվազագույն ուժի կեսն էր եւ շատերի համար էլ նույնքան անընդունելի էր, որքան իշխանությունները: Դրա համար էլ այսպես ստացվեց: Եթե, իրոք, չվարկաբեկված ուժ լիներ, ամեն ինչ այլ կերպ կլիներ: Մյուս կողմից` այսօր կոալիցիա կազմած բոլոր չորս կուսակցությունների վարկանիշն իջել է երկու տոկոս: Լավ, իշխանական ռեսուրսով թող լինի` 5 տոկոս: Ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը: Կարծում եք` իրենք չգիտե՞ն այս մասին:
Հ. Մ. - Դե, եթե իշխանությունները չեն համաձայնվի նոր ընտրություններին, նշանակում է` ամեն ինչ վերջացած է. հայ ժողովուրդը պետք է ընտրի ուրիշ ճանապարհ:
Ռ. Հ. - Մի խոսքով` այն, ինչ կատարվում էր, ոչ թե միտինգ էր, այլ ժողովրդական ապստամբության փորձ, որը ներկա իշխանություններն արյան մեջ խեղդեցին: Ի՞նչ միտինգ: Միտինգը 50 կամ 100 հոգով են անում: Պատճառն անարդար պետությունն է, անարդար օրենքներն են եւ չինովնիկական օլիգարխիան: Մենք հիմա բռնապետության պայմաններում ապրող ազգ ենք:
Ա. Խ. - 1945 թվականից հետո Ճապոնիան, Գերմանիան բացարձակ ավերակ երկրներ էին` եւ՛ տնտեսության, եւ՛ հոգեւոր իմաստներով: Ջարդված, ստրկացված, նվաստացված վիճակում էին: Բայց նրանք մեկ սերնդի ընթացքում կարողացան ստեղծել աշխարհի 2-րդ, 3-րդ տնտեսությունները: Խնդիրն այնպիսին է, որ հնարավոր է լուծել: Դա պետք է հասկանան եւ իրագործեն այսօրվա երիտասարդները` գիտակցելով, որ իրենք են այս երկրի տերը: Պետք է իրենց առջեւ խնդիր դնեն, որ, ասենք, 25-30 տարի հետո այս երկիրը պետք է հասնի Շվեյցարիայի մակարդակին:
Է. Բ. - Ես համաձայն չեմ: Երիտասարդությունը պետք է ըմբոստ լինի: Առանց այսօրվա անարդարությունների դեմ ըմբոստանալու` 30 տարի հետո ի՞նչ են ունենալու: Այդ ամեն ինչն այսօր է: Երիտասարդները դուրս էին եկել փողոց, բայց նրանց ծեծելով ուղարկել են տուն: Դա հենց վաղվա համար սարսափելի հետեւանքներ է ունենալու: Նրանց չի կարելի կոտրել, ջարդել, նրանք պարզապես կհեռանան երկրից: Եթե ինչ-որ մարդիկ չեն սիրում Լեւոն Տեր-Պետրոսյանին, դա չի նշանակում, որ հանրահավաքի դուրս եկածները հանցագործ կամ թմրամոլ են:
Ա. Խ. - Ես ասում եմ, որ 30 տարի հետո կարելի է լինել առաջին կատեգորիայի երկիր: Դա գուցե պետք է սկսվի այսօր` ըմբոստությունից, կուսակցություն ստեղծելուց, քաղաքագիտություն սերտելուց... Պետք է համակերպվել այն մտքի հետ, որ նպատակին հասնելու համար ամբողջ կյանքում անհրաժեշտ է սիստեմատիկ մի ուղղությամբ աշխատել: Անհրաժեշտ է անկյունաքարը դնել համբերատարությունը եւ պրոֆեսիոնալիզմը:
Նույնիսկ եթե ուղեղով գիտակցում ես, որ վաղը կործանվելու ես, այսօր պետք է անելիքդ անես:
Զրույցը գրի առավ Արարատ Դավթյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել