«Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հայտարարությունները ԱԺ հերթական քառօրյայում
Ստեփան Սաֆարյան
Հարգելի գործընկերներ եւ հայրենակիցներ,
Մարտի 1-ից հետո տարբեր ամբիոններից առավել հաճախ հնչող բառը երկխոսությունն է։ Դեռ լավ է, որ կա դրա գիտակցումը, ինչը ցավոք բացակայում էր մինչեւ մարտի 1-ը։
Սակայն այսօր դա մխիթարությունից վեր է ածվում մտահոգության, երբ հետեւում ես իրականության մեջ ու գործնականում կատարվողին։ Իսկ իրականությունը բարդ է։ Բարդ ու բազմաթիվ են նաեւ ստեղծված ճգնաժամի համապատասխանաբար պատճառներն ու կողմերը։
Անվիճելի է, որ առկա են երկփեղկվածություն ընդդիմություն-իշխանություն առանցքով, բազմաշերտ պառակտվածություն հասարակության ներսում, չհաշտեցված տարակարծություններ մեր անցյալի ու ապագայի, իբրեւ դրա թարմ վկայություն` մարտի 1-ին տեղի ունեցածի վերաբերյալ։ Բաժանարար գծերն անցնում են անգամ գերդաստանների, ընտանիքների, եկեղեցական հանրության, Սփյուռքի ներսում։ Արդեն ակնհայտ է, որ մեր երկիրը` իշխանությունն ու ընդդիմությունը խնդիր ունեն նաեւ միջազգային կառույցների, նրանց անաչառության ու անկողմնակալության կապակցությամբ։ Երկխոսության լեզուն անգամ այս առանցքներով կառուցողական չէ։ Եվ դժվար է ասել, թե ինչ իրավիճակ է ստեղծվելու մեր երկրում ապրիլի երկրորդ տասնօրյակում ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցի հրատապ կարգով քննարկման ժամանակ ընդունվելիք բանաձեւի արդյունքում։ Հետեւաբար երկխոսությունը անհրաժեշտ, սակայն բավարար պայման չէ։ Իրականում անհրաժեշտ է բազմախոսություն, քանի որ կողմերի թիվն ու նրանց հարցերը շատ են։ Ներկայիս իրավիճակը սոսկ երկու կողմի միջեւ ստեղծված առճակատում ներկայացնելը նեղացնում է դաշտն ու լուծումների շրջանակը։ Երկխոսելը կոալիցիայի ներսում եւ կոալիցիոն ուժերի միջեւ բանալին չէ։ Կոալիցիոն կառավարության ու նրա կազմի վստահելիությունը նախադրյալ է, ինչպիսին են եւ քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածների ազատ արձակումը, մարտի 1-ին տեղի ունեցածի վստահություն ներշնչող եւ անաչառ քննությունը։
Մեր շատ հայրենակիցներ, այդ թվում մենք, ընդդիմություն ենք այսօրվա քաղաքական համակարգին, որովհետեւ այն անարդար է, ճնշող, իրավունքները սահմանափակող, հետապնդող եւ իրականությունը կոծկող։ Չնայած երկխոսության գիտակցմանը, կառավարող շրջանակները շարունակում են անազատության մեջ պահել բազմաթիվ մարդկանց, ում «մեղքը» հանրահավաքներին մասնակցելն է եղել։ Հոլիվուդյան մարտաֆիլմերի սյուժեների հանգույն ոստիկանություն էին բերման ենթարկվում զբոսնողները, երեկ էլ Հրազդանում մարդիկ, ովքեր հայտարարեցին հացադուլի դիմելու մասին։ Հացադուլի մտքից հրաժարեցնելու նպատակով կիրառում են տարատեսակ ճնշումներ` ջուր չտրամադրելուց մինչեւ նվաստացումը։ Իշխանությունները մինչ այժմ խոսք անգամ չեն ասել մարտի 1-ին ու դրանից առաջ իրենց կատարած սխալնելի մասին։ Քարոզչությունը փոխադարձաբար մեղադրող է, ոչնչացնող եւ միմյանց անկյուն ու փակուղի մղող։ Մարդիկ հանրահավաքի են գնացել եւ գնալու են, որովհետեւ միշտ ցանկանալու են լսել այլ` տարբերվող կարծիք, ինչը չէին լսել ու այսօր էլ չեն լսում հանրությանը պատկանող հեռուստահաճախություններով, եւ մասնավորապես` Հանրային հեռուստաընկերության եթերից։ Ընդդիմությունը Ազատության հրապարակ է գնալու, որովհետեւ քաղաքական պայքարի այլ հարթությունները ոչնչացվել են։ Մեր համաքաղաքացիները փորձելու են դիմադրել ու ինքնապաշտպանվել, եթե հետագայում էլ նրանց նկատմամբ ծայրահեղ ուժ գործադրվի։ Մարդիկ իրենց զբոսանքը քաղաքական են դարձնելու, որովհետեւ չեն ուզում ենթարկվել հակաժողովրդավարական օրենքներին եւ այդկերպ են արտահայտելու իրենց բողոքը։ Ժամանակն է ընդունելու, որ բազմակարծության արտահայտման օրակարգի խնդիրներն են.
1. ազատ լրատվամիջոցները, հանրությանը չապատեղեկացնող Հանրային հեռուստաընկերությունը, եթեր վերադարձված «Ա1+», «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները,
2. մարդու իրավունքների հարգումն ու պաշտպանությունը, ոչ թե դրանց սահմանափակումը, այլ ընդլայնումը, իրավունքները սահմանափակող բոլոր օրենքների վերանայումը,
3. օրենքի առջեւ հավասարությունը, օրենքի ոչ խտրական կիրառումը, ակնհայտ հանցագործություն կատարածներին պատասխանատվության ենթարկելը,
4. ընդդիմության համար պայքարի հարթությունների ապահովումը, ընդդիմության մասին օրենքի ընդունումը,
5. քաղաքական ու հասարակական լայն համաձայնության ճանապարհով ընտրական համակարգի բարեփոխումը։
Շնորհակալություն։
Արմեն Մարտիրոսյան
Հարգելի հայրենակիցներ,
Այսօր իմ խոսքը վերաբերելու է ներկա իրավիճակի հետ կապված այն քայլերին ու նրանց կատարման եղանակին, որոնք կարող են հասարակական վստահություն ստեղծել եւ դրական հանգուցալուծման բերել ճգնաժամային այս իրավիճակը։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է հասարակական եւ քաղաքական բազմաշերտ ու լայն շրջանակով իրական երկխոսություն, որտեղ պետք է բացահայտվեն այն խորքային պատճառները, որոնք իրապես հուզում են մեր քաղաքացիներին, եւ մատնանշվեն դրանց լուծման` վստահություն ներշնչող ուղիները։
Երկրորդ` քաղաքական դաշտի մասնակիցները պետք է գտնեն այն բանաձեւերը, որոնց շնորհիվ կարելի է մեր երկրում քաղաքական գործընթացները բերել այնպիսի մակարդակի, երբ այլեւս գաղափարական պայքարը կունենա իր արժանի տեղը, քաղաքական մեծամասնությունը եւ փոքրամասնությունը հանդես կգան որպես պետական կառավարման նույն շղթայի տարբեր օղակներ, որտեղ նրանք ոչ թե հակառակորդներ կամ, թույլ տվեք ասել, թշնամիներ կլինեն, այլ` մրցակիցներ, եւ կունենան մեկնարկային հավասար հնարավորություններ իրենց տեսակետներն արտահայտելիս։ Ահա այստեղ է, որ ընդդիմությանն օժտելով որոշակի լծակներով, նրանց հնարավորություն կընձեռնվի ակտիվ մասնակցություն ունենալ եւ լինել իշխանություններին այլընտրանքային պետական կառավարման միավոր։
Այս ամենը հնարավոր է իրականացնել միայն հասարակական աջակցության ու վստահության շրջանակներում, որի համար անհրաժեշտ է`
- նախ` ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր կալանավորվել են նախընտրական եւ հետընտրական ժամանակահատվածում, որոնք անմիջականորեն չեն կատարել որեւէ քրեական գործողություն,
- երկրորդ` անկախ քննություն անցկացներ մարտմեկյան իրադարձությունների նկատմամբ` ինչպես վաղ առավոտյան, այնպես էլ ցերեկային եւ երեկոյան դեպքերի առնչությամբ։ Ընդ որում, քննող հանձնաժողովը պետք է լինի հավասարակշռված կազմով, որին մասնակցություն պետք է բերեն ինչպես խորհրդարանական մեծամասնությունը, այնպես էլ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը, տեղական եւ միջազգային փորձագետները,
- երրորդ` բոլոր հեռուստաընկերությունները եւ հատկապես Հ1-ը պետք է ազատ լինեն քաղաքական ու հասարակական դաշտի բոլոր ներկայացուցիչների համար։
Անահիտ Բախշյան
Սիրելի հայրենակիցներ,
Հետընտրական անցած 50 օրերը մղձավանջային օրեր էին մեր ժողովրդի համար։ Մինչ օրս իշխանությունների կողմից որեւէ մեկը չի փորձել տրամաբանված բացատրել, հիմնավորել մարտմեկյան ողբերգության շարժառիթները, պատճառները։ Որեւէ մեկը հրապարակավ պարզաբանում չի տվել հասարակությանը, թե տասնյակ հազարավոր խաղաղ ցույց անող քաղաքացիներ մինչեւ գիշերվա 2-3-ը կանգնած են մնացել Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում, սակայն 8 երիտասարդները զոհվեցին ցուցարարներից մոտավորապես մեկ կիլոմետր հեռու` Մաշտոցի պողոտայի ծայրում, եւ ո՞ւմ կողմից հրահրվեց այս անհասկանալի սպանդը, հանուն ինչի՞ զոհվեցին մեր 8 հայրենակիցները` Զաքար Հովհաննիսյանը, որի ավագ եղբայրը զոհվել էր Արցախում, ինքը միայնակ խնամում էր անդամալույծ հորը եւ հարազատների ասելով` երբեք ցույցերին չէր մասնակցել։ Դավիթ Պետրոսյանը, որն այդ օրն առավոտյան մանուշակների փնջով կնոջը շնորհավորել էր գարնան առաջին օրվա առթիվ եւ գնացել էր աշխատանքի, իսկ վերադարձին հայտնվել էր Մաշտոցի պողոտայի դժոխքի մեջ ու սպանվել, եւ հարազատների ասելով` երբեք ցույցերի չէր մասնակցել։ Գրիգոր Գեւորգյանը, նույնպես աշխատանքից հետո տուն չհասավ, որովհետեւ Լեոյի փողոցով պիտի անցներ։ Սպանվեց` թողնելով երկու մանկահասակ որդիներին եւ անպաշտպան կնոջը։ Նա նույնպես ցույցերին չէր մասնակցել։ Գոռ Քլոյանը, լինելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ակտիվ մասնակցություն էր ունեցել նախագահական ընտրությունների ժամանակ` սատարելով Սերժ Սարգսյանին, ինչո՞ւ հայտնվեց այդ թեժ կետում։ Հովհաննես Հովհաննիսյանը, հարեւանների վկայությամբ` շատ հանգիստ, հավասարակշռված, նրանց կողմից հարգված անձնավորություն է եղել, ո՞ւմ դեմ էր կռվի ելել, որ սպանվեց։ Տիգրան Խաչատրյանը, 23-ամյա երիտասարդ, ո՞վ կբացատրի նրա ծնողներին, թե հանուն ինչի, ում հանցագործ կրակոցից սպանվեց իրենց տղան։ Արմեն Ֆարմանյանը, 28 տարեկան, ի՞նչ էր կորցրել այդ դժոխքում, որ կյանքով հատուցեց։ Եվ, վերջապես, Համլետ Թադեւոսյանը, ոստիկան, վաշտի հրամանատար, պարտադի՞ր էր, որ կյանքը զոհեր իր պարտականությունը կատարելիս` հասարակական կարգը պաշտպանելիս։
Այդ դժնդակ օրից անցել է քառասուն օր, եւ մինչ օրս դատախազությունը հասարակության համար չի պարզել, թե ինչպես, ինչ հանգամանքներում, ում պաշտպանելիս կամ ում վրա հարձակվելիս զոհվեցին մեր հայրենակիցները ցույցի անցկացման վայրից 1 կմ հեռավորության վրա։ Մեր հասարակությանն անչափ հուզում են այս հարցերը, որոնք օդում առկախ են։
Վաղը մեր զոհված հայրենակիցների քառասունքի սգի օրն է, որն ուղեկցվելու է օրվա համար անհարիր, անհամեստ միջոցառումներով, որոնք ավելի են սրելու առանց այդ էլ շիկացած մթնոլորտը։ Ինչպես «Ժառանգություն» կուսակցության, այնպես էլ քաղաքական տարբեր դաշտերից, հնչում են երկխոսության կոչեր։ Սակայն առկա խոր անվստահության, անարդարության, քաղաքացիների անպաշտպանվածության մթնոլորտը չի նպաստում երկխոսության կայացման ուղղությամբ քայլեր անելուն, դրա համար անհրաժեշտ են նախադրյալներ, որոնցից կարող են լինել վերոնշյալ հարցերի խելամիտ, համոզիչ, հիմնավորված պատասխանները։
08.04.2008
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել