HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

«Նրանք բիզնես են անում, մենք հացի փող ենք աշխատում»

Այս տարվա փետրվարից եկեղեցական ամենաէժան մոմը թանկացավ 50 տոկոսով: Նախկինում այն արժեր 40 դրամ, հիմա` 60: Միջին մոմը 60 դրամից դարձել է 100 դրամ, մեծ մոմը 150-ից դարձել է 250 դրամ:

Եկեղեցի գնացող մարդիկ չգիտեն` ինչու՞ է մոմը թանկանում, դրա մասին չգիտեն նույնիսկ մոմավաճառները: «Մեզ ոչ մեկ ոչինչ չի ասում»,- ասում է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոմավաճառը: Մոմի վաճառքի համար նախատեսված սեղանների մոտ փակցված են նոր գները. փոքր մոմը` 60 դրամ, միջինը` 100, իսկ մեծը` 250 դրամ: 


Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի պաշտոնական մեկնաբանությամբ` եկեղեցական մոմերի թանկացումը պայմանավորված է մոմերի արտադրության համար գործածվող հումքի թանկացմամբ:

«Երեւի ամեն ինչ թանկանում է, մոմն էլ է թանկանում»,- ենթադրում է է 42-ամյա Գայանե Համբարձումյանը, որի հետ զրուցեցինք եկեղեցու բակում:

«Ես ամբողջ կյանքում միշտ 10 հատ մոմ եմ առել, հիմա, թանկանալուց հետո, 5 հատ եմ վերցնում: Եկեղեցուց դուրս մի կին 20 դրամով է վաճառում, բայց ես ուզում եմ եկեղեցուն աջակցել եւ ներսից եմ մոմ գնում: Ինչու՞ եկեղեցին ոչինչ չի անում մեզ ընդառաջ գալու համար»,- հարցնում է նա: Եկեղեցում ուրիշ կանայք նույնպես հավաստում էին, որ թանկացման պատճառով հիմա ավելի քիչ են մոմ գնում:

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի տանող աստիճանների ներքեւում երկու կին մոմ են վաճառում` հատը 20 դրամ: Նրանց վաճառած մոմը գրեթե ոչնչով չի տարբերվում եկեղեցու 60 դրամանոց մոմից (չափով մի քիչ փոքր է):

Մոմավաճառ կանայք ասում են, որ իրենց մոմն ընդամենը 10 դրամով է թանկացել, իսկ նախկինում ընդհանրապես 5 դրամով էին վաճառում: Նրանցից մեկը, գլխով ցույց տալով եկեղեցու կողմը, ավելացնում է. «Նրանք բիզնես են անում, մենք հացի փող ենք աշխատում»:

Եկեղեցու «խղճուկ» մրցակիցները ստիպված են էժան վաճառել նաեւ այն պատճառով, որ շատ հաճախ մարդիկ նախընտրում են մոմ գնել եկեղեցում` հավատալով, որ Էջմիածնի մոմաձուլարանում պատրաստված մոմերը օրհնված են:

«Անօրինական մոմավաճառները» խուսափում են երկար խոսել անծանոթ մարդկանց հետ: Ասացին միայն, որ մոմերը նրանք չեն պատրաստում, այլ վերցնում են հատուկ «մոմի ցեխից», բայց թե որտեղ` չասացին: Ակնհայտ է, որ դրանք գաղտնի են պատրաստվում:

«Հայկոպ»-ը պարսկական ապրանքների պահեստ է: Այնտեղ կարելի է գնել Պարսկաստանից ներկրած մոմի պատրաստման համար պարաֆին եւ նաեւ` արդեն պատրաստի եկեղեցական մոմեր:

Այդ մոմերը, սակայն, Պարսկաստանից չեն բերվում, այլ ներկրած պարաֆինից պատրաստվում են Հայաստանում: Իրանցի պահեստապետը նույնպես չասաց, թե ովքեր եւ որտեղ են պատրաստում այդ մոմերը: Նա միայն ասաց, որ պարաֆինն իսկապես թանկացել է. 1կգ պարաֆինը վաճառվում է 420 դրամով 350 դրամի փոխարեն:

Պարսկական պահեստում փոքր չափսի մոմերը Էջմիածնի նույն չափի մոմերից թերեւս միայն գույնով են տարբերվում: Մեծերը` արտաքինից ոչնչով: Սակայն, դրանք անհամեմատ էժան են. 1 փոքր մոմն արժե 1.4 դրամ, կապոցով` 100 հատն արժե 150 դրամ: 1 մեծ մոմն արժե 7 դրամ, դրանք նույնպես վաճառվում են 100 հատանոց կապոցներով:

Իրականում անգամ մոմի հումքի թանկացման դեպքում ո՛չ ներկրողի, ո՛չ վաճառողի եւ ո՛չ էլ վերավաճառողի մոտ մոմերի թանկացումն այն աստիճանի չէ, որ մարդկանց մոտ զարմանք եւ վրդովմունք առաջացնի, ինչպես Էջմիածնի մոմերի դեպքում:

«Հետք»-ի խմբագրությունը նամակով դիմել էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քհն. Մելիքյանին` պարզելու, թե ինչու՞ են եկեղեցական մոմերը թանկացել: Էջմիածնի պատասխանը ճիշտ եկեղեցական ոգով է, քանի որ ավելի շատ հիշեցնում է կրոնական բարոյախոսություն, քան պաշտոնական պատասխան:

Պատասխան նամակում որպես զուտ տեղեկատվություն նշվել է, որ պատճառը հումքի թանկացումն է: Մոմի հումք ներկրում է Էջմիածնի մոմաձուլարանը, սակայն մեզ չեն պատասխանել, թե հումքի քանի՞ տոկոս գնաճ է եղել 2005թ.-ից սկսած:

Մենք խնդրել էինք նաեւ հնարավորություն տալ այցելել Էջմիածնի մոմաձուլարան եւ պարզել, թե ինչպե՞ս է գոյանում մոմի գինը: Հետաքրքիր էր պարզել նաեւ, թե, արդյոք, իրավունք ունե՞ն այլ կազմակերպություններ եկեղեցական մոմեր արտադրել, եթե ոչ, ապա ինչու՞ է եկեղեցական մոմի արտադրությունը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մենաշնորհը: Եվ էլի շատ հարցեր:

Այս բոլոր հարցերի պատասխանը մեկն էր. «Մոմավառությունը բարեպաշտական սովորություն է: Այն յուրաքանչյուր հայորդու նվիրատվությունն է եկեղեցուն: Հարկ է նշել, որ մոմավառությունը, իր խորհրդաբանական կողմից բացի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ թեմերի եկամտի միակ աղբյուրն է: Ուստիեւ մոմի գնի թանկացումը միայն չի բխում տնտեսագիտական հաշվարկներից: Մոմավառությունից գոյացած գումարով է, որ Եկեղեցին հոգում է իր վարչական ծախսերը, իրականացնում տարբեր սոցիալական ծրագրեր, կազմակերպում եկեղեցիների պահպանությունը:

Հայաստանյան թեմերի եկեղեցիներում վաճառվող մոմն արտադրվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոմաձուլարանում: Վաղուց ի վեր այդ մոմաձուլարանը գործում է Մայր Աթոռում, ինքն է ներկրում անհրաժեշտ հումքը եւ լիովին բավարարում է Եկեղեցու պահանջները` ապահովելով արտադրության բարձր որակ»:

Նամակի վերջում Վահրամ քհն. Մելիքյանը նշել է, որ պետք չէ մոմավառությանը մոտենալ կամ քննել իբրեւ առեւտրային կամ ձեռնարկատիրական գործունեություն:
Այս պատասխանից, թերեւս, ակնհայտ է, որ եկեղեցական մոմի թանկացումը տնտեսական հիմնավորում չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter