HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Հացադուլավորի կանչն ուղղված է իր տեսակին

Եթե Ուրիշը կատարում է մեր ցանկությունը, ապա դա վկայում է մեր նկատմամբ ունեցած նրա որոշակի վերաբերմունքի մասին: Ուստի, մեր ցանկության նպատակը ոչ թե պահանջմունքի բավարարումն է, այլ Ուրիշի` մեր նկատմամբ ունեցած վերաբերմունքի հաստատումն է։ 
Ժակ Լական

Ակտիվ ոչ բռնությունը հայացքների, համոզմունքների եւ դրանց համապատասխան գործողությունների մի ամբողջ համակարգ է, որը թույլ է տալիս գիտակցաբար դիմակայել մեզ շրջապատող աշխարհի անարդարություններին` միջազգային ու ազգային օրենսդրության շրջանակներում ստեղծագործաբար ու խաղաղ փոփոխելով իրականությունը: Հոգեվերլուծական տեսությունը տալիս է երեւույթի դիագնոստիկ սկզբունքները, որոնց նախանշաններն առկա են պրակտիկայում, եւ որոնք հանդես են գալիս ժանրի լայն խաղացանկով` գործադուլ, պիկետ, հանրահավաք, ցույց, հացադուլ եւ այլն: Հասարակական պայքարի այդ ձեւերը քաղաքական փոխհամաձայնության նման մի բան են, ինչը մնում է իռացիոնալ ու անհատական մակարդակի վրա: Այդ գործողություններից յուրաքանչյուրը խզված հեղափոխությունն է. դա մի կողմից հեղափոխական ուժի, մյուս կողմից` այն ճնշող ուժի փոխհամաձայնությունն է: 

Ցույցը կարող է լինել շատ կամ քիչ մարդաշատ, սակայն կարող է չվերածվել տոտալ հեղափոխության: Հեղափոխության չվերածվող ցույցը մնում է որպես ցույց, որպես դեմոնստրացիա, որպես ինչ-ինչ բաների ցուցադրություն /demonstratio/: Զանգվածային բողոքի պրակտիկան ցույց է տալիս, որ դրանք կազմակերպող ու զսպող ուժերն ինդիվիդուալ բնույթի են: Այս կամ այն կերպ բախումների ետեւում կանգնած են անհատներ: Կազմված լինելով անհատներից` զանգվածն էլ, ի վերջո, անհատական հենք ունի: Ցանկացած բողոքի ձեւ ինդիվիդուալ է իր ճշմարիտ գնահատմամբ: Հանրային, զանգվածային միջոցառումների, ցույցերի ու բողոքների կազմակերպիչներն ու տեսաբաններն, անշուշտ, այլ կարծիքի են: Ու լինելով այլակարծ` խրված են իրենց իսկ թյուր ճանաչողության պրոբլեմի մեջ: Ուզում եմ ավելացնել նաեւ այն հանգամանքը, որ բողոքը, այս կամ այն կերպ լինելով նեղ անձնական խնդիր, ընդգրկում է նաեւ մարդու խոր անգիտակցականում նստած բազմաթիվ դրդապատճառներ: Շարժումից առաջ ու շարժումից հետո պիտի հասկացվի, գնահատվի գործողություն ծնող դրդապատճառների էթիոլոգիան: Իմ նախորդ հոդվածներից մեկում ներխորացում ասելով ի նկատի ունեի ակտիվ ոչ բռնության մեր վերջին փորձի վերլուծությունը նաեւ: Շարժման զուտ անձնական  ներհայեցման խնդիրն եմ առաջ քաշում անընդհատ: Որտե՞ղ էր երազը, ո՞րն էր պատրանքը, որքանո՞վ էր իլյուզիոր խնդրի դրվածքն ու նպատակը: Ի՞նչը չէր հաշվառված: Ի՞նչն ադեկվատ չէր: Միգուցե ռեպրեսիանե՞րը:

Այն երեւույթը, ինչի մասին ցանկանում եմ խոսել այս հոդվածի շրջանակում, ունի շատ ավելի ռեպրեսիվ բնույթ եւ ավելի բազմաբովանդակ է, քան կարծում են դրա իրականացողները: Խոսքը հայտարարված ու հայտարարվող հացադուլերի մասին է: Հացադուլ հայտարարած անձը, պահանջներ ներկայացնելով, ձեռնոց է նետում իշխող պարոնին և չի էլ սպասում դրանց կատարմանը: Ամբողջ ակցիան ունի զուտ դեկլարատիվ բնույթ: Հացադուլն իրականացնողի անգիտակցականում առկա է այդ երեւույթի ռեպրեսիվ իներտությունը: Թվացող «ուժեղ» քայլի մեջ, ըստ իս, չկա դիմակայում: Սովորաբար, հացադուլը սկսվում է եւ ինչ-որ տեղ, ժամանակի մեջ մարում է` աննկատ ու անպատասխան: Ամենայն հավանականությամբ, բժշկական միջամտությունը խաղում է իր որոշիչ դերը: Անդեմ հումանիզմը տալիս է բոլոր կողմերին բավարարող հանգուցալուծումը: Ձախ հայացքների տեր հայ երիտասարդ սերունդը ոչ միայն հացադուլի հետ կապված, այլ ընդհանրապես ակտիվ ոչ բռնի պայքարի պրակտիկայում առայժմ ներ է մուծում արեւմտյան հռետորությունն ու գործելակերպը: Եվ քանի որ մեզ մոտ բացակայում են արեւմտյան համակարգին հատուկ ինֆրաստրուկտուրաներն ու ռեֆերենտները, ակամայից մեր ձախ շարժումը ստանում է կեղծ ու պաթետիկ բնույթ: Խորհրդային ճամբարներով քաղաքական պայքարի ճանապարհ անցած ավագ սերունդը երեւի թե որոշիչ ու լուրջ ասելիք ունի այս հարցերում: Մեր հավաքականությունը, առավել քան երբեք, խորհրդային քաղաքական պայքարի դպրոցն անցած անհատների խորհրդի կարիքն ունի այսօր: Կեղծ ընդդիմադիր առաջնորդների ու դրանց հարող ուժերի` դեպի աթոռներ նորօրյա աննախադեպ վազքը ձախության աուտենտիկ հիվանդության վառ արտահայտությունն են: Թերեւս խորհրդային ճամբարներով անցած անհատը մի քանի ճշմարիտ խոսքով կարողանա տալ «մեկնած ձեռքը օդում չթողնողների» արարքի բարոյական գնահատականը:

Նորօրյա ձախեր թողարկող «ինկուբատորների» տերերի քաղաքական ծամածռությունն էլ փորձի ու հետագա անելիքի համար շարժումից տուժած անձանց համար լավ դաս եղավ թերևս: Ձախեր թողարկող արևմտյան ինստիտուտների նոր արտիկուլյացիաները հաջորդ անգամ ավելի լավ կճանաչեն նրանց ետեւից գնացողները: Իմ այս դատողությունները տարածվում են շարժումն առաջ տանող ու լուսաբանող գրավոր ու բանավոր խոսքի բոլոր դրսեւորումների վրա: Ես հիշեցնում եմ նորից հավաքական ներհայեցողության անհրաժեշտության մասին: Ներուղղված լուռ տեւականության մեջ պիտի գնահատվի ձախության մեր վերջին հիվանդության պատմությունը: Իսկ եթե գտնելու էլ ենք գեներատիվ լիցք` ինքնամաքրման ու ճշմարիտ շարժման համար, ապա դա կարող է լինել խորհրդային քաղաքական դպրոց անցած սերնդի մեջ միայն: Հայ ժողովուրդն ունի խորհրդային ճամբարներով անցած քաղաքական գործիչներ: Մենք ունենք մարդկային այդ լուրջ կապիտալը: Այս պահին, ցավոք, ձեռքի տակ չունենալով հայ նման մարդու կենսագրական նյութ` ազգությամբ ռուս գործիչներից մեկի հիշատակումով եմ ցանկանում վերադառնալ հացադուլին վերաբերող մեր խոսակցությանը:
Ազատազրկման դատապարտված խորհրդային լեգենդար այլախոհ Անատոլի Մարչենկոն, սկսած 1984 թվականից, Պերմի ճամբարներում ենթարկվում էր անընդհատ հալածանքների: Նրան արգելված էր նամակագրությունը, եւ ամենափոքր զանցանքի համար հայտնվում էր կարցերում: Նա 1984 թվականի դեկտեմբերին ենթարկվում է գազանային ծեծի բանտապահ սպաների կողմից: 1985 թվականին սիստեմատիկ խախտումների համար տեղափոխվում է Չիստոպոլյան բանտ: Լիակատար մեկուսացման պայմաններում Մարչենկոյի համար միակ դիմադրության ձևը մնում է հացադուլը: 1986 թվականի օգոստոսի 4-ին նա սկսում է իր ամենաերկար հացադուլը: Նա պահանջում էր դադարեցնել ԽՍՀՄ-ում գտնվող քաղբանտարկյալների նկատմամբ բռնությունները և ազատ արձակել բոլորին: Երկարատև քաղցի արդյունքում քայքայվում է նրա առողջությունը, ու դեկտեմբերի 8-ին Անատոլի Մարչենկոն կնքում է իր մահկանացուն: Նրա մահից հինգ օր հետո Գորբաչովը զանգում է Անդրեյ Սախարովին, եւ բացվում է ԽՍՀՄ պատմության մի նոր էջ: Հացադուլի ունեցած ազդեցության բացառիկ դեպքերից մեկն է Մարչենկոյի քայլը: Էլի բազմաթիվ դեպքեր են հիշատակվում ազատազրկման վայրերում հացադուլ անողների մասին: ԽՍՀՄ ազատազրկման վայրերով անցած ու ճամբարային կյանքով ապրած մեր հայրենակից մի քանի փայլուն գործիչներն էլ, հավանաբար, կունենան նման հաղթանակի օրինակներ: Հացադուլ հայտարարած մարդը հրաժարվում է կերակրից` դիմելով բարձրագույն ուժերին որպես իր քայլի ճշմարտացիության վկա: Այդ միջոցը հացադուլ հայտարարողի ու հակառակ կողմի միջեւ ճշմարիտ երկխոսություն սկսելու նպատակ ունի: Հացադուլ անողի քայլը միտված է հասարակությանը, դա ակցիա է` ուղղված նաեւ մյուս մարդկանց, դա սոցիալական գործողություն է, որը նաեւ ճնշման միջոց է: Այդ ակտը կատարողը վստահ է նաեւ, որ հասարակությունը սատար կկանգնի քաղց պահողին, կօգնի նրան վերականգնել արդարությունը ու չի թողնի, որ ինքը մեռնի: Հացադուլն ուժով գերազանցողի վրա ազդելու զարմանալի միջոց է: Մի շարք սոցիումներում սննդից հրաժարումը էֆեկտիվ գործողություն է համարվում: Բանտերում ու ճամբարներում հացադուլ հայտարարած կալանավորի կյանքն այնքան էլ մեծ արժեք չի ներկայացնում բանտապահի համար: Սակայն բանտապահն ու իշխանությունները սկսում են անհանգստանալ, չնայած այն բանին, որ հացադուլը սպառնում է հացադուլ անողի կյանքին, եւ նրանք գնում են զիջումների այն  դեպքում, երբ ավելի հզոր միջոցները նրանց չէին ստիպի գնալ զիջման: 

Երբ կամակոր երեխան հրաժարվում է ուտելուց, մայրը գնում է զիջումների: Այստեղ երեխան շահագործում է տեսակի պահպանման այն բնազդները, որը գոյություն է ունեցել մինչեւ մարդու մարդանալը: Երեւի թե այս ֆունդամենտալ կենդանական բնազդն է, որ գործի է դնում մարդը կենսունակությանը սպառնացող սահմանային վիճակում: Նա այդ կերպ դիմում է իր նմանին, քաղցելով` նա ահազանգի կոչ է անում իր տեսակին: Այս լույսի տակ մեկնաբանումը թույլ է տալիս ենթադրել, որ հացադուլը հանրության, սոցիում կազմող անձերից յուրաքանչյուրի բարոյականությանն ուղղված կանչ է: Հացադուլ անողի ճիչն ուղղված է հասարակության խղճին այդ առումով: Հացադուլ սկսած մարդը, փաստորեն, ասում է. «Ես պատրաստ եմ մեռնել»: Նա ասում է. «Դուք անտարբեր եք իմ պահանջների նկատմամբ, որոնք ես ներկայացնում եմ սովորական հաղորդակցման միջոցներով`գրավոր կամ էլ բանավոր, դուք նեղում եք ինձ ու ինձ համար թանկ, իմ նման մյուս մարդկանց, դուք չեք հարգում իմ իրավունքները, դուք զրկել եք ինձ բողոքելու բոլոր հնարավորություններից, դուք զրկել եք ինձ իմ դիրքորոշումներն արտահայտելու ու իմ փիլիսոփայությամբ ապրելու իրավունքից, եւ ես պատրաստ եմ մեռնել, բայց իմ սկզբունքներից ու պահանջներից չեմ հրաժարվի: Դուք կամ պիտի կատարեք իմ պահանջները կամ էլ պիտի համաձայնվեք իմ չլինելու մտքի հետ` դառնալով դրա ուղղակի կամ էլ անուղղակի պատճառը»: Հացադուլը հզոր միջոց է: Այդ միջոցից չի կարելի օգտվել հենց այնպես: Հացադուլ սկսել` նշանակում է անցնել սահմանը, նշանակում է վտանգի տակ դնել կյանքը: Իսկ երբ վտանգի տակ է դրված նմանակի կյանքը, երբ վտանգի տակ է մարդը, ապա մարդկային հասարակությունը լարվում ու կանգնում է ոտքի: Հացադուլավորի կանչն ուղղված է իր տեսակին, այն ուղղված է իր նման մարդկանց:

Հացադուլավորի լուռ բողոքի մեջ նախնիների կանչը կա

Հացադուլ հայտարարողն իր տեսակի մարդու հոգեւոր խոր ընդերքներում բարձրացնում է խիստ վտանգավոր մի բան: Հացադուլավորն ընդհանուր վտանգի մասին է գուժում: Հացադուլը շատ վերջավոր ահազանգի կոչ է:

Այդ իսկ պատճառով էլ, որպես ծայրահեղ միջոց, հացադուլ կարելի է հայտարարել այն ժամանակ, երբ սպառված են պայքարի բոլոր միջոցները: Հացադուլի առկայության պայմաններում ակամայից շահարկվում է այնպիսի կարեւոր մի չափանիշ, որպիսին մարդկային խիղճն է:

Չմոռանանք, որ դիմացինի խղճին ուղղված կոչն իր անդրադարձում, այդ կոչն ուղղող անձից նույն խղճի չափով էլ ինքնահաշվետվություն է պահանջում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter