HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքապետարանն իր հարկի տակ պատսպարել է բոլոր կառույցները

Արարատի մարզի Արտաշատի ենթաշրջանի Ազատավան գյուղի բնակիչների սոցիալական վիճակը, համայնքապետ Սարգիս Խաչատրյանի ներկայացմամբ, այնքան էլ վատ չէ:

«Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, տարբերություն կա, բայց խնդիրներն էլ շատ են, դրա համար էլ դժվարանում են հարկերը մուծել»,- ասում է համայնքապետը: Միաժամանակ նշում է, որ նույն` հարկերը մուծել դժվարացող գյուղացու տանը երեք-չորս բջջային հեռախոս կա: «Վերջերս գյուղում ֆիքսված հեռախոսակապ էին անցկացնում, եւ գրեթե 300 տուն բաժանորդ դառնալու ցանկություն հայտնեց: Սելիտրայի համար գումարն անմիջապես ճարվում է, բջջայինի վճարների համար միշտ կա, ֆիքսված կապի համար կա, տունը ջեռուցելու համար ամսական 30-40 հազար դրամ գումար կա, բայց հարկերի համար գյուղացին փող չունի»,- շարունակում է համայնքապետն ու, ինքն իրեն հակասելով, նշում, որ գյուղում շուրջ 70 ընտանիք նպաստ է ստանում: 

Սրանք, համայնքապետի ասելով, հիմնականում բազմանդամ ընտանիքներն են, միայնակ կենսաթոշակառուներ, որոնք ի վիճակի չեն հող մշակել, «կան նաեւ «միայնակ ծնողներ», որոնց երեխաները հեռացել ու մոռացել են նրանց»: Այնպես որ, ստիպված են ամեն տարի համայնքի բյուջեից սոցիալական օգնության ֆոնդին 4 մլն դրամի չափով գումար հատկացնել: «Երբեմն հարկ ենք ուզում, բայցեւ գիտենք, որ մարդն օրվա հացի փող չունի: Երբեմն էլ գալիս խնդրում են` մի քանի կոպեկ տվեք հաց առնենք, մինչեւ տեսնենք ինչ է լինում»: Օգնում են անապահով ընտանիքներին, ազատամարտիկների ընտանիքներին` տարեկան երկու անգամ, մահվան դեպքում 40 հազար դրամ գումար է տրվում: Ծրագրել են այս տարվանից ուսանողներին էլ օգնել:

Ազատավանում գրանցված 3400 մարդուց ավելի քան 400-ը, հիմնականում երիտասարդներ, հանրապետությունից դուրս են գտնվում: Աշխատում են, օգնում այստեղ ապրող հարազատներին: Իսկ ընդհանրապես այս գյուղի բնակիչների ապրուստի հիմնական միջոցը հողն է: Մարդիկ զբաղված են հիմնականում պտուղ-բանջարեղենի մշակությամբ, ոմանք` նաեւ անասնապահությամբ: Կան նաեւ ջերմոց ունեցող տնտեսություններ, որոնց սոցիալական վիճակը համեմատաբար բարվոք է: Նաեւ հարկերն են ժամանակին վճարում: Ինչ վերաբերում է հարկերը հավաքագրելուն, համայնքապետի ասելով` 2007 թ., ցրտահարությամբ ու կարկտահարությամբ պայմանավորված, հավաքագրվել է հողի հարկի 60%-ը, որ բացարձակ թվով կազմել է 3.5 մլն դրամ: Բայցեւ նախորդ տարիներից կուտակված պարտքերը քիչ չեն. ավելի քան 13-14 մլն դրամ, որը կուտակվել է 1991 թ.-ից սկսած: «Գյուղացիները հոսանքի, ջրի, գազի վարձերը բավականին պարտաճանաչ վճարում են: Այլապես կզրկվեն դրանց մատակարարումից: Դժվարությամբ են վճարում միայն հողի հարկը»,- ասաց համայնքապետը: Ս. Խաչատրյանի ասելով` փորձում են ըմբռնումով մոտենալ, համոզելով հավաքագրել հարկերը, եւ դա արդյունք տալիս է` ազատավանցիների շուրջ 50%-ն իր կամքով վճարում է:

«Ավագանու գործունեությամբ գյուղացին հետաքրքրվում է, երբ նրան ինչ-որ հարց է անհանգստացնում, այլապես ավագանու նիստ կլինի, թե ոչ` հեչ պետքներն էլ չի: Չնայած` լինում են դեպքեր, երբ գյուղացիներն էլ են մասնակցում»,- հավատացնում է համայնքապետը: Վերջինիս ներկայացմամբ` բնակչությանը հուզող հարցերին ՏԻՄ աշխատակիցները տեղեկանում են գյուղացիների հետ ամենօրյա շփումների ժամանակ` գյուղամիջում, դաշտում, հավաքատեղիներում:

Ազատավանում հիմնարկ-ձեռնարկություններ ընդհանրապես չկան: Համայնքի միակ վարչական շենքը` համայնքապետարանը, որն այսօրվա, եւ անգամ 70-ական թվականների պահանջներից շատ հեռու մի շինություն է, իր հարկի տակ է պատսպարել իրեն ենթակա եւ ոչ ենթակա բոլոր կառույցները: Այս փոքրիկ շենքի ապաստարան հիշեցնող ներքնահարկում են տեղավորված մշակույթի տունն ու գրադարանը, «Հանրապետական» կուսակցության գրասենյակը: Գյուղն ընդհանրապես մանկապարտեզ չի ունեցել, եւ հիմա համայնքապետարանը 30 մլն դրամ է խնայել մանկապարտեզ կառուցելու համար: Նպատակին ե՛ւ մոտ են, ե՛ւ հեռու, որովհետեւ իրենց հաշվարկներով եւս 15-20 մլն դրամ է անհրաժեշտ մանկապարտեզը կառուցելու համար: Գյուղի այս տարվա բյուջեն 64 մլն դրամ է (18 մլն դրամը` դոտացիա, 6 մլն-ը` հողի հարկ, 3-ը` գույքահարկ, 1-ը` հողի վարձավճար եւ այդպես շարունակ), անցած տարվա 52 մլն-ի դիմաց, սակայն, բյուջեից մասհանում պետք է անեն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ոռոգման ցանցը վերանորոգելու համար: Շինարարության համար արվելիք ծախսերի 15%-ը, որ գումարային արժեքով դեռ հայտնի չէ, պետք է հատկացնի համայնքը: Ընդ որում, ներտնտեսային ցանցի վիճակն այնքան էլ վատ չէ: Մայր ջրատարից դեպի գյուղ եկող հունը, որը բավականին երկար է, հողից է, ինչի պատճառով էլ ջրի կորուստը շատ է լինում: Ըստ համայնքապետի` ոռոգման համակարգի հետ կապված հարցերը պետք է առաջնահերթ լուծվեն, քանի որ գյուղացու համար ոռոգման ջուրը ժամանակին ստանալն ու ապրանքն իրացնելը կյանքի խնդիր է:

Խմելաջրի ներտնտեսային ցանցը հին է ու փտած: Գյուղն օրական մի քանի ժամ է ջուր ունենում: Ջուրը հիմնականում մաքուր է, բայց տեղեր կան, որ խողովակների փտածության պատճառով անջատելուց հետո խողովակները կեղտաջրով են լցվում: Մինչեւ Հայջրմուղից գալիս, վերանորոգում են` մի քանի օր տեւում է: «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրով նախատեսվել է այստեղ նաեւ 5-6 կմ ջրագիծ փոխել:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր չէ համայնքային զարգացման ծրագրերն իրագործելու համար անհրաժեշտ գումարի պակասը լրացնել համայնքին պատկանող հողերի աճուրդ-վաճառքից, համայնքապետը հայտնեց, որ իրենց հողերը մեծ պահանջարկ չունեն: Անցած տարվա ընթացքում մեկ անգամ աճուրդ-վաճառք է տեղի ունեցել, որի ընթացքում վաճառվել է 4 հա հող: Վաճառքի մեկնարկային գինը եղել է կադաստրային արժեքի 50 %-ը` 264 դրամ մեկ քառակուսի մետրի համար: Համայնքապետի ներկայացմամբ` աճուրդներն այնքան էլ ձեւական չեն: Մեկ հողակտորի համար երկու-երեք մարդ է մասնակցում: Աճուրդի մասին նախապես տեղեկացնում են գյուղում մի քանի տեղ հայտարարություն փակցնելով: Գնորդները հիմնականում գյուղացիներն են: «Վերջին մի քանի տարիներին այստեղ հողի գների որոշակի աճ կա, բայց դա ավելի շատ պայմանավորված է դոլարի կուրսի անկմամբ: Գյուղի կտրվածքով բավականին հարմար տեղում 1000 քմ հողտարածքը հնարավոր է գնել 500-600 դոլարով: Տնամերձ հողամասը` նվազագույնը 1000 դոլարով: Եթե մի քանի ծառ էլ տնկված լինի` ավելի թանկ»: Եվ այդ ամենը Արարատյան դաշտավայրի գրեթե կենտրոնում, Երեւան-Արտաշատ ճանապարհին, Արտաշատից 1-2 կմ հեռավորության վրա:

Զարմանալիորեն Ազատավանի ու նրա հարեւանությամբ գտնվող գյուղերի համայնքապետերի վերաբերմունքն իրենց գյուղերում ստեղծված իրավիճակին էապես տարբերվում է միմյանցից: Նախ` նրանք պաշտոնապես մի բան են ասում, «ձայնագրությունից դուրս»` բոլորովին այլ բան, եթե չասենք` իրենց ասածի ճիշտ հակառակը: Դա սովորական է, բայց որ երբեմն իրարից ոչ թե թաղամասերով, այլ իրար կպած տների համարներով առանձնացող գյուղերի խնդիրների վերաբերյալ համայնքապետերն իրարից տրամագծորեն հակառակ բացատրություններ են տալիս, արդեն մտորելու առիթ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter