HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

Դալարիկի գյուղապետը խմելու ջուրը վաճառում է

Դալարիկն Արմավիրի մարզի փոքր գյուղերից մեկն է: Ով չնչին հնարավորություն է ունենում, լքում է գյուղը: «Հայաստանը հո մենակ Երեւա՞նը չի... բա էստեղի ապրողները մարդ չե՞ն: Բա մեր մասին ո՞վ պիտի մտածի: Մի հարցնող լինի` իրենք քանի՞ օր կդիմանան առանց ջրի, որ մեզ են պարտադրում»,- հարցն անհասցե ուղղելով` բողոքում էր դալարիկցի Արփիկ Վարդանյանը:

Դալարիկցիները հաճախակի են հիվանդանում աղեստամոքսային հիվանդություններով, եւ պատճառը խմելու ջուրն է: 

Նախկին Բաղրամյանի շրջանի այս գյուղը հարեւան մի քանի գյուղերի նման ջուրը գնում է Թալինից ներկրած ցիստեռներից: Գնում են օրումեջ` դույլը 50 դրամով: «Եթե այդ օրը փող չեմ ունենում եւ խնդրում եմ` նիսյա տան, մերժում են: Անջուր եմ մնում»,- ասում էր Թամարա անունով տարեց մի կին: Տիկին Թամարան պատմում է, որ լողանալու համար մեծ ռիսկի է դիմում. ձորն է իջնում:
Դալարիկի խմելու ջրի ներքին ցանցը 2006 թ. կառուցել է «Նոր ակունք» ՓԲԸ-ն եւ պայմանագրով շահագործման հանձնել համայնքին: Պայմանագիրը ստորագրել են «Նոր ակունք»-ի նախագահ Նորիկ Գեւորգյանն ու Դալարիկի համայնքապետ Պարգեւ Սաղաթելյանը: Համաձայն պայմանագրի` գյուղապետն իր հերթին պետք է պայմանագիր կնքեր յուրաքանչյյուր ընտանիքի հետ եւ, ըստ այդմ, շահագործեր համակարգը:

Բայց պայմանագրի կնքումից հետո դալարիկցիներն ինչպես անջուր եղել են, այդպես էլ մնում են: «Նոր ակունք»-ի ղեկավարը զարմացավ` իմանալով, որ ջրատար ցանցը երկու տարի չի գործում: «Օրվա կարգավորիչ ջրամբարից ամեն օր ժամում 8 խմ ջուր ենք տալիս, դեռ զիջումների էլ ենք գնացել. գանձում ենք միայն օգտագործած ջրի 50 տոկոսի դիմաց: Մնացած 50 տոկոսը հաշվում ենք որպես կորուստ»,- ասաց Նորիկ Գեւորգյանը: Նա խոստացավ արագ զբաղվել այդ հարցով:

Իսկ գյուղացիների ասելով` գյուղապետը երբեք չի ուզի, որ ինքնահոս ջուր ունենան: «Էն ա լավ էլ ջրի բիզնես ա անում. Թալինից բերում մեր վրա ծախում ա...»,- զայրացած ասաց մի տղամարդ` խնդրելով չնշել իր անունը: Գյուղացիները վախվորած են եւ չեն ուզում, որ իրենց անուններով որեւէ բան նշվի: Եթե ինչ-որ բան էլ ասում են, ապա այնքան ցածրաձայն, որ հարեւանը չլսի: «Վախենում են»,- ասաց ՀՀԿ տեղական կառույցի նախագահ Խանում Ավդալյանը:

Ավելի ուշ, երբ հանդիպեցինք գյուղապետ Պարգեւ Սաղաթելյանի հետ, գլխի ընկանք գյուղացիների վախի պատճառը: Որեւէ կերպ չընդունելով, որ իր ղեկավարած գյուղը ձեռքից գնում է, մեզ էլ էր փորձում համոզել, որ այն, ինչ տեսել ու արձանագրել ենք, սուտ է, որ գյուղի աղբյուրները հոսում են, առուները` հորդում:

Ավելին` ասաց, թե մեզ ցույց կտա ջրառատ փողոցներ, բայց ցույց չտվեց, քանի որ այդպիսիք պարզապես չկային:

Դալարիկը երկու ժամկետ ղեկավարած Պարգեւ Սաղաթելյանը պատրաստվում է մայիսին կայանալիք նոր ընտրություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter