HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատուկ դպրոցը եւ ուսումնարանը` մեկ հարկի տակ

Գայանե Առաքելյան

28-ամյա Նելլի Ավետիսյանը Երեւանի Նուբարաշենի հատուկ դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրում:

Այստեղ նա երեք տարի վարսավիրություն է սովորել ու, քանի որ գնալու տեղ չունի, շուրջ տասը տարի է` ապրում է ուսումնարանի հանրակացարանում: Հայրը վաղուց է մահացել, իսկ մայրը, լքելով իրեն ու քրոջը, ամուսնացել է: 

«Էսա 11 տարին էլ կլրանա, ու ոչ մի բան չի փոխվի, ոչ մեկը չի օգնում, ականջի հետեւ են գցում: Ստեղ հետաքրքիր բան չկա, երեխեքը սաղ օրը իրար հետ կռվում են, վիճում, արդեն էս ուսումնարանից հոգնել եմ: Ստաժով մի գործ էլ չկա, գնամ աշխատեմ, որ էգուց մյուս օր ծերանամ, գոնե թոշակս բարձր լինի»,- դժգոհում է Նելլի Ավետիսյանը:

Նելլիին բախտակից եւս 15 երեխա կա այս հանրակացարանում, բայց, ի տարբերություն Նելլիի, նրանց գերակշիռ մասը տարբեր աստիճանի մտավոր հետամնացություն ունի եւ ինքնուրույն կյանքի պատրաստ չէ:

Նախկին պրոֆտեխուսումնարանը հիմնադրվել է 1970 թվականին, այնուհետեւ անվանակոչվել է թիվ 22 ուսումնարան, որի իրավահաջորդը Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրն է: Վերակազմավորվելով 1998-ին` այն դարձել է մի կրթահամալիր, որը ներառում է նախնական մասնագիտական կրթության բաժին տղաների համար, ովքեր ստանում են ավտոփականագործ-վարորդի իրավունք, եւ հատուկ դպրոց մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար:

Աղջիկներն այստեղ սովորում են վարսավիրություն, կար ու ձեւ եւ ասեղնագործություն: Տղաները ստանում են ավտոփականագործ-վարորդի մասնագիտացում:

«Մեր կոնտինգենտը մտավոր թերզարգացած երեխեքն են, ու շատ դժվար է այս տեսակի երեխեքի հետ գործ ունենալ: Մեծամասամբ ծնողազուրկներ են, ու առաջին հերթին նրանց համար պետք է լինել իրենց կորուստն ինչ-որ ձեւով լրացնող անձնավորություն, նոր միայն` ուսուցիչ: Ինչքան որ պետությունն է տալիս, կրկնակին մենք ենք անում: Իմ հարեւան-բարեկամները գիտեն, որ այստեղ եմ աշխատում, կիսամաշ հագուստն ու կոշիկները բերում են, տալիս»,- ասում է «Ավտոկառուցվածք» եւ «Վարսավիրական գործ» առարկաների ուսուցչուհի Սվետա Մանուկյանը:

Կրթահամալիրում ուսուցման ծրագիրը երեքամյա է: Սովորողների ընդհանուր թիվը 170 է, որից 60-ը մտավոր հետամնաց երեխաներն են: Վերջիններս գիշերում են դպրոցի հանրակացարանում: Շատ երեխաներ կան, որ հազիվ կարողացել են տառաճանաչ դառնալ: Մի քանիսը լեզվական եւ այլ արատներ ունեն եւ ոչ մի բանի ընդունակ չեն:

«Քանի որ մեր երեխաները ունեն մտավոր խնդիրներ, դժվար է նրանց համար աշխատանք գտնել իրենց մասնագիտությամբ: Քրիստինեն շատ մաքրասեր աղջիկ է, մարդկանց տներն է մաքրում, փող ստանում: Մի քանիսն էլ մեզ մոտ ճաշարանում են աշխատում: Անդրանիկ անունով մի տղա ունենք, մեր աշխատողներից մեկն ուզում է որդեգրել: Մի աղջիկ ունենք` Նելլին, դայակ է աշխատում հիմա, շատ լավ վարձատրում են, գիշերը այնտեղ է մնում, խոստացել են իրեն էլ տեղ տալ»,- ասում է կրթահամալիրի տնօրեն Լյուբա Շաղոյանը:

Նելլին, սակայն, այլ ձեւով ներկայացրեց տնօրենի այս պատմությունը:
«Մի ժամանակ գնացի դայակ աշխատելու, պարզվեց` էդ երեխայի մերը փողոցային էր: Վարձով էին ապրում, էդ տան տերն իմացավ, տնից հանեց: Ես մի ամիս հազիվ մնացի: Օրը 2000 դրամ էին խոստացել, էն էլ շատ անգամ խաբում էին` չէին տալիս: Հիմա մի վարսավիրանոցում հավաքարար եմ, էլի փող ա: Սպասում եմ` գարունը բացվի, հողի գործը շատ ա լինում, սաղս էլ գնում ենք, ուսումնարանում մենակ հիվանդ երեխեքն են մնում»,- պատմում է Նելլին:

Այստեղ ուսումնատեխնիկական բազան շատ հին է: Ուսումնարանի ունեցածը վաղուց դուրսգրման ենթակա մեքենաներ են: «Նորը տալ չենք կարողանում,- հավաստիացնում է Կրթության եւ գիտության նախարարության նախնական մասնագիտական կրթության բաժնի պետ Մարիամ Սարգսյանը,- պետությունն ի վիճակի չէ: Շատ դեպքերում նրանք մասնավոր անձանց հետ պայմանագիր են կնքում, մեքենան վարձում, օգտագործում»:

Կրթահամալիրի միակ մասնակի նորոգումը կատարվել է շվեյցարական «Կազա» կազմակերպության աջակցությամբ: Վերանորոգվել են հանրակացարանի լողասենյակները, կոյուղին եւ վարսավիրական մեկ կաբինետ: Այժմ էլ ավտոլվացման սենյակն է կառուցվում:

«Լրացուցիչ օժանդակություն չենք ստանում: Պետական բյուջեից ինչ-որ ստանում ենք, դա մեզ բավականացնում է: Տեղավորվում ենք այդքանի մեջ»,- ասում է կրթահամալիրի տնօրեն Լյուբա Շաղոյանը:

Կրթության եւ գիտության նախարարության հաղորդմամբ` 2008 թ. հատուկ կրթահամալիրի բյուջեն կազմում է 123 մլն 868 հազար դրամ: Առանձին տողով 15 մլն 514 հազար դրամ էլ հատկացվել է նախնական մասնագիտական կրթությանը, որից 3 մլն 292 հազարը` որպես կրթաթշակ:

Ստեղծման օրվանից ուսումնարանը երբեւէ նոր գույք չի ստացել, համալրվել է միայն աշխատակիցների` դեսից-դենից ձեռք բերածով:

«Օգտագործման ենթակա չեն, այն աստիճանի է հասել, որ շպրտել ենք, մեր միջոցներով հազիվ ձեռք ենք բերել մի քանիսը: Գույքի կարիք շատ ունենք, գոնե հանրակացարանում պահարաններ, աթոռ սեղան: Եթե խնդիրներից խոսենք, շատ-շատ են: Հանրակացարանում գոնե վերանորոգումներ արվեն: Արդեն 26 տարի է աշխատում եմ, ջեռուցում չեմ տեսել: Պետությունից ինչքան որ գումար ենք ստանում, դրա շրջանակներում հոսանքով տաքացնում ենք»,- ասում է Լ. Շաղոյանը:

«Շատ ցուրտ ա, կինոյի սենյակի փեջը իրիկունը մինչեւ տասը վառում ենք: Ամեն սենյակին մի հատ տեն են բաժանում, ժամը 7-ից 10-ը, էտի ի՞նչ պտի տաքացնի որ: Ես էս նկարներով եմ ապրում: Ինը տարի ա ստեղ եմ, մի հնար ըլներ, ստեղից գնայի, պրծնեի»,- դժգոհում է 23-ամյա Գայանե Խուդոյանը, որը ծնողազուրկ է եւ լեզվական արատ ունի:

Կրթության եւ գիտության նախարարության նախնական մասնագիտական կրթության բաժնի պետ Մարիամ Սարգսյանն ասում է, որ նախկին ուսումնարանը վերակազմավորվել եւ դարձել է գիշերօթիկ, քանի որ հանրակացարանային պայմաններ կային. «Բայց այս ուսումնական տարուց հետո կվերադառնանք նախկինին, որովհետեւ պետությունը չի կարող պահել: Տարին հազիվ մեկ-երկու նոր խումբ ենք ընդունում` 20-40 հոգի, որպեսզի բազան չկորչի: Ավելին անել չեն կարողանում»:

Կրթության եւ գիտության նախարարության ֆինանսական բաժնից մեզ հայտնեցին, որ 2007-ին ուսումնարանի նախնական մասնագիտական բաժնում սովորող մեկ երեխայի համար ծախսը կազմել է 227.400 դրամ, իսկ 2008-ին ավելացել է` դառնալով 262.900 դրամ: Այս թիվն իր մեջ ներառում է տարեկան կրթության համար ծախսը, իսկ ովքեր գիշերում են, նրանց համար էլ հոսանքի, ջրի, սննդի եւ այլ կարիքների համար վճարումները:

Իսկ այն 16 երեխաները, ովքեր մնացել են առանց ծնողական խնամքի, պետությունից ստանում են միայն օրվա սննդի գումար` յուրաքանչյուրը 940 դրամ: Վճարում է Կրթության եւ գիտության նախարարությունը, ինչը նրա իրավասությունից դուրս է: Երեխաներն ուսումնարանն ավարտել են ինը-տասը տարի առաջ:

«Շաղոյանը մեզ երկու տարի առաջ դիմել էր, որ այդ երեխաներին բնակարանային աջակցություն ցույց տանք: Մենք անմիջապես գրությամբ պատասխանեցինք, որ եթե նրանց մեջ կան 18-ից մինչեւ 23 տարեկան անձինք, ապա կհաշվառենք որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, եւ հաջորդ տարի կստանան բնակարաններ: Իսկ ովքեր որեւէ մտավոր կամ հոգեկան խնդիրներ ունեն, հավանաբար կտեղավորվեն հատուկ սոցիալական տներում: Այդ երեխաների համար այժմ խնամակալը Շաղոյանն է, եւ նա պետք է դիմի ու նրանց ներկայացնի»,- ասում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը:

«Սոցապնախարարությունը ոչ մի անգամ ոչ մի ծրագիր չի իրականացրել, դա միանշանակ կարող եմ ասել: Մենք պրակտիկորեն այս հարցը ամեն տարի բարձրացնում ենք, բայց ոչ մի արձագանք»,- հավաստիացնում է Կրթության եւ գիտության նախարարության հատուկ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը:

Բաժնի պետ Նուրիջան Մանուկյանը նույնպես դժգոհում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործելակերպից. «Արդեն տասներորդ տարին է` վերջնաժամկետ ենք հայտարարում, որ էլ նրանց պահել չենք կարող, նամակ են գրում սոցապին, բայց հարցին լուծում չի տրվում: Այդ երեխաների կրթության տարիքն անցել է: Նրանց փողոց չշպրտելու համար տնօրենը հարցնում է` ի՞նչ անեմ, մեր ֆինանսների վարչությունն էլ ինչ-որ գումար է տրամադրում»:

Պարզվում է` այդ 16 անձանց հարցերով այժմ զբաղվում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչությունը: Բաժնի պետ Ջեմմա Բաղդասարյանը մեր հարցերին ի պատասխան` ասաց. «Նրանց հետ կապված ոչ մի նոր ծրագիր այժմ չկա»:

«Այս երեխաների ցանկը պետք է մի անգամ էլ վերանայել: Մյուս ուստարում այլեւս չենք կարող պահել, վերջնաժամկետ է հայտարարված: Չգիտեմ` ինչ ենք անելու: Ու՞ր ուղարկես նրանց, բաց երկնքի տա՞կ: Ամեն ինչի կգնան նրանք, եթե հայտնվեն փողոցում: Ամեն ինչ կդառնան: Որպես հայ կին` ես ինձ նման բան թույլ տալ չեմ կարող: Նորից եմ ուզում դիմել, երեւի ավելի բարձր ատյաններ, ու տեսնեմ, թե ինչ կկարողանանք անել նրանց համար»,- ասում է Լյուբա Շաղոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter