HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երեխաներին ասացի, որ Սուրենը շուտով տանն է լինելու»

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը փետրվարի 26-ից գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նա մեղադրվում է ՀՀ Քր.օր.-ի 225-ի պրիմ, 225, 300 հոդվածների 1-ին մասերով:

«Փետրվարի 23-ից էր, կարծեմ, որ հանրահավաքը վարում էր եղբայրս: Դրանից երկու օր անց` ամսի 25-ի երեկոյան` ժամը 19:30-20:00-ի սահմաններում, ընկերս մոտեցավ եւ ասաց, որ Սուրենին ձերբակալել են: Նրանք միասին էին եղել. ընկերոջս իրավապահները մի կողմ են հրել, ոլորել են Սուրենի ձեռքերը, նստեցրել մեքենան ու տարել,- պատմում է Սուրեն Սուրենյանցի եղբայրը` Արթուրը:- Հետո ճշտեցինք, որ տարել են Կենտրոնի բաժին, հարցաքննել: Գիշերն արդեն ինֆորմացիա կար, որ Սուրենը ԿՊԶ-ում է: Այնուհետեւ դատարանը 20 օրվա կալանքի որոշում կայացրեց, բայց ԿՊԶ-ից չհայտնեցին, թե ուր են տանում: Մոտ 5 ժամ Սուրենին փնտրել եմ տարբեր քրեակատարողական հիմնարկներում, պարզվեց, որ նա «Նուբարաշենում» է: Տեսակցելու եւ զանգելու հնարավորություն չկար, ամբողջ ինֆորմացիան փաստաբանի միջոցով էինք ստանում: «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելուց հետո մեզ ասացին, որ Սուրենը 7 օր պետք է կարանտինի մեջ լինի, եւ մենք չենք կարող սնունդ ու ներքնաշոր փոխանցել: Բայց կարանտինը 2-3 օր տեւեց, ու Սուրենին խուց տեղափոխեցին: Պատճառաբանությունն այն էր, որ կալանավորվածները շատ են, եւ տեղ չկա: Սկզբում ասացին, որ ամեն օր կարող ենք սնունդ, ծխախոտ, հագուստ փոխանցել, հետո այդ հնարավորությունը սկսեցին տալ շաբաթը մեկ անգամ` երկուշաբթի, երեքշաբթի օրերին»: 

Փաստաբան Հովիկ Արսենյանը Սուրենյանցին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ վերջերս «Հետքին» ասել էր. «Սուրեն Սուրենյանցին մեղադրում էին փետրվարի 24-ին եւ 25-ին իբր անօրինական հանրահավաք կազմակերպելու եւ վարելու, «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կոչեր անելու մեջ: Սրանց համար Քր.օր.-ի 225-ի պրիմ հոդվածով մեղադրանք առաջադրվեց, դատարանն էլ զարմանալիորեն բավարարեց կալանքի միջնորդությունը, այն դեպքում, երբ այդ հոդվածը չի նախատեսում ազատազրկում: Կալանքի 20 օրը լրանալուն պես Գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայությունը Սուրենյանցի գործը մարտի 13-14-ին մտցրել է մարտի 1-2-ի քրգործերի շրջանակի մեջ եւ մեղադրանք առաջադրել 300-րդ եւ 225-րդ հոդվածների 1-ին մասերով: Փաստորեն, ստացվում է, որ Սուրենյանցը, լինելով անազատության մեջ, յուրացրել է պետական իշխանությունը, կազմակերպել է հանրահավաքներ, հրահրել է անկարգություններ: Այսպիսի զավեշտալի պատմություն»:

Արթուր Սուրենյանցը հիշում է, որ կալանք կիրառելու վերաբերյալ երկրորդ դատական նիստն ընդհատվել էր, բայց իրենց համար անակնկալ կերպով շարունակվել երեկոյան ժամը 22-ին: Այս անգամ արդեն դատարանը Ս. Սուրենյանցին երկու ամսով կալանելու որոշում էր կայացրել:

Սուրեն Սուրենյանցին առաջադրվող մեղադրանքները

ՀՀ Քրեական օրենսգիրք, հոդված 225-ի պրիմ. «Անօրինական հրապարակային միջոցառում կամ այլ հրապարակային միջոցառում կազմակերպելը, անցկացնելը»

1. Անօրինական հրապարակային միջոցառում կամ այլ հրապարակային միջոցառում կազմակերպելը, անցկացնելը պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

ՀՀ Քրեական օրենսգիրք, հոդված 225. «Զանգվածային անկարգությունները»

1. Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

ՀՀ Քրեական օրենսգիրք, հոդված 300. «Պետական իշխանությունը յուրացնելը»

1. Պետական իշխանությունը յուրացնելը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողությունները, պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

Սուրենյանցը հարկադրված էր դադարեցնել հացադուլը

Արթուր Սուրենյանցն ասում է, որ եղբայրը ո՛չ ոստիկանության, ո՛չ էլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պայմաններից դժգոհություն չի հայտնել: Սակայն ոստիկանությունում նա հրաժարվել է ցուցմունք տալ: Իսկ փաստաբանի տեղեկացմամբ` Գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայությանը տված ցուցմունքում պաշտպանյալը նշել է, որ ընտրական շրջանում ինքը զբաղված է եղել Հանրային ռադիոյում Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզչական հոլովակների պատրաստմամբ եւ հեռարձակմամբ: Սուրենյանցը մյուս կալանավորվածների նման չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները:

Մարտի 24-ին նա հացադուլ հայտարարեց այնքան ժամանակ, մինչեւ իրեն ազատ արձակեն:

Հետընտրական պրոցեսում ձերբակալված այն քաղաքացիները, որոնք մեղադրվում են ՀՀ Քր.օր.-ի 300-րդ հոդվածով, հարազատներին տեսակցելու կամ զանգահարելու հնարավորություն չեն ունեցել: Միայն Ագոյի խմբի` Հայաստան ժամանելուց եւ իշխանություններին համապատասխան պահանջներ ներկայացնելուց հետո է այդ արգելքը վերացվել:

«Ագոյի խմբի գալուց հետո մեզ հնարավորություն տրվեց հեռախոսով զրուցել եւ հանդիպել Սուրենին: Արդեն երկու անգամ նա զանգահարել է, զրուցել ենք իրար հետ, մեկ անգամ էլ կինը` Լուսինեն է տեսակցել»,- ասում է Արթուր Սուրենյանցը:

«Ես զանգել էի քննիչին ու տեսակցության թույլտվություն խնդրել, որովհետեւ արդեն ահավոր անհանգիստ էի, քանի որ արգելանք էր դրված հանդիպումների եւ հեռախոսազրույցների վրա»,- պատմում է Լուսինե Հայրապետյանը: Խոսակցության ժամանակ քննիչն ասել է, որ Ս. Սուրենյանցի գործով փոփոխություններ չեն ենթադրվում: Նա նշել է նաեւ, որ եթե Սուրենյանցը որեւէ իրեղեն ցուցմունք տված լիներ, միգուցե իրավիճակն ավելի լավ կլիներ: Քաղաքական գործչի հարազատների համար անհասկանալի է, թե ինչ ցուցմունք պետք է տար Սուրենյանցը:

Լուսինեն ասում է, որ չնայած որոշակի առողջական խնդիրներին` ամուսնու «ոգեղեն վիճակը չէր կորել եւ կայուն էր»: Նրա փոխանցմամբ` քննիչը մի փոքր տարօրինակ էր համարել այն, որ Սուրենն ամեն օր գիրք է կարդում, իսկ հարազատներն ասել են, թե տեսողական խնդիրներ ունի. «Բայց ես դա օրինաչափ եմ համարում, որովհետեւ հնարավոր չէ մարդուն ընդհանրապես կտրել ամեն ինչից»:

Արթուրի պատմելով` եղբայրը հացադուլը պատրաստ էր շարունակել մինչեւ ապրիլի 10-ը: Բայց նախապես ասել էր, որ եթե զգա` լավ չի, ապա կդադարեցնի, ինչը եւ եղավ ապրիլի 5-ին: Սուրենյանցը մինչեւ ձերբակալությունն էլ աչքի ճնշում ուներ, որը բարդացել էր հացադուլի ժամանակ, ուժեղացել էր երիկամների ցավը: Սուրեն Սուրենյանցի առողջականի վերաբերյալ դեռեւս հացադուլի ժամանակ մտահոգություն էին հայտնել փաստաբան Հովիկ Արսենյանը եւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, իսկ ահա արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամլո քարտուղար Արսեն Բաբայանն ասել էր, թե Սուրենյանցի առողջական վիճակը բավարար է:

Արթուրն ասում է, որ եղբոր ճնշումը դարձել էր 90/70, ինչից հետո, փաստորեն, այլեւս հնարավոր չէր հացադուլը շարունակել. «Հիմա Սուրենը բժիշկների հսկողության տակ է, մենք արդեն սնունդ ենք տարել` միայն հեղուկ, որպեսզի կարողանա շուտ ապաքինվել: Առողջական վիճակը, ըստ տեղեկությունների, նորմալ է»:

Փաստաբան Հովիկ Արսենյանի տեղեկացմամբ` բժիշկները Սուրենյանցի մոտ գրանցել են աղիքային սպազմ, որոշ խնդիրներ կան երիկամների հետ, հացադուլի արդյունքում արյան ճնշումն իջել էր մինչեւ 80/50: Այժմ «Հանրապետություն» կուսակցության անդամը գտնվում է ապաքինման փուլում:

Սուրեն Սուրենյանցն ունի երկու զավակ: Աղջիկն 8 տարեկան է, դպրոցական է, իսկ որդին շուտով կգնա դպրոց: Մայրը նրանց չի պատմել իրականությունը, բայց ճշմարտությունը թաքցնել էլ չի ուզում:

«Երեխաներին ասացի, որ Սուրենը գործերով Մոսկվայում է եւ շուտով տանն է լինելու, չնայած պարզ էր, որ նա շատ շուտ չէր գալու տուն: Տղայիս համար ինչ-որ բան հորինելն ավելի հեշտ է, քան աղջկաս համար, որովհետեւ նա ինչ-որ տեղից ստանում է այդ ինֆորմացիան,- ասում է Լուսինեն ու ժպտում:- Հետո ես ցանկանում էի ճիշտը պատմել. ասացի պապայի հետ խոսել ենք, ինքը մի քիչ հիվանդացել ու նիհարել է, աղջիկս ասաց. «Եթե տեսել ես, երանի քեզ», ես էլ ասացի, թե չեմ տեսել, բայց զրուցել եմ»:

Լուսինեն ամուսնու հետ վերջին անգամ զրուցել է ապրիլի 10-ին: «Երբ հարցնում ես, ասում է, որ լավ է, տրամադրությունը շատ լավ է, պայմանները հրաշալի են, կարդում է աշխարհի ամենալավ գրքերը, իր հետ նստած են շատ հետաքրքիր մարդիկ,- պատմում է Լուսինեն ու ծիծաղում: Հետո ավելացնում է,- Ցանկանում է թեկուզ բառերով որոշակի հոգս վերցնել իմ վրայից, բայց դե հեշտ չէ...»:

Ապրիլի 2-ին Սուրեն Սուրենյանցը դիմել էր ԱԺ պատգամավորներ, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանին, Էդուարդ Շարմազանովին եւ Կարեն Ավագյանին: Նրանք սերնդակիցներ են եւ ուսանողական տարիներին եղել են «Արդարություն» միության անդամներ: Փաստաբան Արսենյանի փոխանցմամբ` Սուրենյանցն իր նախկին համախոհներին հիշեցրել է, որ իրենք այն ժամանակ` 90-ականների կեսերին, արտահայտում էին իրենց դիրքորոշումը, բայց իրենց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, իսկ այսօր, երբ Աշոտյանը, Շարմազանովը եւ Ավագյանը իշխանության մեջ են, մասնավորապես իր` Սուրենյանցի նկատմամբ այդպիսի հետապնդում է իրականացվում: Ընդդիմադիր գործիչը դիմել է ՀՀԿ-ականներին, որպեսզի վերջիններս միջնորդեն փոխել իր խափանման միջոց կալանքը: Ապրիլի 11-ին վերոնշյալ ՀՀԿ-ականները, ինչպես նաեւ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը եւ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը այդ հարցով գրավոր դիմել են ՀՀ Գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայությանը:

Ս. Սուրենյանցի կենսագրությունը

Սուրեն Սուրենյանցը ծնվել է 1975 թ. մարտի 19-ին: 1992-ին ավարտել է Լուսակերտի Վ. Անանյանի անվան միջնակարգ դպրոցը: Շարժման տարիներին` 9-10-րդ դասարաններում, անդամակցել է ՀՀՇ-ի «Հայք» երիտասարդական շարժմանը, դպրոցում ընկերների հետ ստեղծել է «Հայորդիք» հասարակական կազմակերպությունը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ: 1995-ին 13 ընկերների հետ նստել է հացադուլի` ներկայացնելով 13 կետից բաղկացած ուսանողական պահանջ: Երկօրյա հացադուլից հետո պահանջների 80 տոկոսը բավարարվել է: Ուսանողական տարիներին հիմնադրել է «Արդարություն» ուսանողական անկախ արհմիությունը: 1995-96 թթ. մասնակցել է ուսանողական շարժմանը: Այնուհետեւ աշխատել է Ալբերտ Բազեյանի հետ` նախ ԱԺ-ում որպես խորհրդական, ապա` Երեւանի քաղաքապետարանում որպես աշխատակազմի ղեկավար: Այնուհետեւ անդամակցել է «Հանրապետություն» կուսակցությանը, որի քաղխորհրդի անդամ եւ լրատվության պատասխանատուն է մինչ օրս: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter