Դանակահարությամբ ավարտված կռիվ
Ցավալիորեն, դրանց մասնակից են լինում նաեւ դպրոցների բարձր դասարանցիները: Եթե նախկինում դրանք հիմնականում ձեռնամարտով էին ավարտվում, ապա այժմ այդ բախումներն ավարտվում են դանակահարությամբ, իսկ արդյունքում, որպես կանոն, ծնվում են թաղային հեղինակություններ:
Ապրիլի 8-ին, ժամը 16-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շուրջ 15 եւ Հայպետշին թաղամասի 3 երիտասարդների միջեւ տեղի ունեցած կռվի արդյունքում երկու էնգելսցիներ` 1990 թ. ծնվ. Մեխակ Դավթյանը եւ Սուրեն Սպանդարյանի անվ. միջն. դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ, 1992 թ. ծնվ. Գեւորգ Շախկյանը, դանակահարվել են: Նույն օրը Մեխակ Դավթյանն աճուկային մասի արյունատար գլխավոր անոթի ծանր վնասվածքով տեղափոխվել է Երեւան, Գեւորգ Շախկյանին, որը թեթեւ վնասվածքներ է ստացել, բժշկական օգնություն է ցույց տրվել Ալավերդու հիվանդանոցում:
Ինչպես տեղեկացանք Լոռու մարզի Թումանյանի քննչական բաժնում, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի առաջին մասով` կյանքին վտանգ սպառնացող ծանր հանցագործության համար: Քննչական բաժնում նաեւ հայտնեցին, որ մի քիչ շտապել են եւ հոդվածը դրել են Ալավերդու բժիշկների, այլ ոչ թե դատաբժշկական փորձագետի եզրակացության հիման վրա: Ալավերդու բժիշկները հայտնել են, որ դանակը արյունատար գլխավոր երակն է վնասել: Ինչպես հայտնեց Թումանյանի քննչական բաժնի պետ Ռուդոլֆ Ստեփանյանը, քննչական աշխատանքներ են իրականացվում եւ միջոցներ են ձեռնարկվում փախուստի մեջ գտնվող, կռվին մասնակցած 3 անչափահասներին հայտնաբերելու համար:
«Մենք բացատրական աշխատանքներ ենք կատարել ծնողների հետ եւ հուսով ենք, որ նրանք երեխաներին կներկայացնեն ոստիկանություն»,- ասաց Ռուդոլֆ Ստեփանյանը: Նա միաժամանակ հայտնեց, որ առայժմ իրենց ձեռքի տակ ունեն միակողմանի քննության արդյունք եւ կռվի դրդապատճառների մասին չեն կարող տեղեկատվություն տալ, սակայն ասաց, որ դանակահարված Մեխակ Դավթյանը թաքցնում է իրողությունը, բացատրության մեջ հայտնում է, որ իրեն ոչ թե դանակահարել են, այլ ինքը վայր է ընկնել:
Կատարվածի մասին փորձեցինք խոսել կռվին մասնակից անչափահասների դպրոցների տնօրենների եւ դասղեկների հետ: Սուրեն Սպանդարյանի անվ. դպրոցի տնօրեն Մելսիդա Մարանջյանը սկզբում ասաց. «Այդ թաղամասային կռիվները Ալավերդում միշտ էլ եղել են: Կռվում են, որովհետեւ հեռուստատեսությամբ ամբողջ օրը երեխաները մարտաֆիլմեր են դիտում»: Նա փորձեց բացատրել, որ կռիվները նաեւ այդ տարիքի տղաների ընդգծված ամբիցիաների դրսեւորումն են, հետո, խոսքի կտրուկ շրջադարձով, ասաց, որ «ինքն այդ կռվին տեղյակ չէ, ոստիկանությունից իրեն ոչինչ չեն հայտնել, երեխաներ են տանում-բերում, իսկ իր դպրոցի բոլոր աշակերտներն էլ այս պահին նստած են դասի»: Տնօրենը նաեւ մեզ բացատրեց այսօր իր ղեկավարած 150 աշակերտ ունեցող դպրոցի առավելությունները խորհրդային տարիների 800 աշակերտ ունեցող նույն դպրոցի նկատմամբ. «Վատ է, որ այսօր 150 աշակերտ ունենք, եւ բոլորին պահում ենք մեր հսկողության տակ»,- ասաց նա:
Միանգամից տիկին Մարանջյանը սկսեց քաղաքականությունից խոսել, ասաց, որ ինքը իշխանության մարդն է, առհասարակ չի կարդում ընդդիմադիր թերթեր եւ ապա ավելի հեռու գնաց` դասեր տալով, որ ոչ թե իր կուսակից Ալավերդու քաղաքապետին երեւանյան թերթերում պետք է քննադատել իր կատարած օրինախախտումների համար, այլ պետք է գնալ նրա մոտ եւ խնդրել, որպեսզի նա չկատարի այդ օրինախախտումները:
Գեւորգ Շախկյանի մայրը` Էլյա Շախկյանը, իր մինուճար տղայի մասին պատմում էր. «Ի՞նչ կանեի, եթե, աստված չաներ, դժվարին տարիներին նեղություններով պահած երեխիս մի բան պատահեր»: Նա սարսափած էր պատմում, թե ինչպես է կռվից հետո Էնգելս թաղամասի ցայտաղբյուրի մոտ տեսել վիրավոր երեխաների` անձրեւաջրի հետ խառնված արյունը:
Կռվի գլխավոր մասնակիցներից մեկը` Ալեքսանդր Մելիքյանը, շուտով բանակ է մեկնելու: Նա սովորում է Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի տնտեսագիտական բաժնի առաջին կուրսում: Մասնաճյուղի տնօրեն Վոլոդյա Բեկթաշյանը նրա մասին ասաց. «Նորմալ տղա է, մեզ մոտ ագրեսիվ վարքով աչքի չի ընկել, երեւի շրջապատի ազդեցության տակ է ընկել»:
Ինչպես համալսարանի մասնաճյուղի տնօրենը, այնպես էլ փոխտնօրեն Ալբերտ Սարգսյանն ու մաթեմատիկայի դասախոս Սերյոժա Պողոսյանն իրենց մտահոգությունը հայտնեցին ոչ միայն կատարվածի, այլեւ Ալավերդու երիտասարդության վիճակի մասին: «Շատ են նարկոտիկներ օգտագործողները, հատուկ խմբեր կան, քաշում են անմեղ երեխաներին, հսկողություն չկա»,- ասաց Սերյոժա Պողոսյանը:
Կատարվածի վերաբերյալ իր անհանգստությունը հայտնեց նաեւ Ալավերդու Ստեփան Շահումյանի անվ. միջնակարգ դպրոցի 11-րդ Ա դասարանի դասղեկ Գեղամ Մելքոնյանը, որի երկու աշակերտները` Անրի Մելիքյանը եւ Աշոտ Ավետյանը, նույնպես մասնակցել են կռվին: «Թույլ են սովորում, բայց լավ տղաներ են: Անրիի հայրը հետեւողական է, միշտ դպրոց է գալիս եւ հետաքրքրվում տղայի վարքով, Աշոտը հայր չունի, նրա վարքագծով բարեխղճորեն հետաքրքրվում են մայրն ու տատը: Եթե Հայաստանում պատերազմական վիճակ լինի, ես Անրիի հետ կգնամ սահմանները պաշտպանելու, երկուսն էլ ներկայանալի երեխաներ են, Աշոտն էլ արժանապատվությունը տեղը տղա է, չի հանդուրժի, եթե իր ներկայությամբ որեւէ աղջկա վիրավորեն: Ես ափսոսում եմ եւ համոզված եմ, որ կռիվն իրենք չեն նախաձեռնել»,- ասաց դասղեկ Գեղամ Մելքոնյանը:
Մեկնաբանել