Ֆոտոխցիկի փոխարեն նա վերցրեց ավտոմատը
«Պատերազմի ժամանակ իմ մտքով չէր էլ կարող անցնել, որ այսօր ինձ հաշմանդամության փաստաթուղթը կօգնի դեղեր գնելու կամ հիվանդանոցում բուժվելու համար»,- ասում է Արցախյան պատերազմի ազատամարտիկ Գարիկ Հարությունյանը, ով արդեն 3 ամիս բուժումներ է ստանում, բայց ապարդյուն:
Բժիշկներն ասում են, որ հիվանդությունը խրոնիկական է:
«Գլխացավ մշտապես ունենում եմ, բայց երբ նոպան է սկսվում, այն հաղթահարելն անհնար է դառնում: Բժիշկներն ասում են, որ կոնտուզիայի արդյունք է: Գլխուղեղի հետ պրոբլեմներ ունեմ, ասում են, որ անոթներս կծկվում են, ու արյան շրջանառությունս դժվարանում է»,-պատմում է 58-ամյա ազատամարտիկը:
Մինչ պատերազմը Գարիկը լուսանկարչությամբ էր զբաղվում: Նա մասնակցել է Ղարաբաղի տարբեր շրջաններում տեղի ունեցած մարտերին` Կրկժանի, Մալիբեկլուի, Շուշիի, Լաչինի, Հադրութի, Ջեբրայիլի եւ այլ բնակավայրերի ազատագրմանը:
«1993-ի մարտի սկզբին Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղի ազատագրումից հետո գիշերը մնացինք այնտեղ, իսկ լուսադեմին մարտը նորից սկսվեց: Գնում էինք դեպի Մեծ Շենի եւ Մաղավուզի կամուրջ, որտեղ էլ ականանետից վիրավորվեցի` ձեռքերս էին վնասվել: Սկզբից Ալաշանի դաշտային հոսպիտալում պառկեցի, հետո տեղափոխեցին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: 20 օր հետո նորից միացա ընկերներիս»,- պատմում է Գարիկ Հարությունյանը:
Հիշում է բոլոր մարտերը: Ասում է, որ շատ կորուստներ ունեցան Գյուլիջայի մարտում, որն ամենածանրն էր: Լավ հիշում է նաեւ Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ գյուղի մարտերը, որտեղ գիշերը շրջափակման մեջ են ընկել:
«Շատ փորձանքներ եմ անցել, բայց 1993-ի վերջին փորձանքի «թթուն մինչեւ հիմա խմում եմ»: Օգոստոսին Հադրութի կողմից ուղեւորվեցինք դեպի Ջեբրայիլ, որն ազատագրելուց հետո մեր տղաներից մի քանիսն ինձնից հեռու ուրախանում, երգում էին փոքրիկ բլուրի վրա: Հակառակորդի մոտ տանկ նկատեցի եւ մտածեցի, որ ուր որ է կխփեն մեր տղաներին: Ինչքան փորձում էի նրանց հասկացնել, չստացվեց, ստիպված վազեցի դեպի նրանց, ու ճանապարհին տանկի արկը պայթեց հենց իմ դիմաց: Ալիքն ինձ մի 20 մետր շպրտեց, ու միանգամից անջատվեցի»,- անսովոր հանգստությամբ պատմում է ազատամարտիկը, որը նախ դասակի, այնուհետեւ ջոկատի հրամանատար է եղել:
«Երբ աչքերս բացեցի, արդեն բլինդաժում էի: Մարմինս չէի կարողանում շարժել: Մի շաբաթ ստիպված էի բլինդաժում մնալ, քանի որ մյուս հերթափոխը չէր եկել: Մեկ շաբաթից հետո ուշքի եկա ու շարունակեցի ճանապարհս»,- շարունակում է Գարիկը:
1994 թվականին` հրադադարից մեկ ամիս հետո, երբ նա զորամասի հրամանատարի քաղաքական գծով տեղակալն էր, այդ հաստիքները կրճատեցին: Երկու տարի անց նա նորից բանակում էր, սակայն 1998-ին, ուժեղ գլխացավերի պատճառով, հայտնվեց հիվանդանոցում եւ այլեւս բանակ չվերադարձավ:
Նախկին լուսանկարիչն ու ազատամարտիկն այսօր Ստեփանակերտի դպրոցներից մեկում բանվոր է աշխատում, որի համար ամսական 23 հազար դրամ է ստանում:
«Այդ գումարը նույնիսկ չի հերիքում իր դեղերին»,- ասում է կինը` տիկին Արեգան: Կնոջ խոսքը շարունակելով` ամուսինն ասում է, որ եթե ժամանակին իմանար` հաշմանդամության թոշակի կարիք է լինելու կամ դա որեւէ կերպ օգնելու է նրան, կգնար բժշկի ու համապատասխան փաստաթղթեր կունենար:
«Փաստաթղթերի բացակայության պատճառով այժմ չեմ կարողանում թոշակի անցնել: Իսկ եթե թոշակառու լինեի, պետպատվերի շրջանակներում կբուժվեի հիվանդանոցում կամ ստացած թոշակով դեղերս կգնեի»,- շարունակում է ազատամարտիկը:
Նրա կինը, որը երրորդ կարգի հաշմանդամ է, ստիպված աշխատանքի է գնում, որ կարողանա եւ՛ ընտանիքը պահել, եւ՛ դեղեր գնել:
Գարիկը երեք երեխա ունի եւ երկու թոռ: Երկու աղջիկներն ամուսնացած են, այժմ նա ապրում է կնոջ եւ որդու հետ: Որդին` Իգորը, աշխատում է Ստեփանակերտի կահույքի արտադրամասերից մեկում եւ 40 հազար դրամ է ստանում:
Բնավորությամբ հանգիստ ու քչախոս Գարիկ Հարությունյանն ափսոսանքով է խոսում այն մասին, որ մարտական ընկերներով արդեն մի քանի տարի է նախկինի պես չեն հավաքվում: «Հիմա ամեն մեկն իր գործով է զբաղված»,- ասում է Շուշիի ազատագրման եւ Արիության համար մեդալով պարգեւատրված Գարիկը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել