Պահանջը՝ ազատել քաղբանտարկյալներին
Այսօր Հրազդանի Վանատուր թաղամասում տասնյակ մարդիկ հավաքվել էին մարտի 25-ից հացադուլ հայտարարած Արշավիր Բոզինյանի եւ Ժանետտա Ներսիսյանի վրանի մոտ: Նրանք պահանջում էին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին` առաջին հերթին Սասուն Միքայելյան:
Սասուն Միքայելյանին ձերբակալել են մարտի 12-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել սպանություններով զուգորդված զնագվածային անկարգություններ կազմակերպելու եւ ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ անելու համար:
Վանատուր թաղամասի բնակիչներին էին միացել նաեւ Երեւանից մեկնած կանայք, որոնք նույնպես պահանջում էին ազատել քաղբանտարկյալներին:
Թաղամասում այսպիսի հավաքներ լինում են ամեն օր ժամը 14:00-ից 16:00-ն:
Սասուն Միքայելյանի կինը` Անուշ Մեսրոպյանն ասաց, որ ամուսնու հետ հանդիպել է երկու օր առաջ:
«Նա փոխանցում էր, որ ընկճված չէ ու որ մենք էլ չընկճվենք ու չհոգնենք»:
Բնակիչներից մեկը պատմեց, որ վերջին 4-5 օրերի ընթացքում ոստիկանության ճնշումները համեմատաբար քիչ են, բայց այսօր շատերը կուզեին լինել նրանց հետ, սակայն վախենում են հետապնդումներից:
«Անկախ նրանից, որ հացադուլի մեջ եմ, ես վաղը գալու եմ Երեւան»,- ասում է Արշավի Բոզինյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել