HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան. «Լեռնային Ղարաբաղը չի կարող հետագայում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի»

Սերժ Սարգսյան. «Լեռնային Ղարաբաղը չի կարող հետագայում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հոբելյանի կապակցությամբ ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է պետական բարձր պարգևների արժանացածներին, մաղթել նրանց և բոլոր ներկաներին` առողջություն, հաջողություն և խաղաղություն ինչպես մեր սահմաններում, այնպես էլ հայոց ընտանիքներում:

ՀՀ նախագահը նաև իր շնորհավորական խոսքն է հղել ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակի առթիվ.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ:

Վաղը ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության տոնն է: Տոնն է մարդու և ազգի ազատության, տոնն է մարդու և ազգի արժանապատվության, տոնն է ոտնահարված իրավունքների վերականգնման, տոնն է պատմական արդարության հաղթանակի:

Սեփական տանը ազատ ու ապահով ապրելու, իր երեխաներին հարազատ մշակույթի ու եկեղեցու ծոցում մեծացնելու իրավունքը յուրաքանչյուրին տրված է ի վերուստ: Ո՛չ պայքարով ու տառապանքներով լի դարերը, ո՛չ հայահալած բռնապետության տասնամյակները չկարողացան և չէին կարող կոտրել մեր վճռականությունը, չկարողացան և չէին կարող նաև խլել մեր իրավունքը:

Այն դաժան, տևական ու հրեշավոր պատերազմը, որ մեզ պարտադրվեց, կարող էր հուսահատության հասցնել ում ասես, բայց ո՛չ արցախցուն: Արցախի ինքնապաշտպանական ջոկատներն իրե՛նք հուսահատության հասցրին և խուճապահար փախուստի մատնեցին նրանց, ովքեր մեր գեղատեսիլ ու հարուստ երկրամասը վերածել էին դժոխքի: Սպանդ, ավեր ու թալան, էթնիկ զտումներ, խաղաղ բնակչության բնաջնջում` ահա աշխարհի աչքի առաջ ինչով էր զբաղված այն ուժը, որ պաշտոնապես կոչվում էր Ադրբեջանի հանրապետության զինված ուժեր: Իսկ մեզ համար ելուզակների ու վարձկանների այդ հեղեղը պատմական փորձություն էր, որ մեզ այլընտրանք չէր թողել. կա՛մ մենք փորձության կրակների միջից պետք է դուրս գայինք թրծված, ավելի ամրացած, կա՛մ պետք է դադարեինք լինել: Մենք ընտրեցինք կյանքը, և այսօր մենք տոնում ենք կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ:

Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան` մեզ կտակելով այս պայծառ տոնը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դառնում է 20 տարեկան: Դա նշանակում է, որ Արցախի սահմանները պաշտպանելու են զորակոչվում արդեն անկախության սերունդ մեր որդիները: Նրանց մանկությունը մթագնվեց պատերազմի ահավոր տեսարաններով ու ձայներով, նրանք չտեսան անհոգ մանկություն: Փոխարենը` նրանք վկան եղան իրենց եղբայրների ու հայրերի սխրանքին, իրենց մայրերի ու քույրերի, իրենց տատերի ու պապերի, մի խոսքով` համաժողովրդական սխրանքին: Արցախի ինքնապաշտպանական պատերազմը, որպես վավերագիր, արդեն դասագրքերի մեջ է, բայց առաջին հերթին այն մեր սրտերում է` իր ողջ դրամատիզմով ու հերոսականությամբ:

Եթե նախկինում Արցախը հայության ցավն էր, ապա այսօր հայության հպարտությունն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր բոլոր կառույցներով: Նույնիսկ պատերազմի սպառնալիքի պայմաններում նա անհամեմատ ավելի ժողովրդավարական է, քան նրանք, ովքեր ժողովրդավարության ու ազգային հանդուրժողականության մասին խոսում են հայության դեմ հերթական պատերազմի սպառնալիքներ հնչեցնելուց ազատ ժամանակ: 

Հայաստանը, Արցախը ու Սփյուռքը մեկ ամբողջականություն են: Մենք բոլորս` հայության բոլոր հատվածներս, միմյանց շարունակությունն ենք: Մենք ամեն ինչ անելու ենք ոչ միայն Արցախի խաղաղության, անվտանգության ամրապնդման, այլև սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացման համար: Կան ծրագրեր, որոնք այսօր են կյանքի կոչվում, կան նաև բազում նորերը, որ մշակման փուլում են: Մենք քայլ առ քայլ շարժվում ենք մեր նպատակների իրականացման ճանապարհով:

Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շարունակվում է: Մենք, ի տարբերություն ոմանց, ճշմարտությունը չենք թաքցնում մեր ժողովրդից և ցանկալին չենք ներկայացնում իրականության փոխարեն: Մեր դիրքորոշումը հստակ է. Լեռնային Ղարաբաղը չի կարող հետագայում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի:   

Արցախի ժողովրդի կյանքն ու ազատությունը չի կարող հանձնվել ինչ-որ մեկի տնօրինությանը կամ քմահաճույքին: Այն ինչ հնարավոր եղավ 1923 թվականին, անհնար է 21-րդ դարում, մանավանդ որ մենք չափազանց մեծ գին ենք վճարել դրա համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ այս մեծ տոնի առթիվ: Ինձ համար Արցախն աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկն է, եթե ոչ ամենագեղեցիկը: Լինել այս հող ու ջրի զավակը, արդեն բախտավորրություն է, իսկ այստեղ ապրել ազատ ու ապահով` կրկնակի երջանկություն է: Ես համոզված եմ, որ տեսանելի ապագայում լուծված են լինելու բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ, և Արցախ աշխարհն ավելի մեծ շուքով տոնելու է ավելի մեծ հոբելյաններ:

Կեցցե՛ ազատ Արցախը:

***

ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter