Կարտելային համաձայնություն. դավադրություն դեմոկրատիայի եւ պետականության դեմ
Այս ընտրություններն ունեին մի առանձնահատկություն. նրանք «քաղաքական» էին: Տարբերությունն այն էր, որ նախկին ընտրություններում դրանք անհատների միջեւ հակասություններ էին՝ Դեմիրճյա՞նը, թե՞ Քոչարյանը եւ այլն, այլ ոչ թե հասարակական, բարոյական հակասություններ էին, այլ ոչ թե՝ քաղաքական:
Ձեւավորվեց հստակ արտահայտված նոր քաղաքական ինքնություն, որը սկսեց պայքարել մեկ այլ քաղաքական ինքնության՝ «հանրապետական», ըստ առաջինների պատկերացման` կաշառակեր, գանձագող, անսկզբունք ինքնության դեմ: Լեւոն Տեր-Պետրոսյանը չստեղծեց այդ ինքնությունը, այլ «խանություն» կամ «ավազակապետություն» առանցքային հղացքների միջոցով բացահայտեց այդ ինքնությունը` որպես տարբերվող «հանրապետականից»: Հասարակական անտագոնիզմը հենց «քաղաքականն» է:
Քաղաքական մարմինները, դիսկուրսները, պրակտիկաները դեմոկրատական քաղաքականությունում նպատակ ունեն հաստատել կարգ ու կանոն, ապահովել մարդկանց համատեղ գոյությունը հասարակական կոնֆլիկտի առկայության պայմաններում: Վերջին ճշգրտումը կարեւոր է այնքանով, որ մեր իշխանությունների կողմից չարամտորեն անտեսվում է: Հետեւաբար հասարակական թշնամության սանձումը, անտագոնիզմի թուլացումը քաղաքական մարմինների, քաղաքական պրակտիկայի եւ քաղաքական դիսկուրսի նպատակն են: Դեմոկրատական քաղաքականության հիմնահարցը ոչ թե իշխանափոխությունն է, այլ իշխանության այնպիսի ձեւերի ստեղծումը, որոնք առավել համատեղելի են դեմոկրատական արժեքների հետ:
Քաղաքականությունը պետք է ստեղծի միասնություն բախման եւ տարբերությունների պայմաններում: Այդպիսի համակարգը անվանենք պլյուրալիստական դեմոկրատիա: Անտագոնիզմները ստեղծում են բազմազանություններ, որոնք դեմոկրատիայի գոյության պայմանն են: Դեմոկրատիան բարձրագույն արժեք է, այնքանով, որ տարբեր արժեքների համադրումն է, բազմազան արժեքների համագոյության պայմանը:
Ընտրությունները փորձաքար եղան դեմոկրատիայի համար ոչ այնքան ընտրությունների արդար կամ անարդար լինելու պատճառով, այլ` քաղաքական բազմազանությունը ճնշելու, այն բռնի ուժով վերացնելու պատճառով: Չորս քաղաքական միավոր կնքեցին քաղաքական կարտելային համաձայնություն ընդդեմ հինգերորդ ուժի: Քաղաքական կարտելային համաձայնագիրը նույնքան հանցավոր երեւույթ է, որքան տնտեսական կարտելային համաձայնությունը: Քաղաքական հետեւանքների մասին կարելի է դատել տնտեսական օրինակով. անցյալ աշնանը ձեթ ներմուծողները ոչ ձեւական կարտելային համաձայնություն կնքեցին ձեթի գինը բարձրացնելու մասին: Պատկերացրեք, որ նրանք իրավունք ունենային կնքելու ձեւական պայմանագիր. կխախտվեր տնտեսության առողջ գործունեությունը ապահովող շուկայական մրցակցության պայմանը: Համեմատությունն անելով հակառակ ուղղությամբ, նկատելով, որ հայաստանյան տնտեսության հիմնական ճյուղերը կամ մենաշնորհային են, կամ ոչ ձեւական կարտելային համաձայնության ոլորտներ, չպետք է զարմանանք, որ քաղաքական դաշտում եւս մրցակցությունը ճնշվում է, այն էլ` անողոք միջոցներով:
Կուսակցական բազմազանությունը անհրաժեշտ է դեմոկրատիայի համար, բայց կուսակցական բազմազանությունը դեռ դեմոկրատիա չէ: Տոտալիտար ԳԴՀ-ը կամ Լեհաստանը բազմակուսակցական երկրներ էին, բայց առանց քաղաքական մրցակցության, քանզի ոչ-կոմունիստական ուժերը կարտելային տիպի համաձայնություն ունեին կոմունիստների հետ: Այնպես որ, այս համաձայնությունը խորհրդային «կուսակցականների եւ անկուսակցականների դաշինք» տխրահռչակ բանաձեւի այլափոխումն է:
Քաղաքական այս համաձայնության հիմնական նպատակը «կայունությունն» է: Բայց հետեւելով իշխանությունների մեկնաբանություններին, հասկանում ենք, որ այդ էֆեմիզմի իմաստը դեմոկրատիայի լիակատար վերացումն է: Դեմոկրատիայի հիմքն անտագոնիզմն է, իսկ «կայունության» քաղաքականությունը նշանակում է անտագոնիզմի դրսեւորումների բռնի վերացում, ընդդիմության վերածում դիսիդենտների:
Նկատենք, որ պետության լեգիտիմության պայմանը ժամանակակից աշխարհում դեմոկրատիան է: Ընկել է ոչ թե Հայաստանի վարկը, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները, այլ մեր պետականությունն է կորցրել իր լեգիտիմությունը: Եւ տվյալ հանգամանքներում իշխանությունների լեգիտիմության կամ դրա բացակայության հարցը նույնիսկ երկրորդական է: Հիշեցնեմ միայն սադամյան Իրաքի եւ միլոշեւիչյան Սերբիայի օրինակները: Վերջինս անդամահատեց, իսկ առաջինին, ամենայն հավանակությամբ, սպասվում է երկրորդի ճակատագիրը: Քանի որ Հայաստանում անդամահատելու բան չկա (Զանգեզո՞ւրը), բացի Ղարաբաղից, ապա հասկանալի է դառնում արտաքին քաղաքական զարգացումների բնույթը: Եւ ճիշտ չէ նախկին արտգործնախարարը. Ադրբեջանում այսպիսի արյունալի դեպքեր չեն եղել եւ դա բռնապետական այդ երկրին թույլ տվեց «դեմոկրատիայի» դասեր տալ Հայաստանին: Ցավալի իրողություն է, իհարկե:
Ընդիմությանն իշխանությունները հայտարարեցին թշնամիներ, այս հեշտ ճանապարհով բացառելով հիմնական մրցակցին: Կարելի է ասել, որ ընդիմությունը եւս թշնամի հայտարարեց գործող իշխանություններին: Բայց սիմետրիան թվացյալ է: Դեմոկրատական մրցակցությունը հնարավոր է միայն այնպիսի քաղաքական ուժերի միջեւ, որոնք ընդունում են լիբերալ դեմոկրատիայի բարոյա-քաղաքական հիմնական սկզբունքները՝ ազատությունը եւ հավասարությունը:
Հանրահավաքների մասին վերջին օրենքն ընդունվեց առանց հասարակական քննարկման, դեկրետային կարգով: Հայտարարվեց, այն էլ բազմաթիվ անգամ, որ այն համապատասխանում է «մեծամասնության» շահին: Այս փաստարկը միանգամից բացահայտում է, որ ընդունվածը «օրենք» չէ, այլ` պարզ բռնություն, արտակարգ դրության օրինականացում: Պատկերացրեք, որ ընդունվում է օրենք, որ բոլոր այն թոշակառուները, ում բոյը 150 սմ ցածր է, այլեւս պետք է ստանան երկու անգամ ավելի ցածր թոշակ, քան` մնացածները: Համապատասխանո՞ւմ է այս որոշումը թոշակառուների «մեծամասնության» շահերին. անշուշտ: Բայց ոչ ոքի մտքով էլ չի անցնի նման որոշումը հայտարարել օրենք: Նմանապես հանրահավաքների մասին օրենքը, որը համապատասխանում է «մեծամասնության» շահերին եւ չի համապատասխանում «փոքրամասնության» շահերին, չի կարող կատարվել վերջիններիս կողմից, քանզի նրա շահերը անտեսված են: Այս որոշումը միանգամից խախտում է եւ ազատության, եւ հավասարության սկզբունքները: Այն ոչ միայն սահմանափակում է քաղաքական ազատությունները, այլ նաեւ` անհավասար պայմաններ ստեղծում ընդդիմադիր թեւի եւ իշխանամետ թեւի քաղաքական ուժերի միջեւ: Այդպիսի որոշումներ ընդունող քաղաքական ուժն այլեւս պարզապես քաղաքական ուժերից մեկը չէ, այլ` դեմոկրատիայի թշնամին է, որը խախտել է ազատության եւ հավասարության սկզբունքները: Դեմոկրատիայի պայմաններում այդպիսի ուժերի գոյությունն իսկ պետք է բացառվի:
Վերջին կարտելային քաղաքական համաձայնությունը հիմնվում է այն խաբկանքի (ինքնախաբկանքի՞, խաբեբայությա՞ն) վրա, որը հնարավոր է ընդունել քաղաքական մրցակցի տեսակետը. «դաշնակցականը»՝ «բարգավաճի», «օրինացը»՝ «հանրապետականի»: Քաղաքական ինքնությունների բազմազանւթյունն անհնար է վերացնել, միայն՝ ուղարկել ընդհատակ, ինչպես դա տեղի ունի ամբողջատիրական բռնապետություններում:
Այստեղից հաջորդ կարեւոր հետեւությունը. այս կարտելային համաձայնությունը նախապատրաստում է պարարտ հող միակուսակցական համակարգի եւ ուղի է հարթում ամբողջատիրական բռնապետության համար:
Համաձայնվել այլ քաղաքական ուժի տեսակետի հետ հանուն ադմինիստրատիվ ռեսուրսներից օգտվելու թույլտվության, նշանակում է փոխել քաղաքական ինքնությունը: Այժմ «օրինացները» նույնքան «հանրապետական» են, որքան «բարգավաճները»: Պարզապես այն քաղաքական տեսակետը, որը պաշտպանում էր «Օրինաց Երկիր» կուսակցությունն այլեւս թափուր է, բայց կարող եք համոզված լինել, որ կհայտնվի նոր քաղաքական ուժ, որը իսկապես կպաշտպանի այդ տեսակետը: Կարտելին մասնակից բոլոր քաղաքական ուժերի մասին կարելի է ասել, որ այս համաձայնությամբ նրանք կորցրեցին իրենց քաղաքական ինքնությունը:
Անշուշտ, հնարավոր են քաղաքական համաձայնություններ, բայց դրանք օրինական են եւ ընդունելի, եթե չեն ուղղված քաղաքական բազմազանության դեմ, եթե քաղաքական ուժերը պահպանում են իրենց քաղաքական ինքնությունը, այսինքն` քաղաքական բանավեճը եւ մրցակցությունը պահպանող կոմպրոմիսներ են:
Քաղաքական հակասությունները՝ քաղաքական անտագոնիզմը, դեմոկրատիան վերափոխում է մրցակցության: Քանզի դեմոկրատական քաղաքականությունը հիմնված է քաղաքական ինքնությունների մրցակցության վրա, ապա միայն քաղաքական բանավեճերը բավական չեն: Քաղաքական մրցակցությունը պետք է ունենա նաեւ հուզական դրսեւորման իրավունք, որը կարող է իրագործվել ցույցերի, հանրահավաքների, երթերի միջոցով: Ես պարզապես չեմ մտածում, որ հայ եմ, ես զգում եմ, որ հայ եմ: Ես պարզապես միայն չեմ պաշտպանում դաշնակցականներին, ես նաեւ զգում եմ, որ դաշնակցական եմ: Քաղաքական ինքնությունը, ինչպես ազգայինը կամ գենդերայինը, առանց հուզական բաղադրիչի անհնար է պատկերացնել: Եւ եթե կուսակցությունը կնքում է համաձայնագիր, ապա բանականորեն այդ քաղաքական տեսակետի կողմնակիցը կարող է ընդունել այն, բայց զգացականորեն իրեն զգալ վիրավորված, կարծես թե իրեն դավաճանել են:
Կարտելային այս համաձայնւթյունն եւս մեկ ասպեկտ ունի: Այն բացահայտորեն ձգտում է նվազագույնի հասցնել բնակչության քաղաքական ակտիվությունը: Խորհրդային Միությունում` բրեժնեւյան դարաշրջանում, երբ կոմունիստական գաղափարները լոկ քմծիծաղ էին առաջացնում, մարդիկ զրկված էին քաղաքական կյանքին մասնակցելու հնարավորությունից: Միակ քաղաքական ուժը՝ ԽՄԿԿ-ն անկարող էր քաղաքական ինքնությունների ձեւավորման համար անհրաժեշտ գաղափարներ տալ եւ այդ պատճառով սկսեց խրախուսել մասնավոր կյանքը: Նմանապես Աֆրիկայի մի շարք երկրներում՝ Սոմալի, Զաիր, Լիբերիա եւ այլն, ուր հաստատված էր տարաբնույթ տիպի բռնապետություններ, այդ ռեժիմները ոչ միայն չամրապնդեցին պետականության հիմքերը, այլ ընդհակառակը` թուլացրեցին քաղաքական համակարգը: Այդ երկրներում, ինչպես եւ ԽՍՀՄ-ում, ուժեղացավ հասարակական էգոիզմը, որը արտահայտվեց Աֆրիկայում տրայբալիստական միտումների, իսկ ԽՍՀՄ-ում` ազգայնամոլության ձեւով: Արդյունքում հասարակությունը տրոհվեց, եւ այդ պետությունները կործանվեցին:
Հայաստանյան իշխող վերնախավը զանգվածային մշակույթի միջոցով փորձում է խրախուսել մասնավոր կյանքը` հասարակականի հաշվին, զարգացնել շոու բիզնեսը` քաղաքացիական արժեքների փոխարեն, սերմանել եսամոլական ինդիվիդուալիզմ. այդ միջոցներով քայքայել քաղաքացիական գիտակցությունը: Իշխանությունը ձգտում է ճնշել քաղաքական ակտիվությունը, սերմանել քաղաքական ապատիա: Բայց անհնար է չհասկանալ, հաշվի առնելով, որ հասարակությունը տրոհված է նաեւ տնտեսական գործոնի՝ կլանային համակարգի պատճառով, որ այդ ձեւով նրանք նախապատրատում են մեր պետականության կործանումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել