Համոզմունքի զոհերը
Էջմիածնի Ներսիսյան վարժարանի միանգամից երեք ուսուցիչ ազատվել է աշխատանքից համոզմունքների պատճառով:
Ազատվողների մեջ են վարժարանի հիմնադիր-տնօրեն, ՀՀ վաստակավոր մանկավարժ, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Համլետ Նահատակյանը, նրա դուստրը` մանկական կոլեկտիվի կազմակերպիչ Անահիտ Նահատակյանը, եւ աշխատանքի ուսուցում դասավանդող Էդիկ Ամիրջանյանը: Ազատման ոչ պաշտոնական վարկածը վերջիններիս կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցելն է, պաշտոնականը` տնօրեն-ուսուցիչ փոխհամաձայնությամբ ազատվելը:
Բայց մինչ երկուստեք փոխհամաձայնության տարբերակն ընտրելը, Արմավիրի մարզպետարանից հրահանգ էր տրվել ուսուցիչներին` սեփական դիմումների համաձայն աշխատանքից ազատելու մասին: Ազատման սպառնալիքի տակ էր նաեւ կրթօջախի տնօրեն Սեդա Ենգիբարյանը` Համլետ Նահատակյանի կինը:
Տնօրեն Ս. Ենգիբարյանը նախընտրական եւ ընտրական շրջանում ոչ միայն բավականին ակտիվ աշխատել էր Սերժ Սարգսյանի օգտին, այլեւ բոլորովին հավանություն չէր տվել ամուսնու եւ նրա դստեր քաղաքական համոզմունքներին:
Կրթօջախի ղեկավարի պաշտոնը պահպանելու համար Սեդա Ենգիբարյանը յուրաքանչյուր պայմանի համաձայն էր, ինչն էլ հենց հիմք հանդիսացավ բանակցություններ սկսել մարզպետարանի համապատասխան ծառայության ղեկավարության հետ: Հարցը հստակ դրվեց. եթե ուսուցիչները հրաժարվում են հեռանալ սեփական դիմումի համաձայն, ուրեմն պետք է հեռացնել հրամանով: Բայց ի՞նչ հիմնավորմամբ. չէ՞ որ այդ փաստը մեծ աղմուկ կբարձրացներ 500 աշակերտանոց կրթօջախում: Քննարկումների արդյունքում գտնվեց տարբերակներից ամենաանսպասելին ու ամենանողկալին` մտնել Նահատակյան ամուսնական զույգի «մատի ու մատանու արանքը»: Ամուսնական առագաստ մխրճած հարցն էլ հենց քանդելու էր հանգույցը: Տնօրենի պաշտոնում մնալու համար Ս. Ենգիբարյանին առաջարկվեց «ոչ այնքան բարձր» գին. ընդամենը պետք է ազատվեր երեք այլախոհ ուսուցիչներից, այդ թվում` ամուսնուց ու նրա աղջկանից եւ այլեւս խնդիր չէր ունենա:
Այդպես էլ արվեց. ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխհամաձայնության հիման վրա մարտի 20-ին տնօրենն աշխատանքից ազատեց ամուսնուն` Համլետ Նահատակյանին եւ ուսուցիչ Էդիկ Ամիրջանյանին, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով` ուսուցչուհի Անահիտ Նահատակյանին:
Վերջիններիս աշխատանքից ազատելու իրական պատճառների մասին տնօրենը հրաժարվեց խոսել: Փոխարենը, շփոթելով մեր եւ իրավապահ մարմինների գործառույթը, հարցրեց. «Բողոքներ եղե՞լ են, որ հետաքրքրվում եք...»: Որեւէ կերպ չընդունելով, որ ընդամենը փաստն ենք արձանագրում՝ պահանջեց ոչ մի բառով չանդրադառնալ իրենց, հետն էլ մեզանից փորձում էր ճշտել, թե ով է բողոք ներկայացրել:
Համլետ Նահատակյանը հայտնեց, որ օրեր առաջ ինքն անձամբ հանդիպել է
ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի, վարչապետի կրթության աշխատակազմի ղեկավար Ս. Սիմոնյանի հետ: Վերջիններս փաստը որակել են ծայրահեղ եւ խոստացել մանրամասն ուսումնասիրելուց հետո ընթացք տալ:
Իսկ երիտասարդ ուսուցչուհի Անահիտ Նահատակյանը համոզվելու համար, որ մարզային իշխանություններն իրոք անդրդվելի են իրենց որոշման մեջ, հանդիպել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Ա. Նահատակյանի փոխանցմամբ` «... հանդիպման ելքը սպասվածից ավելին էր. երբ մարզպետին ասացի, որ որեւէ մասնակցություն չեմ ունեցել հանրահավաքներին, որ ընդամենը պաշտպանել եմ հայրիկիս տեսակետը, նա հավատաց ու կարգադրեց կրթության վարչության պետին վերականգնել ինձ աշխատանքում»: Ավելի ուշ պարզվել է, որ վարժարանի մանկական կոլեկտիվի կազմակերպիչի հաստիքն արդեն զբաղեցրել է մարզպետարանի կրթության վարչության պետի ծանոթը: Ա. Նահատակյանի հարցը նորից մնացել է բաց:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել