HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հարցը Կոսովոյի եւ Աբխազիայի ձեւաբանական տարբերությունն է»

Վրաստանի խորհրդարանի «Ազգային շարժում-ժողովրդավարներ» խմբակցության անդամ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոտե Գաբաշվիլիի հետ Վրաստանի համար երկու կարեւորագույն խնդիրների (հակամարտությունների արագ կարգավորման եւ ՆԱՏՕ-ին անդամագրության) շուրջ օնլայն հարցազրույցը տեղի է ունեցել «Կովկասի լրագրողների ցանցում»:

1992-93 թթ. Կ.Գաբաշվիլին եղել է Վրաստանի կրթության նախարարը, 1993թ.` Թբիլիսիի քաղաքապետը,1993-2004թթ.` Վրաստանի դեսպանը Գերմանիայում:

Հետք - Կոսովոյի ճանաչման վերաբերյալ։ Թուրքիան ճանաչեց Կոսովոն, Ադրբեջանը՝ ոչ: Ռուսաստանը ոչ թե պարզապես դեմ դուրս եկավ Կոսովոյի անկախացմանը, այլ սպառնաց ի պատասխան ճանաչել անկախ Աբխազիան եւ Հարավային Օսիան: Վրաստանը հանդես եկավ ԱՄՆ-ի ջանքերով նախաձեռնված ճանաչման գործընթացի դեմ: Ղարաբաղի ակախության ճանաչման համար պայքարող Հայաստանն այս հարցում չեզոք դիրքորոշում բռնեց։ Ձեզ այս պատկերը տարօրինակ չի՞ թվում ։

Կ.Գաբաշվիլի - Ոչ, չի թվում։ Յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային շահերն ու նախապատվությունները։

Հետք
- Ներեցեք, պարոն Գաբաշվիլի, բայց այդ դեպքում ո՞րն է Վրաստանի գլխավոր ազգային շահը՝ Ռուսաստանին հակառակ դիրք ընդունե՞լը, թե՞ Սերբիայի տարածքային ամբողջականության խախտման նախադեպն արմատապես մերժելը եւ դրանով սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելը։

Կ.Գաբաշվիլի - Ամբողջ հարցը Կոսովոյի եւ Աբխազիայի հակամարտությունների ձեւաբանական տարբերությունն է։ Աշխարհի հասարակայնության մի մասը սատարեց Կոսովոյի անկախությունը՝ ցանկանալով պատժել Միլոշեւիչի ռեժիմին ձեզ հայտնի ժամանակաշրջանում նրա դրսեւորած ծայրահեղ ազգայնականության եւ կոսովցիների նկատմամբ իրականացված զանգվածային էթնիկ զտումների համար։ Աբխազիայում էթնիկ զտումների զոհ դարձան հիմնականում վրաց բնակչությունը, ինչպես նաեւ հույների, ուկրաինացիների, էստոնացիների, հրեաների, հայերի, ռուսների եւ այլ ազգությունների մեծ մասը։ Օրինականացնել Աբխազիայի ներկա անջատողական ռեժիմը՝ նշանակում է սատարել էթնիկ զտումների գաղափարը։ Ահա թե ինչու Կոսովոյի ճանաչումը զուգահեռաբար համալրվեց այն գաղափարով, որ չպետք է աշխատի նախադեպի սկզբունքը։ Մնացածը կոնկրետ դիվանագիտության հարց է։

Հետք
- Այդուհանդերձ, ինչո՞վ է բացատրվում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ծրագրի հետաձգումը։ Մի՞թե ալյանսի համար կարեւոր են թեկնածու երկրի ժողովրդավարական զարգացման հարցերը եւ, արդյո՞ք, Վրաստանը մինչեւ այս տարվա դեկտեմբերը կհասցնի արդյունքների հասնել աբխազական եւ հարավօսական հակամարտությունների կարգավորման գործում։

Կ.Գաբաշվիլի - Բուխարեստյան գագաթաժողովն ընդունեց քաղաքական որոշում այն մասին, որ Վրաստանը եւ Ուկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ։ Այդ փաստաթուղթը ստորագրեցին ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունների առաջին դեմքերը։ Սա ամենագլխավոր քաղաքական որոշումն է։ Ժողովրդավարական զարգացումը մի օրում լուծվող հարց չէ։ Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հայտարարության նույն 23-րդ պարագրաֆում հարգանքով նշվում են Վրաստանի եւ Ուկրաինայի ժողովրդավարական նվաճումները։ Բնական ցանկություն է հայտնվում կեսճանապարհին կանգ չառնելու մասին։ Ինչ վերաբերում է կոնֆլիկտային իրավիճակներին, ապա փաստաթուղթը խոստանում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներն անմիջապես կներգրավվեն այդ խնդիրների կարգավորման մեջ։ Պետական համակարգի կարգավորման, տնտեսական զարգացման, աբխազների քաղաքական եւ հումանիտար ինտեգրման՝ Վրաստանի նախագահի ներկայացրած ծչագիրը շատ կարեւոր նոր փուլ է փոխվստահության հարաբերություններ հաստատելու համար։ Էլ ավելի մանրամասն է այսպես կոչված «ճանապարհային քարտեզը» Ցխինվալիի շրջանում (Հարավային Օսիա - խմբ.) հակամարտությունը կարգավորելու համար, որը հաստատվել է ԵԱՀԿ գագաթաժողովում 2005 թվականի դեկտեմբերին եւ արդեն մեծամասամբ իրականացվել է։ Այս հարցերը մեծապես կնպաստեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին ընկած խոչընդոտների հաղթահարմանը։ Ես գուշակ չեմ, որպեսզի ճշգրիտ ասեմ ժամկետները։ Ինչքան շուտ, այնքան լավ եւ առաջին հերթին՝ տեղահանված մարդկանց համար, ինչպես նաեւ նրանց, ովքեր այդ անջատողական շրջաններում ապրում են ծանր պայմաններում։

Հետք - Վրաստանի բնակչության մոտ 70%-ն արտահայտվել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու օգտին։ Վրաստանում հասարակական տրամադրությունների ի՞նչ փոփոխությունների հետեւանք է այդ արդյունքը, եւ ինչպե՞ս է Վրաստանի կառավարությունը սփոփելու մերժումից հիասթափված քաղաքացիներին։

Կ.Գաբաշվիլի
- Երկրի սրընթաց ժողովրդավարացումը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը, լավագույն պայմանների ստեղծումը թե տեղական բիզնեսի զարգացման, թե արտերկրյա ներդրումների համար, միտումը դեպի օրենքի գերակայություն, հանցագործության դեմ պայքարը, ժամանակակից պաշտպանական համակարգի ձեւավորումը, քաղաքացիական հասարակության բարձր մակարդակը Վրաստանի բնակչության մեջ վերականգնեցին հավատը եւ հույսը ապագայի նկատմամբ։ Անդամակցությունը ՆԱՏՕ-ին, մի կազմակերպության, որը, լինելով ամենազարգացած ժողովրդավարական երկրների միասնության արդյունքը, միաժամանակ աշխարհի ամենապաշտպանված ժողովրդավարական համակարգն է, բնականաբար կապված է երաշխավորված անվտանգության ցանկության հետ։ Այդ անվտանգության խախտման ցավագին հետեւանքները պատմության ընթացքում զգացել ենք թե՛ մենք, թե՛ դուք։ ՆԱՏՕ-ի նկատմամբ 78 տոկոսանոց դրական վերաբերմունքն այս ամենի բնական արդյունքն է։ Մենք ուրախ ենք, որ ոչ մեկին սփոփելու կարիք չկա։ Բոլորն էլ հասկանում են, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը մեկ օրում չի լուծվի։ Կա առաջ շարժվելու ցանկություն, չկա հիասթափություն։

Հետք
- Ինչո՞վ եք բացատրում Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաղորդակցության վերականգնումը, եթե փոխհարաբերությունների լարվածությունը այդպես էլ չի նվազել։

Կ.Գաբաշվիլի
- Դիվանագետները հաճախ օգտագործում են մի փոքրիկ դրական բան՝ վատ իրադրությունը մեղմելու համար։ Դա ներկա ռուս-վրացական հարաբերությունների անհարթությունները սղալելու փորձ է, բայց ես միշտ կողմ եմ, որ դրական բանը գնահատվի դրական։ Հաղորդակցության վերականգնումից շահում են հասարակ մարդիկ, եւ դա շատ կարեւոր է։

Հետք - Որքա՞ն հեռու կարող է «գնալ» Վրաստանը Ռուսաստանից, եւ ոչ միայն քաղաքական իմաստով, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ինչպիսի՞ հեռավորություն է պետք, որպեսզի Վրաստանն իրեն անվտանգ զգա։

Կ.Գաբաշվիլի - Վրաստանը բնավ չի ցանկանում հեռանալ Ռուսաստանից։ Բոլորն էլ մնալու են իրենց աշխարհագրական կոորդինատներում։ Վրաստանի արտաքին քաղաքականության նախապատվություններից մեկը մնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը։ Մենք մեծ հույս ունենք, որ ռուս քաղաքական էլիտայի կողմից իր հարավային հարեւանի իսկական ցանկությունը հասկանալը կտանի ոչ թե հակամարտության, այլ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։ Եթե Ռուսաստանն արագ ազատվի հետկայսերական հոգեբանությունից եւ ճիշտ հասկանա, որ Վրաստանը ձգտում է Եվրոպական եւ Եվրոատլանտյան ընտանիք ոչ թե ի հեճուկս Ռուսաստանի, այլ սեփական որակները բարելավելու համար, ապա հեշտությամբ եւ հաճույքով կհամագործակցի Վրաստանի հետ, ինչպես դա անում է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ։ Գուցե նույնիսկ՝ ավելի սերտորեն եւ ավելի լավ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter