Գիզիրյանը կարմիր ժապավենը չկտրեց, դրա փոխարեն սեղանի թենիս խաղաց
Լուսավոր դասասենյակներ, գրադարան, համակարգչային սենյակ, շախմատի դասերի համար հատուկ կահույք, սպորտդահլիճ եւ այլն, նույն նախագծով եւ «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերակառուցվել էր նաեւ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Արեւշատ համայնքի միջնակարգ դպրոցը:
Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ու Գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը Նոր Կյանքի միջնակարգ դպրոցում շրջելուց հետո մարզային իշխանությունների ուղեկցությամբ եղան նաեւ Արեւշատ գյուղում:
Ինչպես կատակով նկատեց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության աշխատակիցներից մեկը, անցյալում այստեղ դասալսումների մասնակցում էին անձրեւանոցները գլխավերեւներում պահած, իսկ հիմա շահագործման է հանձնվել նորոգ, տիպային դպրոցական շենք:

Գոհ տեսածից, ոգեւորությունը չթաքցրեց նաեւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն ու հայտնվելով նորակառույց սպորտային դահլիճում մեծ աշխուժությամբ սեղանի թենիսի մի փոքրիկ խաղ ցուցադրեց` որպես մրցակից ընտրելով դպրոցի տնօրենին:
Արեւշատի միջնակարգ դպրոցը եւս նախատեսված է 360 աշակերտի համար: Սարակապի դպրոցը, որ շահագործման կհանձնվի սեպտեմբերի 2-ին, իսկ բացման արարողությանն էլ կմասնակցի վարչապետ Տիգրան Սարգսյանը, 240 դպրոցականի համար է:

Շիրակի մարզում դպրոցաշինության նոր ծրագրեր հիմնադրամի միջոցներով չեն լինի, իսկ պետբյուջեից միջոցներն այս նպատակին կհատկացվեն: «2011թ.-ին կրթության եւ գիտության նախարարության խնայողությունների հաշվին ավելացրել ենք դպրոցաշինությանը հատկացված գումարները, հատկապես ավագ դպրոցների համար»,-փաստեց նախարար Արմեն Աշոտյանը:
Հաջորդ տարի եւս կառավարությունը կանդրադառնա դպրոցաշինությանը, հավաստեց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, քանի որ մարզերից ներկայացված ծրագրերի 40 տոկոսը դրան են վերաբերում:
Ինչ վերաբերում է Վարդաքարի դպրոցական շենքի չարչրկված խնդրին, փոխվարչապետը խորհուրդ տվեց վարդաքարցիներին առայժմ հաճախել Նոր Կյանքի նորակառույց դպրոց, մինչեւ կառավարությունը կունենա հավելյալ գումարներ իրենց գյուղում դպրոց կառուցելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել