HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դալարում հողը չի արժեւորվել նաեւ ջուր չլինելու պատճառով

Նարեկ Խաչատրյան

Դալարի համայնքապետ Գագիկ Ալեքսանյանը պնդում է, որ տեղի բնակչությունը հիմնականում ապրում է դրսից ստացած գումարներով, իսկ հող քիչ են մշակում, որովհետեւ հողով ընտանիք պահել չի լինում: «Ինչպես գրեթե ամենուր, այստեղ էլ երիտասարդության մի զգալի մասը դրսում է»,- ասում է համայնքապետ Գագիկ Ալեքսանյանը:

Արարատի մարզի այս գյուղում բավականին մեծ մակերեսով սեփականաշնորհված հողատարածքներ (ընդհանուրի գրեթե կեսը) չեն մշակվում: «Ոռոգման ջուրը թանկ է, չի բավականացնում, կիսատ-պռատ է լինում, մարդիկ ժամանակին չեն կարողանում ջրել, եւ բերքի կորուստ է լինում, դրա համար երբեք ոչ ոք պատասխանատու չի, իսկ ջրի փողը, հողի վարձը, անկախ ամեն ինչից, գյուղացին պետք է տա: Արդար չի»,- ասում է համայնքապետը: Հողը մշակելուց հրաժարվելու լրջագույն պատճառ է ոռոգման ջրի սակավությունը: Խնդիրը որոշ չափով լուծելու նպատակով անցած տարի տարածքում հորատանցքեր են փորել` արտեզյան ջրեր հանելու համար, որը բավականին թանկ հաճույք է: «Ոռոգման 1 ժամի համար 800-1000 դրամ փող են ուզում: Դե հաշվեք` 1 հա-ի ոռոգումն ինչ կարժենա»,- հարց է տալիս համայնքապետ Գ. Ալեքսանյանը: 

Այս գյուղում առավելապես պտուղբանջարեղեն ու խաղող են մշակում: «Ժողովուրդը գործարանին հանձնած պոմիդորի փողը չէր կարողանում ստանալ, միայն մարզպետի միջամտության շնորհիվ մարդիկ կարողացան իրենց գումարները ստանալ: Միակ եկամտաբեր ճյուղը խաղողագործությունն է, բայց 1 հա խաղողի այգի հիմնելու համար նվազագույնը 20 հազար դոլար է անհրաժեշտ, որը նույնպես չկա: Կան գյուղեր, որոնք հողի մշակությունից կարողանում են եկամուտ ստանալ, սակայն մեր տարածաշրջանի գյուղերում դա չի հաջողվում»,- իրավիճակը ներկայացնում է Դալարի համայնքապետը:

Հողի անեկամտաբերության պատճառով դրա արժեքն այստեղ բարձր չէ` ի տարբերություն մարզի «գյուղատնտեսական» գյուղերում: Մեր հանդիպումից որոշ ժամանակ առաջ նույն կարծիքն էին պնդում նաեւ Արտաշատի կադաստրի մասնագետները` նշելով, որ եթե այլ գյուղերում 1-2 քմ-ի համար հարեւանների, անգամ բարեկամ-հարեւանների մեջ լուրջ վեճ ու կռիվներ են լինում, դատ ու դատաստան, ապա այս տարածաշրջանում նման վեճեր գրեթե չեն լինում: Այստեղ հողը դեռեւս այն արժեքը չունի: Դալարում վերջին մեկ տարում հողի աճուրդ չի եղել, մի դեպք է եղել, երբ շինություն է վաճառվել: «Հողի աճուրդի համար պետք է այնքան սպասենք, որ գինը հետաքրքրի ժողովրդին: Հիմա չի հետաքրքրում: Սեփականաշնորհված հողի 1000 քմ-ը բոլորովին վերջերս վաճառվում էր 200 դոլարով, հիմա մի քիչ թանկացել է` պայմանավորված ընդամենը դոլարի կուրսի անկմամբ: Իսկ տնամերձ հողամասի 1000 քմ-ն առավելագույնը 3000 դոլարով է վաճառվում: Շուկայական արժեքն ավելի ցածր է, քան կադաստրայինը»,- ասում է համայնքապետը: Մինչդեռ վերջին տարիներին, երբ համայնքապատկան հողերը որպես սեփականություն հանձնվեցին համայնքներին, համայնքապետերը հողերի աճուրդ-վաճառքի ակտիվ գործընթաց սկսեցին: Այսօր արդեն եզակի չեն այն գյուղերը, որոնցում համայնքի հետագա զարգացման նպատակով ժամանակին թողնված ամբողջ հողային ֆոնդն այլեւս աճուրդ- վաճառքով իրացված է:

Ինչ վերաբերում է անմիջապես համայնքապետարանի լուծելիք խնդիրներին. ունեն գրեթե վթարային վիճակում գործող մանկապարտեզ, որտեղ երեք խումբ երեխաներ են հաճախում: Սոցներդրումների հիմնադրամի օգնությամբ մանկապարտեզը վերանորոգելու հնարավորություն կա, բայց, մասնագետների հաշվարկներով, միայն տանիքն ու սանհանգույցը կարգի բերելու համար 45 մլն դրամ է անհրաժեշտ, որի 10%-ը պետք է համայնքապետարանն իր բյուջեից ներդնի: «Որտեղի՞ց այդքան գումար: Դալարի նման գյուղի համար դա շատ մեծ թիվ է: Բյուջեն, դոտացիայով հանդերձ, հազիվ 30 մլն դրամ է կազմում»,- ասում է համայնքապետն ու հավելում, որ գումար ունենալու դեպքում իրենք նույն աշխատանքը կարող են անել` ոչ ավել, քան 10 մլն դրամով:

Դալարի Մշակույթի տունը, որ գեղեցիկ, հիասքանչ շենք է` ամեն կողմից աչքի զարնող, 90-ականների վերջերին 99 տարով վարձակալության է տրվել մի ամերիկահայ գործարարի, որի դիմաց տարեկան համայնքային բյուջե է մուծվում 100-150 դոլար: Գործարարը վերականգնել է վթարային շինությունը եւ այն վերածել գորգագործական ֆաբրիկայի, որտեղ աշխատանք են գտել նաեւ գյուղի բնակիչները: Հիմա գյուղը Մշակույթի տուն չունի, գորգագործի բիզնեսն էլ հաջողություն չի ունեցել, եւ վերջինս արդեն սկսել է «գործարանը փակելու գործընթացը»: 100-ից ավելի աշխատողներից մնացել են ընդամենը 15-ը: Գորգագործականից բացի, գյուղում կա նաեւ գինու գործարան, որը նույնպես լիարժեք չի աշխատում` ընդամենը չորս աշխատակցով: Այնպես որ, այս մեկից էլ համայնքապետարանը թե հարկի, թե օգնության առումով ակնկալիքներ չունի: Բնականաբար, 4-5 մանր խանութներում վաճառված օղու եւ ծխախոտի հարկերը «բալասան լինել չեն կարող»:

Դալարում հողով չեն ապրում, բայց անցած տարի հաջողվել է 92% հողի հարկի հավաքագրում ապահովել: Նախորդ տարիներից, ընդ որում` 90-ականների սկզբներից, մնացած պարտքերը քիչ չեն: Դալարում այն կազմում է շուրջ 40 մլն դրամ: Համայնքապետարանի ներսում` մուտքի մոտ, փակցված է պարտատու հարկատուների ցուցակը` պարտքի գումարի հստակ պատկերով: Երեւում է նաեւ պարտքերի մարման ընթացքը:

Գյուղի 40-50%-ն ընդհանրապես ջուր չունի: Այն հատվածներում էլ, որտեղ կա, օրական 2-3 ժամ են տալիս: Ամռանը լինում է, որ ընդհանրապես ջուր չեն ունենում: «Ասում ենք` ջուր չունենք, «Հայջրմուղից» ասում են` փող չեք տալիս, ջուր չենք տալիս: Իրականում հակառակն է: Չնայած` չտված ջրի դիմաց էլ գյուղացուց փողը «պոկում» են»,- դժգոհում է համայնքապետ Գ. Ալեքսանյանն ու ավելացնում, որ գյուղի ներքեւի հատվածում ջուր ընդհանրապես գոյություն չունի,- իմ տան ջուրն էլ կվասի տակառով այլ գյուղերից եմ բերում»: Ձմռան ամիսներին վիճակը մի քիչ լավանում է, գարնան բացվելուն պես` կտրուկ վատանում: «Ջուր չի հասնում, որովհետեւ, իմ իմանալով, վերեւի գյուղերում խմելու ջրով այգին են ոռոգում: Այլապես, ներքին ցանցի հիմնական մասը երկու տարի առաջ փոխվել է, եւ գյուղն այդ առումով խնդիր չունի»,-ասում է համայնքապետը: Գյուղացիները դրա համար մի անգամ հրապարակային բողոքի ակցիա են արել: Ոչ մի արդյունք: Սա գյուղի ամենացավոտ հարցն է, որի համար Դալարի նորընտիր համայնքապետը պատրաստվում է դիմել համապատասխան մարմիններին: «Չնայած, անկեղծ լինեմ, ինչ-որ բանի հույս չունեմ»,- ասում է Գ. Ալեքսանյանը:

Համայնքապետի վկայությամբ` «կառավարման ամբողջ գործընթացին իր ակտիվ մասնակցությունն է բերում գյուղի ավագանին, որը բավականին ինտելեկտուալ է»: Ինն անդամներից 5-ը մանկավարժ են, որոնց թվում է նաեւ դպրոցի տնօրենը: «Եվ բյուջեն են քննարկում, եւ մնացյալ բոլոր հուզող հարցերը: Ընդ որում` բոլորովին էլ ոչ ձեւական: Պարտադիր նաեւ բյուջեի կատարողականի հաշվետվությունն են լսում»,- հավաստում է Ալեքսանյանը: Անդրադառնալով Դալարի բնակչության սոցիալական վիճակին` ինչպես մյուս տեղերում, այստեղ էլ 3-4 վարկային կազմակերպություններից վարկեր են վերցնում: Ընդ որում` գյուղացին մեկից վերցնում է, մյուսի պարտքը փակում: «Ճիշտ է, լավ իրադարձություններով ուրախանում են, բայց հոգսերի մեջ թաղված, տոկոսային անցուդարձով տարված` կողքները նայելու ժամանակ, ցավոք, չեն ունենում»,- ասում է համայնքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter