Բարեգործություն` ըստ «Մանեսի»
«Մանես» բարեգործական հիմնադրամը 2007 թ.բյուջեի 82,2 մլն. եկամուտներից 58,2մլն դրամ է ծախսել Ալավերդի քաղաքում համաքաղաքային միջոցառումներ անցկացնելու համար, այդ թվում` 20մլն դրամ տրամադրել է Ալավերդու քաղաքապետարանին շենքերի տանիքներ վերանորոգելու համար:
Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանն այս տարի իր հաշվետվության մեջ նշել է, որ պետբյուջեից հատկացված 61 մլն դրամով կատարվել է քաղաքի 10 շենքերի հարթ տանիքների վերանորոգում, իսկ թե հիմնադրամի կողմից հատկացված 20 մլն դրամով ո՞ր շենքերի տանիքներն են վերանորոգվել, նա չի տեղեկացրել: Այդ մասին չի տեղեկացնում նաեւ հիմնադրամի 2007 թ. բյուջեի հաշվետվությունը: Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնում 2007 թ. վերանորոգված տանիքների քանակի մասին խուսափեցին մեզ տեղեկություններ տրամադրել: Քաղաքապետարանի մեր աղբյուրների տեղեկություններով, նաեւ` թաղամասերում մեր կատարած ուսումնասիրություններով` «Մանես» հիմնադրամի նշված 20մլն դրամով շենքերի տանիքներ չեն վերանորոգվել: Իսկ թե ի՞նչ է արվել այդ գումարը, ո՛չ քաղաքապետարանում, ո՛չ էլ «Մանես» հիմնադրամում չեն ուզում պարզաբանումներ տալ:
«Մանես» բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2005 թ. մայիսին: Հիմնադիրներն են Ալավերդու «Էյ-սի-փի» ընկերության սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը, ՀՀ նախագահի խորհրդական Սերգո Երիցյանը եւ Երեւանի Միքայելյանի անվ. վիրաբուժության ինստիտուտի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր, ԱԺ նախկին պատգամավոր Համլետ Թամազյանը: Ըստ կանոնադրության` հոգաբարձուների խորհուրդը մեկ տարի ժամանակով հերթականությամբ պետք է ղեկավարեին հիմնադիրները: Առաջինը նախագահ ընտրվեց Սերգո Երիցյանը, իսկ հոգաբարձուների կազմում ընտրվեցին Ալավերդիում վստահություն ներշնչող մարդիկ, որոնք նպաստում էին հիմնադրամի հեղինակության բարձրացմանը: Ստեղծվեց բարեգործական ճաշարան, ալավերդցիների կողմից ջերմորեն ընդունվեց ամառային արձակուրդներին երեխաների բակային ճամբարների ծրագիրը: Հիմնադրամի գործունեությունը սկզբում վերահսկում էին հոգաբարձուները: Սակայն, ինչպես օրերս տեղեկացանք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Վոլոդյա Բեկթաշյանից, Գառնիկ Իսրայելյանից եւ Սուրեն Սիմոնյանից, հիմնադրամը շուրջ 1,5 տարի` 2006 թ. դեկտեմբերից հետո, հոգաբարձուների խորհրդի նիստ չի հրավիրել, իսկ հոգաբարձուներն օտարվել են հիմնադրամի աշխատանքներից:
Մեր հարցմանն ի պատասխան` «Մանես»-ի հիմնադիրներից Համլետ Թամազյանն ասաց. «Ես ու Սերգոն դրանց հետ (հիմնադրամի ղեկավարների) այլեւս գործ չունենք»: Սերգո Երիցյանն էլ բացատրեց. «Հոգաբարձուների խորհրդի նախագահի պարտականությունների իմ ժամկետն ավարտվել է, ես հիմա սովորական հոգաբարձու եմ, երեւի արդեն Համլետ Թամազյանն է նախագահը»: Երբ պրն Երիցյանին տեղեկացրինք Հ. Թամազյանի դիրքորոշման մասին, ասաց. «Դե ուրեմն Վալերի Մեջլումյանն է»:
«Մանես» հիմնադրամն այլեւս պատշաՃ վստահություն չի վայելում Ալավերդիում: Դրա պատճառը հիմնադրամի նկատմամբ Վալերի Մեջլումյանի որդեգրած նոր մոտեցումներն են, իսկ հետեւանքներից մեկը` Ալավերդու «Էյ-սի-փի» ընկերությանը պատկանող, հիմնադրամի միջոցներով վերանորոգված, քաղաքի «Մետալուրգ» մարզադաշտում ստեղծված վիճակը: Մարզադաշտի վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին 2006 թ. հուլիսի 15-ին կայացած հոգաբարձուների խորհրդի նիստում հիմնադրամի տնօրեն Ավետ Թամազյանի գրավոր հաշվետվությունից տեղեկանում ենք. «Այսօր կարող եմ զեկուցել, որ «Մետալուրգ» մարզադաշտի վերանորոգման նախահաշվով նախատեսված շինաշխատանքների 95%-ն ավարտված է»: Ըստ Ա. Թամազյանի` այդ ժամանակ արդեն ավարտված էին նաեւ բասկետբոլի, վոլեյբոլի եւ մեծ թենիսի կորտի խաղահրապարակների աշխատանքները: Ավետ Թամազյանը նաեւ հոգաբարձուներին տեղեկացրել է. «Չնայած մարզադաշտի շինարարական վերանորոգման համար նախահաշվով նախատեսված էր 13,4 մլն դրամ, սակայն, անհրաժեշտությունից ելնելով, նախահաշիվը կրկին վերանայվեց, որի գումարը կազմեց 22, 4 մլն դրամ, որից հուլիսի 14-ի դրությամբ ծախսվել է 20մլն դրամ, եւ մարզադաշտն ավարտուն տեսքի բերելու համար մնացել է ձեռք բերել միայն համապատասխան գույք»:
Թվաբանական պարզ հաշվարկից ենթադրվում է, որ մարզադաշտի համար գույքի նախատեսված գումարը պետք է կազմեր 2,4 մլն դրամ: Այս ելույթից երկու օր հետո Մետալուրգի օրվա տոնակատարությամբ կատարվել է նաեւ վերանորոգված մարզադաշտի բացումը` առանց գույքի, որը մինչեւ օրս էլ չի գնվել: Դրա փոխարեն մարզադաշտի հանդերձարաններում տեղադրված են խորհրդային տարիների 40-50- ական թթ. գյուղական ակումբի փայտյա կիսաջարդ նստարաններ, որոնց վրա գցված են մարզվող երեխաների հագուստները: Ասենք, որ մարզադաշտի տրիբունայի շուրջ 400 նստարաններն անվճար հատկացրել է պրոֆեսոր Համլետ Թամազյանը: Հոգաբարձուների խորհրդում հաստատվել է նաեւ մարզադաշտի աշխատակազմի հաստիքացուցակը` տնօրեն, հավաքարար, պահակ- բակապան հաստիքներով: Այս մարզադաշտը, սակայն, այսօր գտնվում է անմխիթար վիճակում: Անջատված են մարզադաշտի ջուրը եւ էլեկտրաէներգիան, կոտրված են խմելու ջրի ծորակները, հակասանիտարական վիճակում են լոգարաններն ու զուգարանները, անօգտագործելի են բասկետբոլի, վոլեյբոլի խաղահրապարակները: Ստեղծված վիճակը մարզադաշտի միակ աշխատակից, պահակ- բակապան Սերյոժա Տիտանյանն այսպես բացատրեց. «Մարզադաշտն այս վիճակում է, որովհետեւ էսա համարյա 8 ամիս է տնօրենին եւ հավաքարարին կրճատեցին, 8 ամիս է զուգարաններն ու հանդերձարանները չեն մաքրվում: Լոգարաններից երեխաները չեն օգտվում նրա համար, որ Ավետն ասում ա` ջուն ինձ վրա շատ ա թանկ նստում, էներգիան պտի նասոսը խոդ տամ, էներգիայի վարձատրումն էլ, ասում ա, ես չեմ կարա տալ: Մարզադաշտ շատ երեխաներ են գալիս, սակայն ես զուգարանները փակում եմ, եթե ջուր չկա պաստայանի, ո՞նց բացեմ: Քաղաքապետը մարզադաշտի վիճակին 100%-ով տեղյակ է, ասավ` ես իրանց կհայտնեմ: Երկու անգամ կուշտն եմ գնացել: Հիմա կարեւոր հարցը գիտե՞ս որն է, վաղը, մյուս օրը հանրապետական առաջնություն է գնում, Երեւանից, Իջեւանից, Սեւանից գալու են էս վիճակը տենան: Ուզած-չուզած` ես պտի ռազդիվալկեն թույլ չտամ: Ամոթը նա է, որ էդքան ծախսերն արին ու սենց էլ բրախեցին»: Մեր զրույցից հազիվ մեկ ժամ անց վարպետ Սերոժի կինը` տիկին Աշխարուհին, անհանգստացած խնդրեց ամուսնու ասածներին չանդրադառնալ, քանի որ նա վախենում էր, որ խոսելու համար ամուսինն աշխատանքը կկորցնի: Մեր այցելության պահին մարզադաշտում ընթանում էր Ալավերդի քաղաքի եւ Թումանյանի տարածաշրջանի դպրոցների ֆուտբոլի առաջնությունը: Մարզադաշտի նախկին տնօրեն Ռուբեն Ծատինյանն ասաց. «Առաջիկայում նիստ են անելու, ասում են հաստիքների հարցը կճշտեն»: Մարզադաշտում ստեղծված իրավիճակն առանց հիմնադրամի միակ տիրոջ` Վալերի Մեջլումյանի գիտության չէր կարող լինել:
Դեռեւս մարզադաշտի վերանորոգման ընթացքում նախահաշվով նախատեսված 30 տարվա վաղեմության ջրի հին խողովակները սկզբում նորով չեն փոխել: Խողովակները հանել ու նորից են տեղադրել: Անհանգստացած բանվորները այդ մասին տեղեկացրել են մի քանի հոգաբարձուների, վերջիններս էլ երբ այդ մասին պ. Մեջլումյանին են տեղեկացրել, նա դա համարել է խնայողություն: Սակայն լրատվամիջոցների հրապարակումներից հետո Վ. Մեջլումյանը ճարահատյալ դրանք փոխել տվեց։
Թեեւ հիմնադրամի գործունեության կարեւորագույն ուղղություններից մեկն, ի սկզբանե, Ալավերդի քաղաքի զարգացմանն ուղղված միջոցառումների եւ ծրագրերի մշակումն ու իրականացումն է, այդուհանդերձ, քաղաքի շրջակա միջավայրն անարգել աղտոտող, բնակչության առողջությանն անդառնալի վնասներ պատճառող եւ իր բնապահպանական պարտավորությունները 10 տարուց ավելի չկատարող «Էյ-սի-փի» ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանը, թվում է, թե իր ֆինանսական միջոցները պետք է նպատակաուղղեր հենց Ալավերդիում առողջապահական համակարգի կայացմանը: Սակայն հիմնադրամն Ալավերդու հիվանդանոցին երբեւէ որեւէ լումա չի հատկացրել: Թե ինչպե՞ս են ծախսվում «Մանես» բարեգործական հիմնադրամի փողերը, անհայտ է, հաշվետվությունների մեջ այդ ծախսերի մասին տեղեկություններ չկան, իսկ հիմնադիրներին, կարծես թե, այլեւս չի հետաքրքրում իրենց իսկ ստեղծած հիմնադրամի ճակատագիրը:
Մեկնաբանել