HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրամաբանական վարժություններ իշխանությունների համար

Օրեր առաջ մամուլում հրապարակում եղավ մեկի մասին, ում դեմ գլխավոր դատախազը քրեական գործ էր հարուցել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու փաստի առթիվ։

Մարդն անցած դեկտեմբերին մի քաղաքացու խոստացել էր «գործ դզել», ինչի դիմաց պահանջել էր 12 հազար դոլար։ Ութը վերցրել էր նախապես, չորսը՝ թողել գործից հետո։ Ամիսներն անցել էին, գործը չէր դզվել, մարդն էլ երեւի ծախսել էր գումարը «գործ դզելու» համար անհրաժեշտ տեղերում ու չէր կարողացել վերադարձնել։

Երբ կարդացի այս լուրի առաջին՝ «ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որոշմամբ քրեական գործ է հարուցվել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի օգնական…» տողերը, անկեղծ ասած, մտածեցի, որ ԵԽԽՎ բանաձեւին ընդառաջ քայլ է ձեռնարկվել ու որոշում է ընդունվել պատժել փետրվարյան հանրահավաքների մասնակիցների վրա անհիմն գործ թխող պաշտոնյային։ Բայց ընթերցումն ավարտելուց հետո հասկացա, որ Հայաստանում քաղբանտարկյալների թիվը մեկով ավելացել է։

- Ինչո՞ւ քաղբանտարկյալ,- առարկելով կհարցնեն ընթերցողները։- Չէ՞ որ նա կաշառք է վերցրել։

2008 թվականի մարտի 1-ից կամ, ավելի շուտ, փետրվարի 19-ից հետո Հայաստանում կատարվող ամեն ինչ քաղաքական է։ Նույնիսկ մարգագետնում բացված ծաղիկներն են քաղաքական, որովհետեւ դրանք տեսնելով՝ ակամա հիշում ես մարտի 1-ի զոհերին, որոնց սպանության հանգամանքները մինչ այսօր բացահայտված չեն, հայտնաբերված ու ձերբակալված չեն նաեւ այն անձինք, ովքեր կրակ են բացել այդ զոհերի վրա, ու հատկապես այն պաշտոնյաները, ովքեր կրակելու հրաման են տվել։

Եւ այս պայմաններում, երբ Հայաստանի ոստիկանությունը, դատախազությունը, անվտանգությունն օր ու գիշեր պիտի զբաղված լինեին գոնե մեկ կրակող հայտնաբերելու գործով, հանկարծ ինքնագոհ ու հպարտ հայտարարում են, թե կաշառակերության համար դատախազի օգնական են ձերբակալել։

Եթե, այնուամենայնիվ, օրինականությունը պահպանելու կոչված այս մարմինները, մարտիմեկյան ողբերգությունը բացահայտելու հույժ կարեւոր գործը թողած, որոշել են պայքարել կաշառակերության դեմ, այդ դեպքում ինչու՞ չեն ձերբակալել նաեւ իրենց տարածած հաղորդագրության մեջ նշված Հրաչյա Կարապետյանին, այն մարդուն, ով կաշառք է տվել։ Կաշառքն էլ տվել է ոչ ավել, ոչ պակաս` որդուն բանակից ազատելու համար։

Եթե Սիմոնյանը չբռնվեր ու գործարքը կայանար, շահողը լինելու էր կաշառատուի որդին, իսկ տուժողը՝ Հայաստանի Հանրապետությունը, որի պաշտպանությունը մի դասալիքի պատճառով պիտի թուլանար։ Թե չէ հաղորդագրությունից այնպիսի տպավորություն է ստացվում, որ Սիմոնյանին ձերբակալել են կաշառքի դիմաց ծառայություն խոստանալու եւ մատուցել չկարողանալու կամ մատուցել չկարողանալով` գումարը չվերադարձնելու համար։

Ես չգիտեմ՝ եվրոպական կոնվենցիաներն ինչպե՞ս են ձեւակերպում «քաղբանտարկյալ» հասկացությունը, բայց իմ տպավորությամբ Հակոբ Սիմոնյանի հետապնդումը քաղաքական է, քանի որ նրան օգտագործում են ինքնահաստատման կամ աշխատելու պատրանք ստեղծելու նպատակով բեմադրված շոուի մեջ։

Ո՞ւմ համար պարզ չէ, որ այս տարաբախտ Հակոբ Սիմոնյանի գործի մասին բառ անգամ չէինք լսի, եթե այն բացահայտված լիներ անցած սեպտեմբերից առաջ։ Լսելով կաշառատուի բողոքը՝ նրան կկանչեին վերին ատյան, կստիպեին հետ տալ գումարը եւ այդ չափի կամ գուցե ավելի մեծ գումար էլ կպահանջեին մասնագիտական առաջխաղացումը չկասեցնելու համար։ Բայց քանի որ Սիմոնյանի բախտը չի բերել, գործը «կպել» է դեկտեմբերին ու ձգձգվել մինչեւ մայիս` չարաբաստիկ ժամկետի մեջ ներառելով բուռն փետրվարն ու ողբերգական մարտը, այսօր նա հայտնվում է մեր տեսադաշտում՝ որպես քավության դիդակտիկ նոխազ։

Ուրեմն, եթե չլիներ սեպտեմբերին սկսված ու մինչ օրս հանգուցալուծում չգտած շարժումը, Սիմոնյանն, ամենայն հավանականությամբ, կպլստար։ Առավելագույնը, ինչ կարող էր պատահել, գումարը վերադարձնելուց հետո աշխատանքից ազատվելու հրամանն է։ Բայց բանտ նստել ինչ-որ 12 հազարի երկու երրորդը վերցնելու համար, դժվար պատկերացնելի բան է։ Այդ «մանրուքի» համար դատախազությունն իր վարկը չէր զոհի։

Հիմա, երբ դատարաններում մարդկանց աչքի առջեւ օր-օրի փլուզվում են իսկական քաղբանտարկյալների շինծու գործերը, երբ տուժողը համատեղության կարգով նաեւ գործի քննիչն է, երբ նույն տեղում կոշտ դիմադրության հանդիպած երկու ոստիկան իրարից տարբեր ցուցմունքներ են տալիս, երբ վկաների խիղճն արթնանում է ու դատարանում հերքում են նախաքննական ցուցմունքը, երբ դեռ առջեւում ավելի ու ավելի խայտառակ դատավարություններ կան, կաշառակերության դեմ պայքարը դառնում է ակտուալ։ Այս դեպքից էլ մեկ շաբաթ չանցած` ձերբակալում են ԵՊՀ-ի դասախոսի՝ եւս մեկով ավելացնելով քաղբանտարկյալների թիվը։

Վերջերս իշխանությունը ներկայացնող մի պաշտոնյա խոսում էր հեռուստացույցով ու լուրջ տեսքով ասում, թե հայտարարություններ անելուց առաջ պետք է ձեւակերպել «քաղբանտարկյալ» հասկացությունը։

Ձեւակերպելու համար վերցնենք «Հանրապետություն» կուսակցության անդամ, ազատամարտիկ Հուսիկ Բաղդասարյանի դեպքը։ Նրան դատում են այն բանի համար, որ իր օրինական հրացանի ու տանը հայտնաբերված վեց փամփուշտի միջեւ իբր անհամապատասխանություն կա։ Լավ, ենթադրենք, կա, բայց եթե անցած սեպտեմբերին սկսված շարժումը, որի կողմնակիցն է Հուսիկ Բաղդասարյանը, թափ հավաքելով փետրվարին հասած չլիներ գագաթնակետին ու եթե իշխանությունները ստիպված չլինեին բռնաճնշումներով կասեցնել այդ շարժման ընթացքը, ո՞վ էր գնալու Հուսիկենց տուն ու նայելու՝ համապատասխանո՞ւմ են փամփուշտները հրացանին, թե՝ ոչ։ Ոչ ոք չէր գնալու, մարդն էլ հիմա ազատության մեջ էր լինելու։

Կամ՝ վերցնենք Սասուն Միքայելյանի օրինակը։ Երկար տարիներ լինելով ՀՀԿ-ի անդամ, ԱԺ պատգամավոր, մարդը զենք-զինամթերք է պահել եւ ոչ ոք չի հետաքրքրվել դրանով։ Ուրեմն կաշառակեր հայտնաբերող դատախազ Աղվան Հովսեփյանը վատ է աշխատել, չէ՞։ Ու քանի որ վատ է աշխատել, ժողովուրդն էլ տեսնելով նրա վատ աշխատանքը, կյանքը փոխելու համար ոտքի է կանգնել։

Սասուն Միքայելյանն էլ՝ մտածելով, որ իր պահած զենք-զինամթերքը իրավապահներին առանձնապես չի հետաքրքրում, եկել ու միացել է ժողովրդին։ Ի՞նչ իմանար, որ ՀՀԿ-ական Սասուն Միքայելյանին զենք ունենալ կարելի է, իսկ ընդդիմադիր Սասուն Միքայելյանին՝ ոչ։ Հիմա եթե շարժումը չլիներ, Սասուն Միքայելյանն էլ չմիանար, ո՞վ կիմանար, որ նա թաքցրած (պատկերացրեք՝ լճի մեջ) զենք-զինամթերք ունի։ Ոչ ոք չէր իմանա, այդ զենք-զինամթերքն էլ մի օր լճի միջից կկրակեր ու նորից կպարզվեր, որ իշխանությունները վատ են աշխատում։

Աշխատանքի որակը բարձրացնելու համար պետք է տրամաբանական վարժություններ անել։ Գուցե դա օգնի հասկանալու, որ ոչ մի դատարան չի կարողանալու ապացուցել մարտի մեկից հետո ձերբակալված անձանց քաղբանտարկյալ չլինելը։ Իսկ լինելն ապացուցելու կարիք չկա, տեսնում ենք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter