HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Կորսվող հնարավորությունների պահը

Այն վերաբերմունքը, որը ցուցաբերվում է ԵԽԽՎ հայտնի բանաձեւի պահանջները կատարելու նկատմամբ, պարզորոշ ցույց է տալիս, թե ինչպիսին է քաղաքական խնդիրները լուծելու, հասարակական պառակտվածությունը չեզոքացնելու հարցում դրսեւորվող «սկզբունքայնության» լրջության մակարդակը։

Ընդ որում` այդ բանաձեւի պահանջների կատարումն իրականում ոչ թե հարցի վերջնական լուծում է ենթադրում, այլեւ պարզապես բանակցություններ սկսելու, դրանով պայմանավորված երկխոսության որոշակի կուլտուրա մշակելու նախադրյալ։ Որովհետեւ ԵԽ-ի կողմից առաջադրված պայմանների կատարումն առաջին հերթին հենց բանակցություններ էր ենթադրում։ Այսինքն՝ գոնե այս պահին ԵԽ այդ բանաձեւը երկրում առկա խնդիրների ոչ թե բովանդակային, այլ ձեւաչափային լուծումներ է առաջարկում։ Եվ քանի որ հայաստանյան քաղաքական ուժերը փոխադարձ անհանդուրժողականության պայմաններում ի վիճակի չեն սեփական նախաձեռնությամբ մշակելու այդ ձեւաչափը, ԵԽԽՎ բանաձեւը մնում է դրա համար այս պահին միակ ընդունելի տարբերակը։ Այս տեսակետից բանաձեւի նկատմամբ վերաբերմունքի լրջության մակարդակը դառնում է այն ցուցիչը, որով որոշվում է, թե որքանո՞վ ենք հակված, շահագրգռված` ձեւավորելու բանակցությունների ու իրական երկխոսության անհրաժեշտ միջավայրը։

1609 բանաձեւն ուղղակիորեն այդպիսի կոնկրետ երկու միջավայր ստեղծելու խնդիր է դրել։ Խոսքը մի դեպքում վերաբերում է մարտյան դեպքերն ուսումնասիրող անկողմնակալ, համակողմանի հետաքննության իրականացման պահանջին։ Ընդդիմությունը հայտարարում է, թե ԵԽԽՎ այս պահանջը պետք է կատարվի միայն միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Մինչդեռ իշխանություններն առայժմ կոնկրետ այս խնդիրի լուծման որեւէ մեխանիզմ չեն առաջարկել։ Ավելին, անցած շաբաթ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը 30 օրով հետաձգեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի ներկայացրած «Նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հաղթահարման ուղիներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրինագիծը։ Ուշագրավն այն է, որ այս նախագիծը ոչ թե վերաբերում էր մարտյան դեպքերի հետաքննությանը, այլ դրա հետեւանքների վերացման ուղիներ գտնելու հնարավորությունների ուսունասիրմանը, որն այլ կերպ, քան հասարակական քննարկումների միջոցով, դժվար է պատկերացնել։ Այդ օրինագիծը նույնիսկ քննարկումների համար օրակարգում չընդգրկելն ուղղակի անհասկանալի է դառնում ԵԽԽՎ բանաձեւի՝ քաղաքական երկխոսություններ սկսելու պահանջի տրամաբանության ներքո, մանավանդ որ առանձնապես սուր ծայրեր չի ենթադրում։

Երկրորդ միջավայրը պետք է դառնար Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (ՀՀՌԽ) եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱԽ) կազմերի փոփոխությունը։ ԵԽԽՎ-ն բանաձեւում շատ ընդհանրական է ձեւակերպել ոչ միայն այդ փոփոխությունների ձեւաչափը, այլեւ նպատակները, համաձայն որոնց՝ պետք է երաշխավորվի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի անկախությունը տարբեր քաղաքական հետաքրքրություններից, բացի դրանից՝ «այդ մարմինների կազմը պետք է վերանայվի, որպեսզի երաշխավորված լինի հայաստանյան հասարակության համար նրա ներկայացուցչական լինելը»։ Բնականաբար, նման ձեւակերպումների պայմաններում եւ այս խնդրի հետ կապված փոփոխություններ կատարելու իրական տրամադրվածության դեպքում հեշտ է տարբեր մեկնաբանությունների ենթարկել բանաձեւի այս պահանջը։ Այն լիովին հնարավորություն է տալիս պարզապես կոսմետիկ փոփոխությունների միջոցով պահանջի կատարման իմիտացիա ստեղծել, եւ ԵԽԽՎ-ն էլ, բանաձեւի պահանջների կատարման ընթացքն ուսումնասիրելիս, հաստատապես կկենտրոնանա միայն կատարված փոփոխությունների արտաքին, երեւացող շերտի վրա։ Մինչդեռ առկա քաղաքական իրավիճակի պայմաններում այս կոլեգիալ մարմինների կազմերի փոփոխությունը ենթադրում է, որ դրանցում պետք է ընդգրկվեն նաեւ արմատական ընդդիմության ներկայացուցիչներ, եւ հենց այդպիսի ներկայացուցչական մարմինների մասին է խոսում ԵԽԽՎ-ն իր բանաձեւում։

Ինչպես այս, այնպես էլ բանաձեւի մնացած պահանջների կատարման համար առաջարկություններ ներկայացնելու նպատակով ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված աշխատանքային խումբն արդեն առաջարկությունների փաթեթը ներկայացրել է նախագահին։ Սակայն, առայժմ անհասկանալի պատճառներով, այդ առաջարկությունների էությունը չի հրապարակվում, այսինքն` հասարակական քննարկման չի դրվում։ Եվ պարզ չէ, թե կոնկրետ ՀՀՌԽ եւ ՀՌԱԽ կազմերի հետ կապված ինչպիսի մոտեցումներ է առաջարկում աշխատանքային խումբը։

Ըստ էության, այս խմբի ստեղծումը պետք է համարել երրորդ միջավայրը, որտեղ պետք է դրսեւորվեր բանակցությունների գնալու` կողմերի տրամադրվածությունը։ Այն գուցե առաջին այդպիսի հնարավորությունը պետք է համարել` հաշվի առնելով, որ, ըստ էության, տրամաբանորեն հենց առաջարկությունների մշակման փուլում պետք է ապահովվեր դրանում քաղաքական-հասարակական բոլոր հետաքրքրությունների ներգրավվածությունը, երկրորդ՝ որովհետեւ դա ոչ թե ԵԽ-ի պահանջ էր, այլ ներքին անհրաժեշտության լուծում, որը տեսավ ՀՀ նախագահը։ Այս իմաստով չափազանց խոսուն է աշխատանքային խմբի ձեւավորման հետ կապված երկու շատ կարեւոր գործոն։ Առաջին՝ նախագահի հրամանագրով դրանում ներգրավվեցին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության փոխնախարարները, գլխավոր դատախազի տեղակալը եւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները։ Պատահական չէր, որ այդպես էլ չբացատրվեց, թե ինչու՞ ընտրվեց հենց այս ձեւաչափը, երբ արդեն իսկ ակնհայտ էր, որ դրանում առավելագույնը կարող է ներգրավված լինել ընդդիմության ընդամենը մեկ ներկայացուցիչ՝ ի դեմս «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավարի։ Երկրորդ՝ ինչու՞ խմբի աշխատանքներին մասնակցել չկարողանալու` Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնավորումը եւ իրեն «Ժառանգության» մեկ այլ ներկայացուցչով փոխարինելու առաջարկը կոալիցիոն կուսակցությունների համատեղ տարածած հայտնի հայտարարության մեջ մեկնաբանվեց իբրեւ խմբի աշխատանքներին մասնակցելուց «Ժառանգության» հրաժարում։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կոալիցիայի համար ոչ այնքան կարեւոր է այդ խմբում գոնե այդ մեկ ընդդիմադիր ուժի ներկայության ապահովումը, որքան հենց հատկապես ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմը պահպանելը, նույնն է թե՝ խնդրի միայն ձեւական կողմի ապահովումը։

Փաստորեն, աշխատանքային խմբի այսպիսի ձեւաչափն էլ թելադրեց դրա` փակ գործունեություն ծավալելու աշխատաոճը, ինչի պայմաններում այսօր կոալիցիայից դուրս որեւէ հասարակական-քաղաքական ուժ չգիտի, թե ինչպիսի առաջարկներ են ներկայացվել նախագահին, որքանով են դրանք բխում ստեղծված իրավիճակից եւ որքանով կարող են արդյունավետ լինել առկա հիմնահարցերը լուծելու ճանապարհին։ Եվ դա այն դեպքում, երբ բանաձեւի 8.1 կետը սահմանում է, որ «քաղաքական համակարգում պետք է երաշխավորված լինի ընդդիմության անհրաժեշտ կարգավիճակը եւ համապատասխան իրավունքները»։

ԵԽԽՎ բանաձեւի պահանջներին ընթացք տալու վերջնաժամկետը լրանում է երկու-երեք շաբաթից։ Մինչդեռ այն, ինչ իշխանությունը հասցրել է անել այս ընթացքում, ամբողջանում է ընդամենը բոլորին անհայտ առաջարկությունների փաթեթի ներկայացմամբ։ Իհարկե, դա եւս կարող է ներկայացվել իբրեւ պահանջների կատարում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ԱԺ է ներկայացվում հավաքներ եւ ցույցեր անցկացնելու մասին նոր օրինագիծ՝ իբրեւ թույլ տված «սխալների ուղղում» (բնութագրումը՝ Հանրային հեռուստատեսության «360 աստիճան» հաղորդաշարի, 18.05.2008 թ.)։ Սակայն ամենակարեւոր հարցը, որը կարող է հնչել այս ընթացքում կատարված աշխատանքի վերաբերյալ, առայժմ որեւէ պատասխան չունի։ Այդ հարցն է՝ որքանո՞վ է ընդդիմությունը կամ ընդդիմադիր կեցվածք որդեգրած, իշխանության նկատմամբ վստահության լրջագույն պրոբլեմներ ունեցող հասարակությունը պատասխանատվություն կրում այդ փոփոխությունների համար։

Անշուշտ, այստեղ պակաս կարեւոր չէ նաեւ ընդդիմության կեցվածքը, որը, սակայն, առանձին քննարկման նյութ է, եւ որին կանդրադառնանք առաջիկայում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter