HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Ձեւական աճուրդ Թեղուտում

Տավուշի մարզի Թեղուտ գյուղի համայնքապետարանը մայիսի 5-ին գյուղի «Հաղարծին յալ» թաղամասից աճուրդի էր ներկայացրել 1190 քմ հողակտոր: Հողամասն աճուրդով վաճառելու մասին հայտարարությունը տպագրվել էր «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ապրիլի 4-ի համարում:

Աճուրդի մեկնարկը հայտարարված էր ժամը 12:00-ին, համայնքապետ Գեւորգ Թամրազյանը, ով պետք է անցկացներ աճուրդային վաճառքը, Թեղուտում չէր: Նա անձնական գործերով Երեւան էր մեկնել: Համայնքապետարանի աշխատակիցներից տեղեկանալով աճուրդին ներկա գտնվելու մեր ցանկության մասին, պրն Թամրազյանը զանգահարեց եւ հայտնեց, որ աճուրդը սկսվելու է ժամը 15:00-ին: Սակայն սա աճուրդային կարգի միակ խախտումը չէր: Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է մրցույթից առնվազն 3 օր առաջ մասնակցության հայտ ներկայացնեին Թեղուտի համայնքապետարան: 

Հողամասի աճուրդային վաճառքի համար հայտ ներկայացրած 2 անձանց` Սեյրան Հովսեփյանի եւ Ալեքսանդր Բադալյանի հայտերում, ուշագրավ զուգադիպությամբ, նույն ջնջումն է: Հայտերը նախ լրացվել են մայիս ամսով, իսկ հետո ջնջումներով հայտերի ներկայացման ամսաթիվը դարձել է ապրիլի 30-ը: Ինչեւիցե, ժամը 15:00-ին համայնքապետարանում սկսվեց բնակելի կառուցապատման նպատակով վերոհիշյալ հողամասի վաճառքը: Հողամասն օտարվում էր կադաստրային արժեքով` 1 քմ-ը 222 դրամով, մեկնարկային ընդհանուր գինը` 265 հազար դրամ: Աճուրդն անցավ կանխատեսելի սցենարով. Երեւանի բնակիչ Սեյրան Հովսեփյանը մի քայլ կատարեց մեկնարկային արժեքի 5 %-ի չափով: Դրան հետեւեց մյուս մասնակցի` նույնպես երեւանցի Ալեքսանդր Բադալյանի քայլը` 5%-ի չափով: Համայնքապետը փայտե մուրճիկով ազդարարեց աճուրդի ավարտը, եւ Ալեքսանդր Բադալյանը 291 հազար դրամով դարձավ 1190 քմ մակերեսով հողամասի տերը:

Աճուրդը կարող էր ավելի երկար տեւել, ինչի մասին վկայեց Ա. Բադալյանը. «Ճիշտն ասած` ես պատրաստ էի մի քանի քայլ էլ անելու, որովհետեւ ուզում եմ այստեղ իմ ձեռքով տուն կառուցել»: Նա ասաց, որ մասնագիտությամբ ճարտարապետ է, եւ իր համար հեշտ կլինի կառուցելը: Մանավանդ որ, իր վկայությամբ, պապն իջեւանցի է եղել, եւ «հողը ձգում է»: Սեյրան Հովսեփյանը, ով մայրաքաղաքից 100 կմ ճանապարհ էր անցել աճուրդում լոկ մեկ քայլ կատարելու համար, պարտությունից իրեն վհատված չէր զգում: Ի դեպ, աճուրդից հետո նա նստեց Ալեքսանդր Բադալյանի արտասահմանյան արտադրության ավտոմեքենան եւ միասին վերադարձան Երեւան: Համայնքապետ Գեւորգ Թամրազյանի վկայությամբ` 2007 թ. գյուղում թվով 7, ընթացիկ տարում 2 հողամաս է աճուրդով վաճառվել:

«Սակավահող Թեղուտ համայնքում հողերի օտարումն ի՞նչ նպատակ է հետապնդում» մեր հարցին համայնքապետը պատասխանեց. «Մի քանի նպատակ ունի: Համայնքում խնդիրներ կան լուծելու, որոնց համար ֆինանսներ են պահանջվում: Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ ջրագիծ ենք կառուցում: Այդ ծրագրում համայնքը 4.5 մլն դրամ ֆինանսական ներդրում պետք է կատարի: Այլ տեղից ֆինանսական օգնության հույս չունենք: Համայնքի հողերն օտարելով` մի կողմից լուծում ենք խմելու ջրի հարցը, մյուս կողմից` չօգտագործվող հողատարածքները վաղը մյուս օրը կբարելավվեն, կկառուցապատվեն, գյուղը կընդարձակվի, որից նաեւ գյուղի բյուջեն կմեծանա` գույքահարկ, հողի հարկ կգանձվի: Այսինքն` դա գյուղի համար նպաստավոր է բոլոր առումներով»:

Սակայն համայնքի բյուջեն էապես համալրելու համար պետք է իրական աճուրդ կայանա, մեծ թվով անձանց մասնակցությամբ: Մանավանդ որ, համայնքապետն էլ է ընդունում, որ Թեղուտի 1600 բնակիչներից աճուրդին մասնակցելու համար վճարունակ մարդիկ կան: Համայնքապետը լրագրողին ասում է` ցանկալի կլիներ, որ աճուրդին թեղուտցիներ մասնակցեին: Համայնքապետարանի շենքի առաջին հարկում հայտարությունների ցուցանակ կա, ուր զանազան բնույթի ազդեր են փակցվում: Սակայն այնտեղ 1190 քմ հողամասի վաճառքի վերաբերյալ տեղեկատվությունը չի զետեղվել:

Համայնքապետ Գ. Թամրազյանը հավաստիացնում էր, որ համայնքի բոլոր բնակիչներն էլ աճուրդային վաճառքից տեղյակ են, քանի որ ինքը համայնքի ավագանու անդամներին պատվիրել է, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն իր թաղամասում տեղեկացնի աճուրդի մասին: Համայնքապետարանի դիմաց խմբված թեղուտցիների հետ մեր զրույցը հակառակն ապացուցեց: Գյուղի բնակիչ Յուրիկ Թամրազյանը, Արարատ եւ Աղասի Հախվերդյանները, Ռազմիկ Ենգիբարյանն անտեղյակ էին հողամասի աճուրդից: Ավելին, այդ վաճառքից անտեղյակ էր նաեւ համայնքի ավագանու ակտիվ անդամներից մեկը` Ռենիկ Բաբինյանը: Վերջինս ասաց, որ գիտեր հողամասն օտարելու մասին, սակայն տեղյակ չէր, որ մայիսի 5-ին է կայանալու աճուրդը: Նա նաեւ չգիտեր, թե որտեղ է գտնվում այդ հողամասը: Դեռ մինչ աճուրդը, ի պատասխան 1190 քմ հողամասի վաճառքի վերաբերյալ հարցի, նա կարծիք հայտնեց, թե այդ հողամասը պատկանում է գյուղացիներից Ալվարդ Հախվերդյանին, ով ժամանակին այդտեղ ցանկապատում է կատարել, եւ աճուրդը միայն օրինականացնելու է հողամասի փաստացի պատկանելությունը:

Առավել ուշագրավ էր համայնքապետի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի հայտնածը, որ հողամասն օտարելու մասին հայտարարությունը հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Երբ նրան հարցրի, թե «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի քանի՞ օրինակ են ստանում գյուղում, նա անվարան պատասխանեց` շուրջ 50: Մեր տարակուսանքը տեսնելով` նա միայն ծուռ ժպտաց:

Համայնքապետարանում համայնքի ղեկավարն ու մրցույթում հաղթած Ալեքսանդր Բադալյանն ասում էին, թե վաճառված հողամասը ժայռոտ է, կառուցապատման համար` ոչ հարմար: Համայնքապետին առաջարկեցինք միասին տեսնել հողամասը: Այն հենց ճանապարհի եզրին էր, կոմունիկացիաների` խմելու ջրագծի, գազատարի եւ էլեկտրական գծերի հարեւանությամբ: Ընդամենը երկու ոչ մեծ քար կար հողում: Տեղանքից հիանալի տեսարան էր բացվում դեպի «Դիլիջան» ազգային պարկի անտառները: Հողամասն էլ ոչ թե ամայի վայրում էր, ինչպես ասվում էր, այլ` առանձնատների կողքին, համայնքապետի տնից 50 մ հեռավորությամբ:

1600 բնակիչ ունեցող Թեղուտն ընդամենը 11 հա վարելահող եւ 71 հա տնամերձ ունի: Ընդարձակվող գյուղում տնամերձերի խիստ պակասություն է զգացվում: Համայնքապետարանը պատրաստվում է այս խնդիրը լուծել ի հաշիվ չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի, որի համար պետք է դիմել կառավարությանը` դրանց նշանակությունը փոխելու եւ այդ տարածքները բնակելի կառուցապատման համար գործածելու նպատակով:

Թեղուտն առողջարանային Դիլիջան քաղաքից ընդամենը 8 կմ հեռավորության վրա է գտնվում: Դիլիջանն էլ, կառավարության որոշմամբ, հանրապետության ֆինանսական կենտրոն պետք է դառնա: Թեղուտի տարածքում, նշանավոր Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին հողամաս ունենալը շատ երեւանցիների է հրապուրում: Թոշակառու Ռազմիկ Ենգիբարյանը վրդովվում է. «Էրեվանցիք գյուղը գրավել են` Հաղարծին տանող ճանապարհին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter