
Աշխատունակ գործազուրկներ. արդյունաբերողները բերում են իրենց մասնագետներին
Տարիներ շարունակ Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը ստեղծում էր աշխատատեղեր, որոնք, սակայն, նախատեսված չէին ո’չ տեղի, ո’չ էլ հարակից շրջանների բնակիչների համար:
Օտարերկրյա սեփականատերերն աշխատողներին բերում էին իրենց երկրներից:
«Տեսեք, թե ինչ է ստացվում` մենք ապրում ենք այստեղ, մենք կրում ենք դրանց պատճառած բոլոր վնասները, շնչում ենք ցիանիդի փոշին, իսկ արդյունքում մնում ենք գործազուրկ,- ասաց 36-ամյա Արմեն Գինոսյանը,- էդ գործարանում 50% հնդիկներ են աշխատում»:
Մինչև 2007 թվականի վերջ ԱՈԱՁ-ի բաժնետեր էր հանդիսանում ազգությամբ հնդիկ լոնդոնաբնակ Անիլ Ագարվալը: Արարատի բնակիչները փաստում են, որ երբ հնդիկները սկսեցին շահագործել գործարանը, նրանք մեկը մյուսի ետևից հեռացրին տեղացի մասնագետներին և նույնիսկ բանվորներին: «Չ±է որ քաղաքում մենք ենք ապրում, ու քաղաքն էլ մեծ չէ, դե եթե մենք չիմանանք ու չտեսնենք, ո±վ պիտի ասի, որ մենք էդ գործարանից շահ չպիտի ունենանք»,- ասաց 67-ամյա Սեդա Գալստյանը: Նա պատմեց, որ իրենց տունը, շատերի նման, դատարկվել է, քանի որ տան տղամարդիկ մեկնել են արտագնա աշխատանքի: «Մերոնք գնացել են, իսկ սրանք իրենց հայրենակիցներին են բերում»,- ասաց նա:
Մինչ արարատցիները բողոքում են գործազրկությունից, Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանն ասում է, որ արտագաղթի փոխարեն իրենց մոտ նկատվում են ներգաղթի ցուցանիշներ: Իսկ հարցին, թե ինչո±վ է պայմանավորված ներգաղթը, նա պտասխանեց հումորով` «ինձ հետ` քաղաքապետի հետ»:
Թե աշխատանք ունեցող մարդկանց ո±ր տոկոսն է աշխատում ԱՈԱՁ-ում, Ա. Բաբայանը տեղյակ չէր. «Բաժնետերերը փոխվել են, և հստակ ոչինչ ոչ ոք չգիտի»:
ԱՈԱՁ-ի ներկայացուցիչներից փորձեցինք ճշտել, թե քանի± տեղացի է աշխատում գործարանում: Պատասխանները խիստ տարբերվում էին իրարից: Օրինակ` էկոլոգիական հարցերով կառավարիչ Միքայել Կուկուլյանն ասաց, որ բոլոր նրանք, ովքեր ժամանակին աշխատել են, շարունակում էին աշխատել մինչ այն պահը, երբ վերաբացվեց ցեմենտի գործարանը:
«Նրանցից շատերին թվաց, որ այնտեղ ավելի շատ են վճարելու, քան մեզ մոտ, ու գնացին: Բայց հետո պարզվեց, որ ոչ միայն բարձր չեն վարձատրում, այլ նաև ոչինչ չեն տալիս: Երբ փորձեցին հետ վերադառնալ, արդեն ուշ էր»,- ասաց նա:
ԱՈԱՁ-ի մեկ այլ ներկայացուցիչ, ով չցանկացավ հրապարակել իր անունը, ասաց, որ նախկին բաժնետերերը հեռացնում էին աշխատողներին ու փոխարենը բերում հնդիկ մասնագետներ: Նրա կարծիքով` ՀՀ կառավարությունը պետք է բաժնետերերի հետ պայմանագիր կնքելիս բարձրացնի այդ հարցը, որպեսզի տեղի բնակչությունը գոնե իր առողջական խնդիրները լուծելու հնարավորություն ունենա:
«Ոսկու արդյունաբերությունը ամենաշահավետներից մեկն է, եթե մի պահ փորձենք մոռանալ դրա գործունեության ժամանակ առաջ եկած խնդիրները»,- ասաց VSB-Օստրավայի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Պավել Դանիհելկան:
Ոսկու արդյունաբերությունն ընդհանրապես արդյունաբերության ամենահին ճյուղերից մեկն է, այն գործունեության լայն շրջանակ է ենթադրում` հանքարդյունաբերություն, հումքի վերամշակում, տրանսպորտային միջոցներ, այնուհետև` հումքի «կերպարանափոխություն» զարդի կամ այլ առարկաների տեսքով:
Վերջին մի քանի տարիների, և հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում համաշխարհային շուկայում մեկ ունցիա ոսկու գինը թանկացել է` սահմանելով ռեկորդային ցուցանիշ` 1,000 ԱՄՆ դոլար մեկ ունցիայի համար:
Ոսկու գների աննախադեպ աճը, սակայն, ոչնչով չի ազդում Արարատի բնակիչների կենսամակարդակի վրա: Ըստ Արարատի քաղաքապետի օգնական Ադիբեկ Խուրշուդյանի` Վանավանի բնակիչներն, օրինակ, բազմիցս բարձրացրել են իրենց` ոսկու գործարանում աշխատելու հարցը, բայց ոչինչ չի փոխվել:
«Ես արդարացնում եմ կապիտալիստի քայլը, քանի որ նա վճարում է և ուզում է համապատասխան արդյունք տեսնել,- ասաց քաղաքապետի օգնականը,- իսկ տեղացի աշխատողները ոչ մի վերապատրաստում չեն անցել և կիրառում էին այն գիտելիքները, որ ձեռք էին բերել Սովետական Միության տարիներին»:
«Հաճախ մարդիկ երկմտանքի առաջ են կանգնում, քանի որ մի կողմից նոր գործարան է բացվում, նոր աշխատատեղեր, իսկ մյուս կողմից` մարդիկ մեռնում են քաղցկեղից, իսկ իրենց երեխաներին սպասվում է միևնույն ճակատագիրը, ինչ որ իրենց»,- ասաց ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրերի համակարգող Եվա Ռուսեվսկան:
«Ախր, ամեն ինչի մեջ էլ վնասակար բաներ կան: Բայց սենց էլ չի լինի` համ էկոլոգիական վնասներից ենք տառապում, համ էլ` չքավորությունից»,- դժգոհեց քաղաքի բնակչուհի 28-ամյա Անուշ Սարգսյանը:
Մայրաքաղաք Երևանից մինչև Արարատ մոտավորապես 60 րոպե ճանապարհ է, թվում է` քաղաքն այնքան մոտ է Երևանին և պետք է որ այնքան աշխույժ լինի: «Մենք մեզ էստեղ լավ չենք զգում, ոնց որ քաղաքակրթությունից շատ հեռու լինենք, - ասաց 30-ամյա Նունե Հակոբյանը,- անունն է միայն արդյունաբերական քաղաք, բայց ոչ մեկս էլ չենք աշխատում»:
«Մենք հանքարդյունաբերության կարիքն ունենք: Այն շատ հին ժամանակներից է գալիս: Օրինակ` իմ երկրում ածուխը դեռևս հնուց օգտագործվում էր ջեռուցում ստանալու համար,- ասաց Պ. Դանիհելկան,- այդ իսկ պատճառով մենք դրա կարիքն ունենք: Բայց պետք է հիշել, որ հանքարդյունաբերությունը պետք է ապահով լինի»:
Ուշացող պաշտպաններ. մեդիան հապաղում է, հասարակությունը՝ լռում
«Ոսկու արդյունահանումը այն բիզնեսներից է, որը փակ է: Նրանք չեն ուզում, որ համայնքները շատ բան իմանան: Իրենք սեփական նախաձեռնությամբ են կատարում հետազոտությունները, եթե, իհարկե, կատարում են»,- ասաց ոլորտի պաշտոնյաներից մեկը: Հարցին, թե պաշտոնական կողմը լիազորություններ չունի՞ խնդիրը հարթելու, պատասխանը հնչեց այսպես. “Ունի, իհարկե, ունի, բայց…..բայց….»:
Այսօր Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության (ԱՈԱՁ) վերամշակման կոմբինատի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է: Տարեսկզբին հնդիկ սեփականատերը ձեռնարկությունը վաճառեց «GeoProMining Ltd» ընկերությանը: Վերջիններս այժմ մշակում են հետագա գործունեության մեթոդները, ներկրվող տեխնոլոգիաները, ներդրումների ծավալները:
Բնապահպաններն ասում են, որ այն հանգամանքը, որ կոմբինատի գործունեությունն առայժմ դադարեցված է, չի նշանակում, որ խնդիրները նույնպես դադարել են գոյություն ունենալ:
«Այնտեղ կա կապար, արսեն, քլոր և ցիանիդ, ինչպե՞ս կարելի է մտածել, որ միայն կոմբինատի չշահագործվելով հարցը լուծված է»,- ասաց Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
Ձեռնարկության ներկայացուցիչները կարող են ասել, որ իրենք պատասխանատու են միայն այն ժամանակահատվածի համար, երբ իրենք գործունեություն են ծավալում, իսկ հետևանքները և դրանց լուծումները թողնել տեղի բնակչությանը:
«Ոչ միայն հանքարդյունաբերության կամ ոսկու կորզման ժամանակ, այլ ամբողջ արդյունաբերական գործունեության ընթացքում և անգամ դրանից հետո արդյունաբերողները պետք է պատասխանատու լինեն իրենց թողած հետևանքների համար»,- ասաց VSB-Օստրավայի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Պավել Դանիհելկան:
Սա նշանակում է, որ արդյունաբերողները վերամշակման փուլից հետո պետք է մեկուսացնեն պոչամբարը` այլ խնդիրներից խուսափելու համար:
«Եթե խնդիրներ առաջանան, ապա նրանք ստիպված են լուծելու ոչ միայն առողջապահական, այլ նաև հարցեր, որոնք կապված են մարդու իրավունքների հետ»,- ասաց պրոֆեսորը:
Արդյունաբերության հաջողությունը ենթադրում է, որ ձեռնարկատերերը հումքի ստացումից մինչև ոսկու կորզումը կատարում են բարեկարգման աշխատանքներ, կառավարությունը, միջազգային կառույցները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը, աշխատակիցները, սպառողները և մեդիան, մի օղակ դարձած, առաջ են գնում: Սա է փորձագետների եզրակացությունը:
Մեդիայի ներկայացուցիչները հավաստում են, որ իրենց երբեմն տրամադրում են ոչ ճշգրիտ փաստեր, և որ իրենց չի հաջողվում խթանել հանրության գիտակցության արթնացումը: Այդ դեպքում ո՞րն է խնդիրը լուծելու դեղատոմսը:
Միջազգային հանրությանը ծանոթ է մի բնապահպանական աղետ, որը տեղի է ունեցել Ռումինիայի Բայա Մարա քաղաքում 2000 թվականի հունվարի 30-ին:
«Դա մի իսկական բնապահպանական աղետ էր, երբ 100.000 խմ ցիանիդ և այլ ծանր մետաղներ պարունակող հեղուկը թափվել էր Սոմես, Թիցա և Դանուբ գետերը»,- ասում է աղետի ականատես Պ. Դանիհելկան:
«Այդ դեպքից հետո հասարակական գիտակցությունը սթափվեց, կազմակերպվեցին հանրահավաքներ, և ձևավորվեց հանրային դիմադրություն ոսկու արդյունաբերության դեմ, որտեղ պարտադիր տարր էր ցիանիդը»,- գրում են տեղական թերթերը:Աղետի արդյունքում թունավորվել էր խմելու ջուրը, սատկել էին 100-ավոր տոննա ձկներ:
«Ես մի երկրից եմ, որն ունի նույն քաղաքական փորձը, ինչ հայերը: 1988 թվականին մենք ունեինք մի օրենք, որն արգելում էր տարածել, բացահայտել այնպիսի տեղեկատվություն, որը կարող էր վնասել սոցիալիստական հանրապետության բարի համբավին,- ասում է Պ. Դանիհելկան,- քսան տարի անց ամեն ինչ փոխվել է: Մարդիկ պատասխանատու են իրենց երկրի ու նրա ապագայի համար: Մարդիկ, և ոչ քաղաքական գործիչները: Ուստի, հանրային մասնակցությունը և արթուն գիտակցությունը կարևոր են»:
Ըստ բնապահպանների` երբ 1988 թվականի էկոլոգիական ուղղվածություն ունեցող շարժումը համազգային անկախության երանգ ստացավ և դարձավ ավելի շուտ քաղաքական, քան էկոլոգիական շարժում, մարդկանց ոգևորությունն այլևս չարթնացավ: «Հասարակության գիտակցությունը կարծես հանգչել է,- ասում է Հ. Սանասարյանը,- ես վախենում եմ, բայց ապրելու ցանկություն պարզապես չեմ տեսնում նրանց աչքերում»:
Սակայն, այսօր կան մարդիկ, ովքեր հավատում են, որ հաջորդ շրջանը եկել է և թակում է հասարակության յուրաքանչյուր անդամի դուռը:
Մեկնաբանել