Սարուխանի համայնքապետը կարեւորում է ավագանու դերի բարձրացումը
Լուսինե Թոփլաղացյան
Սարուխանը Գավառի վարչատարածքի ամենամեծ •յուղական համայնքն է: Վերջին հաշվառման տվյալներով` համայնքն ունի 9216 բնակիչ, 3408 տնտեսություն: Առհասարակ, ՏԻՄ-երը համայնքի բնակիչների հաշվառումն իրականացնում են յուրաքանչյուր տարվա հունվարի 10-17-ը:
Սարուխանն ունի տնային տնտեսությունների հաշվառման 34 գիրք, որոնց տվյալները վերանայելու եւ թարմացնելու համար համայնքապետարանի ձեւավորած հանձնաժողովի անդամներն այցելում ու համապատասխան գրանցումներ են կատարում համայնքի բնակիչների շրջանում: Ըստ հաշվառման տվյալների` համայնքից ժամանակավոր բացակայում է 996 մարդ, երկարատեւ բացակայողների թիվը 365 է: Ժամանակավոր են համարվում այն բացակայողները, ովքեր տարին թեկուզ մի քանի օրով համայնքում են լինում, իսկ երկարատեւ բացակայությունը տարիների տեւողություն ունի:
2008 թ. ընթացքում Սարուխանում հրավիրված ավագանու 3 նիստերից տեղի են ունեցել վերջին 2-ը, քանի որ առաջին նիստի ժամանակ քվորում չի ապահովվել: Նշենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով համայնքի ավագանու նիuտն իրավազոր է, եթե նիuտին ներկա է ավագանու անդամների կեuից ավելին. «Եթե կեu ժամվա ընթացքում չի ապահովվում նիuտի իրավազորությունը կամ նիuտին չի ներկայանում համայնքի ղեկավարը, եւ նիuտը չի uկuվում, ապա նիuտի չկայացման մաuին կազմվում է արձանագրություն, որը uտորագրում են ավագանու` նիuտին ներկայացած անդամները»: Այս ընթացակարգով էլ շարժվել են Սարուխանի ՏԻՄ ներկայացուցիչները:
Ավագանու երկրորդ նիստը կայացել է փետրվարի 25-ին օրակարգային հինգ` 2008 թ. համայնքային բյուջեի, տեղական տուրքերի եւ դրույքաչափերի, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակի եւ դրույքաչափերի, 2007 թ. համայնքային բյուջեի կատարման, համայնքի հողերի աճուրդ վաճառքի հաստատման հարցերով:
Համայնքի 2007 թ. բյուջեի մուտքերը կազմել են 84 մլն 323 հազար դրամ, մինչդեռ ծախսերը կազմել են 89 մլն 549 հազար դրամ, ինչը պայմանավորված է եղել նախորդ տարվա բյուջեից փոխանցված 3 մլն 242 հազար 200 դրամ ազատ մնացորդով: 2007 թ. բյուջեն կատարվել է շուրջ 72 %-ով: Նախորդ տարվա արժանահիշատակ աշխատանքներից համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էդգար Վարդանյանն առանձնացնում է 3200 մ ընդհանուր երկարությամբ փողոցային լուսավորության անցկացումը համայնքում, որն իրականացվել է գնանշման հարցման միջոցով, 7 մլն 50 հազար դրամ արժողությամբ:
2008 թ. բյուջեով նախատեսվել են 92 մլն 855 հազար 300 դրամի ծախսեր, իսկ մուտքերը նախատեսվել են 89 մլն 647 հազար դրամ: Տարբերությունը կրկին պայմանավորված է տարեսկզբի ազատ մնացորդով: Տարվա ամենամեծ կապիտալ ծրագրի ուղղվածությունը որոշելու համար 2007 թ. դեկտեմբերի 21-ին համայնքում իրականացվել է համահամայնքային քննարկում, որն իրականացվել է ոչ թե համայնքապետարանի, այլ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ: Ի դեպ, համայնքներում նույնիսկ չեն էլ ենթադրում ու պատկերացնում, թե առանց արտաքին միջամտության նման հանդիպումների նախաձեռնումն ու իրականացումն իրենց իսկ պարտականությունն է:
Սարուխանի համահամայնքային քննարկումը կազմակերպել են «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ը եւ Գեղարքունիքի Առեւտրաարդյունաբերական պալատը: Շուրջ 150 մասնակից ունեցող այդ հանդիպումը համայնքապետարանի աշխատակիցները չեն արձանագրել, քանի որ մեզանում ՏԻՄ-երի աշխատակիցների գործավարության շրջանակներում գրանցվում ու գրառվում են միայն օրենքով պարտադրված գործողությունները: Մինչդեռ, տեղի է ունեցել բավականին հետաքրքիր ու արձանագրության արժանի քննարկում: Ներկայացվել են համայնքային 5 ծրագրերի գաղափարներ` ներհամայնքային նշանակության ճանապարհների վերանորոգում, ակումբի դահլիճի կապիտալ վերանորոգում, «Պալի տակ» կոչվող թաղամասում կամուրջի կառուցում եւ ճանապարհի խճապատում, թիվ 1 մանկապարտեզի մասնաշենքի կապիտալ վերանորոգում, ոռոգման ջրի խորքային հորի հորատում, որպեսզի համայնքի անդամները քվեարկեն եւ դրանցից մեկն ընդգրկեն 2008 թ. համայնքային բյուջեում: Այս ծրագրերից յուրաքանչյուրը մասնակիցներին ներկայացվել է գրավոր տեսքով, մեկ էջի սահմաններում, ինչպես նաեւ` յուրաքանչյուր առաջարկ ներկայացվել է ելույթների միջոցով: Համայնքի անդամները բաց եւ համակարգչային քվեարկությամբ ընտրել են ներհամայնքային նշանակության ճանապարհների վերանորոգումը, որի համար 2008 թ. բյուջեում նախատեսվել է 15 մլն դրամ: Գեղարքունիքի Առեւտրաարդյունաբերական պալատի փորձագետ Արտակ Դադոյանը նշում է, որ քննարկման նպատակը համայնքային բյուջեում ընդգրկվելիք ծրագրերի ընտրությանը համայնքի բնակիչներին մասնակից դարձնելն էր, ինչը հաջողվել է իրականացնել Սարուխանում:
Սարուխանում տեղի ունեցած քննարկումն ամենից առաջ արժեքավոր է որոշումների կայացման գործընթացում համայնքի բնակիչների ներգրավման առումով, քանի որ ավագանին, ձեւավորված լինելով ընտրությունների արդյունքում, իրականում չի գործում որպես ներկայացուցչական մարմին: Որպես կանոն` համայնքի գործադիր իշխանությունը ներկայացնող պաշտոնյաները եւ մասնավորապես համայնքների ղեկավարները թափանցիկության, հրապարակայնության, բնակչության մասնակցության վերաբերյալ պահանջներին դիմակայում են հենց ավագանու գործոնով` «ավագանին տեղյակ է եղել», «ավագանին է որոշել», «ավագանու անդամներն ամեն օր մեր աշխատանքները ներկայացնում են համայնքի բնակիչներին» նմանօրինակ արդարացում-պատասխաններով: Մինչդեռ իրենք շատ լավ գիտեն, թե որքան ձեւական ու պասիվ է մեզանում ավագանու ինստիտուտը:
Որպեսզի կիրարկվեն թափանցիկության, հրապարակայնության եւ համայնքի անդամների առջեւ հաշվետու լինելու սկզբունքները, անհրաժեշտ է ենթաօրենսդրական ակտերի ընդունումով սահմանել պարտադիր գործողություններ: Այսպես, օրինակ, բոլոր ՏԻՄ ներկայացուցիչները լավատեղյակ են, որ 10 մլն դրամը գերազանցող կապիտալ ծրագրերը կամ գնումները պետք է իրականացվեն Գնումների գործակալության միջոցով: Իսկ հնարավո՞ր չէ, արդյոք, նաեւ իրավական ճանապարհով պարտադիր դարձնել հանրային քննարկումները, ասենք, 10 մլն դրամը գերազանցող ծրագրերի, գնումների կամ համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի օտարման առնչությամբ: Անշուշտ, հնարավոր է: Այդ դեպքում համայնքապետերը եւ ավագանին, որոնց ետ կանչելու մեխանիզմներ համայնքի բնակիչները չունեն, ավելի պատասխանատու կգտնվեն մեծ ծրագրեր իրականացնելու կամ, ասենք, համայնքի ղեկավարի համար թանկարժեք ծառայողական ավտոմեքենա գնելու հարցերում:
Սարուխանում տեղի ունեցած համահամայնքային քննարկումը հուշում է, որ միայն ցանկություն ու կամք է պետք, որպեսզի համայնքը ներգրավվի իրեն վերաբերող որոշումների ընդունման գործընթացում: Այս մտահոգությունների տեսանկյունից էլ կրկին ուրախացնող են արդեն 12 տարի պաշտոնավարող Սարուխան համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանի` տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխման առաջարկները` բարձրացնել ավագանու դերը, սահմանել համայնքի ղեկավարի թեկնածուի` բարձրագույն կրթություն ունենալու պարտադիր նորմը: Սակայն ավագանու դերն ինքն իրեն չի բարձրանա: Խորհրդարանն էլ ինքն իրեն չի սահմանի բարձրագույն կրթություն ունենալու պարտադիր նորմ համայնքի ղեկավարի թեկնածուի համար: Հասարակական պահանջ է անհրաժեշտ, որպեսզի հասնենք ժողովրդավարական միջավայրի կերտմանն այն տարածքում, որտեղ մեզանից յուրաքանչյուրն ապրում է:
Ավագանու 3-րդ նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 14-ին, ընդունվել են որոշումներ 2008 թ. համայնքային բյուջեի առաջին եռամսյակի կատարման, համայնքում վարուցանքի գների եւ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հողի հարկի բազան ստանալու մասին:
Հետաքրքիր է ավագանու կողմից համայնքում վարուցանքի գների սահմանման մասին որոշումը, քանի որ այդ աշխատանքներն իրականացվելու են մասնավոր գյուղտեխնիկայով: Համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Կատվալյանը նշեց, որ հարեւան համայնքում մեծ տրակտորով 1 հա հողամասը վարելու գինը 400 դրամ է, իսկ գյուղատնտեսական աշխատանքները սկսելիս իրենց համայնքի գյուղտեխնիկա ունեցողները որոշել էին նույն ծառայությունն իրականացնել 600 դրամով, քանի որ Սարուխանի հողակտորները փոքր են եւ միմյանցից հեռու, ինչը մեծացնում է աշխատանքների ինքնարժեքը: Նկատի ունենալով բնակիչների բողոքները` իրենք բանակցել են համայնքի համապատասխան աշխատանքներ իրականացնող գյուղտեխնիկա ունեցողների հետ եւ ավագանու որոշմամբ սահմանել են միջին գին` 500 դրամ: Պատասխանելով «արդյոք նման որոշումն իրավաբանորեն ընդունելի՞ է» հարցին` աշխատակազմի քարտուղար Էդգար Վարդանյանն ասաց, որ որոշումը դեռ չի ուղարկվել Գեղարքունիքի մարզպետարան, սակայն կարեւորն այն է, որ նման համաձայնություն ձեռք է բերվել: Նշենք, որ համայնքի ղեկավարի` գյուղատնտեuական աշխատանքների իրականացմանն աջակցելը ներառված է նաեւ կամավոր լիազորություններում, հետեւապես ողջունելի է նման նախաձեռնությունը:
Համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրման աշխատանքները, ինչպես ՀՀ շատ եւ շատ համայնքներում, այնպես էլ Սարուխանում, իրականացվում են հարկային վարչարարության միգուցե հասկանալի, սակայն ոչ օրինաչափ մեթոդներով: Այսինքն` տեղեկանքների համար համայնքապետարան դիմող քաղաքացու առջեւ պայման են առաջադրում` հարկային մուծում կատարիր որոշ չափով, որպեսզի տեղեկանք տրամադրենք: «Ի՞նչ անենք,- բացատրում են համայնքապետարանի աշխատակիցները,-այլ լծակ չունենք»: Ի դեպ, Սարուխան համայնքի հողի հարկի ապառքները կազմում են շուրջ 80 մլն, գույքահարկի ապառքները` 50 մլն դրամ: Հասկանալի ու համոզիչ են թվում ՏԻՄ ներկայացուցիչների այն բացատրությունները, թե այդ պարտքերը կուտակվել են նաեւ մեղմ մոտեցման արդյունքում: Ընդունելի է նաեւ այն, որ մարդիկ դադարել են պարտաճանաչ հարկատու լինել ու առավել հակված են կուտակելու, քան ժամանակին կատարելու իրենց հարկային պարտավորությունները: Սակայն տեղեկանքի տրամադրման մերժումն էլ օրինական չէ:
Հավելենք նաեւ, որ ինչպես Սարուխանում, այնպես էլ մարզի ու հանրապետության շատ այլ համայնքներում 2007 թ. խորհրդարանական ընտրություններից ու մարզպետների նշանակումներից հետո համայնքապետարանի ներկայացուցիչներն իրականացրել են հետեւողական աշխատանք պետական սեկտորում աշխատող համայնքի հարկատու բնակիչների հետ: Գեղարքունիքի մարզպետարանի առաջադրանքով բազմաթիվ համայնքներում ՏԻՄ-երը հանդիպումներ են կազմակերպել պետական կարգավիճակ ունեցող հիմնարկներում, որպեսզի հարկատուներին հիշեցնեն նրանց` պետական բյուջեից վարձատրվելու ու հարկային պարտավորությունների կատարման «բարոյական» փոխկապվածության մասին:
Մեր ունեցած տվյալներով` պետական հիմնարկների ղեկավարներին ներկայացվել են նաեւ պարտք ունեցող հարկ վճարողների անվանական ցուցակներ` հարկահավաքման գործընթացն ըստ պատշաճի կազմակերպելու համար: Այնպես որ, վարչական լծակները մեզանում սկսել են կիրառվել ոչ միայն ընտրությունների շրջանում, այլեւ բյուջեի եկամուտների հավաքագրման ամենօրյա գործընթացում: Չի կարելի չհամաձայնել նաեւ, որ բյուջեի ձեւավորման առումով բացատրական հանդիպումներն անհրաժեշտ ու ինչ-որ առումով նաեւ ուշացած են, սակայն, ինչպես միշտ, այս անգամ եւս մեդալը երկու կողմ ունի: Բյուջե ձեւավորողը պետք է չխուսափի բյուջեի նախագծի, կատարողականների բաց, հասկանալի հրապարակումից: Միայն այս դեպքում հարկատուները պատասխանատվություն կդրսեւորեն: Միայն այս պարագայում համայնքի բնակչին հասկանալի կլինի, թե ինչով են զբաղված իրենց համայնքապետարանում:
Մեկնաբանել