HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պտույտներ Սահմանադրության շրջակայքում

Անձնագրին փոխարինող ոչ մի թուղթ անձնագիր չէ. մի դուռ կբացի, տասը՝ փակ կմնա։ Ոչ մի խմիչք՝ անկախ համուհոտից, անկախ սառնության աստիճանից, ջուր չէ. պապակ սիրտը միայն ջրով է հովանում։ Եւ հետո` պեպսիով, թանով, կոմպոտով, գարեջրով կամ լիմոնադով չես լողանա ու չես մաքրվի։

Ընդդիմության մասին օրենք ընդունելու առաջարկը, որ չմոլորվելու հույսով շրջում է հանրային լաբիրինթոսում, ոչ այլ ինչ է, քան անձնագրին փոխարինող թղթի կտոր եւ ջրի փոխարեն առաջարկված թան կամ կոմպոտ։ Նույնն է նաեւ, այսպես կոչված, հանրային խորհուրդը։ 

Ընդդիմության մասին օրենքի անհեթեթությունը բացահայտելու համար մեծ ջանք պետք չէ։ Եթե ինտերնետը մատչելի է, կարող ես մտնել Ազգային ժողովի՝ www. parliament. am վեբկայքը եւ կարդալ այնտեղ տեղադրված ՀՀ Սահմանադրության տեքստը, որի երկրորդ գլխի 28-րդ հոդվածը պարզ-պարզ ասում է. «Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք»: Սրան անմիջապես հաջորդող՝ 29-րդ հոդվածը հռչակում է քաղաքացիների «խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու» իրավունքը: 30-րդ հոդվածում խոսվում է արդեն յուրաքանչյուր քաղաքացու ընտրելու իրավունքի մասին։

Սահմանադրության այս երեք հոդվածների համադրումից պարզ է դառնում, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է անդամակցել ցանկացած կուսակցության եւ միավորման, խաղաղ հավաքներով արտահայտել իր կամքն ու ընտրել ներկայացուցիչ, որի իշխանություն կամ ընդդիմություն լինելը կպարզվի քվեարկության արդյունքներն առանց մեքենայությունների ամփոփելուց հետո։ Եթե սրան էլ ավելացնենք Սահմանադրության առաջին գլխի 7-րդ հոդվածը, պարզ կդառնա, որ ընդդիմության մասին օրենքը ընդդիմության թանգարան ստեղծելու պես մի բան է։ 7-րդ հոդվածն ասում է. «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են գաղափարախոսական բազմակարծությունը եւ բազմակուսակցությունը: Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը: Նրանց գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը եւ օրենքներին, իսկ գործելակերպը՝ ժողովրդավարության սկզբունքներին»:

Ո՞րն է ժողովրդավարության գլխավոր սկզբունքը։ Իհարկե՝ ազատ ընտրությունը։ Ընտրություն կատարելուց հեշտ բան չկա, անշուշտ, եթե գործում է Սահմանադրության երկրորդ գլխի 27-րդ հոդվածը, որը երաշխավորում է լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը։ «Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով…»:

Եթե հնարավորություն ունես տեսնելու եւ լսելու Սահմանադրության առաջին գլխի 7-րդ հոդվածի երաշխավորությամբ գործող կուսակցությունների կամ քաղաքական միավորումների կարծիքը (ոչ միայն քարոզարշավի օրերին, այլ՝ տարին բոլոր), եթե կարողանում ես համեմատել նրանց տեսակետներն ու ծրագրերը, խաղի պես մի բան է դառնում Սահմանադրության առաջին գլխի 2-րդ հոդվածը կյանքի կոչելը. «Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»։ Ի դեպ, նույն հոդվածը զգուշացնում է, որ «Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: Մի բան, որ իշխանությունները չեն տարբերում սահմանադրական կարգի համար մղվող օրինական պայքարից ու յուրացման մեղադրանքով բանտարկում են ընդդիմադիր գործիչներին։

Եւ ընդդիմադիրներին էլ բանտերում պահած՝ փորձում են ստեղծել, այսպես կոչված, հանրային խորհուրդ ու իրականության զգացողությունը լրիվ կորցրածի վստահությամբ ընդդիմությանն առաջարկում մասնակցել դրա կազմավորմանը։ Երկար ու մանրամասն փնտրտուքից հետո ՀՀ Սահմանադրության տեքստում «Հանրային խորհուրդ» անունով որեւէ մարմին չգտա։ Նման բան չկա։ Հանրային խորհուրդը ճգնաժամածին գաղափար է։ Բայց ստեղծված ճգնաժամի պատճառը ոչ թե Սահմանադրության անկատարությունն է, այլ իշխանությունն ամեն գնով պահպանելու ոմանց մոլուցքը։

Ընդդիմության մասին օրենք ընդունելը կամ «Հանրային» խորհուրդ ստեղծելը խելամիտ քայլ կլիներ մի դեպքում, եթե Սահմանադրությունը ստեղծված վիճակից դուրս գալու ճամփա չտար։ Ճանապարհը կա, ու դրանով չքայլելը ժամանակ ձգել է նշանակում։ Ենթադրենք ՀԽ-ն ստեղծվեց, մի քանի մարդ բավարարեց արքունիքին մոտ լինելու իր հավակնությունը ու մի ամիս անց պարզվեց, որ այդ մարմինը չի հաղթահարում ճգնաժամը, ի՞նչ պիտի անենք այդ դեպքում։ Դրանից ավելի «հանրային» ուրիշ բան դժվար թե մտածվի։ Այդ դեպքում Հայաստանը կորցրած կլինի ճգնաժամն ավելի արագ ու ավելի արդյունավետ հաղթահարելու եւս մեկ շանս։

Հ.Գ. Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ իմացա, որ Համաժողովրդական շարժման կենտրոնը մերժել է Հանրային խորհրդի կազմավորմանը մասնակցելու` իշխանությունների առաջարկը՝ ԵԽԽՎ-ի բանաձեւի պահանջներն առաջադրելով իբրեւ նախապայման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter