HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Յոթ տարի աքսորավայրում

Ստեփանակերտ-Սիբիր-Շուշի-Ստեփանակերտ: Ահա 72-ամյա տիկին Իզաբելլայի կյանքի երթուղին, որի յուրաքանչյուր կանգառում բախտը նրա ընտանիքին նորանոր դժվարություններ եւ դժբախտություններ է մատուցել:

Սպիտակահեր, բարեհամբույր Իզաբելլա Կիսիբեկյանը, որին բոլորը գիտեն Լիլիա անունով, արցունքակալված աչքերով սկսեց իր պատմությունը Հայոց մեծ եղեռնից: Նրա մայրը` Հեղինե Սարգսյանը, դեռ փոքր երեխա էր, երբ եղեռնի ժամանակ Արեւմտյան Հայաստանից հայտնվեց Լենինականի մանկատանը: Տարիներ հետո նա արդեն Ղարաբաղում էր` ուսուցիչների մի մեծ խմբի հետ, որտեղ էլ ծանոթացավ ապագա ամուսնու` Շուշիի ռեալական ուսումնարանի շրջանավարտ Հակոբ Կիսիբեկյանի հետ, որն այդ ժամանակ Ղարաբաղի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի դպրոցում էր աշխատում:

Նրանք ամուսնացան ու 1925 թվականին տեղափոխվեցին Ստեփանակերտ: Հենց այստեղ էլ 1935 թվականին ծնվեց Իզաբելլա Կիսիբեկյանը, ով, իր կյանքի բազում դժվարությունները մի պահ մոռանալով, մեծ հպարտությամբ է պատմում իր գրագետ ծնողների մասին: Այն մասին, որ հայրը, բացի շատ գրագետ ու դպրոցաշինությանը նվիրված լինելուց, նաեւ մեծ հայրենասեր էր:

«Հորս շատերն էին հարգում, բայց ի՞նչ օգուտ, որ խորհրդային իշխանությունները նրան էլ աքսորեցին: 13 տարեկան էի, երբ զգացի, որ հորս եւ մեր ընտանիքին ինչ-որ վատ բան է սպասվում: Դպրոցում գերազանցիկների հետ պետք է լուսանկարվեի, սակայն ուսուցիչներից մեկը մոտեցավ, ձեռքիցս բռնեց ու այդ շարքից հանեց` ասելով, որ ես չպիտի լուսանկարվեմ նրանց հետ»,- հիշում է տիկին Իզաբելլան:

1949 թ. ամռանը Կիսիբեկյանների ընտանիքին աքսորում են Սիբիր: Ամուսիններն իրենց չորս երեխաների հետ հայտնվում են Ալթայի շրջանում: «Այն, ինչ տեսել ենք այդ օրերին, թշնամուս էլ չեմ ցանկանա: Մեզ աքսորեցին` չթողնելով տնից գոնե մի քանի շոր վերցնենք: Հիշում եմ, թե մայրս ինչպես պատռեց իր վերարկուն եւ, այն փոքր կտորների բաժանելով, 1 տարեկան 2 ամսեկան եղբորս փաթաթեց: Սակայն այդ վերարկուի կտորները չհերիքեցին մինչեւ տեղ հասնելը, ու մայրս կանգառներից մեկում իր վերջին փողերը տվեց մի զինվորականի` խնդրելով «Պրավդա» թերթ գնել: Զինվորականը զարմանում էր, որ աքսորական կինը հաց գնելու փոխարեն թերթ է ուզում կարդալ, սակայն ի՞նչ իմանար, որ մայրս ստիպված էր դրանով փաթաթել փոքր եղբորս»,- պատմում է աքսորական Իզաբելլան ու, խորը շունչ քաշելով, շարունակում իր կյանքի պատմությունը:

Ապրանքատար գնացքով էին գնում 8 օր ու գիշեր: Սով, ցուրտ, տաժանակիր աշխատանք: Այս ամենն ապրել է տիկին Իզաբելլան, որն աքսորավայրում Չեչնիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Լիտվայից եւ այլ երկրներից եկած իր բախտակիցների հետ ապրում էր բարակներում: «Մեր մեկ սենյականոց բարակում 3 ընտանիք էր ապրում: Երբ ցրտերն ընկան, ստիպված էինք ջեռուցման հոգս անել: Հայրս ինձ իր հետ տարավ սղոցարանում աշխատելու, որտեղից տախտակի մնացորդները տուն էինք բերում ու տաքացնում սենյակը»,- այսպես է իր առաջին աշխատատեղը հիշում Իզաբելլան: Այստեղ միաժամանակ երեկոյան դպրոց էր հաճախում:

Աքսորավայրում 7 տարի մնալուց հետո Կիսիբեկյաններին հաջողվեց վերադառնալ հայրենիք: Իհարկե, դա շատ ուրախալի փաստ էր ընտանիքի համար, սակայն այստեղ եւս «անակնկալ» էր սպասվում. Ստեփանակերտի իրենց տունն արդեն վերցրել էին, իսկ Հակոբ Կիսիբեկյանի` Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում գտնվող պապական տունն ավերված էր:

«Եկանք Ստեփանակերտ։ Հայրիկի ընկերներից մեկը դպրոցի տնօրեն էր, որն էլ մեզ դպրոցի դասասենյակներից մեկը տրամադրեց մեկ ամսով` մինչեւ դասերի սկիզբը։ Հետո ծանոթի միջոցով մեզ երկու սենյականոց կիսանկուղային տուն տրամադրեցին, որտեղ էլ մնացինք, մինչեւ աշխատանքի ընդունվեցի «Ղարմետաքսկոմբինատում» եւ որոշ ժամանակ հետո ինձ` որպես առաջավոր բանվորի 3 սենյականոց բնակարան տրամադրեցին Իսակով փողոցում»,- պատմում է տիկին Իզաբելլան:

Սակայն դա դեռ վերջը չէր։ Բազում դժվարություններին զուգահեռ տիկին Լիլիայի հետ միշտ կողք-կողքի քայլում էր բնակարանային խնդիրը, ինչպես եւ հիմա։ Նա ներկայումս ապրում է 17 քառ.մետր մակերեսով մեկ սենյականոց բնակարանում, որտեղ շատ խնամքով են շարված անհրաժեշտ կահույքն ու պարագաները, որպեսզի բոլորը տեղավորվեն։ Սակայն ինչքան էլ ձգտես, մեկ սենյակում 2 մահճակալից, բազմոցից, սեղանից ու դաշնամուրից բացի ոչինչ չես կարող տեղավորել։ Սրանք տան գլխավոր եւ միակ կահույքն են, որոնք «ծառայում են» ոչ միայն տիկին Իզաբելլային, այլ նաեւ աղջկան ու երկու որդիներին։

Այս փոքրիկ սենյակում էլ, որը ձեռք են բերել արցախյան շարժման սկզբին` Շուշիից հայտնի դեպքերի արդյունքում փախչելուց հետո, ընտանիքը մի կերպ հարմարվելով ապրում է։ Ժպտերես ու մոր նման բարեհամբույր աղջիկը` Հասմիկը, նեղվում է, որ բոլորը մի սենյակում են քնում, ու հիվանդ մայրը ստիպված է լինում գիշերները հաճախակի անցնել արդեն 30-ն անց քնած տղաների մոտով։ «Բանակում ծառայող որդիներս այսօր տուն չունեն ու ստիպված են այս 17 քառ. մետր տարածքում ապրել։ Բազմիցս տարբեր առիթներով դիմել եմ, որ բնակարան տրամադրեն, սակայն մինչ օրս այս տանն ենք»,- նշում է տիկին Լիլիան, որի ամուսինը հենց այդ մեկ սենյականոց բնակարանում է մահացել 1992 թվականին` գրադի արկի պայթյունից։

Պաշտպանության բանակի սպաների համար հետպատերազմյան շրջանում արդեն մի քանի շենք են կառուցել, լուծել բազմաթիվ սպաների բնակարանային խնդիրները, սակայն այս ընտանիքի սպայի` Արամի հերթը դեռ չի հասել։

Չորս երեխաների մայր Իզաբելլան չի դժգոհում իր սոցիալական վիճակից։ Ասում է, որ ամեն ինչ նորմալ է, ուղղակի բնակարանի կարիք ունեն։ Երեխաներից միայն մեծ աղջիկն է ամուսնացել ու այժմ ապրում է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում։ Իսկ մնացածները դեռ ընտանիք չեն կազմել։ «Գուցե այն պատճառով, որ տուն չունեն»,-ակնարկում է կյանքի բազում դառնություններ ճաշակած, բռնադատվածի կարգավիճակ ունեցող թոշակառու մայրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter