HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Ավազահանքն ապօրինի է օգտագործվում

Խմբագրի կողմից - «Ու՞մ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» հոդվածի հրապարակումից հետո «Հետքի» խմբագրություն այցելեց Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը:

Այնուհետեւ մենք շփվեցինք հեռախոսով: Պրն Ներսիսյանը հարցրեց. «Ինչո՞վ եք վստահ, որ ավազահանքի փողերը մտնում են մի գրպան»: Ես ասացի, որ եթե ուրիշ գրպան էլ է մտնում, ասեք, մենք կհրապարակենք: Քաղաքապետն ասաց, թե պետք չի հրապարակել որեւէ բան եւ հարցրեց` արդյո՞ք մեր խիղճը հանգիստ է, որ այդպիսի նյութ ենք հրապարակել: Պատասխանեցի, որ, իհարկե, բոլոր փաստերը ստուգված են, փաստաթղթերը եւ լուսանկարները խմբագրությունում են եւ, եթե համաձայն չեք, կարող եք դիմել դատարան: Այսքանով ավարտվեց մեր զրույցը: Իսկ անցած շաբաթվա ընթացքում նյութի հեղինակը ստացել է իր երկու հարցումների պատասխանները, որոնք եւս փաստում են, որ տարիներ շարունակ Աղստեւ գետի վրա գտնվող «Սպիտակ ջուր» ջրամբարից ավազն արդյունահանվում է առանց որեւէ թույլտվության: Այն ամբողջովին ստվերում է եւ, հաշվի առնելով տարածաշրջանում` Դիլիջանում եւ Իջեւանում թափ առած մեծ շինարարական աշխատանքները, այն մեծ շահույթներ է բերում Իջեւանի քաղաքապետին:

Ավազահանքն ապօրինի է օգտագործվում

«Ու՞մ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» հոդվածի հրապարակումից հետո ստացվեցին մեր կողմից Տավուշի մարզպետարան եւ ՀՀ բնապահպանության նախարարություն ուղարկված նամակ-հարցումների պատասխանները:

Մարզպետ Արմեն Ղուլարյանի ստորագրությամբ նամակում հայտնվում է, որ կառավարության 2005 թ. հոկտեմբերի 6-ի «ՀՀ Տավուշի մարզի Իջեւանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու եւ Իջեւանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 2417-Ն որոշմամբ «Սպիտակ լիճ» արհեստական ջրամբարը հանդիսանում է Իջեւանի քաղաքային համայնքի սեփականությունը:

Բավական ուշագրավ է պատասխանի երկրորդ պարբերությունը, որտեղ բառացիորեն ասվում է. «Ինչ վերաբերում է ջրամբարի ավազի օգտագործման թույլտվությանը` հայտնում եմ, որ համաձայն Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգիրք» օրենսգրքի 56-րդ հոդվածի, համայնքի սեփականության ներքո գտնվող հողերը կառավարում եւ տնօրինում են համայնքի ղեկավարը եւ ավագանին, ուստի անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Իջեւանի քաղաքապետարան»:

Դեռ մինչ պրն Ղուլարյանի պատասխանը պատվիրված նամակով դիմել էինք Իջեւանի քաղաքապետարան, սակայն ցայսօր պատասխան չենք ստացել: Մի կողմ թողնենք Տավուշի մարզպետի նամակում «օրենսգիրք» բառի կրկնությունը եւ ուշադրություն դարձնենք բովանդակային կողմին:

Մի՞թե Տավուշի մարզպետը հողերն ու լիճն իրարից չի տարբերում, չէ՞ որ այս դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե հողերին, օրինակ` վարելահողերին, խոտհարքներին կամ արոտավայրերին, այլ` արհեստական ջրամբարին: Բոլոր դեպքերում, հող լինի, թե ջուր, ընդերքից բնական պաշարների արդյունահանման համար պետական արտոնագիր է հարկավոր, օրենքով պահանջվում է նաեւ հարկային դաշտում գործել եւ համապատասխան հարկեր մուծել պետական բյուջե:

Իսկ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ուղարկված նամակին ի պատասխան` մայիսի 4-ին ստացվել է փոխնախարար Հ. Մաթիլյանի գրությունը, ուր ջրամբարի` Իջեւան համայնքին պատկանելու վերաբերյալ կառավարության վերոհիշյալ որոշման հիշատակումից բացի` հստակ, սեւով սպիտակի վրա գրված է. «Ջրամբարի ավազի օգտագործման իրավունքը որեւէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի չի տրված, քանի որ նշված տարածքում պաշարների ուսումնասիրություն չի կատարված եւ լիցենզիայի պայմանագիր չի կնքված»:

Սակայն արդեն 3-4 տարի «ավազահանքի գեներալները» մեծ եռանդով ավազ են արդյունահանում եւ վաճառում` առանց պաշարների ուսումնասիրության եւ լիցենզիայի, որեւէ լումա պետբյուջե չմուծելով: Ո՞վ է կանգնած նրանց թիկունքում, եւ ու՞մ են հասնում մեծ փողերի տոկոսները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter