HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

«Լավ է կանխարգելել վտանգը, քան հաշվել վնասի չափը»

Օրերս փլուզվեց Թալինի ջրանցքի պատի մի հատվածը` ողողելով հարեւան Շենիկ գյուղի որոշ հողատարածքներ: Բարեբախտաբար, «Ախուրյան-Արաքս» Ջրառ ՓԲԸ-ի աշխատակիցները հասցրել էին ժամանակին դեպքի վայր հասնել ու կանխել արտակարգ իրավիճակը: 

Աշխատակիցներն իրենք էին խոստովանում, որ աղետալի վտանգից հրաշքով են փրկել Շենիկն ու դրկից եւս երկու գյուղեր: Վայրկյանում 15 խմ թողունակությամբ ջուրը կարող էր հեղեղել ոչ միայն գյուղացիների ցանքատարածությունները, այլեւ լցվել տները:

Թալինի ջրանցքը կառուցվել է 1968 թ.: Շահագործման օրից ի վեր վերանորոգվել է միայն մեկ անգամ. երկու տարի առաջ դրա մեկ կիլոմետրանոց հատվածը վերանորոգեց Ոռոգման համակարգերի զարգացման եւ բարեփոխումների ԾԻԳ-ը: Մնացած 161 կմ-ը, որը ներառում է Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի, Շիրակի եւ Արագածոտնի ջրանցքները, նորոգվել են մասնակի:

Քանի որ ոռոգվող ցանքատարածությունները տարեցտարի ավելի մեծ չափերի են հասել, դրանով պայմանավորված` ավելացվել է նաեւ ջրի թողունակությունը: Իսկ ֆիզիկապես մաշված ջրանցքի դիմադրողականությունը բարձրացնելու համար 1989 թվականին բարձրացրել են ջրանցքի պատերը` առանց ուշադրություն դարձնելու առավել կարեւոր խնդրին` ջրանցքի ներքին մաշվածությանը: Արդյունքը եղավ այն, որ պատերը չդիմացան ու փլուզվեցին:

Հիմա «Ախուրյան-Արաքս Ջրառ»-ի ուժերով ամրացվում է թուլացած ջրանցքի ափը: Ջրառի Թալինի տեղամասի պետ Ստեփան Խաչատրյանն ասաց, որ ամենաէժան նյութը քարն է, որը հավաքում են տարածքից ու դրանով պատ շարում` անջրպետելով ջրանցքը հարեւան համայնքներից:

Թալինի ջրանցքը կառուցվել է, մասնագետների ձեւակերպմամբ, երկու հերթով. առաջին հերթը` 1950-51 թթ., երկրորդ հերթը` 1968-70 թթ.:

Ջրանցքի երկրորդ հերթի 10 կմ-անոց հատվածը, որն աշխարհագրական իմաստով բավականին բարդ դիրքում է` 25-30 մետր բարձրության վրա` թեք լանջով, ամեն պահի կարող է սպառնալիք դառնալ թե՛ տարածքում բնակվողների, թե՛ «Ախուրյան-Արաքս Ջրառ»-ի աշխատակիցների համար: «Ախուրյան-Արաքս Ջրառ» ՓԲԸ տնօրեն Էդիկ Սարգսյանի ասելով` թեպետ կա շուրջօրյա, աչալուրջ հակողություն, բայց չկա որեւէ երաշխիք, որ քայքայված ջրանցքի որեւէ հատված ցանկացած պահի չի փլուզվի: «Մասնակի վերանորոգումը դեռ խնդրի լուծում չէ. ջրանցքը հիմնանորոգման կարիք ունի: Ընթացիկ նորոգումներով ոչ միայն հնարավոր չէ նվազեցնել ջրի կորուստները, այլեւ անհնար է ապահովել ջրանցքի անվտանգ շահագործումը»,- ասաց Ջրառի տնօրենը: Իսկ առավել վտանգավոր հատվածների նորոգումն ուշացնելն ուղղակի անկանխատեսելի հետեւանքների կարող է հանգեցնել: «Լավ է կանխարգելել վերահաս վտանգը, քան հաշվել աղետի հասցրած վնասի չափերը»,- նկատեց Ջրառի գլխավոր ինժեներ Ռազմիկ Գաբրիելյանը: Վերջինիս փոխանցմամբ` «Հազարամյանկի մարտահրավերներ» ծրագրով մասնակի ներդրում է նախատեսված ջրանցքի վերանորոգման համար:

162 կմ-ոց ջրանցքը սպասարկող ընկերությունն աշխատում է դեսից-դենից հայթայթած տեխնիկայով, անգամ տրանսպորտային միջոց չունեն. յուրաքանչյուրն իր անձնական օգտագործման ավտոմեքենան կամ մոտոցիկլետն է գործին ծառայեցնում, արտակարգ իրավիճակների դեպքում էլ, իրենց ասելով, անհնարինն են անում: Այս ամենի դիմաց պետությունը նրանց վարձատրում է 35.000 դրամ աշխատավարձով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter