«Համայնքային հաշվետվություններին ծանոթանալիս մարդիկ չպետք է կաշկանդվեն»
Նորատուսի համայնքապետ Անդրանիկ Հակոբյանը պաշտոնավարում է 1992 թվականից: Համայնքն ունի շուրջ 7 հազար բնակիչ: Սա նշանակում է, որ համայնքում թեժ են լինում ընտրական մրցավեճերը:
Իր հաջողությունները համայնքի ղեկավարը բացատրում է պատասխանատվությամբ եւ թափանցիկ աշխատաոճով. «Ինչ արվում է` բնակիչները պետք է իմանան: Մարդիկ իրազեկվում եւ հասկանում են, թե ինչի համար են հարկեր վճարում: Համայնքի բնակիչները պետք է իմանան, թե որ ծրագրերն են իրականացվում տեղական միջոցներով, եւ որոնք` այլ»: Նա նաեւ նշում է, որ ընտրություններում տված շատ քվեներն ավելի են մեծացնում պատասխանատվության ու պարտավորությունների չափը, իսկ առանց հրապարակային աշխատաոճի հնարավոր չէ շահել համայնքի բնակիչների վստահությունը:
Ցավալի է, սակայն նման մոտեցում ունեցող համայնքապետերի թիվը քիչ է: Հազվադեպ է պատահում նաեւ, որ ՏԻՄ ներկայացուցիչն իրազեկ լինի օրենքի պահանջներին: Որպես օրինակ նշենք, որ ՏԻՄ ներկայացուցիչների հետ մեր ավելի քան 20 հարցազրույցներից Նորատուսը միակն էր, որի համայնքի ղեկավարը եւ աշխատակազմի քարտուղարը, միմյանցից անկախ, նշեցին, որ ավագանու նիuտի oրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը եւ համապատաuխան փաuտաթղթերը ավագանու անդամներին տրամադրվում են նիuտը գումարելուց 7 օր առաջ: Աշխատակազմի քարտուղար Կարինե Հարությունյանը նշում է, որ թեպետ ավագանու նիստի կայանալու մասին հայտարարությունները տեղադրում են համայնքապետարանում եւ փոստում, սակայն համայնքի բնակիչները խիստ հազվադեպ են նիստերին մասնակցում:
Համայնքապետարանում փակցված ընդարձակ տեղեկությունները` համայնքի զարգացման ծրագիր, 2008 թ. բյուջե, համայնքի միջոցներից օգնություն ստացած անձանց անվանական տվյալներ, կարգապահական կանոններ եւ այլն, հաստատում են ասվածը: Համայնքապետը նշում է, որ տեղեկություններն իրենց աշխատասենյակներից հեռու են տեղադրում, որպեսզի մարդիկ չկաշկանդվեն իրենց ներկայությունից: Մինչդեռ մեր այցելած համայնքապետարանների շատ աշխատակիցներ վստահեցնում են, թե ցանկացած բնակչի պատրաստ են տրամադրել համայնքի բյուջեն, բյուջեի կատարողականը եւ այլն: Սակայն դատարկ ցուցատախտակներն ու տեղեկատվական նյութերի բացակայությունը վկայում են փակ աշխատաոճի մասին:
Հաճախ է առիթ լինում ՏԻՄ ներկայացուցիչների հետ քննարկելու համայնքի բնակիչների համար տեղեկությունների մատչելիության հարցերը: Չէ՞ որ բնակիչներից շատերը ցանկություն ունեն տեղեկություններ ստանալ առանց որեւէ աշխատակցի դուռը բախելու, առանց լրացուցիչ բացատրություններ տալու: Օրինակ` դժվար է պատկերացնել համայնքի այն բնակչի վիճակը, ով համայնքի ղեկավար դառնալու եւ գործող համայնքապետի հետ մրցակցելու ցանկություն ունի եւ այցելում է համայնքապետարան` բյուջեին կամ ավագանու որոշումներին ծանոթանալու: Այս առումով գնահատելի է, երբ համայնքապետարանում ապահովում են անհրաժեշտ պայմաններ եւ մթնոլորտ:
Ասվածն արդեն բավարար է, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչու է Նորատուս համայնքի ղեկավար Անդրանիկ Հակոբյանը Հայաստանի Հանրապետության կողմից ընդգրկված ԵԽԽՎ տեղական եւ տարածքային իշխանությունների պալատի կազմում: 2002 թվականից նա պալատի 9 պատվիրակներից մեկն է: Ի դեպ, պատվիրակության կազմում 2-ը ՀԿ ներկայացուցիչներ են, 7-ը` համայնքների ղեկավարներ: Պատվիրակ համայնքի ղեկավարներից 4-ը Երեւանի թաղային, 1-ը` քաղաքային, 2-ը գյուղական համայնքների ղեկավարներ են:
Նորատուսի համայնքապետ Անդրանիկ Հակոբյանը նաեւ պարգեւների է արժանացել: 2006 թ. տեղական ինքնակառավարման համակարգի 10-ամյակի կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը նրան պարգեւատրել է ոսկյա հուշամեդալով, իսկ 2007 թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ նախագահը պարգեւատրել է Անանիա Շիրակացու մեդալով:
Ա. Հակոբյանի համոզմամբ` հարեւան երկրների համեմատությամբ մեզանում տեղական ինքնակառավարման կայացման շուրջ 12 տարվա ընթացքում նկատելի առաջընթաց է տեղի ունեցել: Նա նշում է, որ Եվրոպայում տեղական ինքնակառավարումը 150 եւ ավելի տարիների կենսագրություն ունի, հետեւապես այդ համակարգի կայացումը ժամանակ է պահանջում: Համակարգի զարգացման համար Ա. Հակոբյանը կարեւորում է ապակենտրոնացման անհրաժեշտությունը, մասնավորապես զուտ համայնքային ծառայությունների առումով. «Ծառայությունները (հատկապես սոցիալական, նոտարական, քաղաքացիական կացության ակտերի գրանցման), պետք է մոտ լինեն, որպեսզի բնակիչները դրանք ստանան տեղում»: Նա նաեւ նշում է, որ բոլոր համայնքներում էլ շատ ու շատ խնդիրներ կան, ինչպես, օրինակ, հողի կատեգորիա փոխելը, որոնք ուղղակիորեն տանում են դեպի Երեւան: Այդ պատճառով էլ խնդիրները չեն լուծվում:
Նրա գնահատմամբ` իրենց համայնքում ավագանու ինստիտուտը կարելի է կայացած համարել: Դա պայմանավորված է համայնքի ավագանու անդամների` բարձրագույն եւ հիմնականում տնտեսագիտական կրթություն ունենալու հանգամանքով: Երկրորդական չի կարելի համարել նաեւ այն, որ 1996 թ.-ից համայնքապետարանում կա ավագանու սենյակ, առանց որի դժվար է պատկերացնել աշխատելու ցանկություն եւ հնարավորություն:
Նորատուսի համայնքապետարանը ապահովված է սարքավորումներով` համակարգիչներ, տպիչներ, պատճենահանման սարք, ֆաքս եւ այլն: Ավագանու նիստերի հետ կապված բոլոր նյութերը մշակում եւ տպագրում են համայնքապետարանի աշխատակիցները: Տեղեկատվական բնույթի նյութերը` նույնպես: Այնպես որ, գործավարության մակարդակը նկատելի է: Հարկ է նշել, որ մեզ հետաքրքրող նյութերն ու տեղեկությունները` ավագանու կանոնակարգ, աշխատակազմի կանոնադրություն, դիմումների մատյան, ավագանու նիստերի արձանագրությունների մատյան, բյուջետային տեղեկություններ, Նորատուսում տրամադրվում էին առաջին իսկ հարցադրումով: Սակայն մեր այցի մասին նախնական պայմանավորվածություն չէր եղել:
Մի քանի արժանահիշատակ աշխատանքների մասին եւս: Նորատուսում ամբողջ տարին գործում են 2 մանկապարտեզներ, որտեղ հաճախում է 120 երեխա: Մանկապարտեզներում ծնողները վճարումներ չեն կատարում: 2007 թ. պետական բյուջեից հատկացրած միջոցներով` 200 մլն դրամ, հիմնովին մաքրվել է Նորատուս գյուղի միջով հոսող Գավառագետի հունը: 2007 թ. նախաձեռնած աշխատանքների շնորհիվ «ՎիվաՍել» ընկերությունը աղբատար ավտոմեքենա է նվիրել համայնքին, եւ 2008 թ. սկսած` ամենօրյա աղբահանության աշխատանքներն իրականացվում են այդ ավտոմեքենայով: Որոշել են աղբարկղեր չտեղադրել, այլ առավոտյան շրջայցով իրականացնել աղբահանությունը, քանի որ մյուս համայնքների փորձը ցույց է տալիս, որ նոր աղբակույտեր են առաջանում աղբարկղերի շրջակայքում: Նախատեսում են այս տարի իրականացնել փողոցների լուսավորության ցանցի վերականգնման եւ ասֆալտապատ ճանապարհի կապիտալ նորոգման աշխատանքներ:
Որպես ամփոփում նշենք, որ Նորատուսը հաջողություններից զատ ունի նաեւ շատ խնդիրներ: Միայն այն, որ համայնքն ունի շուրջ 40 մլն հողի եւ 12 մլն գույքահարկի ապառքներ, արդեն լուրջ դժվարություն է ցանկացած համայնքի առաջընթացի համար: Սակայն ակնհայտ է այն, որ օրենսդրությանը համահունչ եւ թափանցիկ գործելաոճը կարող է միայն նպաստել առկա ու նոր խնդիրների լոււծմանը:
Թեպետ փորձում ենք յուրաքանչյուր համայնքի ՏԻՄ գործունեությանն անդրադառնալ առանց անձնավորելու, սակայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության իմաստը հենց տեղական մակարդակում գործադիր (համայնքի ղեկավար) եւ ներկայացուցչական (ավագանի) թեւերի ձեւավորումն է` պայմանավորված առաջադրված թեկնածուներով: Համայնքի բնակիչներն իրենց ընտրությամբ որոշում են իրենց համայնքի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները առաջիկա 4 տարիների կտրվածքով, ուստի տեղական մակարդակում անձերի միջեւ ընտրությունը բավական վճռորոշ նշանակություն ունի: Տեղական ինքնակառավարման կայացման ներկա փուլում առաջընթաց արձանագրած համայնքների օրինակները վկայում են հենց այդ մասին:
Համայնքի ղեկավարի մարդկային նկարագիրը, կամային ու որակական հատկանիշները եւ հատկապես կրթական մակարդակը չեն կարող երկրորդական լինել, քանի որ համայնքի միջոցների ճիշտ տնօրինումն ու կառավարումը, թափանցիկության ապահովումն ու հաշվետու պահվածքը պայմանավորված են նրա անձով: Մեր հասարակությունը ավագանու ինստիտուտը դեռեւս չի ընկալում իբրեւ համայնքի ղեկավարին հակակշիռ, ուստի օրենսդրությանն անտեղյակ, օրենսդրության պահանջները չհարգող կամ շրջանցող, համայնքի միջոցներն անարդյունավետորեն տնօրինող համայնքի ղեկավարը կարող է պատուհաս դառնալ իր համայնքի համար:
Այս ամենն իմաստավորվում է այն դեպքում, երբ համայնքի բնակիչներն ընտրություն կատարելու համար ունենում են 2 կարեւոր նախապայման` լավ թեկնածու կամ թեկնածուներ եւ օրինապահ մթնոլորտ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել