Լեզվական խոչընդոտ եւ արտագաղթ` պատճառ եւ հետեւանք
Էկա Բերիձե
«Չեմ կարող դիտել վրացական հեռուստաալիքները` լեզուն չգիտեմ։ Տեսեք, այս թաղամասում ապրում է 30 ընտանիք, եւ դրանց 90%-ն ունի արբանյակային ալեհավաքներ ռուսական ալիքներ դիտելու համար»,- ասում է Ախալքալաքի Կարտիկան գյուղի տարեց բնակիչ Գեւորգ Համբարձումյանը։
Ջավախքում ապրող հայերի մեծ մասը հենց այդպես է բացատրում արբանյակային ալեհավաքների եւ ռուսական ալիքների մասսայականությունը` վրացերենի չիմացությամբ։
Սամցխե-Ջավախեթիի ոչ վրացի բնակչությունն աշխատանք ունենալու քիչ շանսեր ունի. բոլոր հիմնարկներում` թե՛ պետական, թե՛ ոչ պետական, գործավարությունն իրականացվում է պետական լեզվով` վրացերենով։ Ոչ վրացալեզու բնակչության համար դա մեծ խնդիր է։
Խորհրդային տարիներին բազմաթիվ տեղի բնակիչներ կրթություն ստացել են հարեւան Ռուսաստանում, եւ այսօր նրանցից շատերին լեզվական խոչընդոտը խանգարում է աշխատանք գտնել։ Ախալցխայի բնակիչ Ռուբիկ Էֆրիկյանը, որը քառասունն անց է, դժգոհում է. «Իբրեւ տարիքային խոչընդոտը քիչ էր, հիմա էլ՝ լեզվականը։ Այսօր Վրաստանում ինձ նման շատերը կան, որ չեն կարող աշխատանք գտնել լեզվի չիմացության պատճառով։ Ես կարծում եմ, որ գլխավորը գրել-կարդալ իմանալը չէ։ Գլխավորը կիրթ մարդ լինելն է»։
Բայց նույնիսկ նրանցից շատերը, ովքեր վրացերեն չգիտեն, համարում են, որ նա, ով ցանկանում է մասնակցել երկրում կատարվող հասարակական-քաղաքական գործընթացներին, անպայման պետք է տիրապետի պետական լեզվին։
Արդեն մի տարի է, ինչ Սերգեյ Ֆիդանյանն աշխատում է մի հիմնարկում։ Նա միանշանակ պնդում է, որ Վրաստանում ապրող ցանկացած մարդ պետք է իմանա պետական լեզուն. «Անձամբ ես խոսում եմ բավական ազատ, թեկուզ գիտեմ ոչ այնքան լավ։ Ես կարծում եմ, որ Վրաստանում ապրող եւ ազգությամբ ոչ վրացի քաղաքացիները պետք է իմանան պետական լեզուն, եթե ցանկանում են իրենց լիարժեք մարդ զգալ։ Ամեն դեպքում լեզվի իմացությունն օգտակար է»։
Վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում վրացերեն լեզվի դասավանդմանը ոչ վրացական դպրոցներում. կրթության նախարարությունը լուրջ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ Բայց այսօր Ախալցխա քաղաքի թիվ 3 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները հույս չունեն, թե միասնական ազգային քննության ժամանակ, որը պետք է հանձնել բուհ ընդունվելու համար, կկարողանան մրցել վրացի երեխաների հետ։
Նարինե Փոլոյանն այս տարի պատրաստվում է ընդունվել բուհ, բայց կասկած չունի, որ չի կարողանա հաղթահարել այդ խոչընդոտը եւ ուսումը շարունակելու համար ստիպված է մեկնել Հայաստան։ Նա դա չի թաքցնում. «Ես չեմ կարծում, թե հեշտ կլինի հանձնել քննությունները. մենք ունենք լեզվական խնդիրներ, բայց վրացիների համեմատությամբ արտոնություններ չունենք։ Ճիշտ է, վրացերեն պետք է իմանալ, բայց մենք այն չենք սովորում այնպես, որպեսզի կարողանանք հավասարի պես մրցել վրացի դիմորդների հետ»։
Այնտեղ, որտեղ կա լեզվական խոչընդոտ, կա եւ արտագաղթ։ Նարինեի համադասարանցի Սաթենիկն ասում է, որ ուսումը Հայաստանում նրա վրա ավելի թանկ կնստի, քան Վրաստանում։ Այդուհանդերձ. «Ես սովորելու եմ գնում Երեւան. վրացերեն վատ գիտեմ, վստահ եմ, որ չեմ կարողանա հանձնել միասնական ազգային քննությունը։ Տուն վերադառնալ չեմ պատրաստվում, քանի որ գիտեմ՝ այստեղ աշխատանք չեմ գտնի։ Այնպես որ, որոշել եմ մնալ Հայաստանում, այնտեղ էլ կաշխատեմ»։
Նախորդ տարիների համեմատ Վրաստանում ուսումը շարունակելու ցանկություն ունեցող ոչ վրացիների թիվն այս տարի կրճատվել է երեք անգամ։
Նատո Կապանաձեն արդեն մի քանի տարի վրաց լեզու եւ գրականություն է դասավանդում հայկական հանրակրթական դպրոցում։ Նա նույնպես կարծում է, որ ոչ վրացի աշակերտներն անկարող են մրցակցել վրացի երեխաների հետ. հայկական դպրոցում դասավանդումը դեռեւս այն մակարդակի վրա չէ, ինչ պահանջվում է միացյալ ազգային քննության ժամանակ (այսպես են կոչվում Վրաստանում բուհական ընդունելության քննությունները - խմբ.)։
Այժմ հայկական դպրոցներում վրացերեն դասավանդվում է «Թավթավի» («Հասկիկ») դասագրքով։ Եւ՛ գրքի հեղինակները, եւ՛ փորձագետները միաձայն պնդում են, որ դասագրքի հինգ մակարդակներն անցած աշակերտը կարող է հաջող հանձնել միասնական ազգային քննությունը, բայց դասագիրքը դեռեւս ամբողջությամբ չի հրատարակվել, դեռ չի հաջողվել այն բոլոր դասարաններում ներգրավել ուսումնական գործընթացի մեջ։
«Ի՞նչ մեղք ունեն այն երեխաները, որոնք ցանկանում են բուհ ընդունվել, բայց չեն հասցրել անցնել դասագրքի բոլոր հինգ մակարդակները։ Ես այս սերնդին անվանում եմ բարեփոխումների զոհ»,- դառնությամբ ասում է Նատո Կապանաձեն։
Կրթության նախարարությունում արդեն տեղի է ունեցել երրորդ մակարդակի գրքի շնորհանդեսը։ Այս պահի դրությամբ Սամցխե-Ջավախեթիի ոչ վրացական դպրոցների երեխաները սպասում են նոր դասագրքին, բայց չգիտեն, թե ո՞ր դասարաններում են օգտագործելու այն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել