HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժողովրդավարությունը եւ կոռուպցիան Հայաստանում

Վարդան Ջալոյան

Մինչեւ վերջերս համարվում էր, որ կաշառակերությունը ոչ թե սոցիալ-քաղաքական, այլ բարոյական խնդիր է: Հետեւաբար, ինչպես այլ քրեական հանցագործությունների դեպքում, այն շեղում է նորմայից:

Բայց կաշառակերությունը պարադոքսալ է այնքանով, որ եթե քրեական օրենսգիրքն այն կարող է դատապարտելի համարել, ապա հասարակությունն այն կարղ է համարել ոչ դատապարտելի՝ «լավություն է արել»: Կամ ինչպե՞ս հաշվարկել ոչ-դրամական կաշառքը՝ ծառայություն ծառայության դիմաց: Ու մի՞թե այն շուկայական հարաբերության մի ձեւ չէ՝ ես քեզ, դու ինձ:

Սովորական հանցագործության պարագայում կա տուժող կողմ, որը շահագրգռված է, որ այն հայտնի դառնա պատկան մարմիններին, կաշառակերության դեպքում երկու կողմերն էլ շահագրգռված են այն թաքցնելու: Մենք շատ թե քիչ ճշգրիտ գիտենք, ասենք, սպանությունների թիվը, բայց կաշառատվությունների նույնիսկ մոտավոր թիվը չգիտենք:

Կամ ի՞նչ է նշանակում, երբ ընդդիմադիր գործիչը մեղադրում է կառավարությանը, որ կաշառակերությունն ավելացել է: Որ պետական վերնախավը սկսել է կաշառք վերցնե՞լ, թե՞ շարքային քաղաքացիներն են ավելի շատ բախվում այդպիսի դեպքերի, թե՞ պարզապես այդ երեւույթի ծավալները սկսել են անհանգստացնել հանրությանը:

Կամ ո՞րն է կաշառակերության հասարակական վտանգը: Սովորաբար համարում են, որ այն արգելակում է զարգացումը: Բայց Թայվանում կամ Հարավային Կորեայում կաշառակերության մակարդակը համարվում է բարձր, իսկ այդ երկրները զարգանում են արագ տեմպերով:

Մյուս կողմը քաղաքականն է: Կաշառքը «սառը պատերազմի» զենքերից էր: Նրանք, ովքեր երրորդ աշխարհում հայտարարում էին կառավարության կոռումպացվածության մասին, իսկույն կասկածվում էին հեղափոխական-կոմունիստական հայացքների մեջ: Հանտինգտոնը 1968 թ. գրում է. «Ով կաշառք է տալիս ոստիկանին՝ համակարգի ծառայողին, ավելի է հակված իրեն նույնացնել համակարգի հետ, քան նա, ով ընդդիմանում է ոստիկանությանը»: Քիչ տարածքներ կան, ուր «սառը պատերազմի» իրողությունները դեռեւս պահպանվում են. Հայաստանն այդ գոտում է:

Այժմ համարվում է, որ ոչ թե կաշառակերն է կոռումպացնում պետական հաստատությունը, այլ հաստատությունն է կոռումպացնում այնտեղ աշխատող չինովնիկին, որ դա քաղաքական ընտրության հարց է: Որոշակի քաղաքականությունն աջակցում է կաշառակերության զարգացմանը, մեկ այլ քաղաքականություն այն ճնշում է: Սա հետաքրքիր մոտեցում է այնքանով, որ կաշառակերությունն այլեւս չի դիտվում որպես հետամնաց մշակույթներին հատուկ երեւույթ: Իսկ դա նշանակում է, որ աղքատ երկրները կոռումպացված են, բայց աղքատ են այն երկրները, որտեղ կոռուպցիան տարածված է:

Այն բանից հետո, երբ կոռուպցիան ապաքաղաքականացվեց, ազատվեց մշակութային տեսակետից, իսկ այստեղ հիմնական ազդակը եկավ «Թրանսփարենսի ինտերնեշնլ» կազմակերպությունից, հայտնաբերեցին, որ ճիշտ քաղաքականություն վարելը դեռ բավարար չէ զարգացման համար: Երբ այդ կազմակերպությունը 1994 թ. տպագրեց իր նշանավոր ինդեքսը, այն իսկական սկանդալ առաջացրեց, չնայած քչերն էին եւ քչերն են այդ կազմակերպության մոտեցումները համարում գիտական: Կոռուպցիան դարձավ կարեւոր խնդիր, քանզի ապացուցվեց.
1. Այն, հավասար այլ պայմաններում, արգելակում է օտարերկրյա ներդրումների հոսքը:
2. Վնասում է բնակչության աղքատ մասի շահերին:
3. Խեղաթյուրում է պետական ներդրումների տրամաբանությունը՝ ներդրումներն ուղղվում են այն ոլորտները, ուր կաշառակերության հնարավորություններն ավելի մեծ են՝ շինարարություն եւ այլն:

Այս տեսանկյունից կոռուպցիայի դեմ պայքարում շահագրգռություն են ցուցաբերում մի շարք միջազգային սուբյեկտներ` ԱՄՆ-ն՝ իր առեւտրային շահերը պաշտպանելու, Համաշխարհային բանկը՝ իր անհրաժեշտությունն ապացուցելու, անդրազգային ընկերությունները՝ տեղական հովանավորչության դեմ պայքարելու եւ նոր շուկաների նվաճումը հեշտացնելու համար, քաղաքացիական հասարակության ինստիտուտները՝ իրենց վարկը հասարակության աչքում բարձրացնելու համար: Հակակոռուպցիոն պայքարը միակ ոլորտն է, որտեղ պետության սահմանափակման նեոլիբերալ քաղաքականությունը քննադատության չի ենթարկվում դեմոկրատական ակտիվիստների կողմից: Նեոլիբերալ կարգավորումը որպես հակակոռուպցիոն դեղատոմս առաջարկում է տնտեսական կյանքի պետական կարգավորման նվազեցում եւ տնտեսության մեջ պետական միջամտության սահմանափակում: Դեմոկրատ ակտիվիստները պահանջում են արդյունավետ պետություն եւ քաղաքականության մեջ դրամական գործոնի դեմ պայքար՝ սկսած ընտրակաշառքներից վերջացրած տնտեսական խոշոր սուբյեկտների քաղաքական մասնակցության սահմանափակմամբ:

Նոելիբերալ մոտեցումը դատապարտում է օտարերկրյա չինովնիկներին կաշառք տալը, որը խեղաթյուրում է մրցակցային պայքարը տնտեսությունում, սակայն ոչինչ չի ասում կուսակցությունների եւ քաղաքական գործիչների միջազգային քրեականացող կաշառակերության մասին, կոռուպցիա, որի շնորհիվ յուրացվում է ընտրողների իշխանությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրում գրված է, որ հարկավոր է իջեցնել հարկերը, քանզի տնտեսվարող սուբյեկտների մեծ մասը դրանք չի պատրաստվում վճարել: Սա հարկային կաշառակերության դեմ պայքարի նեոլիբերալ մոդելն է: Դեմոկրատական հասարակայնությունը, ընդհակառակը, կողմ է հարկային մուտքերի եւ հարկային բեռի ավելացմանը: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում սուր պայքար է գնում այս երկու մոտեցումների միջեւ: Միջազգային կազմակերպությունները միշտ չէ, որ աջակցում են դեմոկրատական հասարակայնությանը: Դեմոկրատները, իրենց հերթին, չնկատելու են տալիս այս տարբերությունները, քանզի կաշառակերության դեմ պայքարն այնպիսի բարոյական լիցք ունի, որ նրանց աչքում արդարացնում են ցանկացած միջոցառումները կաշառակերության դեմ պայքարում: Հակառակն ասել` նշանակում է դեմ գնալ քաղաքական պայքարի տրամաբանությանը, կորցնել ընտրողների վստահւթյունը:

Նեոլիբերալ եւ դեմոկրատական մոտեցումների տարբերությունները լավագույնս լուսաբանում են Գրեգ Պալաստի բացահայտումները /http://worldcrisis.ru/crisis/63940/: Նա կարողացել էր հայթայթել Համաշխարհային բանկի (ՀԲ) մի շարք ներքին փաստաթղթեր, որոնք տեղադրել է իր կայքում՝ http://www.gregpalast.com: Այդ փաստաթղթերում ասվում է, որ սովորաբար ՀԲ-ն պահանջում է կառավարությունից ստորագրել գաղտնի համաձայնագրեր, որտեղ վերջինս համաձայնում է վաճառել կարեւորագույն պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունները ՀԲ-ի կողմից նշված պայմաններով, իրագործել միջոցառումներ, որոնք, ըստ Գ. Պալաստի, «աղետալի հետեւանքներ ունեն բնակչության համար»: Կա նաեւ սցենար, թե ինչ է սպասվում երկրին այդ գաղտնի համաձայնագիրը չստորագրելու դեպքում: Որպես օրինակ «Բի-բի-սի»-ի եւ «Օբսերվերի» լրագրողը բերում է Արգենտինան:

Արգենտինայի գաղտնի պլանը ստորագրված է ՀԲ-ի այժմ նախկին տնօրեն Ջ. Վուլֆենսոնի կողմից: Արգենտինական ճգնաժամի մեջ լրագրողը մեղադրում է ՀԲ-ին եւ ԱՄՀ-ին (Արժույթի միջազգային հիմնադրամ), որոնք ստիպեցին վաճառել պետական սեփականությունը, այնպիսի սեփականություն, օրինակ` ջրամատակարարման համակարգը, որը «նույնիսկ ԱՄՆ-ը չի պատրաստվում վաճառել»: «Ժողովուրդը վճարում է հարկեր, այդ գումարների հաշվին ստեղծվում է պետական սեփականություն, իսկ կառավարությունն այն հանձնում է ՀԲ/ԱՄՀ -ի մասնավոր ձեռքը: Իսկ այդ քաղաքական գործիչների շվեյցարական բանկերի հաշիվներին մուտքագրվում են միլիարդներ»»,- գրում է Գ. Պալաստը : ՀԲ-ն արգենտինական պետական սեփականության հիմնական մասը հանձնել էր տխրահռչակ «Էնրոն» ընկերությանը, որի սնանկացումից հետո գումարները հայտնվել էին դրածո ընկերության հաշիվներում եւ անհետացել:

Գ. Պալաստի դիտարկումները հաստատում է Ջ. Ստիգլիցը, որը 1997-2001 թթ. եղել է ՀԲ-ի գլխավոր տնտեսագետը եւ փոխնախագահը, իսկ 2002 թ. ստացել Նոբելյան մրցանակ տնտեսագիտության ասպարեզում: Նա ռուսական բարեփոխումների խիստ քննադատներից է:
Ըստ Ջ. Ստիգլիցի` ամեն ինչ տեղի է ունենում չորս տակտով:

Քայլ առաջին՝ մասնավորեցում: Հատկապես կարեւորվում է ջրա- եւ էլեկտրա մատակարարման համակարգերի ապապետականացումը: «Դուք տեսնեիք տեղական քաղաքական գործիչների աչքերը, որոնք փայլում էին այն մտքից, թե որքան միջնորդավճար նրանք կստանան միլիարդանոց գործարքներից»: Այս փուլում «ծլում» են տեղական օլիգարխներ, որոնք քամում են արդյունաբերական ակտիվները, որի պատճառով ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք) կտրուկ նվազում է:

Երկրորդ քայլը կապիտալի շուկայի ազատականացումն է: Տեսականորեն դա նախատեսված է օտարերկրյա ներդրողներ ներգրավելու համար, բայց իրականում կապիտալը հիմնականում հոսում է դուրս: Ջ. Ստիգլիցն այն անվանում է «տաք փողերի ցիկլ»: Կանխիկը ներգրավված է անշարժ գույքի եւ արտարժույթի սպեկուլյացիաներում եւ «փախչում է դուրս» առաջին իսկ դժվարության ժամանակ: Սկսում է բարձրանալ ներդրած գումարների շահույթի տոկոսը` ընդհուպ վաշխառուականը (ԱՄՆ-ում դա տարեկան 75 տոկոս է): Պետական գանձարանը դատարկվում է:

Երրորդ քայլը գների ազատականացումն է` «զվարճալի եզր սննդամթերքի, ջրի եւ գազի գների բարձրացման համար»:

Անցումային վիճակ՝ «ԱՄՀ -ական խռովություն»:

«Երբ ազգը ճնշված է եւ ճզմված, ԱՄՀ-ն քամում է արյան վերջին կաթիլը: Նա ավելացնում է ճնշումը մինչեւ կաթսայի պայթելը»,- գրում է Ջ. Ստիգլիցը: Այդպես եղավ Ինդոնեզիայում 1998 թ., երբ վերացվեցին բնակչության աղքատ զանգվածի համար նախատեսված սննդամթերքի եւ վառելիքի սուբսիդիաները, եւ 2001 թ. Էկվադորում, երբ նույնն արվեց գազի համար:

Օրինակ` "Interim Country Assistance Strategy for Ecuador"՝ «Էկվադորի ներքին աջակցություն» կոչվող ՀԲ-ի փաստաթղթում սառը ճշգրտությամբ ասվում է, որ բարեփոխումները կարող են բերել «սոցիալական անհանգստության»: «ԱՄՀ -ական խռովությունները» («իսկ այդ բառով,- ճշգրտում է Գ. Պալաստը,- ՀԲ-ն հասկանում է «խաղաղ ցուցարարների ցրումը հրազենով, տանկերով եւ արցունքաբեր գազով»), հանգեցնում են կապիտալի նոր արտահոսքի եւ կառավարության սնանկացման»: Արտասահմանցիները կարող են զավթել իր գինը կորցրած սեփականությունը:

Չորրորդ փուլ՝ ազատ առեւտուր ըստ ՀԲ-ի եւ Առեւտրի Միջազգային կազմակերպության, որը Ջ. Ստիգլիցը անվանում է «նոր օփիումային պատերազմներ»: Եթե «հին օփիումային պատերազմների» ժամանակ օգտագործվում էր ռազմական բլոկադան, ապա այժմ ՀԲ-ն կարող է կիրառել ֆինանսական բլոկադայի տակտիկան, որը «կարող է նույնքան մահացու լինել»:

Ըստ Ջ. Ստիգլիցի` քանի որ այդ պլանները բխում են նեոլիբերալ աբսոլյուտիստական գաղափարախոսության սկզբունքներից եւ գաղտնի են՝ քննարկման առարկա չեն, ապա նրանք «ոչնչացնում են դեմոկրատիան»:

Երկրորդ` ՀԲ-ի բարեփոխումները չեն աշխատում: Որպես օրինակ կարելի է բերել ՀԲ-ի «Աղքատության դեմ պայքարի ծրագիր»-ը: 2006 թ. վերջին հրապարակվեց Գնահատման Անկախ խմբի զեկույցը: Խումբը վերլուծել էր 25 երկրների արդյունքները: 11-ում իրադրությունը բարելավվել է, այդ թվում` Հնդկաստանում եւ Չինաստանում, որը հազիվ թե ՀԲ-ի ջանքերի շնորհիվ է եղել, իսկ մնացած 14-ում մնացել է անփոփոխ կամ վատթարացել է:

Ջ. Ստիգլիցը բերում է Բոտսվանայի օրինակը, որը հրաժարվել է ՀԲ-ի ծառայություններից: Նա խորհուրդ է տալիս «հարձակվել» օլիգարխների վրա, հիմնվել ներքին ռեսուրսների վրա եւ այլն:

Սակայն, ավարտենք այս հափշտակող դետեկտիվը: Հայաստանում իրադրությունն այլ է, քան Ինդոնեզիայում կամ Էկվադորում, եւ 100 տոկոսանոց զուգահեռները կոռեկտ չէին լինի: Բայց կա նաեւ ծանրացնող գործոն. ՀԲ-ից բացի կա նաեւ Ռուսաստանը: Իսկ դա նշանակում է, որ մեր խնդիրները լուծելը կրկնակի դժվար է լինելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter