HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարողանալ ընտրել

                                            Վերադարձը դարձ չէ այլեւս եւ ոչ էլ կրկնություն հնի…
                                                                                                          Եղիշե Չարենց


Վերջերս ընկերներիցս մեկը պնդում էր, թե Տեր-Պետրոսյանի վերադարձը վատ նախադեպ է, թե հինգ կամ տասը տարի անց Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանն էլ կարող են մեծ քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացնել։

Չվիճելով վերադարձի՝ լավ կամ վատ նախադեպ լինելու հարցի շուրջ եւ չքննարկելով վերջին երկուսի նմանօրինակ հնարավորությունը, քանի որ դեռ չեն էլ գնացել, ուզում եմ հասկանալ` Տեր-Պետրոսյանն ինչպե՞ս կարողացավ վերադառնալ ու ոչ միայն վերադառնալ, այլեւ շահել հասարակության համակրանքը։ 

Վերադառնալու համար նախեւառաջ հարկավոր է ճիշտ գնալ։ Գնալ այնպես, որ քո տեղը մնա դատարկ, չլցվի առնվազն գնալու պարտադրանքով։ Ասածս պարզեցնեմ. եթե Տեր-Պետրոսյանն 98-ին չգնար եւ պնդեր Ղարաբաղյան հարցի կարգավորման իր համար նախընտրելի տարբերակը, որն այսօր արդեն հասկանալի է՝ ամենաիրատեսականն էր, 2008-ի մարտի մեկն ու դրա մինչ օրս ձգվող շարունակությունը կլիներ ուղիղ տասը տարի առաջ։

«Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր»,- հրաժարականի իր ելույթում ասում էր առաջին նախագահը, ում գլխավոր ընդդիմախոսն այդ պահին երկրապահն էր։ Երկրապահը, որն այսօր կանգնած է նրա կողքին։

Նույն ելույթում Տեր-Պետրոսյանը կոչ էր անում հասարակությանը «…անցկացնել նոր նախագահի օրինական, քաղաքակիրթ ընտրություններ»՝ դա համարելով «…մեր ստեղծած պետության հասունության վկայությունը եւ արտաքին վարկի պահպանման գրավականը»։

Եթե դատելու լինենք այդ օրերի ընդդիմության տրամաբանությամբ, Տեր-Պետրոսյանը, հրաժարական տալով, դադարում էր լինել «խանգարիչ» հանգամանք։ Պետք էր պարզապես թույլ չտալ, որ «խանգարիչ» մի հանգամանքը փոխարինվեր մյուսով։ Մինչդեռ հրաժարականին հաջորդած տասը տարիները ցույց տվեցին, որ ոչ միայն Ղարաբաղյան կարգավորումն առաջընթաց չապրեց, այլեւ ընտրությունները եղան անօրինական կամ հակաօրինական։

Կարո՞ղ էր հեռացող նախագահը կանխազգալ դեպքերի նման ընթացքը։ Հստակ կազմակերպական ձեւ չունեցող իր ընդդիմախոսներին «պատերազմի կուսակցություն» անվանելով` կարելի է ասել, որ նա գուշակում էր ղարաբաղյան հարցի ապագան, իսկ ղարաբաղյան հարցը մեզանում մշտապես պայմանավորել է ներքաղաքական իրավիճակը։

Այլ կերպ չհաջողելու դեպքում «ստատուս քվոն» փրկություն համարող ուժերը չէին կարող քաղաքականապես, տնտեսապես եւ սոցիալապես դինամիկ զարգացող պետություն ստեղծել։ Ստատուս քվոն այն արձանիկն է, որ Հերման Հեսսեի «Ներսը եւ դուրսը» պատմվածքի հերոսին հասցրեց հոգեխանգարմունքի, երբ մարդը հասկացավ, որ նվեր ստացած արձանն իր ներսում է։

Անցած ընտրություններից հետո խարխլված իշխանությունն իր խարխլվածության չափով վտանգում է Ղարաբաղի ստատուս քվոն, իսկ ստատուս քվոյի ցանկացած խարխլում կարող է նշանակել իշխանության կործանում։ Ուրեմն, Տեր-Պետրոսյանը վերադարձել է ոչ թե 98-ի փետրվարի 3-ի իր գնալու կետին, այլ 88-ի իր գալու պահին, երբ համայն հայության խնդիրը Ղարաբաղը չկորցնելն էր։

Այդ ժամանակ արժանապատվորեն կարողացավ հեռանալ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը։ Արժանապատիվ հեռանալը տասը տարի անց ապահովեց նրա շռնդալից վերադարձը, ինչն ավարտվեց հոկտեմբերի 27-ի ողբերգությամբ։

2008-ի մարտի մեկին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կորցրեց արժանապատիվ հեռանալու շանսը։ Սերժ Սարգսյանը դեռ հնարավորություն ունի արժանապատիվ կերպով հեռանալու։ Կթողնե՞ն անել այդ բանը, թե՝ ոչ, կախված է նրանցից, ում համար դեռեւս ճշտված չէ իշխանության եւ Հայրենիքի գինը։

Ղարաբաղյան նոր շարժում է սկսվում։ Պետք է կարողանալ ընտրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter