Հայաստանը հացահատիկի ինքնաբավ երկիր դարձնելու չորրորդ ծրագիրն է մշակվում
Աշոտ Խաչատրյան
Վերջերս կառավարությունը գյուղատնտեսությանը վերաբերող երկու խոշոր ծրագրեր է «ընդունել», որոնց պատրաստվում էինք անդրադառնալ դրանց վերջնական հաստատումից հետո միայն:
Բայց օրերս համաշխարհային շուկայում հացահատիկի գների շուրջ 42% անկումը առիթ հանդիսացավ օր առաջ անդրադառնալու այդ ծրագրերից մեկին` «Հայաստանում ցորենի արտադրության ծավալների ավելացմանն ու ինքնաբավությանը վերաբերող» ծրագրին:
Այս ծրագրի բավականին հապշտապ ձեռնարկումն արդեն նախկին նախարար Դավիթ Լոքյանը հիմնավորում էր աշխարհում հացահատիկի եւ, մասնավորապես, ցորենի գնի բարձրացման միտումի շարունակականությամբ: Դրանից հետեւություն էր արվում, որ գների աճը լինելու է շարունակական եւ, հանրապետության անվտանգությունից ելնելով, անհրաժեշտ է տարեկան 450 հազար տոննա ցորեն արտադրել:
Աշխարհում ցորենի գնի աճը միանգամից, մի օրում տեղի չունեցավ, բայց մեզ մոտ այդ մասին կարծես բավական ուշ գլխի ընկան: Ավելի քան հինգ տարի է` մեր երկրում գործում է «Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը», որը երկու տարին մեկ թարմացվում է Համաշխարհային բանկի մասնագետների մասնակցությամբ: Ռազմավարության վերջին «բարենորոգումը» կատարվել է բոլորովին վերջերս, սակայն դրանում հացի ինքնաբավության մասին խոսք չկա: Եվ բոլորովին վերջերս բավականին անսպասելի հայտարարվեց, որ աշխարհում նոր մարտահրավերներ են սկսվել, ու պետք է դրանց դիմակայել: Իհարկե, ողջունելի է, որ փորձ է արվում լուծել պարենային ապահովության եւ սննդի առումով երկրի անվտանգության խնդիրը, սակայն հարցն այստեղ ծրագրի անիրատեսական լինելն է: Նախկին նախարարն այս խնդրի լուծումը տեսնում էր մի քանի պարզագույն քայլերի շղթայում: Ըստ նրա` հացահատիկի ինքնաբավությունն ապահովող 450 հազար տոննայի արտադրությունը հնարավոր է ապահովել` ներկրելով բարձրարժեք ցորենի սերմեր, գյուղացիներին տրամադրելով ագրոտեխնիկա, սուբսիդավորելով ցորեն աճեցնող տարածքները: Ներկայացված նախնական ծրագրում նշվում է, որ 25ց/հա միջին բերքատվությունը ցածր ցուցանիշ է, եւ բարձրարժեք սերմերի օգտագործման արդյունքում 150 հազար հա տարածքից 30ց/հա միջին բերքատվությամբ հնարավոր է ինքնաբավության նվազագույն անհրաժեշտ ծավալ ապահովել:
Այստեղ փոքրիկ թյուրիմացություն կա այն առումով, որ պաշտոնական տվյալներով` Հայաստանում ցորենի միջին բերքատվությունը գրեթե 26ց/հա է (25.9ց/հա): Այնպես որ, եթե այս ցուցանիշը բարելավվի եւս 4 ց/հա-ով, ապա Հայաստանը կապահովվի հացով: Մինչդեռ այսօր, նույն նախարարության մասնագետների պնդմամբ, միայն որակյալ սերմացուի կիրառումը բավարար է հանրապետությունում հացահատիկի միջին բերքատվությունը 5-6 ցենտներով բարձրացնելու համար: Այս տրամաբանությամբ մեզ մնում է ցորենի (եւ ոչ հացահատիկի) ցանքատարածությունները 2007 թ. 95.6 հազար հա-ից հասցնել 150 հազար հա-ի եւ օգտագործել որակյալ սերմացու: Այդքանից հետո նշված քանակի ապահովումն ընդամենը տեխնիկական խնդիր կլինի, իսկ 450 հազար տոննա ցորենի բերք ստանալը հնարավոր կլինի նույնիսկ ոչ թե 2010 թ., այլ` 2009-ին: Այդպիսին է հարցի լուծման ներկայիս տրամաբանությունը եւ, թերեւս, այս տրամաբանությունից ելնելով, հանրապետության բուսաբուծության ոլորտի լավագույն մասնագետների բացասական եզրակացությունը ստանալով հանդերձ, նախկին նախարարը շարունակել է ծրագիրը «կյանքի կոչել»:
Ցանկացած նման խոշոր, համապետական ձեռնարկում սկսելուց առաջ անհրաժեշտ է այն լրջորեն քննարկել մասնագետների (եւ ոչ միայն չինովնիկների) հետ, ծանոթանալ խնդրի պատմությանը, ուսումնասիրել նաեւ սեփական փորձը (չնայած` մեզանում խիստ հարգի է ուսումնասիրել միայն միջազգային փորձը): Կոնկրետ այս դեպքում, ելնելով բնակլիմայական եւ հողային առանձնահատկություններից, ստիպված ենք առաջնորդվել միմիայն մեր փորձով: Ոլորտի պատմությունը փաստում է, որ պրն Լոքյանի «ցորենի ինքնաբավության ծրագիրը» մեր հանրապետությունում, սկսած անցած դարի 20-ական թվականներից, արդեն չորրորդ անգամ են փորձում կյանքի կոչել: Եվ դա` չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում հացահատիկային կուլտուրաների մշակման անշահավետությունը վաղուց հայտնի է բոլորին: Դրան ամենաբարձր մակարդակով անդրադարձել են դեռեւս սովետական կարգերի հաստատումից անմիջապես հետո, բայց դա չի խանգարել, որ արվեն քայլեր, հետո հրաժարվեն դրանցից, հետո ամբողջ ցիկլը կրկնեն նույնությամբ:
1913 թ. Հայաստանում մշակվում էր 308 հազար հա հացահատիկ, 1932 թ.` գրեթե 350 հազար հա, իսկ 1952 թ.` 395 հազար հա: 1923 թ. Հայկական ՍՍՀ ժողկոմսովետի նախագահ Լուկաշինը, անդրադառնալով Հայաստանում հացահատիկի մշակման հարցին, նշում է, որ «համաձայն մասնագետների պնդման` հացահատիկի մշակումը հատկապես լեռներում անշահավետ է»: Նույն ընթացքում եւ դրանից հետո մասնագետները պնդում են, որ տնտեսագիտորեն շատ ավելի ձեռնտու է լեռնային հողերը դնել խոտհարքի տակ, քան` հացահատիկի: «Հացահատիկային կուլտուրաների մշակման տակ դնելով` արոտավայրերը հսկայական վնասներ են կրում: Խոտհարքները վարելը, կլիմայական եւ հողային պայմանների անհամապատասխանության պատճառով, տալով տնտեսական շատ թույլ արդյունք, հաճախ ոչնչացնում են հողը` մերկացնելով եւ փոշիացնելով այն, ընդամենը մի քանի տարվա ընթացքում դրա տեղում թողնելով առանց բուսականության քարքարուտներ»,- պնդում էին նրանցից շատերը: Այդուհանդերձ, 1928-32 թթ. հնգամյա պլանում բնակչությանը հացի սեփական արտադրանքով բավարարելու խնդիր է դրվում: Խոսվում էր նույնիսկ որոշ քանակի արտահանման մասին: Դրանով իսկ Հայաստանում սկսվում է հացահատիկի արտադրության բնագավառում ինքնաբավարարման քաղաքականության իրականացման ժամանակաշրջանը: Դա ինքնաբավության առաջին ծրագրի փուլն էր: Մշակման տարածքները, ինչպես նշվեց, շեշտակի ավելանում են, հիմնականում արոտավայրերի եւ վատորակ հողերի հաշվին: Անարդյունք: Չեն կարողանում բավարարել անգամ ներքին պահանջարկը: Արտահանման մասին լռում են մեկընդմիշտ: Հայաստանը շարունակում է հացամթերք ներմուծել:
Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց որոշում են, որ պետք է ոչ թե տարածքները մեծացնել, այլ կենտրոնանալ բերքատվության բարձրացման վրա: Անգամ այդ թեմայով կառավարության ու կենտկոմի մակարդակով քննարկում են կազմակերպում: Դրանից վիճակը ոչնչով չի փոխվում: 5-6 տարվա անհաջող փորձերից հետո սովետական չինովնիկները հրաժարվում են ինքնաբավության առաջին ծրագրից, բայց դրանով ամեն ինչ չի վերջանում: Հարցին գրեթե նույնությամբ անդրադառնում են գրեթե 20 տարի անց: Անցյալ դարի 50-ականների սկզբներին Սովետական Միության կառավարության եւ կուսակցության «Հայկական ՍՍՀ կոլխոզ-սովխոզներում ցորենի արտադրության ավելացման... միջոցառումների մասին» որոշումը նախատեսում է ընդարձակել հացահատիկի ցանքատարածությունները եւ բարձրացնել նրա բերքատվությունն այն հաշվով, որպեսզի հնարավոր լինի բավարարել հանրապետության ներքին պահանջները սեփական արտադրության հաշվին: Սա ինքնաբավության երկրորդ ծրագիրն էր, որը նախատեսում էր ցանքատարածությունները հասցնել 460 հազար հա-ի, որից 400 հազարը դնել ցորենի ցանքերի տակ` ապահովելով 22-25ց/հա բերքատվություն: Ընդ որում` նախատեսվում էր ցանքատարածություններն ավելացնել արոտավայրերի, կարտոֆիլի եւ գանգրավուշի ցանքերի հաշվին: Նման քաղաքականության արդյունքում էրոզիայի են ենթարկվում եւ շարքից դուրս գալիս տասնյակ հազարավոր հա հողեր, իսկ ցորենի բերքատվությունն էլ ավելի է ընկնում, քան մինչ այդ էր: Այս քաղաքականությունն իրականացվում էր ոչ միայն Հայաստանում, այլեւ` ամբողջ ԽՍՀՄ-ում: Արդյունք չստանալով` երկիրը կառավարողները որոշում են գյուղատնտեսական արտահայտված մասնագիտացում ունեցող հանրապետություններում ավելացնել այն մթերքների արտադրությունը, որոնք բնորոշ են տվյալ հանրապետությանն ու տարածաշրջանին:
Դրանից հետո կարծես ամեն ինչ իր տեղն է ընկնում, եւ 1952-88 թթ. հացահատիկի ցանքերը հանրապետությունում 3 անգամ կրճատվում են: Հողի սեփականաշնորհման նախօրեին հանրապետությունում մշակվում էր ընդամենը 130-133 հզ. հա հացահատիկային կուլտուրաներ, որի գրեթե կեսը` 65 հազար հա, աշնանացան ցորեն, բավականին բարձր միջին բերքատվությամբ: Իսկ բերքատվությունը բարձր էր, որովհետեւ ցորենը մշակվում էր դրա համար առավելապես նպաստավոր տարածքներում` Շիրակի դաշտում, Սեւանի ավազանում, Սիսիանի եւ Արմավիրի գոտիներում, որտեղ ցորենի միջին բերքատվությունը կազմում էր 25-30ց/հա:
Հացի ինքնաբավության «երրորդ» ծրագիրն իրականացվեց առանց պետության ուղղակի միջամտության: Այն սկսվեց տարերայնորեն, հողի սեփականաշնորհումից անմիջապես հետո եւ շարունակվեց մինչեւ 1998-99 թթ.: Դա ինչ-որ առումով տրամաբանական էր, պայմանավորված նոր կացութաձեւի անցման եւ պատերազմական դժվարություններով (ընդհանրապես նման երկրներում հացի ինքնաբավության խնդիր դրվում է միայն պատերազմի ժամանակ): Այս անգամ ժողովուրդն ընդամենը հանապազօրյա հացի խնդիրն էր լուծում: Այդ ընթացքում նույնպես ցանքատարածությունները շեշտակիորեն աճեցին: Ընդ որում` եթե առաջին երկուսի դեպքում դրանք աճում էին հիմնականում լեռնային, նախալեռնային արոտավայրերի ու խոտհարքների հաշվին, ապա ինքնաբավության երրորդ «փուլում» աճը տեղի էր ունենում հիմնականում Արարատյան դաշտի հաշվին (շուրջ 45 հազար հա): Այդ ընթացքում, համաձայն վիճակագիրների, հացահատիկի ցանքատարածությունները կազմում էին 170-190 հազար հա: 1993 թ.-ին` 206 հազար հա:
Առաջին փուլում ամենաբարձր միջին բերքը ստացվել է 1991 թ.` 19.9ց/հա: Այս ցուցանիշը բավականին ռեալ է, քանի որ, կարելի է ասել, դա ցորենի մասսայական մշակման առաջին տարին էր, երբ հողը դեռ բերրի էր, ցանքաշրջանառության խիստ կարիք չկար, երբ կոլխոզների պահեստներում անսահմանափակ քանակի պարարտանյութ կար (ընդ որում` ոչ միայն ազոտական), երբ ջրի եւ մեխանիզացիայի պրոբլեմ գրեթե չկար: Պայմանները խիստ նպաստավոր էին բարձր բերքի համար:
Ժամանակի ընթացքում, կապված իրավիճակի բարելավման եւ ցորենի ցածր եկամտաբերության հետ, վերջինիս ցանքատարածություններն էապես կրճատվեցին: Եթե ժամանակին գրեթե ցանկացած գյուղի հողերի զգալի մասը հացի մշակման տակ էր, ապա այսօր Արարատյան դաշտի հարյուրավոր գյուղերում ընդհանրապես հաց չի մշակվում: Մյուսներում էլ մշակվում է փոքր տարածքների վրա: Գրեթե նույնն է պատկերը նախալեռնային գոտում: Լեռնային գյուղերում համայնքապետերի, գյուղացիների հետ բազմաթիվ հանդիպումները ցույց են տալիս, որ հացի մշակման տարածքներն էապես կրճատվել են: Մինչդեռ, Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, 2000 թ. հետո, մինչեւ 2005 թ. ներառյալ, հացահատիկային ցանքատարածություններն աճել են նախկինի համեմատությամբ 30-40 հազար հա-ով` տատանվելով 200-210 հազար հա-ի սահմաններում: 2006 եւ 2007 թթ. դրանք եղել են համապատասխանաբար 180 եւ 176 հազար հա: Գրեթե 1992-93 թթ. մակարդակին: Մյուս կողմից` վերջին տարիներին հանրապետությունում գրանցվում են հացահատիկի բերքի ռեկորդային բարձր ցուցանիշներ: Պաշտոնական տվյալներով` միջին բերքատվությունը հասել է մինչեւ 26ց/հա: Ընդ որում` դա տեղի է ունեցել այն պարագայում, երբ վերջին տարիներին Արարատյան դաշտի բարձր բերքատու ոռոգելի հողերում մշակվող հացահատիկի տարածքները (որոնց բարձր բերքատվության շնորհիվ ապահովվում էր հանրապետության միջին բերքատվության բարձր ցուցանիշը) գրեթե եռակի կրճատվել են, երբ հացահատիկի տակ եղած մնացած տարածքներում արդեն ավելի քան 15-16 տարի ցանքաշրջանառություն չի կիրառվում (ինչը բերքի շեշտակի անկման ռեալ նախադրյալ է), երբ այդ տեւական ժամանակամիջոցում պարարտացման ծավալները, մասնագետների գնահատականներով, եռակի-քառակի նվազել են 1985-88թթ. համեմատությամբ, երբ նախալեռնային եւ որոշ տեղերում նաեւ լեռնային ցանքատարածությունների զգալի մասը նախկինում ոռոգվում էր, բայց ոռոգման ցանցերի շարքից դուրս գալու պատճառով դրանք այլեւս չեն ոռոգվում: Այդուհանդերձ, բերքատվությունն աննախադեպ աճում է:
Մինչդեռ իրականության մեջ այդպես չի լինում: Ի՞նչ է ստացվում: Փաստորեն, հսկա Խորհրդային Միությունը, որ ոչինչ չէր խնայում նախանշած ցանկացած ծրագրի իրականացման համար, ժամանակին այս ծրագրի առումով երկու անգամ տեղի տվեց: Ընդ որում, այսօրվա ծրագրի համեմատությամբ` շուրջ 50 հազար տոննայով պակաս ցուցանիշ նախատեսած լինելով հանդերձ: Մինչդեռ այսօր առաջարկվում է տարեկան 450 հազար տոննա ցորենի արտադրություն, ինչի համար հարցի լուծման բավականին հստակ ու կարճ ուղիներ են առաջարկվում. բարձր բերքատու սերմացուի եւ պարարտանյութերի ներկրում, տեխնիկական միջոցների եւ ցանքատարածքների ավելացում: Մասնագիտական տեսանկյունից միայն ազոտական պարարտացումով ամեն տարի նման ցուցանիշ ունենալն աբսուրդ է: Մյուս կողմից էլ, եթե մինչեւ այս տարի պետությունը ճապոնական դրամաշնորհով տարեկան 18 հազար տոննա ազոտական պարարտանյութ էր ներկրում, ապա այս տարվանից դա դադարեցվել է: Փաստորեն, մի կողմից խոսում են ներկրումների ծավալների մեծացման մասին, մյուս կողմից հակառակն են անում:
Հաջորդ գործոնը ցանքերի տակ դրվելիք հողատարածքն է: Եթե ցանքերը մեծացնելու համար առաջնորդվելու են սովետական տարբերակով` բարձրանան սարերը, ապա խորհրդային տարիներին երկու անգամ արդեն ձախողվել են, իմաստ ունի՞ երրորդ անգամ գնալ այդ ճանապարհով: Եթե այդ գոտին պետք է ոռոգովի դարձվի, ապա գործնականում անհնարին է այդտեղ 1-2 տարում ոռոգման համակարգ կառուցել: Եթե դա արվելու է Արարատյան դաշտի հաշվին, ապա ընդամենը 10 տարի առաջ ժողովուրդն ինքնակամ հրաժարվեց ցորենից խիստ անեկամտաբեր լինելու պատճառով: Մյուս կողմից` փոքրիշատե բարձր բերք հնարավոր է ստանալ միայն ոռոգովի հողերում: Իսկ դրանք Արարատյան դաշտում են եւ մասամբ նախալեռնային գոտում: Բայց սրանք բոլորովին հացահատիկային շրջաններ չեն, եւ անլուրջ է դրանց անդրադառնալը:
Հերթական գործոնը բարձրորակ սերմացուն է, որը պետք է ներկրվի դրսից: Իսկ դա բավականին թանկ հաճույք է: Այնքան, որ խիստ կասկածելի է, թե գյուղացին կհամարձակվի գոնե 50-60 հազար հա-ի վրա նման սերմացու ցանել: Մյուս կողմից` միայն սերմացու ներկրելը բավարար չէ: Սերմարտադրություն չունենք, իսկ լուրջ սերմարտադրություն կազմակերպելը մեկ-երկու տարվա գործ չէ: Կնշանակի` ամեն տարի պետք է ներկրվի, ինչը տնտեսագիտության տեսանկյունից նույնպես արդարացված չէ, իսկ ամենամեծ խնդիրը, թերեւս, տեխնիկայի բացակայությունն ու եղածի մաշվածությունն է: Պաշտոնական տվյալներով` այսօր հացի բերքի 12-17%-ը կորում է տեխնիկայի անսարքության պատճառով: Իրականում այդ թիվն ավելի մեծ է: Կնշանակի` 400 հազար տոննա հաց ունենալու համար նվազագունը 450-500 հազար տոննա պետք է արտադրվի: Այդ դեպքում ոչ թե 30ց/հա, այլ 32-33ց/հա միջին բերք պետք է ապահովվի: Ինչպե՞ս: Շատ դժվար է ասել:
Պարենային անվտանգությունն, իհարկե, երկրի համար ռազմավարական նշանակություն ունի: Բայց նման ծրագրի իրականացումը պետք է ամենից առաջ հիմնավորված լինի տնտեսագիտական տեսանկյունից: Եթե Խորհրդային Միությունում այլ էր, ապա այսօր ամեն ինչ հաշվարկվում է տնտեսագիտական արդյունավետության, շահութաբերության տեսանկյունից: Արդյոք տնտեսագիտորեն հիմնավորվա՞ծ է շուրջ 250 հազար հա տրամադրել հացահատիկի մշակմանը: Եվ դա կապահովի՞ այն շահույթը, որի համար գյուղացին հրաժարվի ավելի արդյունավետ մշակաբույսերից: Երիցս ոչ: Այնպես որ, այս իրավիճակում կարծես թե այնքան էլ լուրջ չէ հացի պահանջմունքը մեր հաշվին բավարարելու մասին բարձրացված խնդիրը, եւ խիստ կասկածելի է` այս ծրագրի իրականացումով ավելի շատ կշահե՞նք, թե՞ կկորցնենք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել