HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական սերիալը լատինաամերիկյանի սեւագրությունն է»

Գայանե Առաքելյան

Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի բնակիչ Արմեն Հովհաննիսյանը դիտում է գրեթե բոլոր ալիքներով ցուցադրվող հեռուստասերիալները:

«Հա, աշխատում եմ, բայց հենց սերիալը սկսում ա, պետք ա գործս թողնեմ, նայեմ, եթե հանկարծ իրիկունը չնայեմ, առավոտն անպայման պիտի նայեմ, ո՞նց կլինի` մի սերիա բաց թողնեմ, ոնց որ կյանքիցդ մի օրը կորցնես»,- ասում է 32-ամյա Արմենը:


Արմենի դուստրը յոթ տարեկան է, որդին` չորս: Հանրային հեռուստաալիքով ցուցադրվող բրազիլական «Ստրկուհի Իզաուրան» սերիալն այնքան է դուր եկել Արմենին, որ որոշել է երեխաներին տանը կոչել այդ սերիալի գլխավոր հերոսների անուններով` Իզաուրա եւ Լեոնսիո:

«Կարգին կինո էր, կյանքից վերցրած բաներ էին սաղ,- բացատրում է նա,- հինն էլ եմ նայել շուտ: Հիմա «Վերվարածներ»-ն եմ նայում, «Հարեւաններ»-ը: «Հարեւաններ»-ի միջից էլ Ծաղիկը մամայիս ա նման, անունը Ծաղիկ եմ դրել, որ տանը չի լինում, զանգում, հարցնում եմ` Ծաղիկը ձեր տա՞նն ա: «Վերվարածներ»-ի մեջ կոմեդիա կա, այսօրվա կյանքից ա, դերասաններից Ճըպըլը շատ լավ ա խաղում, հորս ա նման, իրականում ըտենց մարդիկ շատ կան: «Հ1»-ի «Ռուզանի սիրտն» էլ նայեցի, դուրս չեկավ, դերասանները լավ չեն խաղում»:

Չնայած` սերիալը կինոյի պատմական կայուն ավանդույթներ ունեցող տեսակ է, հեռուստամշակույթի անբաժան մասն է կազմում եւ ունի սոցիալ-հոգեբանական մի շարք առանձնահատկություններ, որոնց շնորհիվ շատ մարդկանց ազատագրում է սթրեսներից, մխիթարում, մատուցում իրենց չապրածի այլընտրանքը, այնուամենայնիվ, այն սահմանափակ հնարավորություններ ունեցող կինո է:
Հեռուստասերիալը հիմնականում նկարահանվում է մի քանի սենյակներում կամ բնակարաններում: Սերիալն, ընդհանրապես, ցածրորակ ու էժանագին է լինում, որովհետեւ այն նկարահանվում է նեղ լսարանի, հիմնականում` տնային տնտեսուհիների համար, որոնք անելիք չունեն: Միջազգային պրակտիկայում սերիալները ցուցադրվում են ցերեկային ժամերին, երբ հեռուստալսարանը մեծ չէ: Իսկ հայաստանյան հեռուստաեթերը ողողված է սերիալներով օրվա ամենատարբեր ժամերին, մասնավորապես 16:00-ից մինչեւ 21:00-ն:

Հայկական հեռուստաալիքներից առաջինն իր արտադրանքը որպես հեռուստասերիալ սկսեց ցուցադրել «Շանթ» հեռուստաընկերությունը` 2003 թվականին: Ավելի ուշ այլ հեռուստաընկերություններ եւս («Արմենիա», «Հ1») հանդես եկան նման նախաձեռնություններով` ձեւավորելով բավականին լայն առաջարկ:

Կինոռեժիսոր Արեգ Նազարյանը կարծում է, որ ցանկացած ցածր մակարդակի ու մատչելի տեսանյութ հավակնում է հանդիսատեսի ուշադրությանը եւ ունի պահանջարկ: Նրա համոզմամբ` մենք չունենք մշակութային քաղաքականություն, որը պարտավոր կլինի դաստիարակել հասարակությանը եւ ձեւավորել որոշակի ճաշակ. «Քանի որ չունենք դա, տեղը լրացնում են ցածրորակ, բայց բոլորին հասկանալի ու մատչելի, հեշտ մարսվող, ուղեղի աշխատանք չպահանջող սերիալները: Եվ դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ պետությունը որոշի ստանձնել հետագա սերնդի ճաշակն ու դաստիարակությունը ձեւավորելու հարցը»:
Հայաստանի Ազգային կինոկենտոնը հայաստանյան մի քանի հեռուստաալիքների հետ մեկ տարի առաջ պայմանագիր է կնքել, որ իր արտադրանքը կոմերցիոն իրավունքներով ցուցադրեն: Սակայն այդ ֆիլմերի քանակը երեք տասնյակի է հասնում: «Հայֆիլմ» կինոստուդիայի արխիվը 2005 թվականից տնօրինում է «Գաֆեսճյան» հիմնադրամը:

«Դեռ 32 ֆիլմ ունենք, որոնցից 4-5-ը գեղարվեստական են, եւ մի շարք մուլտֆիլմեր: Տարին 365 օր ունի, այսինքն` մենք միայն մի քանի օրվա ցուցադրության նյութ ունենք: 2005-ից առաջ ունեցած մեր ֆիլմերը սեփականության առումով մերն են, բայց կոմերցիոն իմաստով չենք կարող հեռուստաընկերություններին տալ, դա «Գաֆեսճյան» հիմնադրամը պիտի անի, բայց մեր հեռուստաընկերությունները վճարունակ չեն»,- ասում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

Միջին հաշվարկով հայաստանյան վերոնշյալ հեռուստաալիքների եթերի երկուսից երեք ժամը տրամադրվում է սեփական արտադրության սերիալներին: Ավելին, Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, մայիսի 6-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ սեպտեմբերը Հանրային խորհրդի եւ հեռուստաընկերության համար կլինի նոր փոփոխությունների ամիս. 2009 թվականի հունվարից «Հ1»-ի եթերում կդադարեն ցուցադրվել լատինաամերիկյան սերիալները: Դրանք կփոխարինվեն հայկականներով:

«Ճիշտն ասած` սերիալ ես ընդհանրապես չեմ նայում, բայց կոնկրետ «Ռուզանի սիրտը» միջազգային ֆորմատի է: Իմ կարծիքով` հեռուստադաշտում եղածներից ամենալավն է: Դերասանները բավական լավն են, պրոֆեսիոնալ դերասաններ են, լավ է, որ սերիալները լինեն մեր կյանքի վերաբերյալ, քան լատինաամերիկյան»,- ասել է պարոն Հարությունյանը:

Հանրային հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը հավաստիացնում է, որ կգա ժամանակը, եւ «Հ1»-ի նկարահանած սերիալները կլինեն ավելի լավը, քան լատինաամերիկյան սերիալներն են. «Իսկ ինչու՞ չնկարել, ես կարծում եմ, որ դրանք հիմա էլ վատը չեն: Յուրաքանչյուր հեռուստադիտող ցանկանում է տեսնել, լսարանի տարիքային խմբերը տարբեր են, նրանց ճաշակն էլ է տարբեր, իսկ հեռուստացանցում տեղ պետք է գտնեն տարբեր տեսակի հեռուստահաղորդումներ»:

Սցենարիստ Արմեն Վաթյանը թեեւ չի հավանում հայկական սերիալները, բայց դրանք նկարահանելու նախաձեռնությունն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում:

«Ինչ-որ գործ արվում է, իսկ Հայաստանում յուրաքանչյուր գործ սկսելը շատ բարդ բան է: Ժողովուրդն էլ օրվա հացի խնդիրն է լուծում: Իհարկե, վատ է, որ ճիշտ հայերենը չի հնչում, բայց յուրաքանչյուր ոք ընտրության հնարավորություն ունի: Ծնողը, որն իր երեխայի անունը դնում է սերիալի հերոսի անունով, ուրեմն այդ սերիալին է արժանի, միեւնույնն է` մյուսը նա չի ընկալի: Մենք մեխանիզմ չունենք արգելելու, եթե դա չկա, անիմաստ է խոսելը: Բայց Հանրայինի համար դա աններելի է, ազգային հեռուստաընկերությունը կոչված է դաստիարակելու, իսկ մեր առաջին ալիքը կոմերցիոն ալիքի տպավորություն է ստեղծում: Նա մեկ խնդիր ունի, բայց փոխարենը էժանագին հաղորդումներ է նկարում»,- ասում է Արմեն Վաթյանը:

«Նկարահանում ենք, որովհետեւ բան ունենք ասելու ժողովրդին ու սերիալով ասում ենք: Ես գիտեմ, որ դրական էներգիա է հաղորդում ժողովրդին, դա միանշանակ,- համոզված է «Արմենիա» հեռուստաընկերության «Հարեւաններ» սերիալի ռեժիսոր Ռոլանդ Սարգսյանը,— դրանից ելնելով` մենք ուղղվածությունը փոխելու ենք դեպի տրագիկոմեդիայի: Մեզ մոտ հումորն ավելի քիչ է, դրա համար զարգացնում ենք հումորը: Այսօրվա մակարդակը, եթե թվերով գնահատենք, ես երեք եմ գնահատում, դեռ չորս էլ չի, բայց կգա ժամանակը, հինգի էլ կհասնի»:

Նույն հեռուստաընկերության «Դժբախտ երջանկություն» սերիալի պրոդյուսեր Դավիթ Բաբախանյանի կարծիքով` իր սերիալում նկարահանվող անձանց 90 տոկոսը փորձառու դերասաններ են, իսկ սերիալը համապատասխանում է միջազգային չափանիշներին այնքանով, ինչքանով մեր երկիրն է համապատասխանում եվրոպական երկրների չափանիշներին:

«Ուղիղ համեմատականով մենք դեռ ավելի առաջ ենք: Մենք անում ենք մաքսիմալը, ինչ հնարավոր է մեր երկրում անել, դրանից ավելի ոչ մեկը չի կարող: Դա էլ, հավատացեք, հեռուստադիտողին ինչ-որ կերպ բավարարում է»,- հավաստիացնում է Դավիթ Բաբախանյանը:

Սերիալ արտադրող հաջորդ հայաստանյան հեռուստաընկերությունը «Շանթ»-ն է` իր «Վերվարածներն ընտանիքում» երգիծական նախագծով, որի պրոդյուսեր Հունան Սողոյանը հրաժարվեց մեզ հետ զրուցել` պատճառաբանելով, որ սերիալի մասին չի ուզում խոսել նախ` որովհետեւ ժամանակ չունի, երկրորդ` եթե որեւէ ասելիք ունենան, իրենց ալիքով կհայտնեն:

«Այն, ինչ այսօր է ցուցադրվում մեր հեռուստաալիքներով, եւ ընդ որում` ամենաակտիվ ժամերին, դրանից հետեւություն է անում մեր մանավանդ մշակութային հիշողություն չունեցող սերունդը, որը չի կրում իր մեջ երեկվանը: Այդ պատճառով էլ նա չունի մշակութային վիտամիններ, չունի դիմադրողականություն, բաց, սպիտակ էջ է, դա լցվում է իր մեջ, եւ եթե մարդուն սովորեցնում են 127 վոլտով ապրելուն, հետո, եթե 220 տաս, նա կվառվի, որովհետեւ արդեն հետ է վարժվել: Այս նպատակն են գուցե հետապնդում: Իսկ եթե չեն հետապնդում, թող շտապեն ապացուցել, որ այս ճանապարհով մի ամբողջ հասարակություն, ազգ բիոմասսա չեն դարձնում, մարդկանց հնարավորինս պարզունակ էակներ չեն դարձնում: Ուրեմն, սա գիտակցված ծրագիր է: Ի վերջո, մենք մեր ժողովրդին վարժեցնում ենք, որ մաքուր ու լավ արվեստը միայն սգո օրերի համար է, սարսափելի է: Հանկարծ մահանում է մի ականավոր գործիչ, այդ օրը պարզվում է, որ Արամ Խաչատրյանը «Սպարտակ» բալետ է գրել, որ հանկարծ հայ հանդիսատեսը կարող է դիտել ու նորմալ ժամի, ոչ թե գիշերվա 1-ին, հանկարծ պարզվում է` Լուսինե Զաքարյան ունենք, մարդու սիրտ ու հոգի մաքրող ազնվական երգ է երգում, ու մարդիկ այդ ծամածռություններից հետո կարող են այդ ազնվական արվեստին հաղորդակցվել»,- դժգոհում է Հայաստանի Գրողների միության քարտուղար, կինոգետ Դավիթ Մուրադյանը:

«Էթիկապես իրավունք չունեմ ասելու, որ վատն են այդ սերիալները, որովհետեւ ես էլ եմ նույն տեսակի արտադրանք տալիս: Բայց ասեմ, թե ինչու են սերիալները որակապես ու տեխնիկապես ցածր մակարդակի: Հեռուստաեթերը պետք է լցվի մի բանով. սնկի նման աճած հեռուստաընկերություններ են ու պետք է ցուցադրեն սնկի նման աճած սերիալներ, ուրիշ բան չունեն ցուցադրելու: Հաղորդումն էլ է աշխատատար ու ծախսատար, մի կես ժամանոց հաղորդման գումարով մի քանի ժամ սերիալ են նկարում»,- ասում է Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

Կինոգետ Դավիթ Մուրադյանը սերիալներ չի դիտում. ոչ այն պատճառով, որ քամահրանքով է վերջիններիս վերաբերվում, այլ` ժամանակ չի մնում: Հայկական սերիալներից, սակայն, որոշ հատվածներ նայել է. «Դժվար է արվեստի սահմաններում դիտարկել այն, ինչ ես տեսել եմ, դրանք արվեստի սահմաններից դուրս երեւույթներ են, այդ իմաստով քննարկելու արժանի չեն»:

«Հասարակությանն ինչով կերակրես, դրան էլ կվարժվի: Մի միամիտ ու մակերեսային պատկերացում է շրջանառվում, թե իբր ռուսական օրինակով այժմ մեր կինոն զարգանում է որպես սերիալ, այստեղ ամբողջ հարցն այն է, որ մեր սերիալներն ամենեւին չեն նկարահանվում կինոյի սկզբունքներով, ինչպես անում են ռուսները, այլ դրանք մուտանտ են հեռուստաբեմադրության եւ հեռուստաֆիլմի միջեւ,- ավելացնում է կինոգետ Դավիթ Մուրադյանը:- Ինչու՞ ենք ժողովրդին խաբում, որ չունենք բարձր ճաշակով արված կինոներ, հեռուստաբեմադրություններ, եթե կան, ու մեր հեռուստադիտողը պետք է միայն լատինաամերիկյան սերիալը նայի՞ կամ այս մեր հայկական, կարելի է անվանել, սերիալի սեւագրություննե՞րը»:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոռեկտոր, կինոգետ Աննա Երզնկյանի մեկնաբանությամբ հայկական սերիալները որակապես տուժում են, որովհետեւ Հայաստանում չկա գեղագիտական գաղափարախոսություն, մոտեցումներն էլ խեղաթյուրված են:

«Ինձ թվում է` շատ անգամ այդ սերիալ նկարողները չեն էլ նայում, թե ինչ են նկարել, եթե նայեն, կմտածեն, որ այդքան էլ լավը չի, չեմ կարծում, որ նրանք այդքան ցածրաճաշակ մարդիկ են: Իտալիայում կամ Անգլիայում Համլետի կատարումը երբեք չի ընդհատվում ատամի մածուկի գովազդով, դա արդեն վերաբերմունք է, մոտեցում է: Առաջին հերթին պետական մոտեցում է հարկավոր»,- կարծում է Աննա Երզնկյանը:

«Անկեղծ ասած` սկզբնական շրջանում, երբ «Վերվարածները» ցույց տվեցին, նայում էի, սպասելիքներ կային, որ նորմալ բան պիտի լինի, հետո մի քանի շաբաթ անցավ, սկսեցի հիասթափվել ու չեմ նայում, կարծում եմ, որ շատ պրիմիտիվ է, ու անիմաստ նկարում են: Աղջիկս էլ ոգեւորվել էր, ասում էր` կինոարտադրությունը կզարգանա Հայաստանում, ուզում էր դպրոցն ավարտելուց հետո ընդունվել թատերական, որ կինոդերասան դառնա, բայց հիմա Բրյուսովի ուսանող է»,- պատմում է երեւանցի Անահիտ Մարգարյանը:

«Հասարակությունն էլ ունի մտավոր, բարոյական էկոլոգիայի խնդիր, այդ ամենն այսօր առաջին հերթին ձեւավորվում է հեռուստաէկրանով: Ի վերջո, այդքան դերասան փչացնել չի կարելի: Մի շարք կարգին դերասաններ գնացին այդ տեսակում խաղալու, ոչ միայն փողի համար, այլ նաեւ` միայն դա էին առաջարկում: Նա չի կարող այդ հեռուստասերիալից հետո Ռոմեո խաղալ, նա արդեն դիմակ է ստացել: Ըստ էության, մենք այլասերում ենք մի ամբողջ մշակութային համակարգ: Ամբողջ աշխարհը փայլուն սերիալների օրինակներ ունի, բայց մենք... Ինչու՞ ենք օրինակ վերցնում լատինաամերիկյաններից, եթե գնում ենք դեպի եվրոպական արժեհամակարգ»,- զարմանում է կինոգետ Դավիթ Մուրադյանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը պետական կառույց է, գործում է մշակույթի նախարարության ենթակայության ներքո: Եվ որպեսզի ոլորտում տիրող գռեհկությունն ինչ-որ չափով վերանա, Կենտրոնը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի եւ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հետ պայմանագիր է կնքել, որ համապատասխան ֆակուլտետների ուսանողների արտադրական պրակտիկան իր ֆիլմարտադրության պրոցեսի հետ համաձայնեցնեն: Շուրջ 20-30 երիտասարդներ հնարավորություն են ստանում ֆիլմարտադրության ոլորտում ինքնադրսեւորվելու: Կենտրոնը բյուջեի առանձին բաժնով հոգում է նաեւ նրանց դիպլոմային աշխատանքների ծախսը: Ավելին անել, ինչպես հավաստիացնում է տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, Կենտրոնը դեռ չի կարող:

«Մենք ամեն ինչ էլ ունենք, ուղղակի սկզբունքային ելակետերն են սխալ: Հայ գրականությունը շատ լավ հնարավորություններ է տալիս սերիալների` Նար-Դոս, Շիրվանզադե, Տիգրան Կամսարական: Ռուսներն, օրինակ, նկարահանեցին Դոստոեւսկու «Ապուշը», եւ ռուսական մամուլում տվյալներ կային այն մասին, որ ռուս երիտասարդները, որոնք գրքի հետ բարեկամություն չեն անում, պատկերազարդ ամսագրերով ու ինտերնետով են սնվում, վազեցին գրադարաններ` «Ապուշը» կարդալու: Մերոնք, եթե նշաձողը բարձրացնեն, դերասանը խաղալու բան կունենա, հանդիսատեսին կտեղափոխեն հոգեւոր եւ մտավոր ավելի բարձր հարթություն: Եվ թող մեզ չաշխատեն խաբել, թե ժողովուրդը դա է ուզում, չի ուզում, ժողովուրդը կյանքը վերարտադրել է հեքիաթի մեջ, ոչ թե սովորական կենցաղագրության, ժողովուրդը միշտ դա է ուզում, ավելի բարձրը, իմաստավորվածը, գեղեցիկը, հետաքրքիրը»,- ավելացրեց Դավիթ Մուրադյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter