HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վտարանդի հայ գրողների և մտավորականների միության հայտարարությունը ընդդիմադիր ուժերի կոնգրեսում

Լոս Անջելես 26.05.2008

Հայրենակիցներ,

Մեր անվանումից կարծում եմ արդեն կռահեցիք, որ Հայաստանում քաղաքական հալածանքի ենթարկված մի խումբ գրողներ և մտավորականներ ենք:

Մեզանից ոմանց սպասվում է ձերբակալություն, քրեական հետապնդում ու բանտարկություն Հայաստանի Հանրապետություն ոտք դնելու պահին իսկ: 

Դեռ 2006 թվի նոյեմբերին ողջ հայությանը ուղղված` մեր «Ահազանգ» փաստաթղթով, որը լույս տեսավ հայերեն, անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով և որին իրենց ստորագրությամբ զորակցություն հայտնեցին 18 ազգերի շուրջ 120 գրողներ, մտավորականներ, արվեստագետներ և այլ բնագավառների ներկայացուցիչներ, կանխազգուշացրել էինք Հայաստանի Հանրապետությունում ընթացող վտանգավոր զարգացումների մասին, որոնք, մեր գնահատմամբ, կարող էին հանգեցնել ազգային աղետի, և որը Մարտի 1-ից սկսած ներկա զարգացումների լույսի տակ կարևորագույն նշանակություն է ստանում:
Հակառակ նման աննախադեպ իրադարձությանն ու դրան դիմագրավող մտավորական բուռն հակադարձությանը, Հայաստանի Հանրապետության մամուլն ու ԶԼՄ-ները, բացի մեկ բացառությունից, լռեցին: Լռեց նաև սփյուռքահայ մամուլը` հայ անկախ գրողին ու մտավորականին բաժին հասած հալածանքն ու ՀՀ-ում ազատ խոսքի ու ժողովրդավարական առողջ մթնոլորտի ձևավորման խնդիրը համարելով երկրորդական: Նման, մեղմ ասած, տգետ մոտեցումը ունեցավ մեր կողմից կանխատեսված արդյունքը, որը իր լրումին հասավ Մարտի 1-ի դեպքերով:

Հայրենակիցներ,

Առաջնատար է մտավորականների և նամանավանդ գրողների ու հրապարակախոսների դերն ու նշանակությունը ցանկացած ազգի բնականոն զարգացման գործընթացում: Նրանք, իրենց գործունեության բերումով` արտացոլելով ժողովրդի հոգևոր ու բարոյական իրավիճակը, բացահայտում են ազգի իսկական կարիքներն ու իղձերը: Հանրույթի այս հատվածի գործունեության շնորհիվ է կազմավորվում այն, այսպէս կոչված, ազգային նպատակը, առանց որի անհնար է ազգի բնականոն զարգացումը: Եվ պատահական չէ, որ բոլոր բռնատիրություններում, որտեղ նպատակադրվում է խոչընդոտել հանրույթի բնականոն զարգացումը, առաջին հերթին ոչնչացվում է նրա մտավորականությունը (մտավորականություն ասելով` նկատի չունեմ բռնապետների համհարզներին): Փաստորեն գլխատվում է տվյալ ազգը, որպեսզի վերացվի նրա ազգային զարգացման նպատակը:
Իմ ելույթից զեղջելու եմ մեր դեմ կիրառված ու մինչև օրս կիրառվող հալածանքները մանրամասնող հատվածը: Նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանալ այդ ամենին, կարող են այն կարդալ www.vernatun.info հասցեով:

Հայրենակիցներ,

Վտարանդի հայ գրողների և մտավորականների միությունը, բոլոր այն կազմակերպություններին, մամլո և հեռուստատեսության միջոցներին, ովքեր լռեցին հայ գրողի վրա ձեռք բարձրացնող վարչախմբի քայլերի դեմ, մեղսակից է համարում 2006 թվի նոյեմբերից ցայսօր ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր քաղաքական հետապնդումներին, Մարտի 1-ի արյունալի դեպքերին, ՀՀ-ում բռնատիրական իշխանության հաստատման ու ամրապնդման մեջ, և համայն հայ ժողովրդին կոչ է անում համապատասխան գնահատական տալ նրանց ղեկավարների կամ խմբագիրների գործունեությանը: Զարմանալի չէ, որ այս նույն կազմակերպությունների, մամլո ու հեռուստատեսության ծրագրերի ղեկավարներից շատերն այսօր դարձել են ՀՀ-ն զավթած խունթայի մունետիկները:
Այս պահին, կենտրոնանալու համար մեր առջև դրված խնդիրների վրա ու սահմանափակվելով այս մի քանի րոպեներով, առանձնացնում ենք երեք ռազմավարական հրատապ հիմնախնդիր:

Առաջին: Պայքար` չեզոքացնելու խունթայի արտերկրյա կառույցները ու դրա հենարանները հանձինս որոշ կազմակերպությունների:

Երկրորդ: Պայքար` խունթան զրկելու իր տնտեսական լծակներից:

Երրորդ: Պայքար` վնասազերծելու հայ եկեղեցվո վերջերս ունեցած բացասական ու պառակտիչ քաղաքական գործունեությունը:

Առաջին հարթակում` հատկապես ի նկատի ունենք Հայ Հեղափոխական Դաշնակցության մեզ համար անընդունելի գործունեությունը, որով արդեն տասը տարի շարունակ, «իմաստնություն» խաղալով, օր ավուր ապակողմնորոշում է արտասահմանի հայությանն ու ժողովրդավար պետություններին` ՀՀ-ում գոյություն ունեցող իրավիճակի մասին: Անընդունելի ենք համարում նաև` իրեն ժողովրդավարության խոսնակ ներկայացնող Ամերիկայի հայկական համագումարի գաղջ պահվածքը: Նույնը կարելի է ասել Հայ բարեգործական ընդհանուր միության մասին:
Վտարանդի հայ գրողների և մտավորականների միությունը, ինչպես անցյալում, այսօր ևս հորդորում է այս կազմակերպություններին վերանայել իրենց վերաբերմունքը խունթայի նկատմամբ և մասնակից լինել դրա մեկուսացման ու ՀՀ-ից վտարման գործընթացին:

Աններելի և պախարակելի ենք համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից` նախքան ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը` դեռ չընտրված նախագահին ուղղված շնորհավորական խոսքը, որը միտում էր իրավականություն շնորհել ազգի գլխին փաթաթված վիշապի իշխանությանը:

Աններելի ենք համարում ԱՄՆ-ում հայ եկեղեցվո զույգ թեմերի մասնակցությունը վերոնշյալ երեք կազմակերպությունների կողմից անօրինական իշխանությունների ճանաչմանը միտող միացյալ հայտարարությանը: Անընդունելի ենք համարում նաև հայ եկեղեցվո միջոցով մեր ազգի ստրկացումը մի կուռքի ու դրա հետնորդների ժամանակավրեպ, զառանցական ու կործանարար գաղափարախոսությանը, որի արդյունքում մեր ազգի նոր սերունդը օտարվում է ամենայն հոգևորից:

Հետևաբար, առաջարկում ենք,

1) Վերոնշյալ կազմակերպությունների քաղաքական գործունեությունը շրջանցելուն և դրանք չեզոքացնելուն միտող միջոցների քննարկումը այս ձեռնարկի շրջանակներում: Ըստ մեզ, գոյություն ունեն համապատասխան ազդու միջոցներ, որոնք կարող են հանգեցնել ժողովրդավար երկրներում գործող ա՛յն կազմակերպությունների լիակատար չեզոքացմանը, որոնք կշարունակեն այս կամ այն ձևով օրինականություն վերագրել ՀՀ-ի ներկա վարչակարգին:

2) Քննարկել այն առևտրական հաստատությունների բոյկոտումը, որոնք իրենց ծանուցումներով ծառայում են ԱՄՆ-ում խունթայի մունետիկների շահերը ներկայացնող ԶԼՄ-ների գոյատևմանը, ինչպես նաև` խունթայի կողքին կանգնած սակավապետերի արտածումների բոյկոտումը Սփյուռքում:

3) Զույգ կաթողիկոսներին հորդորել կանգնել ժողովրդի կողքին: Հորդորել նրանց նաև դադարեցնել, ՀՀ-ում թե այլուր, ուսումնական համակարգի, հեռուստատեսային ծրագրերի ու այլ միջոցներով հայ մատղաշ սերնդի ստրկացումը ժամանակավրեպ, իբր հոգևոր գաղափարախոսությանն ու դրա խորհրդանիշներին, անհապաղ ձեռնամուխ լինելով հայ եկեղեցվո գաղափարական վերակերտմանը: Հակառակ դեպքում` պահանջել կաթողիկոսների հրաժարականը:

Վտարանդի հայ գրողների և մտավորականների միությունը դիմում է ձեզ` քաղաքական գնահատական տալ գրողներիս նկատմամբ կիրառվող բռնություններին, դատապարտել Հայաստանի գրողների միության և մյուս այսպես կոչված ստեղծագործական միությունների լկտի մասնակցությունը պետական քարոզչամեքենայի` գրողներին ու այլ ազատ ստեղծագործողներին բարոյազրկելու ու փաստացի աքսորի մեջ պահելու ջանքերին, դիմել բոլոր կառավարություններին ու միջազգային տարբեր կառույցներին` ապահովելու գրողներիս ու բոլո՛ր վտարանդիների վերադարձը հայրենիք` մեր անմիջական մասնակցությունը բերելու համար ազգակերտման գործընթացի բախտորոշ այս հանգրվանին:

Նկատի ունենալով, որ ՀՀ-ում իշխանափոխության օրինական բոլոր միջոցները ի սպառ վերացվել են, Վտարանդի հայ գրողների և մտավորականների միությունը նախ և առաջ պահանջում է տվյալ իշխանությունների ղեկավարներից`

1) Անհապաղ ազատ արձակել կաշառաբաշխ, ահաբեկիչ, և խոսքի ազատության վրա բռնացող իշխանական տարրերի կազմակերպած ընտրական ցուցահանդեսի դեմ բողոքի բռունցք կազմած հայորդիներին, որոնք այսօր գտնվում են կալանքի մեջ:

2) Կամովին հեռանալ իշխանությունից առաջիկա 30 օրերի ընթացքում, ընդդիմության հետ փոխգործակցությամբ նշանակելով փոխանցման ժամանակավոր կառավարություն` մինչև նոր ընտրությունների կայացումը:

3) Վերադարձնել պետական առանձնաշնորհների միջոցով ձեռք բերված ողջ ինչքն ու հարստությունը, նրանց, ընտանիքի անդամների, և վստահված անձանց անունների տակ յուրացված ունեցվածքն ու տնտեսական իրավունքները, ՀՀ-ում կամ արտասահմանում ձեռք բերված գույքն ու պահ դրված ավանդները, ներառյալ դրամատնային գաղտնի հաշիվները:

Այս դեպքում` հաջորդ իշխանություններից պահանջում ենք երաշխավորել նրանց ու ընտանիքի անդամների կյանքի ապահովությունը: 

Այլապես` կոչ ենք անում համայն հայ ժողովրդին` բոլոր հնարավոր միջոցներով ձերբազատվել քրեական վարչախմբից, պահանջելով նաև հետագայի իշխանություններից` քրեական պատասխանատվությունից զերծ պահել նրանց, ովքեր կվտանգեն սեփական կյանքը խունթան ՀՀ-ից ի սպառ արմատախիլ անելու գործում:

Վտարանդի հայ գրողների և մտավորականների միություն.

Վահե Ավետյան (Շվեդիա, ներկայումս ԱՄՆ-ում), արձակագիր. «Անկախության Բանակ» (2003), «ԷսթաբլիշՄԵՆԹ» (2003) և այլ գրքերի հեղինակ: Հայաստանի Հանրապետության նախագահի վտարանդի թեկնածու, Անկախության բանակի հրամանատարներից:

Արմեն Մելիքեան (ԱՄՆ), արձակագիր, նույն ինքը` Շուն Շան Որդի. «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» (2005): Հիմնադիր Հայաստանի ամերիկյան բարեկամներ կազմակերպության (1989-1991), որին անդամակցել են 50-ից ավելի ամերիկյան քաղաքական գործիչներ, ներառյալ 17 նահանգապետեր, ԱՄՆ Ներկայացուցիչների տան և Ծերակույտի անդամներ: Հիմնադիր «Հայ հավատք» կրոնական շարժման (2000):

Արա Բալիոզյան (Կանադա), հրապարակագիր, արձակագիր, 40 և ավելի գրքերի հեղինակ:

Սև (Հենրիկ Խաչատրյան - ԱՄՆ), արվեստագետ, արձակագիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter