Հակամարտություն եւ աշխարհաքաղաքականություն
Ղարաբաղյան հակամարտության մեջ դրսեւորվող աշխարհաքաղաքական շահերի, հակամարտության ներկա ընթացքի վրա այդ շահերի ազդեցության մասին են հայ եւ ադրբեջանցի փորձագետների մեջ անցկացված մեր հարցումները, որոնց արդյունքները ներկայացնում ենք «Հետքի» ընթերցողներին:
«Ռեգիոն» կենտրոն
«Այս պահին կարեւորը հրադադարի պահպանումն է»
ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյան
- Ինչո՞վ է այժմ արտահայտվում ղարաբաղյան հակամարտության շուրջ «աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռությունը», եւ ի՞նչ նշանակություն ունի այն կարգավորման գործընթացի համար:
- Աշխարհաքաղաքական շահերում հավասարակշռություն իսկապես գոյություն ունի: Սա արտահայտվում է նրանով, որ Ղարաբաղում դեռեւս շարունակվում է պահպանվել զինադադարի կարգավիճակը: Բայց կա նաեւ մեդալի հակառակ կողմը. նույն այդ աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռության պատճառով է, որ մինչեւ հիմա գոյություն չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջնական տարբերակ: Այս հանգամանքը մի կողմից օգնում է, մյուս կողմից` խանգարում: Այս պահին, իմ կարծիքով, ավելի կարեւոր է, որ հավասարակշռության հաշվին պահպանվում է զինադադարը: Հավասարակշռությունը հիմնականում պահպանվում է Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ԱՄՆ-ի ու Եվրամիության հաշվին:
- Ի՞նչ գլխավոր հետեւությունների կարելի է հանգել Կոսովոյի անկախությունը ճանաչելուց հետո, կարո՞ղ է, արդյոք, այդ ճանաչումը դառնալ բացառություն ընդունված միջազգային օրենքներից:
- Կոսովոյի ճանաչման փաստն ունի երկակի նշանակություն: Մի կողմից` առաջին անգամ միջազգային իրավունքում կիրառվեց ազգերի ինքնորոշման սկզբունքը, եւ սա, կարծես թե, հույս է ներշնչում, որ ղարաբաղյան հարցում նույնպես կլինեն նմանատիպ մոտեցումներ: Սակայն, մյուս կողմից էլ տեսնում ենք, որ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը, որոնք հիմնական դերակատարներն էին Կոսովոյի ինքնորոշման իրավունքի իրականացման հարցում, լի են վճռականությամբ` այլեւս թույլ չտալու, որ Կոսովոյի դեպքը դառնա նախադեպ, եւ բավական լուրջ ճնշումներ են կիրառում նմանատիպ բոլոր դեպքերը կանխելու համար: Նույնիսկ կարելի է եզրակացնել, որ նրանք ներքին համաձայնություն ունեն թույլ չտալու, որ «կոսովոներն» աշխարհում շատանան: Եթե միջազգային իրավունքի իրականացման տեսակետից Կոսովոյի նախադեպը բարենպաստ ազդեցություն ունի ղարաբաղյան հիմնահարցի լուծման համար, ապա քաղաքական հարթությունում ընդհակառակը` ազդեցությունն անբարենպաստ է:
- Ձեր կարծիքով` միջազգային ո՞ր ինստիտուտները կարող են իրապես նպաստել հայ ժողովրդի անվտանգությանը, եւ ո՞րն է այժմ հայկական կողմի համար միջազգային միջնորդության լավագույն ձեւաչափը:
- Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ-ի առաջադրած միջնորդական ձեւաչափն այս պահի տարբերակներից լավագույնն է: Չեմ կարծում, որ որեւէ այլ ձեւաչափ ավելի հարմար կլիներ, քանի որ ցանկացած մեկ ուրիշի դեպքում կխախտվի հավասարակշռությունը: Կարող է լինել նաեւ ՄԱԿ-ի կողմից նշանակված միջնորդ: Այդ հարցը դեռ բաց է: Տեսականորեն հնարավոր է, որ ՄԱԿ-ի ձեւաչափը չազդի բանակցային գրծընթացի վրա, բայց կարող է նաեւ ազդել: Փոխել ձեւափաչը եւ նորը կիրառել, նշանակում է մի քանի տարով ետ գցել բանակցային գործընթացը: Բացի այդ, վստահ եմ, որ միջնորդությունը կարող է նպաստել, բայց ոչ որոշիչ դեր ունենալ հակամարտության կարգավորման հարցում: Որոշիչ դերակատարում ունեն հակամարտության մեջ ներգրավված կողմերը:
- Երկու մոտեցում կա աշխարհաքաղաքականության նշանակության հարցում. առաջին` ոչինչ կախված չէ հակամարտության կողմերից, եւ կարգավորում կլինի այն ժամանակ, երբ դա ձեռնտու կդառնա գերտերություններին, եւ երկրորդ կարծիքը, որ կարգավորումը կախված է միայն հակամարտող կողմերից, եւ «կարգավորմանը խոչընդոտող բարդ աշխարհաքաղաքական գործընթացներին» հղումն ընդամենը հակամարտության կողմերին հարմար բացատրություններն են: Ձեր կարծիքով` այս երկու բացատրություններից ո՞րն է ավելի հիմնավոր:
- Սովորաբար, ճշմարտությունը մեջտեղում է լինում: Երկու տարբերակները բեւեռային են: Հակամարտությունը կարգավորելու համար մի կողմից պետք է լինի դրանում ներգրավված կողմերի պատրաստակամությունը, վճռականությունը եւ կամքը, իսկ մյուս կողմից` պետք է լինի աշխարհաքաղաքական հավասարակշռությունն ապահովողների դրական մոտեցումը: Բայց, ինչպես ցույց տվեց վերջին տարիների բանակցային փորձը, համանախագահներից յուրաքանչյուրը ցանկության դեպքում միշտ կարողացել է խափանել բանակցային գործընթացը: Անգամ Թուրքիան, որը չունի միջնորդի առաքելություն, Ադրբեջանի վրա ունեցած մեծ ազդեցության շնորհիվ կարողացել է միջամտել գործընթացին: Այսինքն` եթե անգամ տարածաշրջանում լինի համաձայնություն, ապա չի կարելի վստահ ասել, որ համաձայնություն կլինի աշխարհում:
- Ի՞նչ ընդհանրություններ եւ տարբերություններ ունեն հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունները (ղարաբաղյան, աբխազական, հարավօսական, չեչենական, մերձդնեստրյան)։
- Միանգամից կարող եմ ասել, որ ի տարբերություն մյուս չորսի, Ղարաբաղում պետականությունը շատ ավելի հստակ է կայացել: Եւս մի տարբերակող հանգամանք. բոլոր թվարկված հակամարտություններում, ի տարբերություն ղարաբաղյանի, Ռուսաստանը փորձում է ինքնուրույն գործողություններ իրականացնել, եւ հակամարտության կողմերից մեկը միանշանակ կողմնորոշված է դեպի Ռուսաստանը: Ղարաբաղյան հակամարտության մեջ նման բան չկա: Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է, եւ Ղարաբաղը միակողմանի չի դիմում Ռուսաստանին, հույսը չի դնում այդ երկրի վրա: Իսկ ընդհանրությունն այն է, որ բոլոր նշված հակամարտությունների հիմքում ընկած է ազգային ինքնորոշման հարցը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել