«Դիմադրությունը կարգավորմանը ներքին-խորքային է»
Մեր հարցերին պատասխանում է Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը
- Ինչո՞վ է այժմ արտահայտվում արաբաղյան հակամարտության շուրջ «աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռությունը», եւ ի՞նչ նշանակություն ունի այն կարգավորման գործընթացի համար:
-Ղարաբաղյան հակամարտությունը Ղարաբաղի շուրջ գոյություն ունեցող հավասարակշռությունների հանրագումարն է։ Հաճախ ԶԼՄ-ներում խոսում են, թե մենք խաղալիքներ ենք մեծ տերությունների ձեռքերում։ Իսկ ես կարծում եմ, որ ընդհակառակը, եթե մենք խաղալիք լինեինք, ապա հակամարտությունը վաղուց լուծված կլիներ։ Կառուցվածքը հակառակ ուղղություն ունի. այդ մենք ենք (Հայաստանը, Ադրբեջանը, Ղարաբաղը) օգտագործում մեծ տերություններին։ Ոչ թե Հայաստանն է ռուսամետ, այլ Ռուսաստանն է հայամետ: Իհարկե, ուրիշ իրադրություններում էլ Հայաստանը կարող է լինել ռուսամետ։ Բայց այս իրադրությունում Հայաստանն օգտագործում է Ռուսաստանին եւ Ֆրանսիային ինչ-որ բան անելու համար, իսկ Ադրբեջանն օգտագործում է Թուրքիային եւ ԱՄՆ-ին։ Այդ նրանց չէ պետք Լաչինի միջանցքը, միջանցքը պետք է Հայաստանին եւ Ղարաբաղին։ Հայ-ադրբեջանական հակամարտության հավասարակշռության մեջ աշխարհաքաղաքական բաղադրիչն ունի շատ մեծ նշանակություն։ Եթե այն չլիներ, ապա ոչ ոք ոչ մի բանակցություն չէր վարի, ամեն ինչ այլ կլիներ. գրավել ենք, գծել ենք սահմանը, գնա, ինքդ փորձիր ետ գրավել։
- Ի՞նչ գլխավոր հետեւությունների կարելի է հանգել Կոսովոյի անկախությունը ճանաչելուց հետո, կարո՞ղ է, արդյոք, այդ ճանաչումը դառնալ բացառություն ընդունված միջազգային օրենքներից:
- Միջազգային իրավունքը չի արգելում եւ երբեք էլ չի արգելել ստեղծել պետություններ, որոնց ուրիշ պետությունները չեն ճանաչում։ Աշխարհում կան այդպիսի տասնյակ օրինակներ։ Իրավաբանական տեսանկյունից Ֆրանսիան, Բուրունդիան, Զիմբաբվեն նույնանման սուբյեկտներ են։ Բավական չէ, որ Կոսովոն ճանաչվել է 31, իսկ Իչկերիան՝ 4 պետության կողմից։ Իրավաբանորեն իրադրությունն այլ կլիներ, եթե Կոսովոն ճանաչեր ՄԱԿ-ը։ Այդ ժամանակ տեղի կունենար միջազգային ճանաչումը, եւ կարելի կլիներ այդ մասին հարցադրումներ անել։ Քանի դեռ այդ բանը չի կատարվել որպես իրավաբանական իրողություն, նշանակում է` ոչինչ չի պատահել։ Առաջ է եկել մի ինչ-որ քաղաքական մարմին (էնթիթետ), որն արժանացել է ուրիշ քաղաքական միավորների՝ արդեն ճանաչված պետությունների ճանաչմանը։ Արդյո՞ք դրանք կարեւոր պետություններ են, իրավաբանորեն ոչ մի նշանակություն չունի։ Ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա, իհարկե, քաղաքական տեսանկյունից տեղի է ունեցել շատ կարեւոր բան այն իմաստով, որ Կոսովոն ճանաչել են այն պետությունները, որոնք քաղաքական իմաստով լուրջ դերակատարություն ունեն ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ առհասարակ ողջ աշխարհում։ Քաղաքական իմաստով այս գործընթացը սկզբունքորեն ավելի կարեւոր է։
Ուրեմն ո՞րն է Կոսովոյում պատահածի կարեւորությունը։ Դա քաղաքական ֆոնի փոփոխության եւս մեկ ցուցիչ է, ոչ ավելի։ Բոլորն էլ հրաշալի հասկանում են, որ դա նախադեպ է։ Ուրիշ բան, որ նախադեպը քաղաքականության մեջ չի աշխատում հետեւյալ կերպ. լուծեցին մեկը, եւ անմիջապես մնացած բոլորը նույն սկզբունքով շարք կանգնեցին։ Կոսովոյի եւ Ղարաբաղի նման իրավիճակների թիվը հասնում է հիսունի, եւ Ֆրանսիան, ճանաչելով Կոսովոն, անմիջապես չի ճանաչի մեկ ուրիշին։
- Ձեր կարծիքով` միջազգային ո՞ր ինստիտուտները կարող են իրապես նպաստել հայ ժողովրդի անվտանգությանը, եւ ո՞րն է այժմ հայկական կողմի համար միջազգային միջնորդության լավագույն ձեւաչափը:
- Կարգավորման գործում չի կարող լինել երկիր, որը լավը լինի միայն հայերի կամ միայն ադրբեջանցիների համար։ Ըստ այդմ՝ բանակցային գործընթացը վերածվում է մրցակցության դաշտի։ Բոլոր կողմերը ներսից դիմադրում են հակամարտության կարգավորման փորձերին, եւ այդ գործընթացի շրջանակում, օգտագործելով միջազգային հարթակները, մրցակցում են։ Օրինակ՝ ադրբեջանցիները ՄԱԿ-ում հայտարարում են, որ իրենց պետք է այս ձեւաչափը, այլ ոչ թե մյուսը, եւ նպատակը ոչ թե կարգավորումն է, այլ հաղթանակի հասնելը ուրիշ միջոցներով։ Հայերը հայտարարում են, թե դուրս կգան ԵԱՀԿ շրջանակում կարգավորման գործընթացից, եւ ոչ թե՝ զիջումներ անելու, այլ՝ չանելու համար եւ այլն։ Դիմադրությունը հանգեցնում է նրան, որ մարդիկ՝ հայեր, ադրբեջանցիներ, թուրքեր, ռուսներ, ֆրանսիացիներ, աշխատում են միջազգային կազմակերպություններում ոչ նրա համար, որպեսզի կարգավորեն հակամարտությունը, այլ՝ որպեսզի շարունակեն մրցակցել այդ հարթակներում։ Իսկ դիմադրություն կա այն պատճառով, որ Ղարաբաղյան հակամարտությունը ազգային պետությունների կառուցման գործընթացի մի մասն է։ Այն ոչ թե միայն հակամարտություն է, այլ ադրբեջանցի եւ հայ ազգերի քաղաքական ինքնորոշման գործընթացի մի մասը։ Ղարաբաղյան հակամարտության մեջ գլխավորն այն է, որ հակամարտությունը եւ հայերի, եւ ադրբեջանցիների համար քաղաքական ինքնության կենտրոնը, միջուկն է։
- Երկու մոտեցում կա աշխարհաքաղաքականության նշանակության հարցում. առաջին` ոչինչ կախված չէ հակամարտության կողմերից, եւ կարգավորում կլինի այն ժամանակ, երբ դա ձեռնտու կդառնա գերտերություններին, եւ երկրորդ կարծիքը, որ կարգավորումը կախված է միայն հակամարտող կողմերից, եւ «կարգավորմանը խոչընդոտող բարդ աշխարհաքաղաքական գործընթացներին» հղումն ընդամենը հակամարտության կողմերին հարմար բացատրություններն են: Ձեր կարծիքով` այս երկու բացատրություններից ո՞րն է ավելի հիմնավոր:
- Ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը։ Բայց խնդրի լուծման բանալին տարածաշրջանում է, ո՛չ Բաքվում, ո՛չ Ստեփանակերտում եւ ո՛չ էլ Երեւանում, այլ տարածաշրջանում։ Խնդիրները ներքին-խորքային բնույթ ունեն, մրցակցությունը նույնպես ներքին-խորքային է, եւ նույնիսկ տարածաշրջանի համար առկա սպառնալիքները գալիս են ոչ թե դրսից, այլ ներսից։ Բայց թերեւս կարգավորումը ավելի շատ կախված է հակամարտ կողմերից։
- Ի՞նչ ընդհանրություններ եւ տարբերություններ ունեն հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունները (ղարաբաղյան, աբխազական, հարավօսական, չեչենական, մերձդնեստրյան)։
-Դրանք տարբեր հակամարտություններ են: Չեչնիայի հակամարտությունն ավելի շատ ընդհանրություններ ունի Գվատեմալայի հակամարտության, քան ղարաբաղյանի հետ։ Կովկասյան հակամարտությունների ընդհանրությունն էթնիկ հիմքն է, որը չունի մերձդնեստրյան հակամարտությունը։ Ի սկզբանե մերձդնեստրյան հակամարտության հիմքում ընկած է եղել ոչ թե էթնիկ, այլ սոցիալական գործոնը։ Երեք հարավկովկասյան հակամարտություններին միավորում է եւ այն, որ հակամարտության արդյունքում առաջացան տարածքներ, որոնք ղեկավարվում են կառավարությունների կողմից։ Չեչնիայի դեպքում նման բան տեղի չունեցավ, քանի որ Իչկերիան, փաստորեն, ռազմական կազմակերպություն է, որին աջակցում է բնակչության մի մասը։ Չեչենները կարողացան գրավել տարածքի մի հատվածը, բայց ի վիճակի չեղան այնտեղ իրականացնել կենսունակ կառավարում։ Տարբեր է տարածքների նկատմամբ վերահսկողության չափը։ Ես կասեի, որ ամենամեծ վերահսկողությունն ունի Ղարաբաղը, ամենաքիչը՝ Հարավային Օսիան։ Հարավային Օսիան չունի տարածքային անընդհատություն, նրանք չեն իրականացրել էթնիկ զտումներ, չեն արտաքսել վրաց բնակչությանը, վրացական գյուղերը պահպանվել են։ Հարավային Օսիան շատ փոքր բնակչություն ունի, որը մասնատված է, եւ դա նույնպես ազդում է կառավարման վրա։ Առկա է Ռուսաստանի գործոնը, որը շատ խիստ է ազդում Հարավային Օսիայի քաղաքականության վրա։ Աբխազիան մի քիչ ավելի է նման Ղարաբաղին։ Բնակչությունն այստեղ ավելի ազգային է՝ այնքան էլ շատ չէ, բայց նաեւ քիչ էլ չէ, ինչպես Հարավային Օսիայում։ Նրանք չեն ղեկավարում ամբողջ տարածքը, բայց իրապես կառավարում են մի ինչ-որ մասը։ Ղարաբաղն ունի Հայաստանը։ Այս հանգամանքը շատ պերճախոս ձեւով է արտահայտել Աբխազիայի նախագահը։ Նա ասել է. «Ղարաբաղն ունի Հայաստանը, Մերձդնեստրն ունի Ռուսաստանը, Օսիան ունի Հարավ-հյուսիսային Օսիան, իսկ մենք ոչ հայր ունենք, ոչ մայր»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել