HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Թե ինչ ճաշ է եփվում «պալատական» կաթսայում

ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը կարող է հանգիստ շունչ քաշել. հանրային խորհրդի կամ հասարակական պալատի ձեւավորման խնդրի շուրջ հասարակական քննարկումներն անցած շաբաթ այնպիսի ինտենսիվ բնույթ ստացան, որ կարելի է համարել, թե դեբատներն այդ կապակցությամբ ստացվեցին։

Սակայն խնդիրն այն է, որ այդ քննարկումները տեղի էին ունենում ոչ թե այն հարցի շուրջ, թե ինչպիսի կառուցվածք, լիազորություններ ու գործառույթներ պետք է ունենա հասարակական պալատը, այլ թե որքանով է անհրաժեշտ այդպիսի կառույցի գոյությունն ընդհանրապես։ Եվ հարցի նման ձեւակերպումը բնավ պատահական չէր։ 


Պալատի ձեւավորման նպատակահարմարության շուրջ կարծիքը միանշանակ չէ բուն իշխող կոալիցիայի շրջանակներում։ ՕԵԿ-ի կատարյալ, ԲՀԿ-ի շինծու անտարբերության, ՀՅԴ-ի կիսաձայն դիմադրության ֆոնին հստակ դրական կողմնորոշմամբ առանձնանում է միայն Հանրապետականը։ Գործընկեր կուսակցությունների նման կեցվածքը ՀՀԿ-ին ավելի է մղում այդ հարցում սկզբունքային դիրքորոշում որդեգրելու, եւ դա պայմանավորված է նրանով, որ ՀՀԿ-ն այդպիսով փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, թե հանրային խորհրդի ձեւավորման՝ նախագահականից իջեցրած քաղաքական որոշումը պաշտպանում է ողջ կոալիցիան։ Եվ քանի որ կոալիցիայի ներսում առկա իրական տրամադրությունները ՀՀԿ-ն ի վիճակի չէ չեզոքացնել նման սկզբունքայնությամբ, մի կողմից իրեն ավելի ծիծաղելի դրության մեջ է դնում, մյուս կողմից` դրդում հաճախ չափազանց անտրամաբանական հիմնավորումներ գտնել։ Օրինակ` ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը խորապես համոզված է, որ «Հանրային խորհուրդը լինելու է առողջ մտքերի, առաջարկների կաթսա»։

Հիմա փորձենք հասկանալ, թե իրականում ինչպիսի ճաշ է փորձում եփել ՀՀԿ-ն այդ կաթսայում։

Ուզի դա իշխանությունը, թե` ոչ, համաձայնի այդ մտքի հետ, թե` ոչ, հանրային խորհրդի, հասարակական պալատի կամ աստված գիտի թե էլ ինչ անվանում կրող նման կառույցի ստեղծումն ուղղակիորեն նշանակելու է երկրում մի նոր պառլամենտի ստեղծում։ Ժողովրդավարության ողջ իմաստն իսկապես հենց «առողջ մտքերի, առաջարկների կաթսա» ստեղծելու մեջ է։ Խնդիրն այն է, սակայն, որ այդ կաթսան իր իրավական-քաղաքական, քաղաքագիտական ձեւակերպումը բոլոր ժողովրդավարական երկրներում ստացել է խորհրդարանների տեսքով։ Առողջ բանականությունը եւ քաղաքական միտքն «առողջ մտքերի կաթսայի» ավելի արդյունավետ միջոց, քան խորհրդարանները, առայժմ չի ստեղծել։ Այդ խորհրդարանները ձեւավորվում են կամ ենթադրվում է, որ ձեւավորվում են հանրության ազատ կամարտահայտման՝ ընտրությունների միջոցով, որից ավելի լավ մեխանիզմ մարդկային միտքը դեռեւս չի հնարել։ Հայկական իրականության համեմատ տարբերությունն այն է միայն, որ այդ խորհրդարաններն առաջին հերթին ներկայացուցչական մարմիններ են, որոնք ներկայացնում են հասարակական տարբեր խմբերի, շերտերի շահերն ու հետաքրքրությունները։ Մինչդեռ մեզանում խորհրդարանը վերածվել է բացառապես օրենքներ դակող մի մարմնի, որը փաստացի հանդիսանում է գործադիր իշխանության եւ նախագահի կցորդը կամ կամակատարը։ Եվ պատգամավորի մանդատների նկատմամբ հավակնություններ ունեցողները, հատկապես իշխանական կամ իշխանամերձ կուսակցություններից, շատ լավ հասկանում են, որ խորհրդարան են գնում ոչ թե այդ շահերը ներկայացնելու, պաշտպանելու համար, այլ միայն կոճակներ սեղմելու։ Բնականաբար, նման պայմաններում խոսել ներկայացուցչականության մասին` նույնիսկ ծիծաղելի է դառնում։ Եվ հասարակական պալատի ստեղծման գաղափարի ծնունդը հենց խորհրդարանի իրական նշանակության ձեւախեղված ընկալման արդյունք է։

Այսինքն` նման խորհուրդ ստեղծելը հղի է առնվազն երկու լրջագույն վտանգներով։ Առաջին` այդպիսով ստեղծվում է փաստացի երկու խորհրդարան։ Դրանցից մեկը՝ սահմանադրականը, այդպիսով վերջնականապես արժեզրկվում է իբրեւ պետական ինստիտուտ, որովհետեւ ստացվում է՝ այն դադարել է լինել «առողջ մտքերի կաթսա»։ Դրանով իշխանությունը, թերեւս չգիտակցելով, վերջնականապես համոզում է, որ 2007 թ. ընտրված խորհրդարանը լեգիտիմ չէ։ Որովհետեւ, փաստորեն, չի արտահայտում քաղաքական-հասարակական այն իրական տրամադրությունների հարաբերակցությունը, որն առկա է երկրում, եւ որի արտահայտիչը լինելու է ստեղծվելիք հասարակական պալատը։

Երկրորդ` վերջնականապես իմաստազրկվում է ընդհանրապես ողջ ընտրական համակարգը, որովհետեւ պարզվում է՝ այդ ընտրությունների միջոցով ոչ թե խորհրդարան կամ «ազատ մտքերի կաթսա» է ձեւավորվում, այլ իշխանության կցորդ, կամակատար մարմին։ Իսկ հանրային խորհուրդը, որն անուղղակիորեն իր վրա է վերցնում պառլամենտի գործառույթները, դառնում է հենց այդ, ճիշտ է՝ անլեգալ կամ ոչ սահմանադրական «ժողովրդավարական» ինստիտուտը։

Տրամաբանական հարց է առաջանում՝ այդ դեպքում ընդհանրապես ի՞նչ իմաստ ունի ընտրություններ անցկացնել եւ խորհրդարան ձեւավորել, եթե հասարակությանը մտահոգող հիմնահարցերը քննարկման առարկա են դառնալու ինչ-որ հրամանագրերով ստեղծված հանրային խորհրդում, որի կայացրած որոշումները, եթե այդպիսիք ընդհանրապես կարող են լինել, բացառապես խորհրդատվական նշանակություն ունեն։

Այսինքն` իրականում հասարակական պալատի ձեւավորումը ոչ թե առկա խնդիրների լուծման միջավայր է դառնալու, այլ դրանց շրջանցում կամ ձեւախեղում։ Որովհետեւ երբ նման մարմին ստեղծելով անուղղակի կերպով հաստատում ենք, որ խորհրդարանը եւ նրա ընտրություններն անիմաստ ժամավաճառություն էին, դրանով իսկ առաջադրում ենք իրական խնդիրը. այն է՝ պետք է ունենալ, ստեղծել հասարակական-քաղաքական ուժերի ու տրամադրությունների իրական արտահայտիչը հանդիսացող խորհրդարան, որը պետք է ձեւավորվի նորմալ ընտրությունների միջոցով։ Սակայն, մյուս կողմից, ակնհայտ է, որ այս պահին նման ընտրություններով նման խորհրդարան հնարավոր չէ ունենալ, քանի որ դրան ոչ մի կառույց այսօր պատրաստ չէ։ Ուստի, պետք է մտածել ոչ թե արհեստական նոր մարմիններ ստեղծելու, այլ այդպիսի ընտրություններ անցկացնելու կամք, վճռականություն եւ պատրաստվածություն ցուցաբերելու մասին։ Ահա այս կամքի արտահայտման եւ խաղի ընդհանուր կանոնները հստակեցնելու շուրջ էլ կարող են տեղի ունենալ բանակցությունները իշխանության եւ ընդդիմության միջեւ։

Հանրային պալատ ստեղծելու մյուս հիմնավորումն այն է, թե այն կոչված է լինելու նախագահին խորհուրդներ տալուն, հասարակության իրական տրամադրությունները նրան ներկայացնելուն։ Թվում է՝ ավելի անհեթեթ պատճառաբանություն չի կարոող լինել։ Տրամաբանական հարց է առաջանում` այդ դեպքում ինչի՞ համար են նախատեսված նախագահի խորհրդականների հաստիքները։

Նախագահը, եւ ընդհանրապես իշխանությունը, հասարակության գոնե մի մասի՝ ընդդիմադիր հատվածի տրամադրություններին, պահանջներին, մոտեցումներին ծանոթանում են նրանց հրապարակային գործունեության, խորհրդարանում նրանց օրենսդրական նախաձեռնությունների միջոցով։ Իսկ խորհրդի կամ պալատի ներկայացուցիչներն այս համատեքստում միայն մեկ բան են ընդունակ լինելու անել. լուրջ դեմքով նախագահին համոզել, որ արեւը ծագում է արեւելքից եւ մայր է մտնում արեւմուտքում։ Եվ որ անհրաժեշտ է այդ մասին անպայման օրենք ընդունել, որպեսզի արեւը հանկարծ չփոխի իր ուղեծիրը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter