HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Կադաստրի պետն արդարացվեց. բարեկամների միջեւ տան կռիվը շարունակվում է

Այս տարվա հուլիսի 20-ին 55 տարեկան հասակում վախճանվեց Իջեւանի բնակիչ Մեխակ Պողոսյանը: Նրա կնոջ` Լիդայի պնդմամբ՝ Մեխակը քիմիական թերապիայի արդյունքում արդեն բուժվել էր նեֆատիկ գեղձի քաղցկեղից, սակայն Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը նրան մահվան դուռը հասցրեց: 

Տիկին Լիդան վկայում է. «2010թ. գարնանը ամուսնուս հորաքույրը` Նինա Խոջումյանը, եկել էր հիվանդ Մեխակին տեսության: Տեսնելով նրա առողջական ծանր վիճակը՝ Մեխակին հորական տնից վտարելու պահանջով  դիմեց Դիլիջանի դատարան»: 

Մեխակի հայրը` Վոլոդյա Պողոսյանը, մահացել է 2008թ. ապրիլի 3-ին: Նա մինչ իր մահը բնակվել է Իջեւան քաղաքի Մյասնիկյան 18 տանը, որը անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Իջեւանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Կոլյա Խաչատրյանի գործողություներով դարձել է Մյասնիկյան 14  տնատիրության մաս:

Նինա եւ Լամարա Խոջումյանները 2010 թ. դիմել են դատարան` Մեխակ Պողոսյանին Իջեւան քաղաքի Մյասնիկյան 14 հասցեում գտնվող առանձնատան «ներխուժումը դադարեցնելուն պարտադրելու, այն է` տունն իրեն պատկանող շարժական գույքից ազատելու, սենյակի մուտքի ինքնակամ փակված դուռը բացելու ու դրա հետագա տիրապետումն ու օգտագործումը դադարեցնելու պահանջով»:   

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում դատը սկսվել է: Դրանից հետո Միշա Պողոսյանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Իջեւանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Կոլյա Խաչատրյանի գործողությունների դեմ բողոքել է Տավուշի մարզի դատախազություն:

2010թ. դեկտեմբերի 3-ին այդ առթիվ  քրեական գործ է հարուցել, ինչի պատճառով նշված գործով դատավարությունը կասեցվել է: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Իջեւանի տարածքային ստորաբաժանման ղեկավար, 51-ամյա Կոլյա Խաչատրյանը մեղադրվել  է ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին կետով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը): Մեղադրանքի համաձայն՝  Կ. Խաչատրյանը Նինա Խոջումյանին եւ նրա դստերը`Լամարա Խոջումյանին  հատկացրել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական` 108.8 բնակելի մակերեսով եւ 913 քմ հողամասով (այդ վկայականում ընդգրկվել է նաեւ դեռեւս 1959 թ. որպես առանձին գույքային միավոր գրանցված, կադաստրային քարտեզում արտացոլված Մյասնիկյան փողոցի թիվ 18 տունը): 

Ըստ մեղադրանքի` օրենսդրության պահանջների չպահպանման հետեւանքով Իջեւան քաղաքի բնակիչ Մեխակ Պողոսյանին, Իջեւան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 18 տան տնատիրության` որպես առանձին գույքային միավորի` Իջեւան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 14 տան մեջ ընդգրկմամբ եւ սեփականության իրավունքից զրկմամբ պատճառել է վեց միլիոն յոթ հարյուր տասնվեց հազար դրամի նյութական վնաս: 

Մեղադրական եզրակացությամբ` Կ. Խաչատրյանը 2009 թ. հունիսի 12-ին խախտել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 15-րդ, 21-րդ, 22-րդ, 41-րդ եւ 43-րդ հոդվածների պահանջները, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2008 թ. հոկտեմբերի 2-ի 310-Ն հրամանի պահանջները, առանց մյուս սեփականատիրոջ` Նինա Խոջումյանի դիմումի կամ լիազորագրի, անշարժ գույքի պետռեգիստրի տարածքային ստորաբաժանում է ընդունել Իջեւան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 14 տան բնակիչ Լամարա Խոջումյանի դիմումը Մյասնիկյան 14 հասցեում գտնվող բաժնային սեփականության իրավունքով բնակելի տան նկատմամբ պետական գրանցում կատարելու վերաբերյալ: 

Բացի դրանից, մեղադրական եզրակացության համաձայն՝ Խաչատրյանը խախտել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2005 թ. հուլիսի 19-ի 207-Ն հրաման-հրահանգի պահանջները եւ սահմանված կարգով Իջեւան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 14 տան բնակելի մասերի, ինքնակամ կառուցված մասերի եւ հողամասի 113 քմ-ի համար չի ապահովել ուրվագծերի ճշգրտությունը, որի հիման վրա էլ չի համեմատել գույքի փաստացի վիճակը կադաստրային գործում առկա կամ դիմումով ներկայացված փաստաթղթերի տվյալների հետ, պարտադիր գրառումներ չի կատարել անշարժ գույքի որակական, քանակական տվյալների փոփոխության կամ համապատասխանության վերաբերյալ: 

ՀՀ Քր.օր.-ի 308 հոդվածով Կ. Խաչատրյանին սպառնում էր տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանք` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը չորս տարի ժամկետով: 

2011թ. մարտի 3-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանն արդարացրեց Կոլյա Խաչատրյանին: Տավուշի մարզի դատախազությունը բողոքարկեց  դատավճիռը: Սակայն քրեական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության վերաքննիչ բողոքը: Դատախազությունը բողոք է ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանը բողոքը չի ընդունել. Կոլյա Խաչատրյանի արդարացման դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: 

Լիդա Առաքելյանը պատմում է, որ քրեական գործեր ՀՀ վերաքննիչ դատարանում դատավորները Կոլյա Խաչատրյանին հարցերով «նեղել են», սակայն հնչել է դատավորին ուղղված մի հեռախոսազանգ: Դրանից հետո դատարանը մերժել է բավարարել վերաքննիչ բողոքը: 

Լիդա Առաքելյանի խոսքերով` Կոլյա Խաչատրյանը իր ամուսնուց 700 դոլար կաշառք է վերցրել, որպեսզի գրանցի Մյասնիկյան 18 տան նկատմամբ նրա սեփականության իրավունքը, սակայն չի գրանցել: Նա բազմաթիվ անգամ Մեխակ Պողասյանից պահանջել է նույն փաստաղթերը՝ պատճառաբանելով, որ դրանք կորցրել է: Տիկին Լիդան ասում է, որ հետո Կ. Խաչատրյանը կաշառքի 700 դոլարից 500-ը վերադարձրել է ամուսնուն: 500 դոլար կաշառքի մասին Դիլիջանի դատարանում հայտարարել է Մեխակ Պողասյանի փաստաբանը:   

2011թ. օգոստոսի 2-ին Նինա եւ Լամարա Խոջումյանների ներկայացուցիչ Արտակ Խաչիկյանի գրության հիման վրա Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի (նստավայրը` Դիլիջան) որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է, եւ նշանակվել է դատաքննություն: 

Օգոստոսի 16-ին Լ.Առաքելյանը դատարանին տեղեկացնելով, որ ամուսինը մահացել է, միջնորդել է իրեն ճանաչել որպես նրա իրավահաջորդ եւ  դատաքննությունում որպես պատասխանող կողմ ներգրավել իրեն: Օգոստոսի 18-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը՝ պատճառաբանելով, որ  Մեխակ Պողոսյանի մահից հետո նրա կինը դեռեւս ժառանգություն չի ընդունել, ուստի գործով որպես իրավահաջորդ չի կարող փոխարինել ամուսնուն, որոշել է քաղաքացիական գործի վարույթը կասեցնել մինչեւ Մեխակի Պողոսյանի իրավահաջորդների ճանաչումը: 

Մինչ դատական գործն առժամանակ կասեցված է, օգոստոսի 25-ին եւ 27-ին   Լամարա Խոջումյանի քրոջ ամուսին Արմեն Գրիգորյանը մի խումբ երիտասարդների հետ փորձել է Մյասնիկյան 18 տնից դուրս նետել Պողոսյան ընտանիքին պատկանող գույքը:  Քաշքշուկ է սկսվել, եւ միայն իջեւանցի ոստիկանների միջամտության շնորհիվ է, որ վատ հետեւանքներ չեն եղել: 

Լիդա Առաքելյանը մեզ ցույց տվեց տան ցանկապատը, որը Արմենի եւ նրա հետ ժամանածների կողմից ջարդվել է: Լիդան հետո այն վերականգնել է: Արմեն Գրիգորյանի ընտանիքը Իջեւանում վարձով է ապրում: Արմենը համոզված է, որ այդ տունն օրինապես պատկանում է իր զոքանչին եւ ինքն իրավունք ունի ապրելու այնտեղ:  

Լիդա Առաքելյանը հաստատակամ է պայքարելու Մյասնիկյան 18 տան եւ տնամերձի համար, ուր արքայանարնջի (կորոլյոկ) լավ բերք տվող 7-8 ծառ կա եւ խաղողի այգի: Նրա խոսքերով` ամուսինը մահվան մահճում իրեն ու աղջիկներին պատվիրել է մինչեւ վերջ պայքարել հորական տան համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter