Պատվոգիր` Սահմանադրությունը խախտող պատգամավորին
ՀՀ սահմանադրությունն արգելում է պատգամավորին զբաղվել բիզնեսով: Սակայն հունիսի 13-ին Ազգային ժողովի շենքում կայացավ մի արարողություն, որով բոլոր պատգամավորներին, կարծես թե, քաջալերում են ավելի ակտիվ զբաղվել բիզնեսով:
Երեւանում հրատարակվող «Բիզնես-պլանետ» ամսագրի կիղմից սպառողների շրջանում անցկացված հարցումներով ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեք անվանակարգերով ճանաչվել է լավագույնը` «գործարար աշխարհում ամենահաջողակ գործարար», «բարեգործական մղումներով օժտված գործարար-բարերար», «կանանց շրջանակներում ամենահամակրելի գործարար»: Եւ հունիսի 13-ին ամսագրի հիմնադիրները ԱԺ-ի շենքում հյուրերի ներկայությամբ Ծառուկյանին հանձնեցին պատվոգիրը:
«Շնորհակալ եմ, զգացված եմ` ե՛ւ ձեզանից, ե՛ւ այն մարդկանցից, ովքեր կարողանում են ճիշտ գնահատական տալ, ովքեր հետեւում են ամեն ինչին: Մարդուն կարող է չսիրես, բայց մարդու արած գործը գնահատելն ամենակարեւորն է»,- ասել է Գ. Ծառուկյանը:
Երբ լրագրողներից մեկը հարցրել է` արդյոք քաղաքականությունը բիզնեսին չի՞ խանգարում, գործարար պատգամավորը պատախանել է.
«Ամեն գործարարի ցանկությունը երկրի կայունությունն է, եթե երկիրը կայուն չլինի, գործարարը չի կարող ամբողջ թափով գործել, գործարարները հենասյուներն են պետության, եւ նրանք ուզում են` կայուն-ստաբիլ լինի, որ իրենք ամբողջ թափով գործեն, ոչ թե իրենց ունեցվածքն ուրիշ տեղ տեղափոխեն: Եթե ժողովուրդը լավ է ապրում, ուրեմն իրենք ավելի լավ կլինեն, ավելի հզոր` մեկը մեկի հետ կապված է»:
Ըստ երեւույթին, ո՛չ մրցանակ հանձնողների, եւ ո՛չ պատգամավորի մտքով անգամ չի անցել, որ դրանով խրախուսվում է Սահմանադրության դրույթի խախտումը: Մեզ մնում է եւս մեկ անգամ մեջբերել Սահմանադրության հիշյալ հոդվածը.
Հոդված 65. Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել