Նոբելյան մրցանակաբաշխության արձագանքները հասան Հայաստան
2007 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբին (ԿՓՓՄԽ) եւ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Արնոլդ Գորին:
Օրերս էլ ԿՓՓՄԽ-ի հայաստանյան փորձագետ, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից Մարտիրոս Ծառուկյանը ստացավ կազմակերպությանը շնորհված մրցանակի հավաստագրի օրինակը` ուղեկցող շնորհակալական գրությամբ, որում մասնավորապես ասված է. «...Ուրախ եմ Ձեզ ուղարկել ԿՓՓՄԽ-ին շնորհված 2007 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի հավաստագրի օրինակը: Այս հեղինակավոր պարգեւի պատիվը պատկանում է Ձեզ եւ մյուս գործընկերներին, ովքեր այնքան նշանակալի ներդրում ունեցան ԿՓՓՄԽ աշխատանքներում` այդ կազմակերպության ստեղծումից ի վեր, անցած տարիների ընթացքում...»:
Կարելի է ասել, որ հայաստանյան փորձագետի շնորհիվ մեր հանրապետությունը Նոբելյան մրցանակաբաշխության մեջ իր ներդրումն է ունեցել: Մ. Ծառուկյանը ԿՓՓՄԽ-ի հայաստանյան փորձագետ է նշանակվել 1995 թ. եւ այս տարիների ընթացքում իր ավանդն է ունեցել այս միջազգային կազմակերպության գործունեության մեջ: Նա նաեւ համակարգում է ջերմոցային գազերի ազգային կադաստրի վարման աշխատանքները:
- Պրն Ծառուկյան, ի՞նչ է իրենից ներկայացնում «Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբ» կազմակերպությունը, ո՞րն է նրա առաքելությունը:
- 2007 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց « Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբ» (ԿՓՓՄԽ) կազմակերպությանը եւ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Արնոլդ Գորին` «կլիմայի մարդածին փոփոխության մասին մեծածավալ գիտելիքներ ստեղծելու եւ տարածելու եւ այդ փոփոխությանը հակազդելու համար պահանջվող միջոցառումների հիմքերը ստեղծելու գործում նրանց ներդրած ջանքերի համար»: Մեր խումբը վերջին 20 տարիների ընթացքում պարբերաբար վերլուծել եւ ի մի է բերել կլիմայի մարդածին փոփոխությանն առնչվող գիտական տեղեկատվությունը, իսկ Ալբերտ Գորն էլ այս ոլորտում կատարված երկարամյա ուսումնասիրություններից ստացված ամբողջ նյութն ամփոփել է գիտահանրամատչելի «Inconvenient Truth» (բառացի` «Անցանկալի ճշմարտություն») ֆիլմում, որն արդեն հասցրել է գրավել համաշխարհային հանրության ուշադրությունը:
Կլիմայի մարդածին փոփոխության եւ դրանից բխող հնարավոր հետեւանքների հիմնախնդիրը վաղուց մտահոգում է մարդկությանը եւ համապատասխան միջազգային կառույցներին: Ի՞նչ է սպասում երկրագնդին համընդհանուր տաքացման արդյունքում, ի վիճակի կլինի՞, արդյոք, մարդկությունը շարունակել իր բնականոն կենսագործունեությունը իր իսկ կողմից առաջացրած նոր բնապայմաններում: Այս մտահոգությունն էր, որ 20-րդ դարի վերջին, երբ արդյունաբերության սրընթաց զարգացումն իր հրամայականներն էր պարտադրում, համաշխարհային հանրությանը ստիպեց դիմել վճռորոշ քայլերի: 1988 թ. Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (WMO) ու ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) նախաձեռնությամբ ստեղծվեց վերոհիշյալ ԿՓՓՄԽ-ն, որի առաքելությունն էր անկախ գիտական խորհրդատվություն տրամադրել կլիմայի գլոբալ փոփոխության վերաբերյալ, գնահատել այդ փոփոխության տեմպերը եւ հնարավոր հետեւանքները եւ հիմքեր ստեղծել դրանց հակազդելու համար: Իրականացված աշխատանքների արդյունքում 1990-ին ԿՓՓՄԽ-ն հրապարակեց իր առաջին զեկույցը, որն ապացուցեց կլիմայի գլոբալ փոփոխության առկայությունը եւ դրա մարդածին բնույթը: Այս զեկույցը հիմք հանդիսացավ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մշակման համար, որը պետությունների մեծամասնության կողմից ընդունվեց 1993-ին Ռիո դե Ժանեյրոյում կայացած համաշխարհային գագաթնաժողովի ժամանակ: Այդ պատմական իրողությանը առաջին անգամ մասնակցեց նաեւ Հայաստանի պատվիրակությունը` հանրապետության առաջին նախագահի գլխավորությամբ: Ռիոյի կոնվենցիան նոր էջ էր ամբողջ մարդկության համար, քանի որ լրջագույն պարտավորությունների բեռ էր դնում իրենց ստորագրությունն ամրագրող պետությունների առջեւ: Հասկանալի է, որ արդյունաբերապես գերհզոր, ուրեմն եւ ջերմոցային գազերի արտանետումներում առավել մեծ կշիռ ունեցող երկրները պարտավորվում էին վերահսկել իրենց կողմից կատարվող արտանետումների ծավալը, իսկ զարգացող երկրները, դրանց թվում նաեւ Հայաստանը, իրենց համեմատաբար համեստ պարտավորություններով որոշակի լիազորություններ էին ստանում այդ ոլորտում: Ընդհանուր առմամբ, մինչ օրս ԿՓՓՄԽ-ն հրապարակել է չորս հիմնական զեկույց, բազմաթիվ հատուկ զեկույցներ եւ մեթոդական ուղեցույցեր: Այս տարիների ընթացքում նրա ծավալած գործունեության արդյունքում աշխարհի գրեթե բոլոր պետությունները համոզվեցին, որ կլիմայի փոփոխությունը մարդածին բնույթ ունի, եւ այդ խնդրի դեմ միջոցներ ձեռնարկելն այլընտրանք չունի: 1995-ից ես հանդիսանում եմ այս կազմակերպության հայաստանյան փորձագետը:
- Ի՞նչ աշխատանքներ են կատարվել Հայաստանում կլիմայի փոփոխության ոլորտում, եւ որքանո՞վ են մտահոգիչ մեր հանրապետության համար համընդհանուր տաքացման հետեւանքները:
- 1996 թվականից Հայաստանում սկսվեց «Հայաստան. Կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում» ազգային ծրագիրը, որի նպատակն էր ուսումնասիրել վերը նշված խնդիրը Հայաստանի համար: 1998-ին հրապարակվեց առաջին ազգային զեկույցը, որում հանգամանալից ներկայացված են գլոբալ տաքացման հնարավոր հետեւանքները Հայաստանում եւ դրանց հակազդելու ուղիները: Դա հանրապետության որոշ շրջաններում, մասնավորապես Արարատյան դաշտավայրում անապատացման գործընթացի ինտենսիվացումն է, անտառածածկ տարածքների կրճատումը, ջրային ռեսուրսների խոցելիությունը, ինչն իր հետքն է թողնելու նաեւ Սեւանի հիմնախնդրի վրա, քանի որ գոլորշացման ծավալները զգալիորեն կաճեն եւ այլն:
- Հաշվի առնելով այն տխուր իրողությունը, որ մեր հանրապետությունում վաղուց արդեն բնությունը, պահպանվելու փոխարեն, վերածվել է հարստացման աղբյուրի, տեղի՞ն է, արդյոք, այդքան տագնապալի համարել գլոբալ տաքացումից բխող ոչ այնքան ակնհայտորեն դրսեւորվող բացասական հետեւանքները:
- Եթե դուք ի նկատի ունեք ապօրինի անտառահատումները, Սեւանի ջրային ռեսուրսների անհեռատես շահագործումը եւ մի շարք այլ անցանկալի երեւույթներ, ապա չմոռանանք, որ դրանք կատարվում են մարդու անմիջական ազդեցությամբ, եւ որքան էլ դատապարտելի լինեն, միեւնույն է, նույն մարդը կարող է վերահսկել, կանխել եւ գոնե մասամբ վերականգնել ու փոխհատուցել իր իսկ պատճառած վնասները: Իսկ երբ անտառներն ու ջրային ռեսուրսները խոցվում են կլիմայի, այսինքն` դրանց գոյատեւման բնական պայմանների փոփոխության հետեւանքով, ապա դրանց վերականգնումը դառնում է շատ ավելի դժվար, իսկ որոշ դեպքերում` նույնիսկ անհնար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել