HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամսաթվին անգամ չեմ հավատում»

«Այս պահին ինձ մտահոգում է իմ ցածր եկամուտը: Ամեն տարի մասնավոր պարապմունքների համար դիմորդներ եմ վերցնում, որպեսզի լրացուցիչ եկամուտ ունենամ: Անցած տարի այնքան էլ հաջող չէր, հուսով եմ` այս տարի մի քիչ ավելի լավ կլինի: Մտահոգությունս այն է, որ կարողանամ ինչ-որ կերպ դիմանալ առաջիկա մի քանի ամիսը, մինչեւ սեպտեմբերին նոր դիմորդներ ունենալս: Ամեն դեպքում, հույսս ավելի շատ կապում եմ իմ ջանքերի, քան օբյեկտիվ փոփոխությունների հետ:

Անվտանգության տեսանկյունից գերխնդիր եմ համարում մեր պետության քաղաքականությունը: Մարդիկ լքում են երկիրը, դա հատկապես նկատելի է շրջաններում: Գումար վաստակելու ընդունելի ձեւերը գերթե անարդյունավետ են, իսկ անընդունելի եղանակները մի քանիսի ձեռքում են: Աղքատությունը լուրջ պրոբլեմ է: Աղքատության պատճառով մարդիկ սկսում են վերանայել հայրենիքի գաղափարը: Մեր ժողովուրդն ունի մի բանաձեւ` որտեղ հաց, այդտեղ կաց, ու չի ամաչում այդ անբարոյական ճառից: Դա մեր էությունն է, ու մեր իշխանավորները պարտավոր են ժամ առաջ դա հասկանալ, ինչը նրանք անելու ցանկություն չունեն: Մեր գերխնդիրը բարոյականության անկումն է: Մենք բարոյական ազգ չենք, եւ ես սա պարզ իմաստով չեմ մեկնաբանում. ոչ մի արժեքավոր բան մենք երեք հազար դրամով չենք վաճառում, իսկ մեր ձայնը վաճառում ենք: Հիմա հասարակական պահանջարկ չկա նույնիսկ էլէմենտար կոռուպցիայի վերացման համար: Իսկ դա մեր ժողովրդին օդի պես անհրաժեշտ է: Քանի դեռ կարողանում ենք փողով առնել, լռում ենք, իսկ հենց չենք կարողանում, արդարություն ենք ուզում: Ինձ թվում է` շատերն են զգում, որ մեր գերխնդիրը թուրքերն ու ադրբեջանցիները չեն, այլ մենք ենք, մեր մոտեցումները եւ արժեքները: Պատերազմի տարիներից սկսած` աստիճանաբար ավելի համոզված եմ դառնում իմ այս համոզմունքների եւ մտահոգությունների մեջ:

Մեր խնդիրների անկյունաքարը բարոյականության անկումն է: Դրա կողքին եղած սպառնալիքները տասը կարգով ցածր են դրանից: Բարոյական ազգն ուժեղ է: Սա բոլորի խնդիրն է: Պարզապես ում շատ հնարավորություն է տրված, նրանից պետք է շատ պահանջել: Երբեք պետք չէ կրթության շարքային աշխատակցից սպասել նույնը, ինչ կրթության նախարարից: Մենք վաճառում ենք մեր ձայնը, մենք կաշառք ենք տալիս, ժողովրդավարության մասին փուչ հայտարարություններ անում:

Սպառնալիք են եւ իշխանությունները, եւ ընդդիմադիրները: Իմ խորին համոզմամբ` տարբերությունը միայն այն է, որ մեկն իշխանություն ունի, իսկ մյուսը` ոչ:

Չգիտեմ` որտեղից է այս զգացողությունը, բայց կարծում եմ, որ գործող իշխանություններն ավելի հետեւողական կլինեն: Լեւոն Տեր - Պետրոսյանի թիմի հանդեպ վստահություն չունեմ: Իհարկե, չեմ էլ ուզում ասել, որ հավատում եմ ներկա իշխանություններին: Պարզապես ենթադրում եմ, որ նրանք ավելի շատ են հակված պահել իրենց հարստությունները` ժառանգներին փոխանցելու մտադրությամբ: Սա բռնատիրության է նման, բայց մենք առանց այդ էլ մեծ պատրանքներ ունենք ժողովրդավար լինելու առումով:

Ղարաբաղյան կարգավորման բռնի եղանակը շատ ավելի վտանգավոր է, քան հարցի չկարգավորված լինելը: Ես կարծում եմ, որ մեզ նույնիսկ ձեռնտու է այսպես շարունակել, որովհետեւ, եթե այս վիճակը երկարի, կառաջանա մի փաստացի իրավիճակ, որը կլինի մեր օգտին: Սերունդները փոխվում են: Մի քանի տասնյակ տարի հետո ոչ մի ադրբեջանցի Ղարաբաղում տուն ունենալու պատկերացում կամ ցանկություն էլ չի ունենա: Հետո` այս հարցի սրությունն ընկել է. մարդկանց համար օրվա խնդիր են դարձել առօրյա դժվարությունները:

Ընդհանրապես, ոչ մի տեղ էլ հիմա անվտանգ չէ: Բայց միանշանակ համոզված եմ, որ դրսում անվտանգություն փնտրելը փրկություն չէ:

Ովքեր են «մեր թշնամիները» հարցին հստակ եւ արագ պատասխանի դեպքում միշտ թութակի պես ասում ենք, որ թուրքն է մեր թշնամին: Սա ուղեղների լվացման արդյունք է: Ես ուզում եմ ընդգծել, որ թուրքը չէ մեր թշնամին: Մեր թշնամին մեր տեսակն է:

Հակված եմ մտածել, որ Հայաստանը նորմալ երկիր կդառնա: Միտումներն այդպիսին են, դա օրինաչափ է բոլոր զարգացող երկների համար: Այլ խնդիր է, որ զարգացումները մեզ համար շատ ավելի երկարատեւ եւ կորստաբեր են, քան ուրիշների դեպքում էր:

Իսկ ինչ վերաբերում է ԶԼՄ-ների տրամադրած տեղեկատվությանը վստահել- չվստահելու հարցին, ապա թերթերի տպած ամսաթվին նույնիսկ չեմ հավատում: Ոչ իշխանամետ լրատվամիջոցներին եմ վստահում, ոչ` ընդդիմադիր: Բոլորն էլ ընդունակ են կեղծիքների»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter