Գյուղատնտեսական վարկերը մատչելի են դառնում
«Եթե 8-10 տարի առաջ գյուղատնտեսության ոլորտում ներդրում անելու համար բանկից վարկ էինք խնդրում, մեզ վրա ծիծաղում էին»,- պատմում է «Առողջ Սունկ» ՍՊԸ-ի ղեկավար Արմեն Սարջանյանը:
Այդ ժամանակ վարկ տրամադրելու մերժման հիմնական պատճառն այն էր, որ գյուղատնտեսությունը համարվում էր ոչ վարկունակ ոլորտ:
Հիմա Հրազդանում գործող սնկի արտադրության ձեռնարկության ղեկավարը նշում է, որ ընկերությունը զարգացավ հիմնականում վերջին երկու տարվա ընթացքում վերցրած վարկերի շնորհիվ:
Այսօր գյուղատնտեսության վարկավորման խնդիրը մասնակիորեն լուծվում է. վարկեր տրամադրվում են միջազգային, պետական եւ մասնավոր կառույցների նախաձեռնությամբ:
2005 թվականին ՀՀ կառավարության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ կնքվեց գյուղական տարածքների զարգացման համաձայնագիր, եւ հիմնադրամի տրամադրած 28 մլն ԱՄՆ դոլարից 8.9 մլն-ն ուղղվեց գյուղատնտեսության վարկավորմանը:
Նույն թվականին վարկավորման ծրագիրն իրականացնելու համար ՀՀ ֆինանսների նախարարության կազմում ստեղծվեց «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ (ԳՖԿ): Կառույցի ստեղծումից հետո վարկավորման ծրագրին իր մասնաբաժնով միացավ նաեւ Համաշխարհային բանկը` տրամադրելով 5.2 մլն ԱՄՆ դոլար:
2006 թվականից սկսած` 8 բանկերի միջոցով տրամադրվում են գյուղատնտեսական վարկեր 10-12 տոկոս տոկոսադրույքով, մինչեւ 7 տարի մարման ժամկետով: Հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտի առանձնահատկությունները` վարկառուները վարկի տոկոսները կարող են վերադարձնել 18-րդ ամսից սկսած: Վարկի առավելագույն գումարը 150.000 ԱՄՆ դոլար է:
«Նշված գումարներից 9 մլն ԱՄՆ դոլարն արդեն շրջանառության մեջ է գյուղատնտեսության տարբեր ոլորտներում` այգեգործություն, անասնապահություն, ձկնաբուծություն, պանրագործություն, թռչնաբուծություն եւ այլն: Ամեն ամիս վարկառուները մեզ են վերադարձնում մոտ 107 հազար ԱՄՆ դոլար, որը դարձյալ վարկի տեսքով տրամադրվում է նոր ծրագրերին»,- ասում է «Գյուղական ֆինանսավորման կառույց - ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրեն Արա Մուրադյանը:
«Առողջ Սունկ» ընկերությունը թարմ սնկի արտադրության ոլորտում միակ խոշոր ձեռնարկությունն է Հայաստանում եւ ԳՖԿ-ի առաջին վարկառուներից մեկը:
Երկու տարի առաջ վերցրած վարկով նրանք գնեցին նոր սարքավորումներ, որոնցով կարգավորում են սնկի արտադրության համար անհրաժեշտ խոնավությունն ու ջերմաստիճանը:
Սնկանոցներում աճում են ագարիկոն (շամպինիոն) եւ պորտոբելլո տեսակի սնկեր: Թեպետ ընկերությունն անցած տարվա համեմատ 20 տոկոսով ավելացրել է իր բերքատվությունը` հասցնելով 60 տոննայի, այնուամենայնիվ, թարմ սնկի շուկան Հայաստանում սահմանափակվում է միայն Երեւանում: Մարզային բնակավայրերում, չհաշված փոքրիկ տնամերձ հողամասերում աճող սունկը, մարդիկ հիմնականում օգտագործում են վերամշակված սունկ, որից Հայաստան անցած տարի ներկրվել է մոտ 1000 տոննա:
Ընկերության հիմնական նպատակը թարմ սնկի` Հայաստանի ամբողջ շուկայի պահանջարկը բավարարելն է: Պրն Սարջանյանը համոզված է, որ ոլորտում ներդրումներ անելու միակ արդյունավետ ուղին վարկն է:
Անցած երկու տարիների ընթացքում ԳՖԿ- ն մշակել է վարկավորման մի քանի նոր մեխանիզմներ, որոնք ապահովում են վարկի տրամադրման արդյունավետությունը: Դրանց շնորհիվ վարկառուի, բանկի եւ ԳՖԿ-ի համագործակցությունն արդյունավետ եւ շահութաբեր է բոլոր երեք կողմերի համար:
Մասնավորապես, վարկի ետ վերադարձման ամբողջ պատասխանատվությունը պետության առջեւ կրում է ոչ թե վարկառուն, այլ կոնկրետ վարկ տրամադրած բանկը: Այսինքն` անկախ այն հանգամանքից` վարկառուն կվերադարձնի՞ վարկը, թե՞ ոչ, բանկը պարտավոր է սահմանված ժամանակացույցով վերադարձնել գումարը: Իհարկե, բանկն է որոշում` ում վարկ տալ, իսկ ում` մերժել: Այս տարիների ընթացքում տարբեր պատճառաբանություններով մերժվել են ընդհանուր հանրագումարով 4-5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հայտեր, եւ չի եղել մի դեպք, երբ վարկառուն սննկանալու պատճառով չի վերադարձրել վարկը:
«Ստեղծված է այնպիսի համակարգ, որ եթե բանկը խնդիրներ ունենա, ապա մենք ոչինչ չենք կորցնի եւ նույնիսկ ավելին` կշահենք. մենք բանկին գումար ենք տալիս, նա ավելացնում է իր տոկոսը եւ տալիս վարկառուին: Եթե բանկը սննկանա, ապա գումարը, բոլոր տոկոսներով, վարկառուից անմիջապես կփոխանցվի մեզ: Բանկը միշտ մտածելու տեղիք ունի` սննկանա՞, թե՞ լավ աշխատի»,- ասում է պրն Մուրադյանը:
«Առողջ Սունկ» ձեռնարկությանը վարկը տրամադրվել է 12 տոկոսով: Վարկավորման կանոնները, այդ թվում եւ տոկոսադրույքների ձեւավորումը, իրականացնում է բանկը, եւ այս հարցում ԳՖԿ-ի միջամտությունը սահմանափակված է:
Հայաստանը վարկային ռեսուրսները միջազգային կառույցներից ստանում է շատ ցածր տոկոսադրույքներով` 0.75 տոկոսով: Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը թույլատրում է վարկերը տրամադրել` ավելացնելով ընդամենը 2 - 4 տոկոս:
Սակայն բանկերը, ավելացնելով իրենց տոկոսները, տոկոսադրույքները հասցնում են մինչեւ 10-12 տոկոս: Առայժմ տոկոսադրույքների սանդղակը միայն բարձրանում է` նախկինում եղել է 8 - 9 տոկոս:
«Խնդիրն այն է, որ բարձրացել են ավանդի տոկոսները` 7-ից հասնելով մինչեւ միջինում 11 տոկոս: Եթե վարկերի տոկոսադրույքները չբարձրանան, ապա վտանգ կա, որ վարկառուն կվերցնի 10 տոկոսանոց վարկ եւ, տնտեսության մեջ ներդնելու փոխարեն, բանկում 11 տոկոսով ավանդ կդնի»,- բացատրում է Արա Մուրադյանը:
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի շրջանակներում վարկերը տրամադրվում են միայն Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի եւ Արագածոտնի մարզերում:
Համաշխարհային բանկի ծրագիրը թույլ է տալիս ֆինանսավորել Հայաստանի բոլոր մարզերը:
Ի դեպ, վարկերի տրամադրման աշխարհագրության մեջ կան բնակավայրեր, որոնք առհասարակ չեն վարկավորվում, եւ դա դարձել է նորմալ: Պատճառը մեկն է` այդ բնակավայրերի մարդիկ վարկունակ չեն:
Հաշվի առնելով այս հանգամանքը` կառավարությունը հաստատել է մի ծրագիր, որի համաձայն` Գեղարքունիքի մարզի 15 եւ Շիրակի մարզի 44 գյուղական համայնքները վարկավորելու դեպքում պետությունը կվճարի վարկի տոկոսադրույքի 10 տոկոսը: Այս նպատակի համար պետությունն արդեն իսկ ԳՖԿ-ին տրամադրել է 100 մլն դրամ: Հաջորդ տարիներին ծրագրում կներառվեն նոր գյուղական համայնքներ` մարզերի ներսում գյուղատնտեսական ոլորտների զարգացման համաչափությունն ապահովելու համար:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել