HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

Ի՞նչ են ուզում Էջմիածնի հանրակացարանի բնակիչները

ՀՀ կառավարությունը 2007 թ. մայիսի 24-ի թիվ 616-Ա որոշմամբ Էջմիածնի Աթաբեկյան 1 հասցեում գտնվող Էջմիածնի պետական քոլեջին ամրացված հանրակացարանի մասնաշենքը, որը 1988 թվականից բնակեցված է անօթեւան ընտանիքներով, նվիրաբերել է քաղաքային համայնքին:

Որոշման մեջ գրված է. «... 2295,3 քմ ընդհանուր եւ 1308 քմ օգտակար մակերես եւ դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ վերցնել Էջմիածնի «Պետական քոլեջ» ՊՈԱԿ-ից /պետական ոչ առեւտրային կազմակերպություն/ եւ նվիրաբերել Էջմիածնի քաղաքային համայնքին` համայնքի միջոցների հաշվին հանրակացարանային մասնաշենքն ամրացնելու, վերանորոգելու եւ հանրակացարանում բնակվող քաղաքացիներին որպես բնակարանի տարածք` անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու պայմանով»:

Մայիսի 24-ին ընդունված որոշումը վավերացվել է հունիսի 5-ին, ուժի մեջ մտել` հունիսի 6-ին: Կառավարության դարակներում մեկ տարի մնալուց հետո միայն ` 2008 թ. հունիսի 3-ին, որոշումն ուղարկվում է Արմավիրի մարզպետարան եւ Էջմիածնի քաղաքապետարան` դրա պահանջներն ի կատար ածելու հորդորով:

Հանրակացարանում բնակվող 34 անօթեւան ընտանիքները երկար են պայքարել սեփական տանիք ունենալու համար: Բայց հիմա, երբ հարցը լուծվում է հօգուտ իրենց, անհամաձայնություն ունեն տեղական իշխանությունների հետ: Նրանք բողոքում են որոշման ժամկետների խախտման համար` ոչ մի կերպ չընդունելով, որ նախորդ տարվա որոշումն այս տարվա հունիսին է միայն տեղ հասել տեղական իշխանություններին: Համայնքի ղեկավարության նկատմամբ անվստահությունն այնքան խորն է, որ դեռ հաշվառումն ու չափագրումները, սենյակների բաժանումը վերջնական տեսքի չբերած` բնակարանների սեփականության վկայական են պահանջում:

Աղավնի Ղազարյանը
, ով իր 21-ամյա տղայի հետ ապրում է մեկ սենյակում, հիմա երկուսն է ուզում: Դրա համար նախապես է պայքարում, որպեսզի ուրիշներին «չխցկեն հանրակացարան ու իր բնակմակերեսի հաշվին տան տեր չդարձնեն»: Այդ մտահոգության համար պատճառներ ունի. «Էդ 59 ընտանիքը որտեղի՞ց բերեցին-մտցրեցին ցուցակի մեջ, եթե փաստացի ապրողներս 34-ն ենք: Ու՞մ հաշվին են ուզում լավություն անել: Եթե կարծում են, թե ինձ ու տղայիս մեկ սենյակ կտան ու կբավարարվեն, սխալվում են: Վաղը-մյուս օրը ամուսնացնելու եմ. բերեմ կողքս քնացնե՞մ...»,- բողոքում է Ա.Ղազարյանը:

Իր 30-ամյա աղջկա հետ ապրող Անժելա Կնյազյանը եւս հարցը կոնկրետ է դնում. «Ինձ ու աղջկաս 18 քմ է հասնում, չեն կարող չտալ...»:

«Ցուցակները նախնական են, դրանք կազմվել են հանրակացարանում փաստացի բնակվողների փաստաթղթերի, ինչպես նաեւ անձնագրային բաժնից ստացած տվյալների հիման վրա: Հարցում ենք արել նաեւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` բացահայտելու նրանց, ովքեր այլ հասցեներում սեփականություն ունեն: Եթե այդպիսիք լինեն, կհանենք ցուցակից: Բացի այդ, Կառավարության որոշման մեջ նշված է, որ բնակարան պետք է տրվի անօթեւան այն ընտանիքներին, որոնք փաստացի բնակվում են հանրակացարանում: Այսինքն` լինելու է հենց այդպես, անկախ այն բանից` հաշվառվա՞ծ են այդ հասցեում, թե՞ ոչ»,- ասաց նորաստեղծ Բնակարանների բաշխման հանձնաժողովի անդամ, Արմավիրի մարզպետարանի իրավաբանական վարչության պետ Յուրա Մանվելյանը:

Հանրակացարանի մասնաշենքը 3-րդ կարգի վթարային է: Այսինքն` նախ պետք է ամրացվի, վերափոխվի ներքին կառուցվածքը, հետո միայն միջնորմներով բաժանվի ու նորոգվի: Նախահաշիվն արդեն կազմված է. այդ աշխատանքների համար ծախսվելու է համայնքի բյուջեի 70 տոկոսը` 257 մլն դրամ: Ըստ նախագծի` մեկ ընդհանուր խոհանոցի, լոգասենյակի, սանհանգույցի փոխարեն, ինչպես հիմա է, յուրաքանչյուր ընտանիք կունենա իր անհատականը: Բայց այս փաստն էլ չի ուրախացնում բնակիչներին. ի հավաստումն նրա, որ իրենք տան տերն են, ամենից առաջ սեփականության վկայական են ուզում:

Հանձնաժողովի հերթական` հունիսի 18-ի նիստը բավական աղմկոտ էր. տարաձայնությունը հանձնաժողովի մասնագետի եւ հանրակացարանի բնակիչների միջեւ էր: Վերջիններիս ներկայացուցիչներից Դուխիկ Մովսիսյանը սպառնաց բնակիչներին ուղղորդել Կառավարություն` «եթե վկայականները չտան»: «Մինչեւ բնակարանները միջնորմներով չկտրենք, չկառուցենք, վկայական տալ չենք կարող. դա օդի մեջ բան կլինի: Բայց մենք պատրաստ ենք օրդեր կամ հավաստագիր տալ յուրաքանչյուր ընտանիքի` իբրեւ երաշխիք այն բանի, որ տունն իրենցն է»,- ասաց Բնակարանների բաշխման հանձնաժողովի նախագահ, Էջմիածնի քաղաքապետ ագիկ Ավագյանը:

Այնպիսի տպավորություն էր, ասես հանրակացարանի բնակիչներին չէր էլ հետաքրքրում փոխզիջման որեւէ տարբերակ: Նրանց համառությունն այնքան արհեստական էր, որ կասկածի տեղիք էր տալիս, թե հանձնաժողովին «նեղը գցելը» հատուկ դիտավորություն ունի (հիշեցնենք, որ առաջիկայում Էջմիածնում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, իսկ քաղաքի գործող իշխանությունները վերեւների մոտ այլեւս սպառել են վստահության պաշարը):

Անգամ կադաստրի Էջմիածնի տարածքային ստորաբաժանման պետ Շիրազ Հարությունյանի հանգամանալի բացատրություններն արդյունք չտվեցին: Չհավատալով հանձնաժողովի անդամներից եւ ոչ մեկին` հանրակացարանի բնակիչների ներկայացուցիչ Դուխիկ Մովսիսյանը բջջայինով մի քանի անգամ փորձեց խոսել ՀՀ Նախագահի աշխատակազմի ինչ-որ ներկայացուցչի հետ, ով, ըստ նրա, իրենց հուշել է գործը սկսել վկայականներ ձեռք բերելով: Անհայտ աշխատակցին ուղղված զանգերը մնացին անպատասխան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter