HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադրբեջանցիների հետ հարաբերություններում առաջին գործոնը նավթն է»

Հարցազրույց Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Էլդար Զեյնալովի հետ

- Ձեզ բավարարո՞ւմ է ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, Եվրամիության վերաբերմունքը եւ ուշադրությունը Հայաստանում եւ Ադրբեջանում օրինականության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ կապված խնդիրների նկատմամբ:

- Անկասկած, առանց այդ կազմակերպությունների օգնության Ադրբեջանը կհայտնվեր Բելառուսի եւ Ուզբեկստանի վիճակում։ Արդյունաբերապես զարգացած արեւմտյան երկրները, որոնք վերահսկում են նշված կազմակերպությունները հանուն հաջող նավթային բիզնեսի շահագրգռված են Ադրբեջանի կայունությամբ եւ մարդու իրավունքների որոշ նվազագույն մակարդակի պահպանմամբ, որպեսզի Եվրոպան չհեղեղեն անկայուն երկրներից եկած փախստականները։

UNITED միջազգային կազմակերպությունը, որի մեջ մտնում է մեր` Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունը, 1993 թվականից մինչ օրս հաշվել է 11 105 փախստականների, որոնք զոհվել են անօրինական ձեւով Եվրոպա մտնելու փորձի ժամանակ կամ մահացել են փախստականների ճամբարներում։ Դա շատ ավելի մեծ թիվ է, քան այն գերմանացիները, որոնք զոհվել են ԳՖՀ-ի եւ ԳԴՀ-ի միջեւ սահմանին, բաժանված Գերմանիայի գոյության ողջ 40 տարիների ընթացքում։ 2004 թվականին ադրբեջանցի փախստականները կազմել են Շվեդիայում բոլոր ապաստան փնտրողների մեկ երրորդը` գրավելով առաջին տեղը եւ առաջ անցնելով Չեչնիայից եւ Ռուանդայից՝ նրանց ցեղասպանության պայմաններում։ Այնպես որ, Եվրոպայի ներկա կառավարիչները երազում են ավելի հաստ «երկաթյա վարագույրի» մասին, քան Խորհրդային Միության ժամանակ էր։ Այդ պրագմատիկ շահն էլ հենց թելադրում է, որպեսզի Արեւմուտքում հոգ տանեն մարդու իրավունքների մասին։

Ընդ որում՝ ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն եւ ԵՄ-ն ոչ թե միջազգային, այլ միջպետական կազմակերպություններ են, այսինքն՝ կառավարությունների ակումբ՝ իրենց կոնյունկտուրային շահերով հանդերձ։ Օրինակ՝ էներգակիրների ոլորտում ճգնաժամի սպառնալիքը նավթ եւ գազ արդյունահանող երկրների կառավարություններին տալիս է լրացուցիչ միավորներ եւ մեղմում Արեւմուտքի կողմից նրանց քննադատությունը։ Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Բելառուսին մեղադրում են ավելի շատ, քան Ադրբեջանին, Ուզբեկստանին ավելի շատ, քան Թուրքմենստանին։ Ադրբեջանի վերաբերյալ եվրոպական առաջնորդների ելույթներում առաջին գործոնը նավթն է, երկրորդը՝ ահաբեկչությունը եւ միայն երրորդ տեղում մարդու իրավունքներն են։ Եւ իհարկե, դա հարուցում է իրավապաշտպանների քննադատությունը։

- Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարական ազատությունների հետ կապված իրավիճակի, միջազգային ստանդարտներին դրանց համապատասխանության ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, Եվրամիության գնահատականներն արդարացի ու հավասարակշռված համարո՞ւմ եք, թե՞ կիրառվում է երկակի ստանդարտների քաղաքականությունը:

- Կարծում եմ, որ կիրառվում է նույիսկ ոչ թե երկակի, այլ եռակի ստանդարտների քաղաքականություն՝ յուրաքանչյուր երկրի համար առանձին։ Վրաստանը ձգտում է մտնել ՆԱՏՕ։ Ադրբեջանն արտահանում է նավթ եւ գազ։ Իսկ Հայաստանը, իմ կարծիքով, Արեւմուտքի համար հետաքրքրություն չի ներկայացնում: Հայաստանի հետ հարաբերությունները ածանցվում են այն զգուշավորությունից, որով Արեւմուտքը վերաբերվում է Ռուսաստանին։ Իրականում, դա Հարավային Կովկասի միակ երկիրն է, որը բացահայտ համակրանք է արտահայտում Թեհրանի ռեժիմի նկատմամբ, որն օժանդակում է քուրդ անջատողականներին, տարածքային հավակնություններ է դրսեւորում ՆԱՏՕ-ի անդամ երկրի նկատմամբ, ինչպես նաեւ անբարյացկամություն հենց ՆԱՏՕ-ի նկատմամբ՝ սեփական նախաձեռնությամբ իր տարածքում պահելով ռուսական ռազմակայաններ եւ ակտիվորեն հակամարտության մեջ է ներգրավված իր հարեւանի՝ Ադրբեջանի հետ։ Հայաստանն Արեւմուտքին ավելի շատ գլխացավանք է պատճառում, քան ինչ-որ վարդագույն սպասելիքների տեղիք տալիս։ Երկար ժամանակ զսպող դեր էր խաղում հայերի նկատմամբ ԱՄՆ-ի համակրանքը, բայց վերջին տարիներին Եվրոպան սկսել է ավելի շատ ճնշումներ գործադրել Հայաստանի վրա։ Դրանց դրսեւորումներից են Մարդու իավունքների եվրոպական դատարանում դիտարկված բողոքները եւ ետընտրական բռնության քննադատությունը։ Թվում է, թե Հայաստանի քննադատությունը ժամանակի ընթացքում կաճի։

- Ինչպե՞ս են, ըստ Ձեզ, Ադրբեջանում վերաբերվում երկրի ժողովրդավարացման գործընթացներին եվրոպական կազմակերպությունների տված գնահատականներին, արդյո՞ք այդ գնահատականները նշանակություն ունեն այս ուղղությամբ Ադրբեջանում իրական առաջընթացի համար:

- Մեզ մոտ պաշտոնյաներն ու պատգամավորները միանգամից մերժում են որեւէ խնդրի գոյությունը եւ սվիններով են ընդունում իշխանությունների գործողությունների քննադատությունը։ Բայց պետք է հիշել, որ Ադրբեջանն այնքան էլ արեւմտյան երկիր չէ, որ այստեղ տիրապետում է արեւելյան մենթալիտետը, երբ իշխանություններն ասում են մի բան, անում՝ մեկ այլ բան, իսկ մտածում՝ մի երրորդ բան։ Ուստի կառավարության դիրքորոշումը պետք է գնահատել ոչ թե ըստ պաշտոնյաների հայտարարությունների, այլ ըստ իրական տեղաշարժերի։ Ես համաձայն չեմ այն պնդման հետ, թե իրավիճակը հիմա ավելի վատ է, քան երկրի՝ Եվրախորհուրդ մտնելու ժամանակ։ Պաշտոնյաները շատ առումներով իրենց պահում են ավելի վայելուչ, քան առաջ։

Այլ բան է, որ երկրում չի ավարտվել տնտեսական բարեփոխումը, եւ կապիտալը գտնվում է մաֆիոզ խմբի ձեռքին, որը կկորցնի այն իշխանափոխության դեպքում։ Ուստի այլախոհությունը ճնշվում է։ Եւ քանի դեռ չի վերացել կեղտոտ կապիտալը, չի հաստատվել օրենքի գերակայությունը, եւ ստվերից դուրս չեն եկել իրական կապիտալիստները, խոսք չի կարող լինել ժողովրդավարացման մասին, եւ Եվրոպայի բոլոր ջանքերն անօգուտ կանցնեն։ Կարելի է հատուկ թանաքով ներկել թեկուզ ձեռքի բոլոր մատները, բայց եթե իշխող կուսակցությունը հստակ վճռել է իշխանությունը պահել, ընդ որում՝ վերահսկելով ուժային կառույցներին, ԿԸՀ-ին եւ Սահմանադրական դատարանին, ապա երկրում ոչ մի ժողովրդավարական ընտրություն չի լինի։

- ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում քննարկվեց Հայաստանում ետընտրական եւ Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների հետ կապված իրավիճակները: Ի՞նչ գործոններ են ազդում ԵԽԽՎ-ում այդ քննարկումների վրա:


- Իրադրությունը Հայաստանում, նույնիսկ ընտրությունների՝ Կովկասի համար ավանդական կեղծումների ֆոնին, ներկայանում է որպես արտակարգ՝ ցուցարարների վրա կրակելու եւ մեծ քանակությամբ քաղբանտարկյալների պատճառով, որոնց թիվը մի քանի անգամ գերազանցեց Ադրբեջանի եւ Վրաստանի քաղբանտարկյալների քանակը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ԵԽԽՎ-ի մտահոգությունները հիմնականում վերաբերում են առաջիկա ընտրություններին։ Խնդրի մյուս կողմը դեռեւս 2001 թ. հունվարին ԵԽ-ի առջեւ Ադրբեջանի ստանձնած եւ մինչ այժմ չկատարված պարտավորություններն են։

Ուզում եմ ընդգծել, որ եվրոպացիներն ունեն որոշ «սրբազան կովեր», որոնց նկատմամբ ոտնձգությունները նրանց խիստ նյարդայնացնում են։ Դրանցից մեկը կարծիք հայտնելու ազատությունն է։ Այս առումով՝ լրագրողների նկատմամբ ուժային կառույցների եւ դատարանների գործադրած ճնշումները հարուցում են Եվրախորհրդի միանգամայն կանխատեսելի բացասական արձագանքը։ Չեմ կարող հավատալ, թե պատահաբար են լրագրողների նկատմամբ կիրառվող ճնշումները սրվում ԵԽԽՎ-ի յուրաքանչյուր նստաշրջանից առաջ, որտեղ քննարկվում է իրադրությունն Ադրբեջանում։

Օրինակ՝ հիմա ոստիկանությունը ցրեց Չե Գեւարայի կողմնակիցների միանգամայն անմեղ հավաքը։ Ընդ որում՝ ծեծի ենթարկվեց կամ էլ, ըստ մեկ այլ վարկածի, նյարդային նոպայի հասցվեց լրագրող, իրավապաշտպան Էմին Հուսեյնովը։ Թեեւ պատահարը դեռեւս հետաքննվում է, բայց Նախագահի ապարատի պատասխանատու անձանցից մեկը շտապեց այն անվանել «պլանավորված սադրանք», ընդ որում՝ տուժողի կողմից, դրանով իսկ ուղղորդելով հետաքննության ընթացքը։ Մինչ այդ «Ազադլիգ» թերթի լրագրող Ագիլ Հալիլի հետ պատահած դեպքն էր, որը եւս մասամբ բարդեցին նրա վրա։ Դրանից առաջ էլ տեղի ունեցավ Գանիմատ Զախիդովին պատահած պատմությունը, որին ծեծեցին եւ հենց իրեն էլ մեղադրեցին։ Մեկ այլ ծեծված լրագրողի ոստիկանությունը մեղադրեց, որ ընկել եւ հաշմվել է…

Ստացվում է տարօրինակ պատկեր. լրագրողները մի հոգու պես իրենք իրենց ընկնում են, իրենք իրենց հաշմվում են, շորթում են եւ սադրում։ Միեւնույն ժամանակ, չի արձանագրվել գեթ մեկ դեպք, երբ ինչ-որ մեկին պատժեին լրագրողներին ծեծելու համար, թեեւ նման բան պատահում է ամբողջ աշխարհում։ Բայց չի պատահում Ադրբեջանում, որտեղ չկան հարձակումներ լրագրողների վրա եւ խոշտանգումներ։ Տարօրինակ չէ՞։ Առհասարակ, թվում է, թե ոստիկանության կողմից քրեական հանցագործությունների ավելի քան 90%-ի բացահայտման պայմաններում այդ չնչին մնացորդը բաժին է ընկնում հենց ծեծի ենթարկված լրագրողներին։

Արեւմուտքում նման հեքիաթներին ոչ ոք չի հավատա։ Կարծում եմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրոցեդուրներով անցնելուց հետո նկատելի հարված կհասցվի իշխանությունների ինքնասիրությանը, եւ նրանց վարկի վրա կհայտնվի սերտիֆիկացված ստրասբուրգյան բիծ։

- Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի իրավապաշտպանները այս երեք երկրների ԵԽ-ին անդամագրումից հետո առաջին անգամ դիմել են ԵԽԽՎ-ին` առաջարկելով նշանակել քաղբանտարկյալների հարցով հատուկ զեկուցողի: Սա կարո՞ղ է հանգեցնել կոնկրետ արդյունքների, եւ կա՞, արդյոք, իմաստ շարունակելու երեք երկրների իրավապաշտպանների այդ համագործակցությունը:

- Այդպիսի ամբողջական կազմով՝ իսկապես առաջին անգամն է։ Բայց հայ-ադրբեջանական հայտարարություններ այդ երկու երկրներում քաղբանտարկյալների խնդիրները պարզելու վերաբերյալ արվել են դեռեւս 2000 թվականին, այդ երկրների՝ ԵԽ մտելուց առաջ։ Այդ պատճառով էլ փորձագետներ նշանակվեցին միանգամից երկու երկրի համար։ Հայերն անմիջապես ազատ արձակեցին փորձագետների պիլոտային ցուցակում գտնվող երկու ազատազրկվածներին եւ դրանով իսկ խույս տվեցին ԵԽԽՎ-ի հետագա հետաքրքրությունից, թեեւ նրանց մոտ 2001 թվականից հետո էլ կային քաղբանտարկյալներ, ինչպես օրինակ՝ կրոնական համոզմունքների հիման վրա զինվորական ծառայությունից հրաժարվողները։ Իսկ 2008 թվականի մարտից հետո քաղբանտարկյալների թվով Հայաստանն ընդհանրապես առաջին տեղը գրավեց Հարավային Կովկասում։

Առհասարակ, պետք է ասեմ, որ քաղբանտարկյալի սահմանման սկզբունքների ավելի ունիվերսալ տարածման գաղափարի մասին խոսվել է նաեւ մյուս կողմից, այսինքն՝ Ադրբեջանի կառավարամետ պատգամավորների կողմից դեռեւս 2003 թվականի հունվարին (փաստաթուղթ 9652)։ Ինչպես ես հասկացա, դա մի քայլ էր, որը նպատակ ուներ վախեցնել այն երկրներին, որոնք զանգվածային ձեւով կիրառում են քաղաքական ռեպրեսիաներ, ինչպես օրինակ՝ Ռուսաստանին, Թուրքիային, Բալկանյան թերակղզու երկրներին։ Բայց բուն գաղափարն արժանի է ուշադրության, քանի որ քաղբանտարկյալը զուտ ադրբեջանական խնդիր չէ։ Օրինակ՝ Վրաստանի ժողովրդական պաշտպանը (օմբուսմանը), այսինքն՝ պետական իրավապաշտպանը, օրերս ընդունեց, որ «վերջին շրջանում՝ անցյալ տարվա նոյեմբերի իրադարձություններից ի վեր, Վրաստանում առաջ եկան քաղաքական դրդապատճառներով բազմաթիվ ձերբակալվածներ, իշխանություններին ընդդիմախոսելու կամ ընդդիմադիր հանրահավաքներին մասնակցելու պատճառով։ Մի բան, որ նախկինում գործնականում չի եղել»։ Մի ամիս առաջ մոտ մեկ տասնյակ հայտնի նշանավոր ռուս իրավապաշտպաններ հանդես եկան հայտարարությամբ այն մասին, որ երկրում կան առնվազն 14 քաղբանտարկյալներ եւ այլն։ Նման խնդիր կա նաեւ ԱՊՀ ուրիշ երկրներում։ Ուստի, կարծում եմ, որ քաղբանտարկյալների հարցով հատուկ զեկուցող նշանակելու նախաձեռնությունը կարող է դուրս գալ Կովկասի սահմաններից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter