Հանրակացարանի բնակիչները ապրում են «օդից կախված»
Իջեւանի Սարիբեկ Օհանյան փողոցի 64-րդ շենքը գորգագործական կոմբինատի նախկին հանրակացարանն է: 40 տարի առաջ կառուցված շենքը կոմբինատի ունեցած հողի եւ գույքահարկի պարտքերի դիմաց 8 տարի առաջ տրվել է քաղաքապետարանին:
Հանրակացարանում 40 ընտանիք է ապրում: «Ապրել» բառն այնքան էլ տեղին չէ, քանի որ նրանք այստեղ ոչ թե ապրում, այլ գոյատեւում են:
Երկու երեխաների մայր, 46-ամյա Հեղինե Թամամյանը շենքը խոլերայի բուն է համարում: «Զուգարան չունենք, բնական կարիքները հոգում ենք տան մեջ, ցելոֆանե տոպրակներով նետում ենք ներքեւ: Արդեն 2 տարի հանրակացարանի զուգարանն ընդհանրապես չի գործում, դրանից առաջ թեեւ գործել է, սակայն կոյուղաջուրը չորրորդ հարկից լցվել է երրորդ հարկ, երրորդ հարկի զուգարանի կոյուղաջուրը թափվել է երկրորդ հարկ, այստեղից էլ` առաջին հարկ: Առաջին հարկի սենյակները եթե մտնեք, հատակի տակի որդերը կտեսնեք: Քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը բնակիչներին ասել է` եթե շենքից դուրս գաք, կնորոգենք, սակայն մարդիկ վախենում են, որ դուրս գալու դեպքում շենքը կարող է վաճառքի հանվել»,- ասում է Հեղինեն:
40-ամյա Անահիտ Գասպարյանն ամուսնու, տղայի եւ աղջկա հետ արդեն 10 տարի այստեղ է բնակվում: «Շենքի հարցերով էնքան դիմել ենք, գերհոգնել ենք: Բնակիչներով դիմել ենք մարզպետին, Իջեւանի քաղաքապետին: ՏԻՄ նախորդ` 2005 թ. ընտրություններից առաջ քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը եկել էր մեզ մոտ, նա խոստացավ գոնե կոյուղին սարքել»,- ասում է Անահիտը:
56-ամյա Ստվետլանա Ղուլինյանը գանգատվում է, որ հանրակացարանում հոտերի ալերգիկ հիվանդ է դարձել: Այստեղ բնակվելու 10 տարիների ընթացքում 3 անգամ ծանր հիվանդացել է, դարձել հաշմանդամ:
Իրենց կացարանի առնչությամբ մտահոգություն ունեն նաեւ Իջեւան քաղաքի Ղարագյոզյան 50 հասցեում (նախկինում քաղաքի թիվ 4 դպրոցի շենքը) գտնվող հանրակացարանի բնակիչները: 1988 թ. երկրաշարժից հետո վթարային այս շենքից կրթօջախը տեղափոխվել է, եւ այն հատկացվել է Ադրբեջանից բռնագաղթածներին: 6 տարի առաջ փախստականները, բնակարան ստանալով, հեռացել են, մյուսները, ովքեր այնտեղ բնակություն էին հաստատել փախստականներից առաջ, շարունակում են բնակվել նույն վատ պայմաններում: Շենքի մի մասը քանդված է, հանրակացարանի առաջ խրամատ հիշեցնող փոս է, զուգարանի խնդիր ունեն, տանիքը վնասված է, ու անձրեւը ներս է թափանցում: Խմելու ջուր չկա, բոլորն օգտվում են շենքի բակում գտնվող ծորակից: Այստեղ բնակվող Գենյա Փաշինյանն ասում է. «Մի 5 տարի առաջ Վ. Ներսիսյանն ասաց, թե` բոլորդ դուրս եկեք, վերանորոգենք, հետո ձեր սենյակները կբաժանենք: Մենք չհավատացինք, եթե մեզ չի ապահովում կացարանով, դուրս գանք` որտե՞ղ մնանք»:
Երեք երեխաների մայր Գեղեցիկ Սարուխանյանն էլ վկայում է, որ սկսած 2005 թ.-ից` բնակարանները սեփականաշնորհելու խնդրանքով երեք անգամ դիմել են Իջեւանի քաղաքապետարան, սակայն ապարդյուն:
Նամակով, աջակցության խնդրանքով բնակիչները նախկինում դիմել են Իջեւանի քաղաքապետին` հայտնելով, որ հեռախոսակապ չունեն, շենքը գազաֆիկացված չէ: Դիմումատու 24 ընտանիքները նշել են, թե այդ խնդիրները լուծելու համար սպասում են կացարաններն իրենց սեփականաշնորհելուն. «Մենք էլ ենք հայ եւ Հայաստանի քաղաքացի, եւ մեզ էլ մեր երկրում տանիք է հարկավոր... »,- գրել են նրանք նամակում: Գեղեցիկ Սարուխանյանի վկայությամբ` երբ երեխայի գանգոսկրի վիրահատության պատճառով ինքը Երեւանում է եղել, քաղաքապետարանն իրենց ընտանիքի երկու սենյակներից մեկը հատկացրել է մի բժշկուհու: Մեկ ուրիշ բժշկուհի, ով ժամանակին մարզի առողջապահության բնագավառում բարձր պաշտոն է զբաղեցրել, ձեռք է բերել նույն հարկի նախկին ընդհանուր զուգարանը եւ այն վերափոխում է բնակարանի: Այստեղ փաստացի բնակվող 14 ընտանիքներից 3-ը մեծ դժվարությամբ զուգարան են կառուցել, եւ մյուս հարեւանները հերթի են կանգնում` դրանցից օգտվելու համար: Զոհված ազատամարտիկի մայր, 57-ամյա Էլմիրա Ղազարյանը հեռուստացույցով լսել է, որ հանրապետությունում հանրակացարաններն անհատույց սեփականաշնորհվում են այնտեղ բնակվողներին: Նա 2007 թ. նոյեմբերի 20-ին իր բնակարանի սեփականաշնորհման խնդրանքով նամակներ է ուղարկել Սերժ Սարգսյանին եւ Իջեւանի քաղաքապետ Վ. Ներսիսյանին: Եվս մի նամակ, արդեն շենքի բնակիչների անունից, նա Սերժ Սարգսյանին է հանձնել այս տարվա փետրվարի 9-ին, սակայն պատասխան չի ստացել: Օֆելյա Ավետիսյանն էլ դժգոհում է, որ 3 երեխաների հետ 7 տարի ապրում է մեկուկես սենյակում: Երկու տարի առաջ ամուսինը մահացել է: Մեկ ամիս անց տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի մի բնակիչ ներկայացել է իրենց որպես բնակտարածքի 4 տարվա սեփականատեր եւ, տիկնոջ ասելով, պարբերաբար անհանգստացնում է իրենց` պահանջելով ազատել տունը: Հանրակացարանի բնակիչները բողոքում են, որ ապրում են «օդից կախված», առանց գրանցման եւ չգիտեն, թե ի՞նչ է սպասվում իրենց:
Մեր այցելությունից հետո, մայիսի 27-ին երկու հանրակացարանների բնակիչները ՀՀ կառավարության շենքի առաջ բողոքի ցույց էին կազմակերպել իրենց կենցաղային պայմանների եւ հանրակացարանների անորոշ կարգավիճակի կապակցությամբ: Ցուցարարները նամակներ են հանձնել տարածքային կառավարման նախարարություն, ՀՀ նախագահի նստավայր եւ «Ժառանգություն» կուսակցության գրասենյակ:
Ի՞նչ փոխվեց դրանից հետո:
Ստրասբուրգից վերադառնալուց հետո, հունիսի 9-ին Իջեւանի քաղաքապետ Վ. Ներսիսյանը հանդիպել է Սարիբեկ Օհանյան 64 («Կավրոյի» հանրակացարան) եւ Ղարագյոզյան 50 հասցեներում գտնվող հանրակացարանների բնակիչներին` առանձին-առանձին: Սարիբեկ Օհանյան 64 հանրակացարանի բնակիչ Ջոնիկ Գիժլարյանի խոսքերով` Վարուժան Ներսիսյանն իրենց ասել է. «Հանրակացարանից դուրս կգաք, կնորոգենք»: Իրենք էլ հակադարձել են. «Դուրս գանք, որտե՞ղ մնանք, ապահովեք կացարանով»: Բնակիչների վկայությամբ` քաղաքապետը երկու տարբերակ է առաջարկել` կամ հանրակացարանը սեփականաշնորհել այնտեղ ապրողներին եւ իրենք վերանորոգում կատարեն, կամ` բնակիչները պետք է ազատեն հանրակացարանը, որից հետո քաղաքապետարանը շենքը կնորոգի: Սակայն վերջին տարբերակի պարագայոմ բնակիչները դառնալու են իրենց զբաղեցրած տարածքի վարձակալը: Հայտնի չէ` այդ դեպքում որքա՞ն կկազմի բնակվարձը, եւ այստեղ բնակվող ընտանիքները (ովքեր մեծամասամբ սոցիալապես անապահով են) ի վիճակի կլինե՞ն դրանք մուծելու:
Բնակիչների խոսքերով` բողոքի ակցիայից հետո իրենց խնդիրներով սկսել են հետաքրքրվել, հանրակացարան են այցելել Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության մասնագետ Ֆելիքս Ափինյանը եւ Իջեւանի քաղաքապետանի աշխատակից Սամվել Չիբուխչյանը: «Կավրոյի» հանրակացարանի բնակիչ Սաթիկ Մայիլյանը հավաստեց, որ այստեղ ապրողները շենքի հետագա ճակատագրի եւ իրենց կարգավիճակի առնչությամբ խմբերի են բաժանվել. մի մասը կողմ է կացարանները բնակիչներին սեփականաշնորհելուն, մի մասն էլ համարում է, որ չի կարող իր միջոցներով զուգարան կառուցել, տանիք նորոգել, շենքն ամրացնել: «Կրակի վրա յուղ են լցնում» ոմանց կողմից տարածվող այն խոսակցությունները, թե երեւանյան ցույցի մասնակիցներին քաղաքապետարանը հանրակացարանից դուրս է անելու:
Ի դեպ, հանրակացարանների բնակիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետին շատ է հետաքրքրել, թե ո՞վ էր ցույցի կազմակերպիչը: Իսկ ի՞նչն էր նախկինում խանգարում քաղաքապետին զբաղվել այս մարդկանց խնդրով, բնակիչների հղած դիմումներով:
Հունիսի 13-ին քաղաքապետը մյուս` Ղարագյոզյան 50 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչների հետ հանդիպման ընթացքում դժգոհել է, թե ինչու՞ են կառավարության շենքի առջեւ ցույց արել` իր մոտ գալու փոխարեն: «Մենք ասացինք, որ բազմիցս եկել ենք ձեզ մոտ, սակայն չենք կարողացել ներս մտնել, քաղաքապետարան դիմումներ ենք տվել, սակայն դրանց պատասխան չի տրվել, դիմումները «կորել են»,- ասում է հանրակացարանի բնակիչ Զոյա Եսայանը:
Այս դեպքում էլ քաղաքապետը երկու տարբերակ է առաջարկել` կամ սեփականաշնորհել` նորոգման պարտավորությունը թողնելով բնակիչներին, կամ էլ քաղաքապետարանը նորոգում է, եւ բնակիչները դառնում են վարձակալներ: Բնակիչներից Գեղեցիկ Սարուխանյանը վկայում է, որ մեծ մասը հակված են հանրակացարանն անվարձահատույց սեփականաշնորհելուն եւ սեփական միջոցներով նորոգելուն: Քաղաքապետը խոստացել է նաեւ հանրակացարանի սենյակները բաժանել փաստացի բնակվողների միջեւ` ըստ շնչի:
Հանրակացարանի հետ կապված հարցերի լուծման համար քաղաքապետարանը 10-օրյա ժամկետ էր խոստացել: Այդ ժամկետը վաղուց անցել է, սակայն «սայլը տեղից չի շարժվել»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել