Չարենցավանի ավագանին աշխատավարձերի գերածախսի մասին հիշեց մրցույթի հայտարարություն տալուց հետո
Իր առաջին քայլերն անող համակարգին առավել լավ ծանոթանալու նպատակով որոշեցի ինքս դիմել որեւէ պաշտոնի համար: Զարմանալի էր, սակայն դիմումների ընդունման վերջնաժամկետից 4 օր առաջ որեւէ հայտ չէր ներկայացվել համայնքի ղեկավարի աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետի պաշտոնի համար: Եթե մյուս պաշտոնների համար «թափուր» ասվածը շատ հարաբերական էր, քանի որ դրանք զբաղեցված էին, մշակույթի բաժինն արդեն մեկ տարուց ավելի պետ չուներ: Տպավորություն էր ստեղծվում, որ այն շարունակելու էր թափուր մնալ նաեւ համայնքային ծառայության մրցույթներից հետո:
Հունիսի 6-ին քաղաքապետարանում հրաժարվեցին դիմումս ընդունել` արդարանալով, որ այդ պաշտոնի համար մյուսներից էլ դիմում չեն վերցրել: Ինչպես պարզաբանեց քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, որոշել էին կրճատել այդ եւ գլխավոր մասնագետ-իրավաբանի հաստիքները, քանի որ այդպես գումար կխնայեին ֆինանսական խնդիրներ լուծելու համար:
«Քանի որ աշխատավարձի գերածախս է լինում, ուզում ենք հանել: Էդ բաժինն այդպես ծանրաբեռնված չի: Ես գտնում եմ, որ մեզ բաժնի պետ պետք չի: Այդ բաժնի համար 3-4 աշխատող կպահենք, որոնք կենթարկվեն աշխատակազմի ղեկավարին: Եթե բաժին է լինում, 5 հոգուց պակաս չպիտի լինի»,- ասաց Հ. Շահգալդյանը` բացատրելով, որ խնայած գումարը կարող են ուղղել որեւէ մանկապարտեզի աշխատավարձերի բարձրացմանը: Ինչ վերաբերում է իրավաբանի հաստիքին, ապա, քաղաքապետի խոսքով, համայնքապետարանին բավականացնում է 1 իրավաբանը: Աշխատակազմի քարտուղար Շուշանիկ Սարգսյանի խոսքով` քաղաքապետարանում այդքան աշխատողի կարիք չկա: Եվ քանի որ այդ 2 պաշտոնները թափուր էին նաեւ մինչեւ մրցույթը, որոշվել էր կրճատել հենց դրանք: Պատասխանները համոզիչ էին, սակայն անհասկանալի էր, թե ինչու 2 շաբաթ առաջ աշխատավարձի գերածախսը ոչ ոքի չէր մտահոգել, — թերթում մրցույթ էր հայտարարվել: Բացի այդ, հաստիքների կրճատման հարցը չէր քննարկվել ավագանու հետ:
«Բանակցություններից հետո» իմ հայտն ընդունվեց: Դիմումս ընդունելուց րոպեներ անց ավագանու նիստ գումարվեց: Պատահական համընկնում էր: Նիստի օրակարգում հաստիքների կրճատման հարցը ներառված չէր: Օրեր անց հայտնի դարձավ, որ նույն օրը ավագանին «միաձայն որոշում է ընդունել» համաձայնություն տալ այդ երկու հաստիքների կրճատմանը:
Երբ փորձեցինք ավագանու անդամներից պարզել, թե ինչով են հիմնավորում իրենց որոշումը, վերջիններս հիմնականում խուսափեցին պատասխանից: «Գտել ենք, որ էս ձեւի ավելի հարմար ա»,- ասաց Չարենցավանի ավագանու անդամ Սարիբեկ Ստեփանյանը: «Ընդունեցինք, որպեսզի ավելորդ գումարներ չծախսվեն, բայց հետագայում մենք` ավագանու տղաներով, հավաքվեցինք, քննարկեցինք, որ բաժնի պետ պետք ա մեր քաղաքապետարանին, — մենք էս մոտակա նիստի ժամանակ էդ հարցը անպայման բարձրացնելու ենք,- ասաց Նորայր Վարդանյանն ու անմիջապես ուղղեց իր սխալը,- դա իմ կարծիքն ա, ես գտնում եմ, որ մեզ բաժնի պետ պետք ա»: Նույն պատասխանը լսեցինք նաեւ ավագանու անդամ Անատոլի Գասպարյանից:
Ո՞վ կամ ի՞նչ հանգամանքներ էին ստիպում ավագանու անդամներին «կողմ» քվեարկել մի որոշման նախագծի, որն իրենց հավանությանը չի արժանացել: Դժվար է բացատրել նաեւ որոշումն ընդունելու հապշտապությունը: «21-րդ դար» թերթի հաջորդ համարում հրապարակվեց հայտարարությունների հերքումը, իսկ համայնքապետարանը դիմում ներկայացրեց ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին անվանացանկում փոփոխություն կատարելու համար:
«Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար համապատասխան համայնքի ղեկավարը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային այլ միջոցներով» («Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 14):
Հունիսի 25-ին, 26-ին եւ 27-ին Չարենցավանի քաղաքապետարանում կայացան աշխատակազմի 19 թափուր պաշտոնների մրցույթներ: Բացառությամբ մեկի (միեւնույն հաստիքի համար դիմել էին 2 քույրեր, որոնցից մեկը ֆիզարձակուրդում էր այդ պահին, մյուսը զբաղեցնում էր նրա տեղը), մյուս հաստիքների համար մեկական դիմում էր ներկայացված: Այսինքն` դիմել էին միայն այն մարդիկ (բացառությամբ աուդիտորի թեկնածուի, որը քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի ազգականն էր), ովքեր արդեն աշխատանք ունեին քաղաքապետարանում, այն դեպքում, երբ միայն Չարենցավանի զբաղվածության կենտրոնում գրանցված են 1916 գործազուրկներ: Սրանք, իհարկե, պաշտոնական տվյալներ են: Հանձնաժողովում ասացին, որ երեւի թե չարենցավանցիները մտածել են, թե գործող մասնագետներն առավել լավ են տիրապետում իրենց մասնագիտական գիտելիքներին:
Սակայն առավել հավանական էր թվում աշխատանք փնտրողների անիրազեկությունը: Քաղաքապետարանը կատարել էր օրենքը «տառի ճշտությամբ». մրցույթների մասին հայտարարությունը հրապարակվել էր 2000 տպաքանակ ունեցող մի թերթում, որը երբեւէ չես գտնի քաղաքի թերթի կրպակներում: «Բավականին թանկ է մնացած թերթերում»,- պատճառաբանեց Հ. Շահգալդյանը: Ինչեւէ, կարելի էր դրանք փակցնել քաղաքի տարբեր անկյուններում այդ նպատակների համար տեղադրված ցուցատախտակներին կամ գոնե մեկ անգամ եթեր հեռարձակել տեղական հեռուստաընկերությամբ:
Խնդիրն այն չէ, որ վատ կադրեր ընտրվեցին, պարզապես մրցույթներն անցան առանց մրցակցության: «Լավ կլիներ, եթե ինձ հետ մի քանի հոգի լիներ, ավելի հետաքրքիր կլիներ»,- իր հաղթանակից հետո նշեց աշխատակազմի քարտուղար Շուշանիկ Սարգսյանը:
Ավագանին` համայնքային ծառայության մրցույթների ժյուրի
Համայնքային ծառայության մրցութային կազմում համայնքի ղեկավարն է, ավագանու անդամները եւ երեք ներկայացուցիչ մարզպետարանից: Այսինքն` գերակշիռ մասը կազմում են ավագանու անդամները, — մեծ է հատկապես նրանց դերը: Սակայն անկողմնակալության մասին խոսք անգամ չի կարող գնալ, մանավանդ փոքր համայնքներում, երբ հանձնաժողովականները ծանոթ-բարեկամական հարաբերությունների մեջ են գրեթե բոլոր հայտատուների հետ:
Մրցույթներն անցնում են 2 փուլով. գրավոր` թեստավորում, — բանավոր` հարցազրույց: Առաջին փուլը հաղթահարելուց հետո մասնակիցները պետք է պատասխանեն հանձնաժողովի հարցերին, որոնք տրվում են համապատասխան պաշտոնի անձնագրով սահմանված իրավական ակտերի շրջանակներում: Գրավոր փուլի հարցերը շատ պարզ են, հարցաշարերը նախապես տրվում են մասնակիցներին: Իսկ հարցազրույցն էլ հիմնականում ձեւական բնույթ է կրում, քանի որ չի կարող բացառվել նախապես առկա պայմանավորվածության հնարավորությունը:
Հայաստանի Հանրապետությունում ավագանու անդամ կամ համայնքի ղեկավար ընտրվելիս հատուկ կրթական ցենզ չի պահանջվում: Փաստորեն, մրցույթի մասնակիցներին քննողներն ու գնահատողները շատ հաճախ միջնակարգ, երբեմն նույնիսկ ութամյա կրթությամբ «ժյուրիներ» են: Մարզպետարանի ներկայացուցիչների երեք ձայնը վճռորոշ չի կարող լինել: Գնահատելիս էլ գերիշխում է «մարդկային խղճի գործոնը», քան մասնակիցների գիտելիքների մակարդակը:
Բնականաբար, ավագանու անդամի վրա ոչ մի ճնշում չի կարող գործադրվել բացակայության, ուշացման, հարցերի կամ առավել եւս գնահատման համար:
Ի՞նչ հիմունքներով են գնահատվում մասնակիցները
Թեստավորման առաջադրանքների 75 %-ին ճիշտ պատասխանելով` մասնակիցներն անցնում են մրցույթի երկրորդ փուլ: Հարցազրույցը գնահատվում է 20 բալային համակարգով. նվազագույն դրական գնահատականը 8 բալն է: Հանձնաժողովի անդամները գնահատում են գաղտնիության պայմաններում: Այսինքն` ազատ ես նույնիսկ 1 նշանակելու այն մասնակցին, ով պատասխանել է բոլոր հարցերին — հակառակը:
Օրինակ` Չարենցավան քաղաքում մասնակիցներից մեկը, որը չէր պատասխանել իրեն տրված հարցերից եւ ոչ մեկին, ստացել էր հետեւյալ գնահատականները` 1, 3, 3, 3, 5, 7, 7, 7, 8, 13, 14, 20, 20: Փաստորեն` ում մտքով ինչ անցել էր: Ակնհայտ է, որ գնահատման այս համակարգի հիմքում որեւէ տրամաբանություն չկա: Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ ամեն հարցում այնքա~ն համախոհ ավագանին ու համայնքի ղեկավարն այս անգամ ընդհանուր հայտարարի չէին եկել:
Մեկ այլ դիտարկում եւս. նույնիսկ եթե հանձնաժողովի անդամների կեսից ավելին անբավարար նշանակի, այնուամենայնիվ, գնահատականների լայն միջակայքը հնարավորություն կտա մեկ-երկու քսանով «փրկել» այս կամ այն մասնակցին, մանավանդ որ մրցակցություն չկա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել