HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզերում իրավունքներ պաշտպանելն ավելի դժվար է

Հայաստանում տեղական լրատվամիջոցի համար տեղի իշխանությունների գործունեության քննադատությունը հազվադեպ դրսեւորվող համարձակություն է:

Անծանոթ մարդուն տեղական հեռուստաստուդիան կծանոթացնի քաղաքային իշխանությունների դեմքերին, կպատմի նրանց լավագույն գործերի մասին, բայց ոչ երբեք՝ բացթողումների ու անօրինականությունների, որոնք     իրականում փնտրելու կարիք չկա: Անծանոթի տպավորությունը, թե հյուրընկալած բնակավայրում ամեն ինչ կարգին է ու դժգոհողներ էլ չկան, կամրապնդեն քաղաքային թերթի «անմեղ» հոդվածները: 

Հայաստանում մարզային լրատվամիջոցները սկսեցին ձեւավորվել անցած 20 տարիների ընթացքում: Հանրապետության 10 մարզերում գործում են շուրջ 20 մասնավոր հեռուստաընկերություններ ու 30 տպագիր թերթեր: Բոլոր մարզերում կան թերթեր եւ հեռուստաընկերություններ: Առավել խիտ բնակեցված Շիրակի եւ Լոռու մարզերի կենտրոնական քաղաքներում նույնիսկ կան մի քանի տեղական թերթեր ու հեռուստաընկերություններ:

Տեղում գործելու առավելությունը, երբ հասարակության խնդիրներն ավելի ակնառու են, այս լրատվամիջոցներից գրեթե ոչ ոք չի օգտագործում:

«Մարզային ԶԼՄ-ների համար հաճախ ավելի հեշտ է քննադատել պետական, քան տեղական իշխանություններին»,- ասում է Գյումրիում գործող լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Տարածքների հետ կապված հարցեր, գովազդային արգելափակումներ, անհրաժեշտության դեպքում նաեւ՝ հարկային ճնշումներ, նույնիսկ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների այցելություններ:  Պետական տարբեր կառույցների ներկայացուցիչների հարուցած այսպիսի խնդիրներին դիմակայողները՝ առավել համարձակները, կարող են դառնալ տեղական չինովնիկների ճնշումների թիրախ, ինչպես այս տարի պատահեց Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հետ:

Անցած աշնանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի առաջին հրապարակային ելույթը հեռարձակելուց հետո հեռուստաընկերության գովազդատուները հրաժարվեցին նրա ծառայություններից: Հարկային պետական տեսչության տնտեսական հետապնդումը հեռուստաընկերությանը կհասցներ փակման, եթե չլիներ հեռուստադիտողների կազմակերպած դրամահավաքը: 

«ԳԱԼԱ»-ի դեպքից հետ ոլորտի մասնագետները, գնահատելով խոսքի ազատությունը մարզային լրատվամիջոցներում, ահազանգում են նրանց ճնշվածության մասին: Այդ ճնշվածության արդյունք էր մարտի 1-ի դեպքերից հետո նրանց լռությունը: Չնայած ՀՀ նախագահի՝ Երեւանում հայտարարած արտակարգ դրությանը, մարզային լրատվամիջոցներից շատերը չհամարձակվեցին ներկայացնել կատարվածն ու դրա հետեւանքերը:

Հայտարարված արտակարգ դրության հետեւանքով տեղեկատվական շրջափակումը Երեւանի սահմաններից դուրս գալով՝ հասել էր մարզեր: Հանրապետության երրորդ քաղաքում՝ Վանաձորում գործող երեք հեռուստաընկերություններից ու երկու թերթերից որեւէ մեկն այդպես էլ չկարողացավ հանրությանը պատմել զոհվածների, ձերբակալությունների ու վանաձորցի ընդդիմադիրների՝ այդ օրերին անհայտ կորչելու մասին:  Արտակարգ դրության թիրախ էին դարձել նաեւ թերթերը՝ տպագրվելով Ազգային անվտանգության ծառայության տեղական կառույցների գրաքննությունից հետո:

«Խորամանկ քայլ ենք անում,- ասում է Վանաձորի «Լոռի TV»-ի գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանը:-Երբ ուզում ենք այս կամ այն խնդրին անդրադառնալ, ապա դա անում ենք դրամաշնորհային ծրագրի, միջազգային կառույցի հետ համագործակցության շրջանակներում: Այլապես այնքան կարող են ճնշել, մինչեւ արտոնագիրդ ձեռքիցդ վերցնեն»: Տեղական իշխանությունների հետ մի քանի ընդհարումներից հետո Նարինե Ավետիսյանը զգուշավոր է դարձել: «Մինչեւ վերջ չես կարող լուսաբանել, որովհետեւ ես չեմ կարող ապահովագրել իմ լրագրողին` նրա կյանքին, առողջությանը վտանգ սպառնալու դեպքում»,- ասում է նա: 

Զգուշավորությունն էր հիմնական պատճառը, որ Արտակարգ դրությունից հետո ընդդիմության առաջին` հունիսի 20-ի հանրահավաքը մարզային որեւէ հեռուստաընկերություն, բացի «ԳԱԼԱ» -ից, չլուսաբանեց:

Փոքր քաղաքներում, ինչպես նշում են լրագրողները, ավելի դժվար է պաշտպանել սեփական իրավունքները, քան մայրաքաղաքում: 

Իրավականորեն անկախ հեռուստաընկերությունները իշխանություններից կախված են հեռարձակման համար տրամադրվող արտոնագրով, ինչը ոլորտի պատասխանատուները համարում են զսպաշապիկ ու եթերում «լուռ մնալու»  երաշխիք: 

Լուսինե Սարգսյանը Վանաձորի «Լոռի TV» հեռուստաընկերության լրագրող է: Նրա անկախության սահմանը մինչեւ իր լրատվամիջոցի շահերն են: «Բացի քաղաքական թեմաներից, մնացած ամեն ինչ անշառ է»,- ասում է նա: Հանուն իր լրատվամիջոցի շահի` նա հաճախ ինքն իրեն է գրաքննում: 
Արմավիրի մարզի «ԱԼՏ» հեռուստաընկերության ազատության աստիճանն ավելի մեծ է: «ԱԼՏ»-ի լրագրող Անժելա Ստեփանյանի համար արգելված թեմաներ չկան. պարզապես պետք է օբյեկտիվ լինել ու մարդուն իզուր տեղը չմեղադրել»,- ասում է նա: Լրագրողի այս աշխատաոճը, չնայած իշխանությունների ագրեսիվ վերաբերմունքին, հեռուստաընկերությանը դեռեւս լուրջ վտանգների առջեւ չի կանգնեցրել:

Տեղական մամուլն արտոնագրից զրկվելու վտանգ չունի, այդուհանդերձ կախվածությունը իշխանություններից տպագրական ծախսերի ապահովման համար անհրաժեշտություն է: Մարզերում տեղական թերթերի հիմնական մասը նախկին Խորհրդային Միության քաղաքային խորհուրդների մարմիններն են, որոնք այժմ դարձել են քաղաքապետարանների կամ մարզպետարանների խոսափողը:

Գեղարքունիքի մարզի «Սեւան» թերթը երկու տարբեր քաղաքական համակարգերի լրատվամիջոց է: Սկսելով տպագրվել Խորհրդային Հայաստանում 1939 թ.-ից` այժմ լույս է տեսնում տեղական իշխանությունների հովանու ներքո: Թերթի 51% բաժնեմասը պատկանում է քաղաքապետարանին: «Ուրեմն եւ կան սահմաններ, որոշակի թեմաների չանդրադառնալու լուռ համաձայնություն»,- իր լրատվամիջոցի գործունեության գաղտնիքներն է բացում լրագրող Արմինե Ղուկասյանը:

2000 տպաքանակ ունեցող «Լոռու մարզ» շաբաթաթերթի հիմնադիրը Լոռու մարզպետարանն է: Խորհրդային տարիներին լույս տեսնող «Կայծ» թերթը, որը ժամանակին եղել է քաղխորհրդի օրգանը, այժմ պաշտոնապես պատկանում է Լոռու մարզպետարանին: Խմբագիր Մանվել Միկոյանը թերթը համարում է լրատվական, բայց ոչ՝ քաղաքական:

«Քանի որ մեր հիմնադիրը մարզպետարանն է, բնականաբար, շատ ժամանակ այդ տեսանկյունից ենք լուսաբանում իրադարձությունները»,- ասում է նա: Իշխանությունների գործունեությունը  քննադատող հրապարակումներ Միկոյանի թերթում գրեթե չկան:

Սյունիքի մարզի «Սյունյաց երկիր» թերթը իշխանությանը ենթարկվողների շարքում չես դասի: Ընդդիմությանը «լավ» վերաբերվելու պատճառով մարտի 1-ի դեպքերից հետո ձերբակալվել էր թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը: Ոստիկանությունը նրան մեղադրում էր հանրահավաքի մասնակցելու համար: «Լրագրողին «նեղացրած» պաշտոնյային խմբագիրս կարող է իր ձեւով «պատասխանել»՝ նոր հոդված գրել»,- ասում է թերթի լրագրող Արմինե Ավագյանը: Նա նկատում, է, որ իրենց թերթը մարզի տարբեր ոլորտները լուսաբանող եզակի լրատվամիջոցներից է:

Տեղական ԶԼՄ-ները խոշոր հաշվով չեն կարողանում բավարարել հանրության տեղեկատվական կարիքները` բազմակողմանի, ազատ եւ հավասարակշիռ տեղեկություններ մատուցել իրենց սպառողներին: «Ազատություն» ռադիոկայանի Լոռու մարզի թղթակից Կարինե Սիմոնյանը նշում է, որ եղել են նույնիսկ աղմկալի դատավարություններ, կոռուպցիայի կամ սպանությունների դեպքեր, որոնք լուսաբանել է միայն իր լրատվամիջոցը:

Լրատվամիջոցների ղեկավարներից շատերն իրենց անպաշտպանվածությունը պայմանավորում են ֆինանսապես ինքնուրույն չլինելու հանգամանքով: «Եթե թերթը վաճառվում է 100 դրամով, բայց ինքնարժեքը 900 դրամ է, ուրեմն այդ 800 դրամը ինչ-որ տեղից է, չէ՞, ստանում»,- ասում է «Լոռու մարզ» թերթի խմբագիր Մանվել Միկոյանը: Նա պնդում է, որ  Հայաստանի գրեթե բոլոր թերթերը տանիք ունեն:

Փոքր քաղաքներում թերթերի սպառումը գերխնդիր է:

«Շուկան մարզերում զարգացած չէ»,- ասում է Վանաձորում տպագրվող «Վանաձորյան խճանկար» թերթի տնօրեն Հայկազ Սիմիկյանը: Նա առաջիններից էր, ով մտավ լրատվական շուկա առանց լրատվության: Ընթերցողին գրավելով որպես ժամանցային թերթ` «Վանաձորյան խճանկարն»  անցած տարիների ընթացքում հասցրել է ձեւավորել կայուն լսարան եւ մշտական գովազդատուներ: Սիմիկյանը կարծում է, որ եթե շուկա մտներ միմիայն տեղեկատվությամբ, կարժանանար մնացած թերթերի ճակատագրին: Նրա լրագրողներն առայժմ անդրադառնում են սոցիալական կամ էլ բնապահպանական հարցերի՝ խուսափելով քաղաքական թեմաներից:

«Մարդիկ հոգնել են քաղաքականությունից»,- ասում է Սիմիկյանը:  Հետագայում, երբ նրա բյուջեն թույլ տա պահել քաղաքական թեմաներով գրող, պրոֆեսիոնալ լրագրող, գուցեեւ կմտածի քաղաքական թեմաների ուղղությամբ:   

Սպիտակի «Լուսարձակ» թերթի խմբագիր Ֆահրադ Ափուջանյանը կարծում է, որ շուկայական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց` մարզային թերթերի շուկան էլ կզարգանա: Մարզերում բիզնես ոլորտի զարգացումից բացի, մարզային թերթերի զարգացման երկրորդ տարբերակ մասնագետները համարում են թերթերի միավորումն ըստ տարածաշրջանների: Ափուջանյանը եւ նրա այլ մարզային գործընկերներ թերթերի նման զարգացումը տեսել են Ուկրաինայում IREX միջազգային կազմակերպության միջոցներով մարզային թերթերի ղեկավարների փոխանակման ծրագրի ընթացքում:
Չնայած միջազգային կազմակերպությունների աջակցությանը, հանրապետության մարզերում տպագրվող թերթերի խնդիրները, որոնցից առաջինն իրացման հետ է կապված, չեն լուծվում: 10-ը մարզերից միայն երկուսում են գործում տպարաններ, ինչը դժվարացնում է  տպագրումը:  Հայկազ Սիմիկյանն այլ ելք, բացի մարզային թերթերի փակումից, առայժմ չի տեսնում:

«Փոքր շուկաներ, արտադրական համեստ ծավալներ, համեմատաբար փոքր աշխատակազմեր եւ մրցակցության պակաս»,- այսպես է  բնութագրում  մարզային ԶԼՄ-ները Լեւոն Բարսեղյանը: Նա կարծում է, որ տեղական լրատվամիջոցներն ինքնահոսով են առաջ շարժվում, շատերը լճացած են ու պատրաստ են այս գործը փոխարինել մեկ ուրիշ՝ ավելի եկամտաբեր գործով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter